Լիահոնա
Կանանց ազդեցությունը
Մայիս 2024


«Կանանց ազդեցությունը», Լիահոնա, մայիս 2024 թ․։

2024 թվականի Սփոփող Միության համաշխարհային հոգևոր հավաքից

17 մարտի 2024 թ․

Կանանց ազդեցությունը

Երբեք մի թերագնահատեք ձեր ներսում գտնվող արտասովոր ուժը՝ ուրիշների վրա դրական ազդելու համար:

Իմ սիրելի Սփոփող միության քույրեր, ես երախտապարտ եմ, որ այսօր կարող եմ խոսել ձեզ հետ։ Ես հաճախ եմ հիշում ձեզ։ Ես խորապես երախտապարտ ձեզ և պարտական եմ զգում ձեզ։ Այս եկեղեցու բարի գործերից շատերը և այն լավ բաները, որոնք տեղի են ունենում աշխարհում, տեղի են ունենում ձեր շնորհիվ: Շնորհակալ եմ Տիրոջը ձեր նվիրվածության համար, ինչպես նաև ուրիշներին ազնվացնելու ձեր ջանքերի համար: Ես գիտեմ, որ Տերը շատ է սիրում ձեզ և կախված է ձեզանից:

Ես հիանում եմ ձեր հավատքով և հոգևոր բաների հանդեպ ձեր զգայունությամբ։ Ես ոգեշնչվում եմ ձեր ջանասիրությամբ և առաջնորդությամբ և կարիքը տեսնելու ու այն բավարարելու ձեր կարողությամբ։ Լինի դա անգրագիտություն, թերսնուցում, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կամ ուրիշների ամենօրյա կարիքները, դուք լուծում եք իրական կյանքի խնդիրները` հմտության, կարեկցանքի, խորաթափանցության և սիրո հազվադեպ համադրությամբ: Տիրոջ Եկեղեցու ողջ առաքելությունը ամրապնդվում է ձեր կողմից:

Քույրեր, դուք ունեք աստվածային օժտում, որը թույլ է տալիս բառացիորեն փոխել մարդկանց կյանքը: Դա հատկապես ճիշտ է, երբ մենք ոգևորությամբ զբաղվում ենք Իսրայելը հավաքելու աստվածային հանձնարարությամբ: Ամեն անգամ, երբ մենք օգնում ենք որևէ մեկին գտնել ուխտի արահետը և մնալ դրա վրա, մենք օգնում ենք հավաքել Իսրայելը: Ոչ ոք դա ավելի լավ չի անում, քան դուք՝ որպես մայրեր, ղեկավարներ, ուսուցիչներ, քույրեր և ընկերներ: Դուք պատրաստում եք Տիրոջ Եկեղեցու և աշխարհի ապագա սերունդներին:

Վերջերս մենք լսեցինք մի փոքրիկ երեք տարեկան աղջկա մասին, որն արթնացել էր քնից։ Եղբայրը զվարճացնելու համար մեկը մյուսի հետևից նրա համար բերեց փափուկ խաղալիքներ։ Բայց ի վերջո ի՞նչը նրան մխիթարություն և ուրախություն պարգևեց։ Մորմոնի Գրքի իր իսկ օրինակը: Այս փոքրիկ աղջիկը ամեն օր հետևում է, թե ինչպես է մայրը կարդում Մորմոնի Գրքից: Նա ուզում էր նմանվել իր մորը:

Պարզապես հնարավոր չէ նշել այն չափը, թե որքան մեծ է Աստծո ուխտի կանանց կյանքը մաքրագործող ազդեցությունը: Ես սիրում եմ իմ Եղբայրներին և գնահատում եմ նրանց հետ աշխատելու արտոնությունը: Սակայն, երկրի վրա ապրող երկու մարդիկ, որոնք ամենաշատն են ազդել ինձ վրա, իմ կին Դանցելն է՝ մեր 10 երեխաների մայրը, որը հանկարծամահ է եղել 78 տարեկանում, և վերջին 18 տարիների ընթացքում իմ հրաշալի կինը՝ Վենդին:

Վայր ընկնելուց հետո իմ վերջին ծանր ապաքինման ընթացքում Վենդին անխոնջ հոգ էր տանում իմ մասին և ֆիզիկապես, և հոգևորապես: Նա հոգ է տարել այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող դա անել: Այն հսկայական ազդեցությունը, որ Դանցելն ու Վենդին թողել են ինձ վրա, չի կարելի գերագնահատել: Նրանք փոխել են իմ կյանքը։ Նրանք իմ կյանքն ավելի լիարժեք են դարձրել։

Ի սկզբանե կանայք եղել են մեր Երկնային Հոր ծրագրի կենտրոնում: Աստծո փրկության ծրագիրը կախված էր երկու քաջարի կանանց՝ Եվայի՝ «բոլոր կենդանիների մոր» և Մարիամի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոր հերոսական գործողություններից:

Քույրեր, խնդրում եմ, երբեք մի թերագնահատեք ձեր ներսում գտնվող արտասովոր ուժը՝ ուրիշների վրա դրական ազդելու համար: Դա մի պարգև է, որով մեր Երկնային Հայրը օժտել է յուրաքանչյուր ուխտեր կապած կնոջ: Որպես Աստծո հետ ուխտեր կապած դուստր, դուք ընկալունակ եք Հոգու հանդեպ և բարոյական ուժեղ կողմնացույց ունեք, որը ձեզ հնարավորություն է տալիս ստանալ անձնական հայտնություն և տարբերել ճիշտը սխալից: Ասելով սա՝ ես տղամարդկանց չեմ ազատում ճիշտը սխալից տարբերելու կամ հայտնություն ստանալու համար հոգևոր աշխատանք կատարելու պարտականությունից: Սակայն, եթե աշխարհը երբևէ կորցնի իր կանանց բարոյական ազնվությունը, աշխարհը երբեք չի վերականգնվի:

Քույրեր, մեզ անհրաժեշտ են ձեր ձայները, որոնք սովորեցնում են Քրիստոսի վարդապետությունը: Մեզ անհրաժեշտ է կին լինելու ձեր կարողությունը՝ բացահայտելու խաբեությունը և արտահայտելու ճշմարտությունը: Մեզ անհրաժեշտ է ձեր ոգեշնչված իմաստությունը՝ ձեր ընտանիքում, ծխում և ցցի խորհուրդներում, ինչպես նաև ողջ աշխարհի ձեր ազդեցության այլ գոտիներում: Ձեր ընտանիքը, Եկեղեցին և աշխարհը ձեր կարիքն ունեն: Քույրեր, ոչ ոք չի կարող ամեն ինչ անել, ոչ էլ դուք պետք է դա փորձեք: Սակայն, ես գիտեմ, թե որքան կարևոր է ձեր դերը Աստծո արքայությունը կառուցելու գործում:

Այսպիսով, այսօր ես հրավիրում եմ ձեզ սուրբ գրությունները դարձնել ձեր անձնական Լիահոնան, տաճարը՝ ձեր ապաստանի և վերահավասարակշռման վայրը, իսկ ձեր անձնական աղոթքները դարձնել այն միջոցը, որի շնորհիվ դուք կիմանաք, թե Տերը որտեղ է ցանկանում, որ դուք լինեք այդ օրը: Ժամանակի ընթացքում դուք կզարմանաք, թե Նա ինչպես կառաջնորդի, որ դուք լինեք հենց այնտեղ, որտեղ կարող եք ղեկավարել, առաջնորդել և քայլել ձեր կարիքը ունեցողի կողքին:

Այդ նպատակով ես օրհնում եմ ձեզ աճող հոգևոր խորաթափանցությամբ և ուրախություն գտնելու կարողությամբ, երբ ուրիշներին սփոփանք առաջարկեք։ Ես օրհնում եմ ձեզ, որ դուք հասկանաք, թե ինչ է անհրաժեշտ և չվազեք ավելի արագ, քան կարող եք: Ես օրհնում եմ ձեզ քաջությամբ՝ ապրելու ձեր աստվածային արտոնությունների համաձայն՝ որպես Աստծո հետ ուխտեր կապած դուստր: Ես օրհնում եմ ձեզ խորապես զգալու, որ Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը ճանաչում են ձեզ և սիրում են ձեզ: Նրանք ձեզ երկիր ուղարկեցին մեր օրերում, որովհետև դուք կենսական նշանակություն ունեք Աստծո արքայության համար մեր օրերում: Ես օրհնում եմ ձեզ, որ գիտակցեք, որ ձեր աստվածային պարգևները՝ որպես Աստծո դուստր, ձեզ ուժ են տալիս ոչ միայն փոխելու մարդկանց կյանքը, այլև՝ փոխելու աշխարհը:

Ես սիրում եմ ձեզ, իմ սիրելի քույրեր: Այս բաները ճշմարիտ են։ Մենք բոլորս կատարում ենք Տիրոջ աշխատանքը: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա է գլխավորում այս Եկեղեցին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել