Լիահոնա
Երեց Ի. Ռայմոնդ Էգբո
Մայիս 2024


«Երեց Ի. Ռայմոնդ Էգբո», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Երեց Ի. Ռայմոնդ Էգբո

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Մինչ երեց Ի. Ռայմոնդ Էգբոն Նիգերիայի կրոնական գիշերօթիկ դպրոց էր հաճախում, նրա ավագ քույրը անընդհատ հրավիրում էր նրան «գալ և տեսնել», թե ինչ էր առաջարկում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: 14 տարեկանում նա սկսեց երեկոյան հաճախել սեմինարիա։

Սեմինարիայի ուսումնասիրության դասընթացը կարդալիս երեց Էգբոն կարդաց Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինը և Ջոզեֆ Սմիթի նահատակության մասին:

«Ինչ-որ զորեղ բան հուզեց ինձ, և ես իմացա, որ մարգարե Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր: Ես գիտեի, որ նա սպանվել է ճշմարտության համար»,- ասել է երեց Էգբոն, որը շուտով միացավ Եկեղեցուն: «Ես դեռ զգում եմ, թե ինչ զգացի այդ օրը, երբ կարդացի այդ մասին»:

Ավելի ուշ, երբ նա համալսարանի ուսանող էր, քույրը խրախուսեց նրան ծառայել միսիայում: Նրանց հայրը զայրացած էր նրա վրա ուսումը թողնելու համար, բայց երեց Էգբոն պարբերաբար նամակներ էր գրում հորը, որտեղ նկարագրում էր այն ամենը, ինչ նա անում էր և ուսուցանում:

Ի զարմանս երեց Էգբոյի՝ իր միսիայի ավարտին մոտ նրա միսիայի նախագահը կարդաց նրա հոր նամակը, որտեղ ասվում էր, որ հայրը մկրտվել էր: «Ասացեք նրան, որ ես կսպասեմ իրեն»,- գրել էր հայրը։

Երեց Իդիո Ռայմոնդ Էգբոն ծնվել է 1974 թվականի հունիսի 25-ին, Պորտ Հարքուրտ քաղաքում (Ռիվերս նահանգ, Նիգերիա)՝ Ուդո Իդիո Էգբո և Վերոնիկա Ուկամակա Էգբոների ընտանիքում: Նա հանդիպեց Կոմֆորտ Իկիպ Էսեին, երբ ապագա կնոջ ընտանիքը 1994 թվականին տեղափոխվեց իրենց ճյուղը: Նրանք ամուսնացան 2003 թվականի մայիսի 15-ին՝ Կալաբարում (Նիգերիա): Նրանք ունեն երեք զավակ:

Երեց Էգբոն երեք համալսարաններում ստացել է կրթության, տարածաշրջանային պլանավորման և բիզնեսի կառավարման աստիճաններ: Նա 2002 թվականից աշխատել է Սեմինարիայի և կրոնի ինստիտուտում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես երկրի տնօրեն և տարածքային տնօրեն:

Իր կոչումը ստանալու պահին երեց Էգբոն ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական Աֆրիկայի Արևմտյան Տարածաշրջանում: Նա ծառայել է որպես Նիգերիայի Կալաբար միսիայի նախագահ և եղել է ցցի նախագահության խորհրդական և բարձրագույն խորհրդական: Նա լիաժամկետ միսիա է ծառայել Նիգերիա Լագոս Միսիայում:

Տպել