Քարտեզ 9
Հին Կտակարանի Աշխարհը
-
Արարատ լեռ Ավանդական վայրը, որտեղ կանգ է առել Նոյի տապանը (Ծն. Ը.4): Ճշգրիտ տեղը հայտնի չէ:
-
Ուր Աբրահամի առաջին բնակավայրը, որտեղ նրան քիչ մնաց սպանեին, որպես զոհ կուռքերի համար. նա տեսավ Եհովայի հրեշտակին և ստացավ Ուրիմն ու Թումիմը (Ծն. ԺԱ.28–ԺԲ.1; Աբր. 1; 3.1): (Ծանոթացեք նաև «Ուր»-ի հաջորդ հնարավոր տեղանքին հյուսիսային Միջագետքում):
-
Բաբելոն (Սենաար) Առաջինը բնակեցվել է Քուշի՝ Քամի որդու, և Նեբրովթի կողմից: Հարեդացիների ծննդավայրը Սենաարի դաշտերում՝ Բաբելոնի Աշտարակի ժամանակ: Հետագայում՝ Բաբելոնի գավառային կենտրոնը և Բաբելոնյան թագավորների նստավայրը, ներառյալ Նաբուգոդոնոսորի, որը Երուսաղեմի կործանումից հետո (Ք.ծ.ա. 587թ.) բազում հրեաների գերության տարավ այս քաղաք: Հրեաները Բաբելոնյան գերության տակ մնացին 70 տարի, մինչև Կյուրոսի թագավորության ժամանակաշրջանը, որը թույլ տվեց, որ հրեաները վերադառնան Երուսաղեմ, որպեսզի վերակառուցեն տաճարը: Դանիել մարգարեն նույնպես ապրել է այստեղ՝ Նաբուգոդոնոսորի, Բաղդասարի և Դարեհ Ա-ի օրոք (Ծն. Ժ.10; ԺԱ.1–9; Դ Թագ. ԻԴ–ԻԵ; Երեմ. ԻԷ.1–ԻԹ.10; Եզեկ. Ա.1; Դան. Ա–ԺԲ; Օմնի 1.22; Եթեր 1.33–43):
-
Շուշան (Շոշա) Պարսկական Կայսրության գլխավոր քաղաքը Դարեհ Ա (Դարեհ Մեծ), Քսերքսես (Ասուերոս) և Արտաշես թագավորների ժամանակ: Եսթեր թագուհու բնակավայրը, որի քաջությունն ու հավատքը փրկեց հրեաներին: Դանիելը, իսկ ավելի ուշ, Նեեմիան ծառայել են այստեղ (Նեեմ. Ա.1; Բ.1; Եսթ. Ա.1; Դան. Ը.2):
-
Դուրայի հարթավայր Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին գցեցին կրակի հնոցը, երբ նրանք մերժեցին երկրպագել ոսկե արձանին, որը շինել էր Նաբուգոդոնոսորը. Աստծո Որդին պահպանեց նրանց, և նրանք անվնաս դուրս եկան հնոցից (Դան. Գ):
-
Ասորեստան Ասուրը Նինվեից հետո Ասորեստանի առաջին մայրաքաղաքն էր: Ք.ծ.ա. 721-ին Ասորեստանի Սաղմանասար Ե և Սարգոն Բ թագավորները նվաճեցին Իսրայելի Հյուսիսային Թագավորությունը և գերության տարան 10 ցեղերին (Դ Թագ. ԺԴ–ԺԵ, ԺԷ–ԺԹ): Ասորեստանը սպառնալիք էր Հուդայի համար մինչև Ք.ծ.ա. 612 թվականը, երբ Բաբելոնը տիրեց Ասորեստանին:
-
Նինվե Ասորեստանի մայրաքաղաքը: Ասորեստանը հարձակվեց Հուդայի վրա Եզեկիա թագավորի թագավորության և Եսայիա մարգարեի ծառայության ժամանակ: Երուսաղեմը՝ Հուդայի գլխավոր քաղաքը, հրաշքով փրկվեց, երբ հրեշտակը զարկեց 185000 Ասորեստանցի զինվորների (Դ Թագ. ԺԹ.32–37): Տերը Հովնան մարգարեին պատվիրեց, որ այս քաղաքին ապաշխարելու կոչ անի (Հովն. Ա.2; Գ.1–4):
-
Խառան Աբրահամը Քանան գնալուց առաջ մի փոքր ժամանակ բնակվեց այստեղ: Աբրահամի հայրը և եղբայրը մնացին այստեղ: Ռեբեկան (Իսահակի կինը), և Ռաքելը, Լիան, Բաղղան և Զեղփան (Հակոբի կանայք) այստեղից էին (Ծն. ԺԱ.31–32; ԻԴ.10; ԻԹ.4–6; Աբր. Բ.4–5):
-
Քարքամիս Նեքավով Փարավոնն այստեղ տապալվեց Նաբուգոդոնոսորի կողմից, որը Քանանում վերջ դրեց Եգիպտական իշխանությանը (Բ Մն. ԼԵ.20–ԼԶ.6):
-
Սիդոն Այս քաղաքը հիմնադրվել է Քամի թոռան՝ Սիդոնի կողմից, և Քանանի ամենահյուսիսային քաղաքն է (Ծն. Ժ.15–20): Այն եղել է Հեզաբելի ծննդավայրը, որը սկսեց Բահաղի երկրպագությունն Իսրայելում (Գ Թագ. ԺԶ.30–33):
-
Տյուրոս Սա կարևոր առևտրական և ծովափնյա քաղաք էր Ասորիքում: Տյուրոսի Քիրամ թագավորը եղևնափայտ, ոսկի և արհեստավորներ ուղարկեց, որպեսզի օժանդակի Սողոմոնին տաճարը կառուցելիս (Գ Թագ. Ե.1–10, 18; Թ.11):
-
Դամասկոս Աբրահամը Ղովտին ազատեց այստեղ՝ մոտակայքում: Ասորիքի գլխավոր քաղաքը: Դավիթ թագավորի թագավորության ժամանակ Իսրայելացիները գրավեցին քաղաքը: Եղիան Ազայելին օծեց որպես Դամասկոսի թագավոր (Ծն. ԺԴ.14–15; Բ Թագ. Ը.5–6; Գ Թագ. ԺԹ.15):
-
Քանան Այս հողը տրվել է Աբրահամին և նրա զավակներին՝ որպես հավիտենական ստացվածք (Ծն. ԺԷ.8):
-
Սինայ սար (Քորեբ) Տերը վառվող թփի միջից խոսեց Մովսեսի հետ (Ել. Գ.1–2): Մովսեսը ստացավ Օրենքը և Տասը Պատվիրանները (Ել. ԺԹ–Ի): Տերը խոսեց Եղիայի հետ մեղմ ու բարակ ձայնով (Գ Թագ. ԺԹ.8–12):
-
Գասիոն-գաբեր Գասիոն-գաբերում Սողոմոն թագավորը նավեր կառուցեց (Գ Թագ. Թ.26): Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի մասին, հավանաբար, այս նավահանգստում էր իջել, որպեսզի տեսնի նրան (Գ Թագ. Ժ.1–13):
-
Եգիպտոս Աբրահամը եկավ այստեղ՝ Ուրում մեծ սով լինելու պատճառով (Աբր. 2.1, 21): Տերը պատվիրեց Աբրահամին Եգիպտացիներին ուսուցանել այն, ինչ նա հայտնել էր նրան (Աբր. 3.15): Հովսեփի եղբայրները նրան վաճառեցին ստրկության (Ծն. ԼԷ.28): Այստեղ Հովսեփն իշխան դարձավ Պետափրեսի պալատում: Նրան բանտ գցեցին: Նա մեկնաբանեց Փարավոնի երազը և նրան իշխանություն տրվեց Եգիպտոսում: Հովսեփը և նրա եղբայրները հավաքվեցին մեկտեղ: Հակոբն իր ընտանիքով տեղափոխվեց այստեղ (Ծն. ԼԹ–ԽԶ): Եգիպտոսում իրենց պանդխտության տարիներին Իսրայելի զավակներն ապրում էին Գեսեմում (Ծն. ԽԷ.6):
Իսրայելացիները շատացան և «խիստ զորացան». դրանից հետո Եգիպտացիները ծառայեցնում էին նրանց (Ել. Ա.7–14): Մի շարք դժբախտություններից հետո Փարավոնը թույլ տվեց, որ Իսրայելը հեռանա Եգիպտոսից (Ել. ԺԲ.31–41): Երեմիային տարան Եգիպտոս (Երեմ. ԽԳ.4–7):
-
Կափթոր (Կրետե) Մինովսացիների հնագույն երկիրը: