Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 27


Բաժին 27

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1830թ. օգոստոսին (History of the Church, 1.106–108): Նախապատրաստվելով կրոնական ծառայությանը, որի ժամանակ հացի և գինու հաղորդությունը պետք է սպասավորվեր, Ջոզեֆը դուրս գնաց գինի հայթայթելու: Նա հանդիպեց մի երկնային սուրհանդակի և ստացավ հետևյալ հայտնությունը, որի մի մասը գրի էր առնվել այդ ժամանակ, իսկ մնացածը՝ գալիք սեպտեմբերին: Եկեղեցու հաղորդության ծառայություններում այժմ գինու փոխարեն ջուր է օգտագործվում:

1–4՝ Բացատրվում են այն խորհրդանիշները, որոնք պետք է օգտագործվեն հաղորդությունից ճաշակելիս. 5–14՝ Քրիստոսը և բոլոր տնտեսությունների իր ծառաները պետք է ճաշակեն հաղորդությունից. 15–18՝ Աստծո ողջ սպառազինությունը հագեք:

1 Լսեք ձայնը Հիսուս Քրիստոսի՝ ձեր Տիրոջ, ձեր Աստծո, և ձեր Քավչի, որի խոսքը կենդանի է և զորավոր:

2 Քանզի, ահա, ես ասում եմ ձեզ, որ նշանակություն չունի, թե ինչ պիտի դուք ուտեք և թե ինչ պիտի դուք խմեք, երբ որ ճաշակեք հաղորդությունից, եթե այնպես լինի, որ դուք անեք դա՝ պարզ աչքով ուղղված իմ փառքին, Հոր առաջ հիշելով իմ մարմինը, որը ցած է դրվել ձեզ համար, և իմ արյունը, որը թափվել է ձեզ համար՝ ձեր մեղքերի թողության համար:

3 Ուստի, պատվիրան եմ տալիս ես ձեզ, որ դուք ձեր թշնամիներից չգնեք ոչ գինի, ոչ էլ թունդ խմիչք.

4 Ուստի, դրանցից ոչ մեկից դուք չպետք է ճաշակեք, եթե այն չլինի նոր պատրաստված ձեր մեջ. այո՛, իմ Հոր այս արքայության մեջ, որը պիտի կառուցվի երկրի վրա:

5 Ահա, դա իմ իմաստությամբ է. ուստի, մի զարմացեք, քանզի գալիս է ժամը, որ ես կխմեմ ձեզ հետ որթի բերքից, երկրի վրա, և Մորոնիի հետ, որին ես ուղարկել եմ ձեզ մոտ՝ հայտնելու Մորմոնի Գիրքը, որը պարունակում է իմ հավիտենական ավետարանի լրիվությունը, որին ես հանձնել եմ Եփրեմի փայտի հիշատակարանի բանալիները.

6 Եվ նաև Եղիասի հետ, որին ես հանձնել եմ աշխարհի սկզբից ի վեր բոլոր սուրբ մարգարեների բերանով խոսված՝ վերջին օրերին վերաբերող բոլոր բաների վերականգնումն իրագործելու բանալիները.

7 Եվ նաև Հովհաննեսի՝ Զաքարիայի որդու, այն Զաքարիայի, որին նա (Եղիասը) այցելեց և խոստում տվեց, որ նա որդի կունենա, և նրա անունը կլինի Հովհաննես, և նա լցված կլինի Եղիասի հոգով.

8 Այն Հովհաննեսի, որին ես ձեզ մոտ եմ ուղարկել, իմ ծառանե՛ր Ջոզեֆ Սմիթ կրտսեր և Օլիվեր Քաուդերի, ձեզ կարգելու առաջին քահանայությանը, որը դուք ստացել եք, որ կանչվեք ու կարգվեք, ճիշտ ինչպես Ահարոնը.

9 Եվ նաև Եղիայի հետ, որին ես հանձնել եմ հայրերի սրտերը դեպի զավակները և զավակների սրտերը դեպի հայրերը դարձնելու զորության բանալիները, որպեսզի ողջ երկիրը չզարկվի անեծքով.

10 Եվ նաև Հովսեփի, Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ, ձեր հայրերի, որոնց միջոցով խոստումները մնում են.

11 Եվ նաև Միքայելի հետ, կամ Ադամի՝ բոլորի հոր՝ բոլորի իշխանի՝ հինավուրցի.

12 Եվ նաև Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ, որոնց ես ուղարկեցի ձեր մոտ, որոնց միջոցով ես կարգեցի ձեզ և հաստատեցի ձեզ՝ լինելու առաքյալներ և իմ անվան հատուկ վկաներ, և կրելու բանալիները ձեր ծառայության և այն նույն բաների, որոնք ես հայտնել եմ նրանց.

13 Որոնց ես հանձնել եմ իմ արքայության բանալիները և ավետարանի տնտեսությունը՝ վերջին ժամանակների համար. և ժամանակների լրության համար, որի ընթացքում ես ի մի կհավաքեմ բոլոր բաները, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա է.

14 Եվ նաև բոլոր նրանց հետ, որոնց իմ Հայրը տվել է ինձ աշխարհից:

15 Ուստի, բարձրացրեք ձեր սրտերն ու ցնծացեք, և գոտեպնդեք ձեր մեջքը, և ձեր վրա վերցրեք իմ ողջ սպառազինությունը, որ կարողանաք դիմակայել չար օրվան, արած լինելով ամեն ինչ, որ կարողանաք կանգուն մնալ:

16 Կանգնեք, ուրեմն, ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած, արդարության լանջապանակը հագած, և ձեր ոտքերը խաղաղության ավետարանի պատրաստությամբ պատած, ինչը ես ուղարկել եմ, որ իմ հրեշտակները հանձնեն ձեզ.

17 Հավատքի վահանը վերցրած, որով դուք կկարողանաք հանգցնել ամբարիշտների բոլոր կրակոտ նետերը.

18 Եվ վերցրեք փրկության սաղավարտն ու սուրն իմ Հոգու, որը ես կթափեմ ձեր վրա, և իմ խոսքը, որը ես հայտնում եմ ձեզ, և համաձայնության եկեք՝ ինչ վերաբերում է այն բաներին, որոնք դուք հարցնում եք ինձ, և հավատարիմ եղեք, մինչև ես գամ, և դուք վեր կհափշտակվեք, որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք: Ամեն: