Բաժին 30
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Դեյվիդ Ուիթմերին, Պիտեր Ուիթմեր կրտսերին և Ջոն Ուիթմերին, Ֆայեթում, Նյու Յորք, 1830թ. սեպտեմբերին, Ֆայեթի եռօրյա համաժողովից հետո, բայց՝ նախքան Եկեղեցու երեցների բաժանվելը (History of the Church, 1.115–116): Սկզբնապես այս նյութը հրատարակվել էր որպես երեք հայտնություններ. Մարգարեի կողմից այն միավորվել է մեկ բաժնի մեջ՝ Վարդապետություն և Ուխտերի 1835թ. հրատարակության համար:
1–4՝ Դեյվիդ Ուիթմերը խրատվում է ջանասիրաբար չծառայելու համար. 5–8՝ Պիտեր Ուիթմեր կրտսերը պետք է ընկերակցի Օլիվեր Քաուդերիին՝ դեպի Լամանացիները կատարվելիք առաքելության ընթացքում. 9–11՝ Ջոն Ուիթմերը կանչված է՝ քարոզելու ավետարանը:
1 Ահա, ես ասում եմ քեզ, Դեյվի՛դ, որ դու վախեցել ես մարդուց, և ինչպես հարկն է, ինձ չես ապավինել զորության համար:
2 Բայց քո միտքն ավելի շատ եղել է երկրային բաների վրա, քան այն բաների, որոնք ինձանից են՝ քո Արարչից, և այն ծառայության, որի համար դու կանչվել ես. և դու ուշք չես դարձրել իմ Հոգուն, և նրանց, ովքեր ղեկավար են նշանակվել քո վրա, այլ համոզվել ես նրանց կողմից, որոնց ես չեմ պատվիրել:
3 Ուստի, ես թողել եմ քեզ՝ հարցնելու իմ ձեռքից, քեզ համար, և խորհելու այն բաների վրա, որոնք ստացել ես:
4 Եվ քո բնակարանը կլինի քո հայրական տունը, մինչև որ ես լրացուցիչ պատվիրաններ տամ քեզ: Եվ դու պետք է նվիրվես ծառայությանը՝ եկեղեցում, և աշխարհի առաջ, և մերձակա շրջաններում: Ամեն:
5 Ահա, ես ասում եմ քեզ, Պիտե՛ր, որ դու պետք է ճամփա ընկնես քո եղբայր Օլիվերի հետ. քանզի եկել է ժամանակը, երբ ինձ նպատակահարմար է, որ դու պետք է բացես քո բերանը՝ հայտարարելու իմ ավետարանը. ուստի, մի վախեցիր, այլ ուշք դարձրու քո եղբոր խոսքերին ու խորհրդին, որ նա կտա քեզ:
6 Եվ չարչարվիր նրա բոլոր չարչարանքներով, միշտ դեպի ինձ բարձրացնելով սիրտդ, աղոթքով ու հավատքով, նրա և քո ազատման համար. քանզի ես նրան զորություն եմ տվել՝ կառուցելու իմ եկեղեցին Լամանացիների մեջ.
7 Եվ եկեղեցում ես ոչ ոքի չեմ նշանակել՝ խորհրդատու լինելու նրա վրա, բացի իր եղբայր Ջոզեֆ Սմիթ կրտսերից:
8 Ուստի, ուշք դարձրու այս բաներին և ջանասեր եղիր իմ պատվիրանները կատարելիս, և դու օրհնված կլինես հավերժական կյանքի համար: Ամեն:
9 Ահա, ես ասում եմ քեզ, իմ ծառա Ջոն, որ այս ժամանակից ի վեր դու պետք է սկսես հռչակել իմ ավետարանը, ինչպես մի փողի ձայնով:
10 Եվ քո աշխատանքը պիտի լինի քո եղբայր Ֆիլիպ Բուրրոսի մոտ և մերձակա այդ շրջանում, այո՛, որտեղ որ քեզ լսեն, մինչև որ չպատվիրեմ քեզ՝ գնալ այնտեղից:
11 Եվ, այսուհետև, քո ողջ աշխատանքը պիտի լինի Սիոնում, քո ողջ հոգով. այո՛, դու պետք է միշտ բացես քո բերանը՝ իմ գործի համար, չվախենալով, թե ինչ կարող է անել մարդը, քանզի ես քեզ հետ եմ: Ամեն: