Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 51


Բաժին 51

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի Միջոցով, Թոմսոնում, Օհայո, 1831թ. մայիսին (History of the Church, 1.173–174): Այս ժամանակ արևելյան նահանգներից գաղթող Սրբերը սկսեցին ժամանել Օհայո, և անհրաժեշտ դարձավ որոշակի նախապատրաստություններ կատարել նրանց բնակեցման համար: Քանի որ այդ պարտականությունն անմիջականորեն եպիսկոպոսի պաշտոնի մեջ էր մտնում, Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջը հրահանգներ էր փնտրում այդ հարցի վերաբերյալ, և Մարգարեն հարցրեց Տիրոջը:

1–8՝ Էդվարդ Պատրիջը նշանակված է՝ կարգավորելու տնտեսություններն ու ունեցվածքը. 9–12՝ Սրբերը պետք է գործեն ազնվորեն և ստանան միանման. 13–15՝ Նրանք եպիսկոպոսի շտեմարան պետք է ունենան և պետք է կազմակերպեն ունեցվածքը՝ Տիրոջ օրենքի համաձայն. 16–20՝ Օհայոն պիտի լինի ժամանակավոր հավաքման վայր:

1 Ականջ դրեք ինձ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, և ես կխոսեմ իմ ծառա Էդվարդ Պատրիջի հետ և հրահանգներ կտամ նրան. քանզի անպայման պետք է, որ նա հրահանգներ ստանա այս ժողովրդին կազմակերպելու վերաբերյալ:

2 Քանզի անպայման պետք է, որ նրանք կազմակերպվեն՝ իմ օրենքների համաձայն. հակառակ դեպքում նրանք կկտրվեն:

3 Ուստի թող իմ ծառա Էդվարդ Պատրիջը, և նրանք, ում նա ընտրել է, որոնց ես հավանում եմ, այս ժողովրդին նշանակեն իրենց բաժինները, յուրաքանչյուր մարդուն հավասարապես՝ իր ընտանիքի համեմատ, իր պայմանների և իր պահանջների ու կարիքների համեմատ:

4 Եվ իմ ծառա Էդվարդ Պատրիջը, երբ որ մի մարդու նշանակի իր բաժինը, թող տա նրան գրություն, որը նրան կերաշխավորի նրա բաժինը, որ նա պահպանելու է այն, այսինքն՝ այդ իրավունքն ու ժառանգությունը եկեղեցում, մինչև որ չօրինազանցի և եկեղեցու ձայնով արժանի չհամարվի պատկանել եկեղեցուն՝ համաձայն եկեղեցու օրենքների ու ուխտերի:

5 Եվ եթե նա օրինազանցի և արժանի չհամարվի պատկանել եկեղեցուն, նա իրավունք չի ունենա պահանջել այն մասը, որն ինքը նվիրաբերել է եպիսկոպոսին՝ իմ եկեղեցու աղքատների և կարիքավորների համար. ուստի, նա չի պահպանի այդ պարգևը, այլ միայն իրավունք կունենա այն մասի վրա, որը վավերագրով հանձնվել է իրեն:

6 Եվ այսպես բոլոր բաները պիտի հաստատագրվեն՝ համաձայն երկրի օրենքների:

7 Եվ թող այն, ինչ պատկանում է այս ժողովրդին, նշանակվի այս ժողովրդին:

8 Եվ դրամը, որը մնացել է այս ժողովրդի համար,– թող մի գործակալ նշանակվի այս ժողովրդի համար, որ վերցնի դրամը, ապահովելու սննդով և հագուստով՝ այս ժողովրդի պահանջների համաձայն:

9 Եվ թող ամեն մարդ գործի ազնվորեն, և միանման լինի այս ժողովրդի մեջ, և ստանա միանման, որպեսզի դուք լինեք մեկ, ճիշտ ինչպես պատվիրել եմ ձեզ:

10 Եվ թող այն, ինչ պատկանում է այս ժողովրդին, չվերցվի ու չտրվի մեկ այլ եկեղեցու:

11 Ուստի, եթե մեկ այլ եկեղեցի դրամ ստանա այս եկեղեցուց, թող նրանք այն կրկին վճարեն այս եկեղեցուն՝ համաձայն պայմանավորվածության.

12 Եվ դա պիտի արվի եպիսկոպոսի կամ այն գործակալի միջոցով, որը պիտի նշանակվի եկեղեցու ձայնով:

13 Եվ բացի այդ, թող եպիսկոպոսը մի շտեմարան հիմնի այս եկեղեցու համար. և թող բոլոր բաները՝ թե՛ դրամով և թե՛ մթերքով, որոնք ավելի են, քան անհրաժեշտ է այս ժողովրդի պահանջների համար, պահվեն եպիսկոպոսի ձեռքում:

14 Եվ թող նա պահպանի նաև իր համար, իր սեփական պահանջների համար, և իր ընտանիքի պահանջների համար, քանի որ նա զբաղված կլինի այս գործը կատարելով:

15 Եվ այսպես, ես այս ժողովրդին տալիս եմ կազմակերպվելու արտոնություն՝ համաձայն իմ օրենքների:

16 Եվ ես նվիրաբերում եմ այս հողը նրանց մի փոքր ժամանակով, մինչև ես՝ Տերս, կապահովեմ նրանց մեկ այլ ձևով և կպատվիրեմ նրանց գնալ այստեղից.

17 Եվ ժամը և օրը նրանց տրված չէ, ուստի թող նրանք գործեն այս հողի վրա, կարծես տարիների համար, և այն կվերադառնա նրանց՝ որպես բարիք:

18 Ահա, սա օրինակ կլինի իմ ծառա Էդվարդ Պատրիջի համար, այլ վայրերում, բոլոր եկեղեցիներում:

19 Եվ ով որ գտնվի հավատարիմ, արդար և իմաստուն տնտես, պիտի մտնի իր Տիրոջ ուրախությունը, և պիտի ժառանգի հավերժական կյանք:

20 Ճշմարիտ ասում եմ ձեզ, ես Հիսուս Քրիստոսն եմ, ով գալիս է շուտով, այն ժամին, որ դուք չեք կարծում: Ճիշտ այդպես: Ամեն: