Բաժին 70
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. նոյեմբերի 12-ին (History of the Church, 1.235–237): Մարգարեի կողմից գրված պատմությունը հաղորդում է, որ չորս հատուկ համաժողովներ էին անցկացվել նոյեմբերի 1–12-ը ներառյալ: Այդ ժողովներից վերջինում քննարկվել էր Պատվիրանների Գրքի մեծ կարևորությունը, որը հետագայում կոչվեց Վարդապետություն և Ուխտեր. և Մարգարեն այն վերագրում է, որպես «Եկեղեցու հիմքը, այս վերջին օրերին, ի օգուտ աշխարհի, ցույց տալով, որ մեր Փրկչի արքայության խորհուրդների բանալիները կրկին վստահվել են մարդուն» (History of the Church, 1.235):
1–5՝ Տնտեսներ են նշանակվում՝ հայտնությունները հրատարակելու համար. 6–13՝ Նրանք, ովքեր աշխատում են հոգևոր գործերում, արժանի են իրենց վարձքին. 14–18՝ Սրբերը պետք է հավասար լինեն նյութական հարցերում:
1 Ուշք դարձրեք, և ականջ դրեք, ով Սիոնի՛ բնակիչներ, և ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, որ հեռվում եք, և լսեք Տիրոջ խոսքը, որը պատվիրանի ձևով ես տալիս եմ նրանց՝ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և նաև իմ ծառա Մարտին Հարրիսին, և նաև իմ ծառա Օլիվեր Քաուդերիին, և նաև իմ ծառա Ջոն Ուիթմերին, և նաև իմ ծառա Սիդնի Ռիգդոնին, և նաև իմ ծառա Վիլյամ Վ. Ֆելփսին:
2 Քանզի ես տալիս եմ նրանց պատվիրան. ուստի ականջ դրեք և լսեք, քանզի նրանց այսպես է ասում Տերը.
3 Ես՝ Տերս, նշանակել եմ նրանց և կարգել եմ նրանց՝ տնտեսներ լինելու հայտնությունների և պատվիրանների վրա, որոնք ես տվել եմ նրանց, և որոնք այսուհետև ես պետք է տամ նրանց.
4 Եվ այդ տնտեսության հաշիվը դատաստանի օրը ես պահանջելու եմ նրանցից:
5 Ուստի, ես նշանակել եմ նրանց, և սա է նրանց գործն Աստծո եկեղեցում՝ կառավարել դրանք և դրանց հոգսերը, այո՛, դրանց օգուտները:
6 Ուստի ես պատվիրան եմ տալիս նրանց, որ նրանք այդ ամենը չտան եկեղեցուն, ոչ էլ աշխարհին.
7 Այնուամենայնիվ, որքան որ նրանք ավելին ստանան, քան անհրաժեշտ է իրենց կարիքների ու պահանջների համար, այն պիտի հանձնվի իմ շտեմարան.
8 Իսկ օգուտները պիտի նվիրաբերվեն Սիոնի բնակիչներին և նրանց սերունդներին, որքան որ նրանք կդառնան ժառանգներ՝ համաձայն արքայության օրենքների:
9 Ահա, սա է այն, ինչ Տերը պահանջում է ամեն մարդուց իր տնտեսության մեջ, ճիշտ ինչպես ես՝ Տերս, նշանակել եմ կամ ապագայում կնշանակեմ որևէ մարդու:
10 Եվ ահա, ոչ ոք, ով պատկանում է կենդանի Աստծո եկեղեցուն, ազատված չէ այս օրենքից.
11 Այո՛, ո՛չ եպիսկոպոսը, ո՛չ էլ գործակալը, ով պահում է Տիրոջ շտեմարանը, ո՛չ էլ նա, ում նշանակված է նյութական բաների տնտեսությունը:
12 Ով որ նշանակված է վարելու հոգևոր գործերը, նա արժանի է իր վարձքին, ճիշտ ինչպես նա, ում նշանակված է նյութական գործերը վարելու տնտեսությունը.
13 Այո՛, նույնիսկ ավելի առատորեն, առատություն, որը նրանց համար բազմապատկվում է Հոգու դրսևորումներով:
14 Այնուամենայնիվ, ձեր նյութական հարցերում դուք պետք է հավասար լինեք, և դա՝ առանց դժկամության, այլապես Հոգու դրսևորումների առատությունը ետ պիտի պահվի:
15 Արդ, այս պատվիրանը ես տալիս եմ իմ ծառաներին իրենց օգտի համար, քանի դեռ նրանք կան, իմ օրհնությունները նրանց գլխին ցույց տալու համար, և նրանց ջանասիրության վարձքի ու նրանց ապահովության համար.
16 Սննդի և հագուստի համար. ժառանգության համար. տների և հողերի համար, ինչպիսի պայմաններում էլ որ ես՝ Տերս, նրանց դնեմ, և որտեղ էլ որ ես՝ Տերս, նրանց ուղարկեմ:
17 Քանզի նրանք հավատարիմ են եղել շատ բաներում, և լավ են գործել, որքան որ չեն մեղանչել:
18 Ահա, ես՝ Տերս, ողորմած եմ, և կօրհնեմ նրանց, և նրանք կվայելեն դրանց ուրախությունը: Ճիշտ այդպես: Ամեն: