Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 72


Բաժին 72

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. դեկտեմբերի 4-ին (History of the Church, 1.239–241): Մի քանի երեցներ ու անդամներ հավաքվել էին՝ իրենց պարտականությունները սովորելու և լրացուցիչ հրահանգներ ստանալու Եկեղեցու ուսմունքների վերաբերյալ: Այս բաժինը նույն օրը ստացված երկու հայտնությունների ժողովածու է: 1–8 հատվածները հայտնի են դարձնում Նյուել Ք. Ուիթնիի կոչումը՝ որպես եպիսկոպոս: Ապա նա կանչվեց ու կարգվեց, որից հետո ստացվեցին 9–26 հատվածները՝ հաղորդելով լրացուցիչ տեղեկություններ եպիսկոպոսի պարտականությունների վերաբերյալ:

1–8՝ Երեցները պետք է հաշիվ ներկայացնեն եպիսկոպոսին իրենց տնտեսության մասին. 9–15՝ Եպիսկոպոսը պահում է շտեմարանը և հոգում է աղքատների ու կարիքավորների մասին. 16–26՝ Եպիսկոպոսները պետք է վավերացնեն երեցների արժանավորությունը:

1 Ականջ դրեք և լսեք Տիրոջ ձայնը, ո՜վ դուք, որ ժողովվել եք միասին, որ իմ եկեղեցու քահանայապետերն եք, որոնց տրվել է արքայությունն ու զորությունը:

2 Քանզի ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Ինձ նպատակահարմար է, որ մի եպիսկոպոս նշանակվի ձեր համար, կամ ձեր միջից, եկեղեցու համար, Տիրոջ այգու այս մասում:

3 Եվ ճշմարիտ, այս բանում դուք վարվել եք իմաստությամբ, քանզի Տերը պահանջում է, յուրաքանչյուր տնտեսի ձեռքից, հաշիվ ներկայացնել իր տնտեսության մասին, թե՛ ժամանակի և թե՛ հավերժության մեջ:

4 Քանզի նա, ով հավատարիմ և իմաստուն է ժամանակի մեջ, արժանի է համարվում ժառանգելու իմ Հոր կողմից նրանց համար պատրաստած ապարանքները:

5 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ այգու այս մասի եկեղեցու երեցները պետք է իրենց տնտեսության մասին հաշիվ ներկայացնեն եպիսկոպոսին, որը կնշանակվի իմ կողմից, իմ այգու այս մասում:

6 Այդ բաների մասին գրանցում պետք է պահվի, որպեսզի փոխանցվի Սիոնի եպիսկոպոսի ձեռքը:

7 Եվ եպիսկոպոսի պարտականությունը հայտնի կդարձվի պատվիրաններով, որոնք տրվել են, և համաժողովի ձայնով:

8 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին է այն մարդը, որ պիտի նշանակվի ու կարգվի այդ զորությանը: Սա է Տիրոջ՝ ձեր Աստծո՝ ձեր Քավչի կամքը: Ճիշտ այդպես: Ամեն:

9 Տիրոջ խոսքը, ի լրումն օրենքի, որ տրվել է, հայտնի դարձնելով եպիսկոպոսի պարտականությունը, որը կարգվել է եկեղեցու համար, այգու այս մասում, արդարև հետևյալն է,–

10 Պահել Տիրոջ շտեմարանը. ստանալ եկեղեցու հիմնադրամներն այգու այս մասում.

11 Հաշիվ վերցնել երեցներից, ինչպես պատվիրվել էր նախկինում. և բավարարել նրանց պահանջները, որոնք կվճարեն այն ամենի համար, ինչ կստանան, որքան որ նրանք կունենան թե ինչով վճարել.

12 Որպեսզի դա ևս նվիրաբերվի՝ եկեղեցու բարիքի համար, աղքատների և կարիքավորների համար:

13 Եվ նրանից, ով չունի որ վճարի, հաշիվ պետք է վերցվի ու ներկայացվի Սիոնի եպիսկոպոսին, որը կվճարի պարտքն այն բանից, ինչ Տերը կդնի նրա ձեռքում:

14 Եվ հավատարիմների ջանքերը, ովքեր տքնում են հոգևոր գործերում, սպասավորելով ավետարանը և արքայության բաները եկեղեցուն, և աշխարհին, պարտքի փոխհատուցում կլինի Սիոնի եպիսկոպոսին.

15 Այդպիսով, այն դուրս է գալիս եկեղեցուց, քանզի, ըստ օրենքի, ամեն մարդ, որ գալիս է Սիոն, պետք է բոլոր բաները դնի Սիոնի եպիսկոպոսի առաջ:

16 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ, քանի որ ամեն մի երեց, այգու այս մասում, պետք է հաշիվ տա իր տնտեսության մասին, այգու այս մասի եպիսկոպոսին,–

17 Մի վկայագիր՝ դատավորից, կամ այգու այս մասի եպիսկոպոսից, Սիոնի եպիսկոպոսի համար ընդունելի է դարձնում ամեն մարդու և պատասխանում է բոլոր հարցերին, ժառանգության համար և ընդունվելու համար, որպես իմաստուն տնտես և որպես հավատարիմ մշակ.

18 Այլապես, նա չի ընդունվի Սիոնի եպիսկոպոսի կողմից:

19 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ամեն մի երեց, ով հաշիվ կտա եկեղեցու եպիսկոպոսին այգու այս մասում, թող երաշխավորվի եկեղեցու կամ եկեղեցիների կողմից, որոնցում նա ծառայում է, որ կարողանա բոլոր բաներում հավանության արժանի դարձնել ինքն իրեն և իր հաշիվները:

20 Եվ բացի այդ, թող իմ ծառաները, որոնք տնտես են նշանակվել իմ եկեղեցու գրական հարցերի վրա, իրավունք ունենան բոլոր բաներում օժանդակություն ստանալ եպիսկոպոսից կամ եպիսկոպոսներից,–

21 Որպեսզի հայտնությունները հրատարակվեն և առաջ ուղարկվեն մինչև աշխարհի ծայրերը. որպեսզի նրանք նաև ձեռք բերեն դրամական միջոցներ, որոնք բոլոր բաներում կնպաստեն եկեղեցուն.

22 Որպեսզի նրանք նույնպես բոլոր բաներում հավանության արժանի դարձնեն իրենց և իմաստուն տնտես համարվեն:

23 Եվ արդ, ահա, սա օրինակ պիտի լինի իմ եկեղեցու բոլոր ընդարձակ ճյուղերի համար, որ հողի վրա էլ որ նրանք հաստատված լինեն: Եվ արդ, ես վերջ եմ դնում իմ խոսքերին: Ամեն:

24 Մի քանի խոսք, ի լրումն արքայության օրենքների, եկեղեցու անդամների առնչությամբ,– նրանք, ովքեր Սուրբ Հոգով նշանակվել են գնալու Սիոն, և նրանք, ովքեր արտոնություն ունեն գնալու Սիոն,–

25 Թող եպիսկոպոսին մի վկայագիր տանեն եկեղեցու երեք երեցներից, կամ մի վկայագիր՝ եպիսկոպոսից.

26 Այլապես, նա ով կգնա Սիոնի հող, չի համարվի իմաստուն տնտես: Սա նույնպես օրինակ է: Ամեն: