Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 7


Բաժին 7

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. ապրիլին, այն ժամանակ, երբ նրանք Ուրիմի ու Թումիմի միջոցով հարցրեցին, թե արդյոք Հովհաննեսը՝ սիրեցյալ աշակերտը, մնաց մարմնում, թե մահացավ: Հայտնությունը՝ Հովհաննեսի կողմից մագաղաթի վրա գրված և նրա կողմից թաքցված հիշատակարանի թարգմանված տարբերակն է (History of the Church, 1.35–36):

1–3՝ Հովհաննեսը՝ Սիրեցյալը, ապրելու է մինչև Տիրոջ գալուստը. 4–8՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը կրում են ավետարանի բանալիները:

1 Եվ Տերն ասաց ինձ. Հովհաննե՛ս, իմ սիրեցյա՛լ, ի՞նչ ես ցանկանում դու: Քանզի, եթե դու խնդրես այն, ինչ կամենում ես՝ պիտի շնորհվի քեզ:

2 Եվ ես նրան ասացի. Տեր, տուր ինձ զորություն՝ մահվան վրա, որ կարողանամ ապրել և հոգիներ բերել քեզ մոտ:

3 Եվ Տերն ասաց ինձ. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ քանի որ դու փափագում ես, դու պիտի մնաս, մինչև ես գամ իմ փառքով, և պիտի մարգարեանաս ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների առաջ:

4 Եվ դրա համար Տերն ասաց Պետրոսին. Եթե ես կամենում եմ, որ նա մնա, մինչև ես գամ, քե՞զ ինչ: Քանզի նա ինձանից ցանկացավ, որ կարողանա հոգիներ բերել ինձ մոտ, բայց դու ցանկացար, որ կարողանաս շուտով գալ ինձ մոտ՝ իմ արքայություն:

5 Ասում եմ քեզ, Պետրո՛ս, դա բարի ցանկություն է. սակայն իմ սիրեցյալը ցանկացավ, որ կարողանա մարդկանց մեջ կատարել ավելին, կամ դեռ ավելի մեծ գործ, քան կատարել էր մինչ այդ:

6 Այո՛, նա հանձն է առել ավելի մեծ գործ. ուստի ես կդարձնեմ նրան, ինչպես բոցավառ կրակ և սպասավոր հրեշտակ. նա պիտի ծառայի նրանց, ովքեր փրկության ժառանգներ կլինեն, ովքեր բնակվում են երկրի վրա:

7 Եվ ես կդարձնեմ քեզ սպասավոր՝ նրա համար և քո եղբայր Հակոբոսի համար. և ձեզ՝ երեքիդ, ես կտամ այս զորությունն ու այս ծառայության բանալիները, մինչև որ ես գամ:

8 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ դուք երկուսդ էլ պիտի ստանաք ձեր ցանկությունների համաձայն, քանզի դուք երկուսդ էլ ուրախանում եք նրանով, ինչ ցանկացել եք: