2023
Հետևեք ճշմարիտ լույսին
Հունվար 2023


«Հետևեք ճշմարիտ լույսին», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Եկ, հետևիր ինձ

Հովհաննես 1․1-5

Հետևեք ճշմարիտ լույսին

Հիսուս Քրիստոսի լույսը միշտ վառ է ձեզ համար՝ երեկ, այսօր և հավիտյան։

Նկար
Հիսուս Քրիստոս

Մտիկ արէք շուշաններին Հալի Միլեր

Երբ արևը մայր էր մտնում 1948 թվականի ևս մեկ կիրակի, ես քայլում էի Թրենթ գետի մոտով Նոթինգհեմում (Անգլիա)։ Այդ ժամանակ ես 20-ամյա մի միսիոներ էի։ Երկար, հոգնեցնող օր էր, բայց ես ուրախ էի ու գոհ աշխատանքից։

Մինչ քայլում էի գետի երկայնքով, ես մի աղոթք ասացի իմ սրտում։ Հուսալով որևէ առաջնորդություն զգալ Տիրոջից՝ ես հարցրի․ «Արդյո՞ք ես անում եմ այն, ինչ Դու ես ուզում»։

Հանկարծ խաղաղության և փոխըմբռնման մի անհաղթահարելի զգացում համակեց ինձ։ Հենց այդ պահին ես հասկացա, որ Հիսուս Քրիստոսը ճանաչում է ինձ և սիրում է ինձ։ Ես տեսիլք չտեսա կամ ձայն չլսեցի, բայց ավելի զորեղ կերպով չէի կարող իմանալ Քրիստոսի իրական լինելու և աստվածայնության մասին, եթե Նա կանգներ իմ առջև և կանչեր իմ անունը։

Այդ օրից մինչ այսօր իմ կայացրած յուրաքանչյուր կարևոր որոշման վրա իր ազդեցությունն է թողել իմ այն գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է։ Իմ սերը Նրա հանդեպ ավելի խորն է ու զորեղ, քան բառերը կարող են արտահայտել։ Նա իմ Տերն է, Փրկիչը, Քավիչը և ընկերը։

Տարիներ շարունակ աշխարհի մեծ մասում ես վկայել եմ Փրկչի մասին։ Ես գիտեմ, որ Նա է ճշմարիտ և հավիտենական Լույսը, որը «խաւարումը լոյս է տալիս» (Հովհաննես 1․5)։ Մեզ համար արտոնություն է գալ Նրա մոտ, հետևել Նրան և զգալ Նրա լույսը մեր կյանքում։

Լույսի մասին ճշմարտությունը

Յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում տեղի է ունենում գիշեր-ցերեկ հերթափոխը։ Երբ ընկնում է մութ գիշերը, մենք չենք անհանգստանում, որ արևը մարել է։ Մենք գիտենք, որ երկիրը կպտտվի, և արևը նորից կշողա մեզ վրա։ Միշտ չէ, որ կարող ենք տեսնել կամ զգալ լույսը, բայց այն միշտ կա։

Սա ճիշտ է նաև հոգևոր առումով։ Ինձ հիշեցվել է այդ մասին շատ տարիներ առաջ, երբ ես և կինս՝ Բարբարան, ակնածանքով հառել էինք մեր հայացքները գիշերվա երկնքին։ Մեր տեսած միլիոնավոր աստղերը թվում էին բացառիկ պայծառ ու գեղեցիկ։ Հետո իմ մտքերը զարմանքով դարձան դեպի Հիսուս Քրիստոսը։

Նա «սկզբումն Աստուծոյ մօտ էր» (Հովհաննես 1․2)։ Երկնային Հոր ղեկավարությամբ Նա ստեղծեց երկիրը և անթիվ աշխարհներ (տես Մովսես 1․33)։ Նա այն զորությունն է, որը լուսավորում է արևը, լուսինը և աստղերը (տես Վարդապետություն և Ուխտեր 88․7-10)։ Նա բոլոր բաների լույսի և կյանքի աղբյուրն է (տես Հովհաննես 1․3-4, Վարդապետություն և Ուխտեր 93․10)։ Նա հայտարարել է. «Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» (Հովհաննես 8.12

Մեր օրերում սատանան աշխատում է արտաժամյա՝ փակելու Փրկչի լույսը։ Բայց դուք երբեք չեք կարող լինել այնպիսի մութ տեղում, որ Հիսուս Քրիստոսի լույսը չկարողանա շողալ ձեզ համար, եթե դուք գաք Նրա մոտ։ Նրա լույսը միշտ հասանելի է։

Նկար
Առավոտ, կեսօր և գիշեր

Նկարները՝ Ադամ Նիկելի

Նա լուսավորում է մեր ուղին

Որպես Աստծո Որդի՝ Հիսուս Քրիստոսը փառք ուներ Հայր Աստծո մոտ «աշխարհքի լինելուցն առաջ » (Հովհաննես 17․5)։ Նա կատարելապես հնազանդ էր Իր Հորը (տես Հովհաննես 5․30) և պատրաստակամորեն աշխարհ եկավ։ Նա թողեց իր փառքը, ծնվելու համեստ ախոռում, որտեղ Նրան մայրը «պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ» (Ղուկաս 2.7

Իր պատանեկության տարիներին Նա լինում էր «[Իր] Հօր տանը» (Ղուկաս 2․49) և զարմացնում նրանց, ովքեր լսում էին Նրա ուսմունքները։ Իր ծառայության ընթացքում Նա զորություն ուներ հրաշքներ գործելու, հիվանդներին օրհնելու և բժշկելու, մահացածներին կենդանացնելու և, ի վերջո, ապահովելու անսահման Քավությունը։

Իր բոլոր խոսքերով և գործերով, հատկապես Իր քավող զոհաբերությամբ, Նա մեզ ցույց է տվել դեպի մեր Երկնային Հայրը տանող ճանապարհը։ Նրա օրինակը և ուսմունքները լուսավորում են արահետը, որին մենք պետք է հետևենք, որպեսզի վերադառնանք մեր երկնային տուն։

Կիսվեք Նրա լույսով

Երբ մենք զգում ենք Աստծո Որդու լույսը մեր կյանքում, մենք պետք է ձգտենք կիսել այդ լույսը ուրիշների հետ։ Ես ուրախ եմ, որ միսիոներ եմ եղել Անգլիայում։ Ես ուրախ եմ, որ միսիայի նախագահ եմ եղել Կանադայում։ Եվ ես շատ ուրախ եմ իմ ներկայիս կոչման համար, լինելու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ինչն ինձ հնարավորություն է ընձեռում վկայել Հիսուս Քրիստոսի մասին ողջ աշխարհում։

Փրկիչն ուսուցանել է․ «Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս» (3 Նեփի 18.24

Փրկչի լույսը շողում է մեր մեջ ամեն անգամ, երբ մենք աղոթում ենք և փնտրում Իր խոսքը սուրբ գրություններում։ Նրա լույսը շողում է, երբ մենք սիրում ենք այնպես, ինչպես Նա սիրեց, կիսվում ենք մեր վկայություններով և անձնուրաց ծառայում։ Սա ցրում է մեր կյանքի խավարը և գրավում ուրիշներին, ովքեր փնտրում են Նրա լույսը։

Նկար
աղջիկը տղայի հետ բռնել է լույսը

Նրա լույսը հավերժ է

Հիսուս Քրիստոսի լույսը միշտ վառ է ձեզ համար։ Ոչինչ, բացարձակապես ոչինչ, երբեք չի կարող գերազանցել Նրա լույսին կամ մարել այն։ Նրա լույսը հավերժ կշողա։ Հիսուս Քրիստոսն է «լույսն ու կյանքն աշխարհի. … լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել» (Մոսիա 16.9

Ես հավերժ երախտապարտ եմ այն փորձառության համար, որ ունեցել եմ որպես երիտասարդ միսիոներ, երբ անձամբ սկսել եմ հասկանալ այս ամենը։ Ես դա ավելի հաստատ գիտեմ այսօր, քանի որ ապրել եմ կյանքն իր բոլոր փորձություններով և ուրախություններով։

Եթե դուք չգիտեք, թե ուր գնալ կամ ինչ անել, նայեք Աստծո Որդու ճշմարիտ լույսին։ Եթե դուք կամենում եք գալ Նրա մոտ և հետևել Նրա լույսին, Նա կլուսավորի ձեր ուղին։

Տպել