2023
Ավետարանի պարգևները Գուամում
Հունվար 2023


«Ավետարանի պարգևները Գուամում», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Ավետարանի պարգևները Գուամում

Ծովային մի կղզում Ֆրանչեսկան ավետարանի միջոցով գտնում է ընկերներ և մխիթարություն։

Նկար
երիտասարդ կին

Լուսանկարը` Քոդի Բելլի

Գուամ կղզին իր լողափերով, հանդարտ ջրերով և հնագույն քարանձավներով կարծես հեքիաթ լինի, բայց դա սովորական օր է 15-ամյա Ֆրանչեսկա Ն.-ի կյանքում։ Նա սիրում է գեղեցիկ լողափերը։ «Զբոսնելը և բնությունը բացահայտելը զվարճալի է»։

Ծնվելով և մեծանալով Գուամում՝ նա սիրում է դրսում զբաղմունք գտնելը։ «Ես սիրում եմ լինել բնության գրկում, ուստի ես իսկապես չեմ սիրում տանը լինել»,- ասում է նա։ Նա սիրում է թիավարել օվկիանոսում, սուզվել ջրում և իր ծնողների ու երկու քույրիկների հետ արշավի գնալ։ Նրանք հատկապես սիրում են լինել հին քարանձավներում։

Նկար
երիտասարդ կինը և ընտանիքը Գուամում

«Ես շատ մտերիմ եմ իմ քույրերի հետ։ Նրանք իմ լավագույն ընկերներն են»,- ասում է նա։ Նրա ավագ քույրը դպրոց է հաճախում Հավայան կղզիներում։ «Սոցիալական մեդիան հսկայական գործոն է, որն օգնում է մեզ շփվել»,- բացատրում է Ֆրանչեսկան։ Նա սիրում է շփվել մարդկանց հետ։

Օրինակ ուրիշների համար

Ֆրանչեսկան սովորում է աղջիկների համար նախատեսված կաթոլիկ դպրոցի երկրորդ կուրսում, որտեղ նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ անդամն է։ Իր դպրոցում Եկեղեցու միակ անդամը լինելը սկզբում մի փոքր վախեցնող էր, բայց նա սովոր է տարբերվող տեսակ լինելուն։ Բացի այդ, նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր գտնում են, որ նրա այլ կրոն դավանելն էլ իր հետաքրքրությունն ունի։

Օրինակ, նրա ընկերները մի օր սուրճ էին ըմպում ընդմիջման ժամին, և Ֆրանչեսկան կարողացավ բացատրել նրանց Իմաստության Խոսքը։

Ֆրանչեսկան նաև ընտրում է չհայհոյել, չնայած որ այլ մարդիկ դպրոցում անում են դա։ Նա ասում է. «Նախկինում ես բազմիցս գայթակղվել եմ, բայց մի բան, որն ինձ ամուր է պահում, իմ անձնական հարաբերությունն է Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով»։ Նա ավելացնում է. «Ես չպետք է անեմ այդ բաները, քանի որ դա սխալ է և որովհետև ես սիրում եմ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին»։

Գտնենք ընկերներ

Երբեմն կարող ես քեզ միայնակ զգալ՝ դպրոցում լինելով Եկեղեցու միակ անդամը։ Առաջին կուրսում Ֆրանչեսկան իրեն շատ միայնակ էր զգում համաճարակի ժամանակ և շատ ընկերներ չուներ։ Նա հուզվում էր ծնողների հետ այդ մասին խոսելու մտքից, բայց երբ աղոթեց, նա հուշում ստացավ կիսվելու նրանց հետ իր զգացումներով։

Նկար
հայր և դուստրեր

Որպես ընտանիք նրանք որոշեցին աղոթել նրա համար, որպեսզի կարողանար գտնել հուսալի ընկերներ։ Հրաշքով, հենց որ նրանք ավարտեցին իրենց աղոթքը, լսեցին իրենց դռան թակոցը։ Պարզվեց, որ դա մեկ այլ ծխի նրա ընկերներից մեկն էր, ով թխվածքաբլիթներ էր բերել։ Ֆրանչեսկան գիտեր, որ Երկնային Հայրը լսել էր իրենց աղոթքը։

Ֆրանչեսկայի ցիցը ներառում էր անդամներ Գուամից և մի շարք այլ կղզիներից։ Նրա ծուխն ուներ երիտասարդների մի փոքրիկ խումբ, բայց նրա ծուխը նման է ընտանիքի։ Անդամները մտերիմ են, և դա խրախուսում է նրան եկեղեցի գնալ ամեն կիրակի։ Նրանք մեծ ազդեցություն ունեն նրա կյանքում և օրինակ են հանդիսանում նրա համար։

Ֆրանչեսկան նաև ուժ է գտել իր սեմինարիայի դասարանում։ «Սեմինարիան իմ շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկն է», - ասում է նա։ «Երբ ես հաճախում եմ սեմինարիա, թվում է, թե իմ բոլոր անհանգստությունները վերանում են»։

Նա սիրով է հաճախում սեմինարիա, լինի առցանց կամ առկա, և երբեք չի բացակայում դասից առանց լուրջ պատճառի։ Նա ասում է, որ իր շաբաթները շատ ավելի հաջող են անցնում, քանի որ նա ընտրում է լինել սեմինարիայում։ Եթե նա ունենում է սթրեսներով լի շաբաթ, նա անպայման հաճախում է սեմինարիա, քանի որ նա այնտեղ խաղաղություն է զգում։

Երիտասարդները նաև միջոցառումներ են ունենում ամիսը երկու կամ երեք անգամ։ Ֆրանչեսկան նույնիսկ պլանավորել է դրանցից մեկը․ խաղերի երեկո՝ բազմաթիվ զվարճալի սեղանի խաղերով և սուրբ գրությունների խաղով։ Նրանք հնարավորություն չեն ունեցել հաճախ հանդիպելու համաճարակի ընթացքում, ուստի, երբ հնարավորություն են ունենում հանդիպելու, նրանք հրաշալի ժամանակ են անցկացնում։

Նկար
երիտասարդ կանայք միջոցառումների ժամանակ

Երիտասարդ կանայք նույնիսկ տեսահոլովակ են նկարահանել, որտեղ իրենց շրթունքները համընկնում են եկեղեցու երիտասարդների «Լավ օր» երգի հետ և տեղադրել այն՝ իրենց սիրով կիսվելու և ուրիշներին ուրախացնելու համար։ «Սոցիալական մեդիան իսկապես կարող է միավորել բոլորին, հատկապես այն ժամանակ, երբ մենք իրականում չենք կարող տեսնել բոլորին»։

Անհամբեր սպասում ենք Տաճարին

2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում հայտարարվեց Յիգո Գուամ տաճարի մասին։ Ֆրանչեսկան ասում է․ «Երիտասարդները շատ ոգևորված էին․ մենք բոլորս աղոթել էինք դրա համար»։ Դրանից հետո նա անհամբեր հետևեց շինարարությանը և սպասեց իրենց իսկ տաճարին, որն ավարտվեց 2022 թվականի մայիսին։

Նկար
երիտասարդ կինը և ընտանիքը տաճարի մոտ Գուամում

Նրանք նախկինում միշտ ստիպված են եղել մեկնել Ֆիլիպիններ տաճարային շրջագայությունների համար։ Ճամփորդությունների ծախսերը հոգալու համար նրանք գումար էին հավաքում թխվածքաբլիթների վաճառքի և ավտոլվացման միջոցով։ Քանի որ դա մեծ ճանապարհորդություն էր, նրանք ծրագրում էին, որ այն տևեր մոտ մեկ շաբաթ։ Ֆրանչեսկան ոգևորված է, որ կարող է ավելի հաճախ գնալ տաճար և ստանալ այն օրհնությունները, որոնք գալիս են իր նախնիների համար մկրտվելուց։

Մխիթարություն աղոթքի միջոցով

Ֆրանչեսկան ասում է, որ հակված է շատ անհանգստանալու, բայց աղոթքն օգնել է իրեն։ «Աղոթքն իսկապես զորեղ է։ Երկնային Հոր հետ պարզապես խոսելն իսկապես մխիթարում է ինձ։ Նա լսում է և կարող է օգնել»։

«Երբ ես աղոթում եմ, պատասխանը միշտ չէ, որ պարզապես գալիս է անմիջապես»,- ասում է նա։ «Առաջնորդության զգացումն է, որ օգնում է ինձ․ Նրա ներկայության զգացումը և Նրա սերը։ Այն մխիթարում է ինձ և ստիպում շատ ավելի լավ զգալ»։

Երիտասարդներին նա տալիս է հետևյալ խորհուրդը․ «Աղոթեք Երկնային Հորը։ Խոսեք Նրա հետ։ Դա շատ է օգնում»։

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Նա ասում է, որ իր մայրը նույնպես անհանգստացող է, սակայն նաև մեծ աջակցություն։ «Իմ մայրը օրհնություն է Երկնային Հորից, և նա շատ է առաջնորդել ինձ»։

«Ընտանիքը մեծ օրհնություն է»,- ասում է նա։ «Կարծում եմ, որ կարևոր է ընտանիքի կամ ընկերոջ հետ կիսվելը, երբ ինչ-որ բանի միջով ես անցնում»։

Ֆրանչեսկան ուզում է, որ յուրաքանչյուր ոք տեսնի Տիրոջ ամենօրյա օրհնությունները։ «Ամենօրյա օրհնությունները կարող են շատ պարզ լինել։ Դպրոց գնալը մեծ օրհնություն է։ Կան շատ հոյակապ հրաշքներ, եթե մենք ժամանակ տրամադրենք դրանք տեսնելու համար։ Ես շատ երախտապարտ եմ իմ կյանքում ավետարանն ունենալու համար»։

Տպել