2023
Ամենալավ հրաշքը
Հունվար 2023


«Ամենալավ հրաշքը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Եկ, հետևիր ինձ

Ղուկաս 1, 5

Ամենալավ հրաշքը

Կա մի հրաշք, որն ավելի կարևոր է, քան մնացած բոլորը։

Աստծո հետ բոլոր բաները հնարավոր են (տես Ղուկաս 1․37, Փիլիպպեցիս 4․13)։ Բայց կարո՞ղ եք դուք աղոթել բառացիորեն ցանկացած բանի համար և ստանալ այն։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ հրաշքների հանդիպում, մինչդեռ ուրիշները կարծես թե ոչ։ Իսկ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը ձեզ համար։

Երեք ժամանակակից հրաշքները, երեք հնագույն հրաշքները և մեկ ամենալավ հրաշքը մեզ սովորեցնում են մի փոքր ավելին։

1

Հնագույն հրաշք

Նկար
Մարիամը և մանուկ Հիսուսը

Նկարները՝ Կամիլա Գրեյի

Մարիամը հավանաբար ավելի քան մի փոքր զարմացավ, երբ Գաբրիել հրեշտակն ասաց նրան, որ նա կլինի Փրկչի մայրը։ Դա հնարավոր լինել չէր կարող։ Սակայն Գաբրիել հրեշտակը բացատրեց, որ Հիսուսը կլիներ Աստծո Որդին և ասաց. «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37): Եվ հրեշտակը ճիշտ էր։ Մարիամը ծնեց աշխարհի Փրկչին։

Ժամանակակից հրաշք

Նկար
քույր միսիոներներն օգնում են ծեր կնոջը

Մեքսիկայում ծառայող երկու միսիոներ ամեն օր անցնում էին բանուկ փողոցը։ Երբեմն նրանք սպասում էին 10 րոպե, մինչև հնարավորություն կունենային անցնելու, և սովորաբար ստիպված էին լինում վազել։ Մի անգամ նրանք հանդիպեցին շատ ծեր, շատ դանդաղաշարժ քիչ ակտիվ անդամի։ Նա ուզում էր եկեղեցի գալ նրանց հետ, սակայն կար մի անհնարին բան․ նա ստիպված էր լինելու անցնել բանուկ փողոցը։ Եվ ոչ, միսիոներները չէին կարող նրան փողոցն անցկացնել (թեև նրանք հաստատ մտածեցին դրա մասին)։ Սակայն հետո նրանց հետ հրաշք տեղի ունեցավ։ «Երբ մենք հասանք փողոցին,- ասում է միսիոներներից մեկը,- չկային եկող մեքենաներ։ Մենք կարողացանք շատ դանդաղ քայլել և ապահով անցնել փողոցը»։

Անհնա՞ր է։ Մտածեք նորից

Աստծո հետ բոլոր բաները հնարավոր են (նույնիսկ անհնար բաները)։

2

Հնագույն հրաշք

Նկար
Հիսուս Քրիստոսը բուժում է հիվանդին, ում ցած էին բերել կտուրից

Մի մարդ կար, որը «անդամալոյծ էր»։ Նա հավատում էր, որ Փրկիչը կարող էր նրան բժշկել։ Սակայն Հիսուսը շրջապատված էր մեծ բազմությամբ և դժվար էր Նրան մոտենալը։ Այսպիսով, ի՞նչ արեց մարդը։ Նրա ընկերները տան կտուրից ցած իջեցրին նրան իր անկողնով՝ Փրկչին մոտեցնելու համար։ Ոչ, դա հավանաբար շատ հեշտ չի եղել։ Սակայն նա և նրա ընկերները պետք է որ մեծ հավատ ունենային։ Եվ դա արդյունք տվեց. Հիսուսը ներեց մարդու մեղքերը և բժշկեց նրան (տես Ղուկաս 5․17-26

Ժամանակակից հրաշք

Նկար
քամելեոն

Էլա Ու.-ն իր ընկերների հետ խաղում էր այգում, երբ նրա ընկերներից ոմանք կորցրին իրենց ընտանի կենդանի քամելեոնը։ Գուցե թվա, որ այդքան էլ մեծ բան չէր։ Սակայն հիշեք՝ քամելեոնները փոխում են գույնը, որպեսզի միաձուլվեն իրենց շրջապատի հետ։ Որոշ ժամանակ փնտրելուց հետո Էլան որոշեց, որ հավատքով աղոթելու ժամանակն է։ Շուտով նրանք կարողացան գտնել քամելեոնը ծառի վրա։ «Մինչ այն ինչ-որ մեկի գրկում էր, մենք գոհության աղոթք հղեցինք Երկնային Հորը»,- ասում է Էլան։

Հրաշքները գալիս են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով

Անհնարինը միշտ հնարավոր է Աստծո համար։ Սակայն մենք պետք է հավատանք Փրկչին (կամ գոնե հավատալու ցանկություն ունենանք) և գործի դնենք այդ հավատը, որպեսզի տեղի ունենան հրաշքներ։

3

Հնագույն հրաշք

Նկար
Եղիսաբեթը, Զաքարիան և մանուկ Հովհաննես Մկրտիչը

Եղիսաբեթը և Զաքարիան ամուսնացած էին երկար տարիներ, սակայն ոչ մի երեխա չունեին։ Երբեմն գուցե թվացել է, որ նրանց հավատքով լի աղոթքները չէին գտնում պատասխան։ Եվ, ի վերջո, նրանք չափազանց ծերացան երեխաներ ունենալու համար։ Բայց հետո մի հրեշտակ հայտնվեց Զաքարիային և ասաց, որ Եղիսաբեթը երեխա էր ունենալու։ (Զվարճալի փաստ․ երեխան ի վերջո դարձավ Հովհաննես Մկրտիչը)։ Վերջում անհնարինը դարձավ հնարավոր։ Բայց Եղիսաբեթն ու Զաքարիան ստիպված էին սպասել շատ, շատ երկար (տես Ղուկաս 1

Ժամանակակից հրաշք

Նկար
քահանայության օրհնություն

Լինդսի Մ.-ն տառապում էր էպիլեպսիայով։ «Ամեն առավոտ ես աղաչում էի իմ Երկնային Հորը հեռացնել նոպաները»,- ասում է Լինդսին։ Բայց դրանք չդադարեցին։ Մինչ Լինդսին սպասում էր ապաքինմանը, նա ստացավ քահանայության օրհնություններ, որոնք նրան խաղաղություն բերեցին։ Եվ այդ խաղաղությունն ինքնին հրաշք էր։ «Երբ մենք դիմենք մեր Երկնային Հորը, Նա անկասկած մեզ հետ կլինի, հրաշքներ կտարածի և մխիթարություն կառաջարկի»,- ասում է նա։ Լինդսին ի վերջո վիրահատվեց, ինչն օգնեց ազատվել նոպաներից։

Հրաշքները գալիս են համաձայն Աստծո կամքի

Աստված կարող է անել ամեն բան։ Դուք կարող եք մեծ հավատ ունենալ։ Սակայն հրաշքները գալիս են համաձայն Երկնային Հոր ժամանակացույցի և կամքի և Նրա ձևով։ Այդ ընթացքում փնտրեք այլ հրաշքներ, օրինակ՝ խաղաղություն և դիմանալու ուժ։

Ամենալավ հրաշքը

Մենք շատ խոսեցինք հրաշքների մասին։ Սակայն կա մի հրաշք, որն ավելի մեծ ու կարևոր է, քան մնացած բոլորը։ Այդ հրաշքը տեղի է ունեցել, երբ Աստծո Որդին եկել է աշխարհ որպես մանուկ, ով հետագայում ուսուցանեց և բժշկեց, իսկ հետո տվեց Իր կյանքը։ Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը, վշտերն ու թուլությունները։ Նրա հրաշքը ներառում է երեք օր գերեզմանում լինելը, իսկ հետո հարությունը, որը բոլորիս շնորհեց կյանք մահից հետո։ Այդ հրաշքը փոխում է ամեն ինչ։

Հեշտ է շփոթվելը, երբ փորձում ես հավատալ որոշակի հրաշքի։ Եվ դա կարող է դժվար լինել, երբ մենք չգիտենք Երկնային Հոր կամքը։ Ուստի, ձեր հավատը ձեր ուզած հրաշքի վրա կենտրոնացնելու փոխարեն, կենտրոնացրեք այն Փրկչի Քավության հրաշքի վրա։ Հավատացեք, որ Աստծո համար անհնարին բան չկա, ներառելով այն, ինչի համար դուք աղոթում եք։ Սակայն նաև հավատացեք, որ Նրա կամքն ավելի բարի է, քան ձերը։ Եթե ձեր աղոթքները չեն պատասխանվում ձեր հուսացած ձևով, Նա կզորացնի ձեզ և կօգնի համբերել։

Ինչ դաս քաղեցինք

Երբ ձեր հավատքը կենտրոնացնեք Հիսուս Քրիստոսի վրա, դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում, որ Աստծո հետ ամեն ինչ հնարավոր է։ Դուք կհավատաք, որ Երկնային Հայրը կարող է պատասխանել ձեր աղոթքներին, և դուք կվստահեք Նրա կամքին և կստանաք Նրա խաղաղությունը, երբ ամեն ինչ չընթանա նախատեսվածի պես։ Ուստի, հավատացեք Հիսուս Քրիստոսին։ Նա է հրաշքը։ Եվ Նրա հետ բոլոր բաները հնարավոր են։

Տպել