2023
Հավատք խավարում
Հունվար 2023


«Հավատք խավարում», Երիտասարդներին զորացնելու համար, դեկտեմբեր 2022։

Հավատք խավարում

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք օգնել են ինձ հարցեր և կասկածներ ունենալիս։

Նկար
քարանձավ

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Երբ փոքր տղա էի, ընտանիքս հաճախ էր այցելում Գրեյթ Բեյսին ազգային զբոսայգին Նևադայում (ԱՄՆ)։ Զբոսայգու նշանակալի վայրերից են Լեհման քարանձավները։

Ուղեկցողը տանում է ձեզ քարանձավի խորքը և որոշակի պահի անջատում բոլոր լույսերը։ Դուք հայտնվում եք լիակատար խավարում։ Դա ծանր զգացողություն է, և քարանձավից դուրս գալու ուղին առանց որևէ լույսի գտնելու միտքը ճնշում է։ Բարեբախտաբար, ուղեկցողը միշտ միացնում է լույսը և ձեզ ապահով առաջնորդում է դուրս։

Երբեմն մենք ունենում ենք հարցեր և նույնիսկ կասկածներ Եկեղեցու և մեր վկայությունների վերաբերյալ։ Դա կարող է ծանր և անորոշ զգացողություն լինել, ինչպես խավար քարանձավում հայտնվելը։

Հարցեր և մտահոգություններ ունենալը նորմալ է։ Ամենակարևորն այն է, թե ինչպես դուք կվարվեք դրանց հետ։

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք օգնել են ինձ։

Հավատք գործադրեք

Ես հասկացել եմ, որ եթե հարցերին և մտահոգություններին մոտենամ հավատքի տեսանկյունից, միշտ կարող եմ գտնել առաջընթացի ճանապարհը։ «Հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ» (Ալմա 32․21)։ Եվ «եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ» (Ալմա 32․27

Աշխարհը ձեզ կասի, որ եթե դուք չեք կարող որևէ բան ապացուցել գիտական չափանիշներով, դա չի կարող ճիշտ լինել։ Սա Տիրոջ ուղին չէ։ Ինչպես Փրկիչն ասաց Թովմասին, ով չէր հավատում, մինչև որ անձամբ չշոշափեց հարություն առած Փրկչի վերքերը․ «Մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ» (Հովհաննես 20․27

Խնդրիր, փնտրիր, թակիր

Սուրբ գրություններում կրկնվում է «խնդրել, փնտրել, թակել» արտահայտությունը (տես Մատթեոս 7․7, Վարդապետություն և Ուխտեր 88․63)։ Մեր հարցերում մեզ օգնելու Տիրոջ ուղին այն է, որ մենք Նրան հարցեր տանք։

«Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից» (Հակոբոս 1․5)։ Գնացեք ուղիղ դեպի ողջ ճշմարտության աղբյուրը։ Աստված սիրում է ձեզ և կօգնի ձեզ։

Եղեք ճշմարտությունը փնտրող

Ես հասկացել եմ, որ նրանք, ովքեր անկեղծորեն և խոնարհաբար փնտրում են ճշմարտությունը, հաճախ ի վերջո կգտնեն իրենց հարցերի պատասխանները։ Մյուս կողմից, նրանք, ովքեր պարզապես փորձում են սխալներ գտնել, ավելի ու ավելի կհեռանան ճշմարտությունից։

Եղեք ճշմարտությունը փնտրող։ Ճշմարտությունը գոյություն ունի, և դուք կարող եք գտնել այն։

Պատրաստեք «Պատասխաններ կգտնեն ավելի ուշ» տուփ

Այսպիսով, ի՞նչ եք անում, եթե խոնարհաբար և անկեղծորեն փնտրում եք պատասխաններ, և դրանք պարզապես չեն տրվում։

Կրկին, ես ընտրում եմ դրան հավատքով մոտենալ։ Ես իմ մտքի դարակներից մեկում ստեղծել եմ մի փոքրիկ տուփ՝ գեղեցիկ գանձատուփի նման։ Տուփի վրա գրված է հետևյալը․ «Պատասխաններ կգտնեն ավելի ուշ»։

Ամեն անգամ, երբ հարց կամ մտահոգություն ունեմ, որին չեմ կարող լուծում տալ, գրում եմ այն երևակայական թղթի վրա, կոկիկ ծալում և դնում տուփի մեջ։ Ապա այն ետ եմ դնում դարակի վրա։

Նկար
փայտե տուփ

Այդպես վարվելով ես գործում եմ հավատքով, որ մի օր Տերը կպատասխանի դրան։ Գուցե Նա կպատասխանի, գուցե՝ ոչ։ Դա կախված է Նրանից՝ համաձայն Նրա անսահման իմաստությանը։

Ի դեպ, իմ որոշ հարցեր ստացել են պատասխաններ։ Սակայն շատերն էլ դեռ տուփի մեջ են։ Եվ դա նորմալ է ինձ համար։

Իմ թանկագին ընկերներ Քրիստոսում, եղեք ճշմարտությունը փնտրողներ։

Եթե ձեր հավատը մեծանա, Տերը ձեզ հետ կլինի։ Եվ եթե դուք հավատքով մոտենաք Նրան, Նա ձեզ հայտնի կդարձնի բաներ, որոնք դուք պետք է իմանաք ճիշտ ժամանակին։

Տպել