Լիահոնա
Մարգարեին հետևելու հրավեր
Հունվար 2024


Տարածաշրջանի ղեկավարների ուղերձները

Մարգարեին հետևելու հրավեր

Երբ 2018 թվականի հունվարին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացվեց լրատվամիջոցներին որպես մարգարե և Եկեղեցու Նախագահ, գործընկերներիցս մեկը, որը եկեղեցու անդամ չէր, ինձ հետ խոսեց մեր նոր նախագահի տարիքի մասին: «Մի անհանգստացիր», - ասացի ես նրան։ Ի վերջո, նա չէր կարող իմանալ, որ մարգարեն դեռևս ամեն օր կատարում էր իր եկեղեցական պարտականությունները, իր կոչման շրջանակներում շրջում էր աշխարհով մեկ, սովորում էր չինարեն և 93 տարեկանում երիտասարդի նման լեռնադահուկներով սահում էր Յուտայի լանջերով։

Ինչևէ, նրա խոսքերը թաքնված քննադատություն էին պարունակում, ինչը մենք հաճախ լսում ենք աշխարհիկ զանազան ազբյուրներից․ «Ինչպե՞ս կարող եք ժամանակակից հասարակության մեջ կուրորեն հետևել մեկ անձի»։ Նման արտահայտությունները ցույց են տալիս, որ աշխարհը դեռ չի հասկանում մարգարեի դերը։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը հայտարարել է․ «Տիրոջ մարգարեի ամենակարևոր դերն է՝ ուսուցանել մեզ Փրկչի մասին և առաջնորդել մեզ դեպի Նա: ․․․ Մարգարեն կանգնած չէ ձեր և Փրկչի միջև։ Փոխարենը, նա կանգնած է ձեր կողքին և ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը»։ 1

Այսպիսով, մարգարեն միշտ պատասխանատու է՝ ուղղելու համար մեր աչքերը և մեր ողջ սիրտը դեպի Տեր Հիսուս Քրիստոսը՝ մեր փրկագնման և փրկության միակ աղբյուրը։ Զարմանալի չէ, որ կարգվելուց հետո Նախագահ Նելսոնի առաջին իսկ հրավերներից են եղել հետևյալ խոսքերը․ «Ի՞նչ իմաստություն է պակասում ձեզ: Իմանալու կամ հասկանալու ի՞նչ հրատապ կարիք եք զգում դուք: Հետևեք Մարգարե Ջոզեֆի օրինակին: Գտեք մի խաղաղ վայր, որտեղ կարող եք կանոնավոր գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և սփոփանքի համար: Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով՝ ձեր ձգտումների մասին: Իսկ հետո լսեք: Գրի առեք հուշումները, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները: Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է: Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը»։2

Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի այս հավերժական սկզբունքը, ըստ որի մենք կարող ենք և պետք է ստանանք հայտնություն և վկայություն ինքներս մեզ համար։ Դա բոլորովին էլ կույր հնազանդություն չէ։ Ընդհակառակը․ կույր հնազանդությունը հակասում է այս սկզբունքին։

Իրականում, հենց այս՝ անձնական պատասխաններ ստանալու նպատակով է վերականգնվել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին։ Երբ Առաջին Տեսիլքից հետո պատանի Ջոզեֆ Սմիթին նրա մտահոգված մայրը հարցրեց, թե ինչ է պատահել, նա շատ բան կարող էր պատմել մորը։ Բայց այդ պահին նա միայն մեկ բանով ցանկացավ կիսվել․ «Ոչինչ, ամեն ինչ լավ է, ես լավ եմ: Ինձ հայտնի է դարձել»:3 Նա նախկինում խոսել էր կրոնական բազմաթիվ ուսուցիչների հետ, ուսումնասիրել էր մարգարեների խոսքերը Աստվածաշնչում, լսել ընտանիքի և ընկերների խորհուրդները: Բայց այդ պահին, երբ նա ստացավ պատասխանները անմիջապես Տիրոջից, նա պատրաստ էր իր մեծ, նվիրված և զարմանահրաշ ծառայությանը:

Ջոզեֆ Սմիթի կյանքի օրինակը, ինչպես նաև Նախագահ Նելսոնի կանչը ամեն օր անձնական հայտնության ձգտելու սիրալիր հրավերներ են: Որքան էլ հակասական թվա առաջին հայացքից, մարգարեին հետևել նշանակում է՝ բացահայտել ճշմարտությունը ինքներս մեզ համար, ստանալ մեր վկայությունը և փնտրել Աստծո առաջնորդությունը մեր սեփական կյանքի և մեր տարբեր պարտականությունների համար:

Եկեք բոլորս լսենք և խորհենք մեր մարգարեի խորհրդի շուրջ և ինքներս կրկին ու կրկին բացահայտենք, թե ինչ է Տերը մեզ անձամբ հրավիրում անել, այնուհետև վճռականորեն և մեր ամբողջ սրտով գործի վերածենք այդ հրավերը:

Հղումներ

  1. Երեց Նիլ Լ․ Անդերսենը, Աստծո Մարգարեն, 2018 թ․ ապրիլի գերագույն համաժողով:

  2. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», 2018 թ․ ապրիլի գերագույն համաժողով, շեշտադրումն ավելացված է:

  3. Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․20, շեշտադրումն ավելացված է։

Տպել