«Գլուխ 3․ դաս 3․ Հիսուս Քրիստոսի ավետարանը», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)
«Գլուխ 3․ Դաս 3», Քարոզիր Իմ ավետարանը
Գլուխ 3․ Դաս 3
Հիսուս Քրիստոսի ավետարանը
Հիսուս Քրիստոսի ավետարանն այն է, թե ինչպես ենք մենք գալիս դեպի Քրիստոսը: Այդ այնքան պարզ է, որ երեխան էլ կարող է հասկանալ: Այս դասը կենտրոնացած է Քրիստոսի ավետարանի և վարդապետության վրա, ներառյալ հավատքն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը: Այն նաև կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես է ավետարանն օրհնում Աստծո բոլոր զավակներին:
Ավետարան բառը բառացիորեն նշանակում է «բարի լուր»: Հիսուս Քրիստոսի ավետարանը բարի լուր է, քանի որ այն ապահովում է վարդապետությունը՝ հավերժական ճշմարտությունն առ այն, որ մենք պետք է գանք դեպի Նա և փրկվենք (տես 1 Նեփի 15.14): Ավետարանը մեզ ուսուցանում է, թե ինչպես ապրել լավ, իմաստալից կյանքով: Ավետարանի բարի լուրը մեզ ուղի է տրամադրում ներվելու մեղքերից, սրբագործվելու և դեպի Աստծո ներկայություն վերադառնալու համար:
Առաջարկներ ուսուցման համար
Այս բաժինը տրամադրում է ծրագրի օրինակ, որը կօգնի ձեզ պատրաստվել ուսուցանելու: Այն նաև ներառում է հարցերի և առաջարկների օրինակներ, որոնք դուք կարող եք օգտագործել:
Երբ պատրաստվում եք ուսուցանել, աղոթքով մտածեք յուրաքանչյուր անձի իրավիճակի ու հոգևոր կարիքների մասին: Որոշեք, թե որն է առավել օգտակար ուսուցանելու համար: Պատրաստվեք սահմանել եզրույթներ, որոնք մարդիկ կարող են չհասկանալ: Ծրագրեք ըստ ձեր հատկացրած ժամանակի, հիշելով դասերի հակիրճ լինելու մասին:
Ընտրեք սուրբ գրություններ, որոնք ուսուցանելիս օգտագործելու եք: Դասի «Վարդապետական հիմունքներ» բաժինը ներառում է բազմաթիվ օգտակար սուրբ գրություններ:
Մտածեք, թե ինչ հարցեր եք տալիս, երբ ուսուցանում եք: Ծրագրեք հրավերներ, որոնք կխրախուսեն յուրաքանչյուր անձի գործել:
Շեշտեք Աստծո խոստացած օրհնությունները և կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, ինչ ուսուցանում եք:
Ինչ կարող եք ուսուցանել մարդկանց 15–25 րոպեում
Ուսուցանելու համար ընտրեք հետևյալ սկզբունքներից մեկը կամ մի քանիսը. Յուրաքանչյուր սկզբունքի վարդապետական հիմունքները տրված են այս համառոտ շարադրանքից հետո:
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը
-
Աստված երկիր ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:
-
Հիսուսի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից և սրբագործվել, երբ ապաշխարենք։
-
Հիսուսի խաչվելուց հետո Նա հարություն առավ։ Նրա Հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը նորից կմիավորվեն, և մեզանից յուրաքանչյուրը հավերժ կապրի կատարյալ, հարություն առած մարմնում:
Հավատք առ Հիսուս Քրիստոսը
-
Հավատքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական սկզբունքն է:
-
Առ Հիսուս Քրիստոսը հավատք ունենալը ներառում է վստահությունը, որ Նա Աստծո Որդին է և Նրա հանդեպ վստահությունը որպես մեր Փրկչի և Քավիչի:
-
Առ Հիսուս Քրիստոսը հավատքը գործողության և զորության սկզբունք է:
-
Մենք ամրապնդում ենք մեր հավատքը՝ աղոթելով, ուսումնասիրելով սուրբ գրությունները և հնազանդվելով պատվիրաններին:
Ապաշխարություն
-
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը տանում է մեզ ապաշխարության: Ապաշխարությունն Աստծուն դիմելու և մեղքից հեռանալու գործընթացն է: Երբ մենք ապաշխարում ենք, մեր գործողությունները, ցանկությունները և մտքերը փոխվում են, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն Աստծո կամքին:
-
Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, Աստված ներում է մեզ: Ներումը հնարավոր է, քանի որ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը:
-
Ապաշխարելով մենք խաղաղություն ենք զգում, քանի որ մեր մեղքն ու վիշտը բժշկվում են:
-
Ապաշխարելու գործընթացը պետք է շարունակվի ողջ կյանքում։ Աստված ողջունում է մեզ ամեն անգամ, երբ մենք ապաշխարում ենք: Նա երբեք չի հրաժարվի մեզանից:
Մկրտություն․ մեր առաջին ուխտն Աստծո հետ
-
Մկրտությունն այն է, թե ինչպես ենք մենք առաջին անգամ Աստծո հետ ուխտի մեջ մտնում:
-
Մկրտությունն ունի երկու մաս՝ մկրտություն ջրով և Հոգով: Մկրտվելով և հաստատվելով մենք մաքրվում ենք մեր մեղքերից, որը մեզ կյանքի նոր մեկնարկ է տալիս։
-
Մենք մկրտվում ենք ընկղմամբ՝ հետևելով Հիսուսի օրինակին։
-
Երեխաները չեն մկրտվում մինչև ութ տարեկանը: Այն երեխաները, ովքեր մահանում են մինչև այդ տարիքը, փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:
-
Մենք ամեն շաբաթ հաղորդություն ենք ընդունում՝ ի հիշատակ Հիսուսի զոհաբերության և Աստծո հետ կապած մեր ուխտերը վերանորոգելու:
Սուրբ Հոգու պարգևը
-
Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։
-
Մկրտվելուց հետո մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը՝ հաստատման արարողության միջոցով։
-
Սուրբ Հոգու պարգևը ստանալով մենք կարող ենք ունենալ Նրա ընկերակցությունը մեր ողջ կյանքի ընթացքում, եթե հավատարիմ ենք:
-
Սուրբ Հոգին սրբացնում է մեզ, առաջնորդում, մխիթարում և օգնում է մեզ իմանալ ճշմարտությունը:
Համբերել մինչև վերջ
-
Համբերելը՝ Քրիստոսի հանդեպ ամեն օր հավատք գործադրելն է նաև: Մենք շարունակում ենք պահել Աստծո հետ կապած մեր ուխտերը, ապաշխարել, փնտրել Սուրբ Հոգու ընկերակցությունը և ճաշակել հաղորդությունը:
-
Երբ մենք հավատարմորեն ձգտում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, Աստված խոստանում է, որ մենք կունենանք հավերժական կյանք:
Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է Աստծո բոլոր զավակներին
-
Ավետարանով ապրելը խորացնում է մեր ուրախությունները, ոգեշնչում մեր գործողությունները և հարստացնում մեր փոխհարաբերությունները:
-
Ամենայն հավանականությամբ, մենք երջանիկ կլինենք՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես ընտանիքներ, երբ ապրենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներով։
-
Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով ընտանիքներն օրհնվում են այս կյանքում, նրանք կարող են միավորվել հավերժության համար և ապրել Աստծո ներկայության մեջ:
Հարցեր, որոնք կարող եք տալ մարդկանց
Հետևյալ հարցերն օրինակներ են, թե ինչ կարող եք հարցնել մարդկանց: Այս հարցերը կարող են օգնել ձեզ բովանդակալից զրույցներ վարել և հասկանալ մարդու կարիքներն ու տեսակետը:
-
Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին։
-
Ի՞նչ է նշանակում ձեր համար հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս:
-
Ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում կատարել ձեր կյանքում:
-
Ինչպե՞ս եք հասկանում ապաշխարությունը:
-
Ի՞նչպես եք հասկանում մկրտությունը: Ի՞նչ կարող եք հիմա անել՝ մկրտությանը նախապատրաստվելու համար:
-
Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ձեզ դեպի Աստծո ներկայություն վերադառնալու ձեր ճամփորդության մեջ:
-
Ո՞րն է այն մարտահրավերը, որին բախվում եք դուք կամ ձեր ընտանիքը: Կարո՞ղ ենք կիսվել որոշ եղանակներով, թե ինչպես կարող է օգնել Հիսուս Քրիստոսի ավետարանը:
հրավերներ, որոնք կարող եք ուղղել
-
Կխնդրե՞ք Աստծուն աղոթքով օգնել ձեզ իմանալ, որ այն, ինչ մենք ուսուցանում ենք, ճշմարիտ է (տես «Ուսուցման գաղափարներ. Աղոթք» դաս 1-ի վերջում):
-
Այս կիրակի եկեղեցի կհաճախե՞ք՝ ավելին իմանալու մեր ուսուցանածի մասին:
-
Կկարդա՞ք Մորմոնի Գիրքը և կաղոթե՞ք՝ իմանալու համար, որ դա Աստծո խոսքն է: (Դուք կարող եք առաջարկել որոշակի գլուխներ կամ հատվածներ):
-
Կհետևե՞ք Հիսուսի օրինակին և կմկրտվե՞ք։ (Տես «Մկրտվելու և հաստատվելու հրավերը», որն անմիջապես նախորդում է դաս 1-ին)։
-
Կարո՞ղ ենք մեր հաջորդ այցի համար ժամանակ սահմանել:
Վարդապետական հիմունքներ
Այս բաժինը տրամադրում է վարդապետություն և սուրբ գրությունների հատվածներ, որոնք դուք պետք է ուսումնասիրեք, որպեսզի ամրապնդեք ձեր գիտելիքներն ու վկայությունն ավետարանի մասին և օգնեք ձեզ ուսուցանել:
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը
Երկնային Հայրը երկիր ուղարկեց Իր սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մենք բոլորս ուրախություն զգանք այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում: «Եվ սա է ավետարանը, ավետիքը, … որ [Հիսուս Քրիստոսը] եկավ աշխարհ … աշխարհի մեղքերը կրելու և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար, որ նրա միջոցով բոլորը կարողանան փրկվել» (Վարդապետություն և Ուխտեր 76.40–42 հատվածները):
Որպես մահկանացուներ, մենք բոլորս մեղք ենք գործում, և բոլորս էլ մահանում ենք: Մեղքն ու մահը կխանգարեին մեզ հավերժական կյանք ունենալ Աստծո հետ, եթե մենք չունենայինք Քավիչ (տես 2 Նեփի 9 գլուխը): Նախքան աշխարհի ստեղծումը Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին՝ մեզ փրկագնելու համար։ Սիրո գերագույն արտահայտությամբ Հիսուսը եկավ երկիր և իրականացրեց այս աստվածային առաքելությունը: Նա մեզ մեր մեղքերից փրկագնվելու հնարավորություն տվեց, և երաշխավորեց մեր բոլորիս հարությունը մահից հետո:
Հիսուս Քրիստոսն ապրեց անմեղ կյանքով։ Իր մահկանացու ծառայության վերջում Գեթսեմանիում Նա խաչելության ժամանակ Իր տառապանքով Իր վրա վերցրեց մեր մեղքերը (տես 1 Նեփի 11.33 հատվածը): Հիսուսի տառապանքն այնքան մեծ էր, որ ստիպեց Նրան «դողալ ցավից և արյունահոսել ամեն մի ծակոտիից» (Վարդապետություն և Ուխտեր 19.18): Իր Խաչելությունից հետո Հիսուսը հարություն առավ՝ հաղթանակ տանելով մահվան նկատմամբ։ Այս բոլոր իրադարձությունները Հիսուս Քրիստոսի Քավությունն են:
Մեր մեղքերը մեզ հոգևորապես անմաքուր են դարձնում, և «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ» (1 Նեփի 10.21): Բացի այդ, արդարության օրենքը հետևանք է պահանջում մեր մեղքերի համար:
Երբ մենք ապաշխարում ենք, Հիսուսի քավիչ զոհաբերությունը մեզ ուղի է տրամադրում մեղքից մաքրվելու և սրբագործվելու համար: Այն նաև տրամադրում է արդարության պահանջները բավարարելու եղանակը (տես Ալմա 42.15, 23–24 հատվածները)։ Փրկիչն ասել է. «Ես … տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես» (Վարդապետություն և Ուխտեր 19.16–17): Եթե չլիներ Հիսուս Քրիստոսը, մեղքը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության ամեն հույսի:
Մեզ համար զոհաբերվելով Հիսուսը չսահմանափակեց մեր անձնական պատասխանատվությունը: Մենք պետք է հավատք ունենանք առ Նա, ապաշխարենք և ձգտենք հնազանդվել պատվիրաններին: Երբ մենք ապաշխարենք, Հիսուսը մեր անունից կպահանջի Իր Հոր ողորմածության Իր իրավունքները (տես Մորոնի 7.27–28 հատվածները): Փրկչի բարեխոսության շնորհիվ Երկնային Հայրը ներում է մեզ՝ ազատելով մեզ մեր մեղքերի զգացողության բեռից և մեղքից (տես Մոսիա 15.7–9 հատվածները): Մենք հոգևորապես մաքրված ենք և, ի վերջո, կարող ենք ընդունվել Աստծո ներկայություն:
Հիսուսի աստվածային առաքելությունն էր նաև փրկել մեզ մահից: Նրա հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը նորից կմիավորվեն, և մեզանից յուրաքանչյուրը հավերժ կապրի կատարյալ, հարություն առած մարմնում: Եթե չլիներ Հիսուս Քրիստոսը, մահը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության ամեն հույսի:
Հավատք առ Հիսուս Քրիստոս
Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոսը: Հավատքն ավետարանի մյուս բոլոր սկզբունքների հիմքն է:
Հավատքն առ Հիսուս Քրիստոս ներառում է վստահություն առ այն, որ Նա Աստծո Միածին Որդին է: Այն ներառում է վստահություն առ Նա՝ որպես մեր Փրկչի և Քավիչի, որ Նա Աստծո ներկայություն վերադառնալու մեր միակ ուղին է (տես Գործք Առաքելոց 4.10–12, Մոսիա 3.17, 4.6–8 հատվածները): Մեզ առաջարկված է գործադրել «անխախտ հավատք Նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով Նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս» (2 Նեփի 31.19):
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը ներառում է հավատքն առ այն, որ Իր քավիչ զոհաբերությամբ Նա տառապեց մեր մեղքերի համար: Նրա զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից, երբ ապաշխարենք։ Այս մաքրագործումն օգնում է մեզ խաղաղություն և հույս գտնել այս կյանքում: Այն նաև թույլ է տալիս մեզ մահից հետո ստանալ ուրախության լիությունը:
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը ներառում է վստահությունն առ այն, որ Նրա շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Այս հավատքը կարող է սատարել և մխիթարել մեզ կորստի ժամանակ: Մահվան վիշտը կարող է մեղմանալ Հարության խոստմով։
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը ներառում է հավատքը և վստահությունն առ այն, որ Նա Իր վրա վերցրեց մեր հիվանդություններն ու թուլությունները (տես Եսայիա 53.3–5 հատվածները): Նա Իր փորձառությամբ գիտի, թե ինչպես ողորմածաբար աջակցել մեզ կյանքի փորձությունները հաղթահարելու համար (տես Ալմա 7.11–12, Վարդապետություն և Ուխտեր 122.8): Երբ մենք հավատք ենք գործադրում, Նա օգնում է մեզ առաջ մղվել դժվարությունների միջով:
Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ Հիսուսը կարող է բժշկել մեզ ֆիզիկապես և հոգեպես։ Նա միշտ պատրաստ է օգնել մեզ, երբ մենք հիշում ենք Նրա առաջարկը. «նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (Վարդապետություն և Ուխտեր 6.36):
Գործողության և զորության սկզբունք
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մղում է գործողության: Մենք արտահայտում ենք մեր հավատքը՝ ամեն օր հնազանդվելով պատվիրաններին և բարիք գործելով: Մենք ապաշխարում ենք մեր մեղքերի համար: Մենք հավատարիմ ենք Նրան: Մենք ձգտում ենք ավելի նմանվել Նրան։
Հավատք գործադրելով՝ մենք կարող ենք զգալ Հիսուսի զորությունը մեր ամենօրյա կյանքում: Նա կմեծացնի մեր լավագույն ջանքերը: Նա կօգնի մեզ աճել և դիմակայել գայթակղությանը:
Ամրապնդել մեր հավատքը
Ալմա մարգարեն ուսուցանել է, որ հավատք կառուցելը կարող է սկսվել պարզ «հավատալու ցանկությունից» (Ալմա 32.27): Այնուհետև, որպեսզի մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսն աճի, մենք պետք է աճեցնենք այն՝ սովորելով Նրա խոսքերը, կիրառելով Նրա ուսմունքները և հնազանդվելով Նրա պատվիրաններին: Ալման ուսուցանել է, որ եթե մենք համբերությամբ, ջանասիրաբար աճեցնենք Աստծո խոսքը մեր սրտերում, «այն արմատ կգցի [և կնմանվի] դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառի», դրանով իսկ ամրապնդելով մեր հավատքը (Ալմա 32.41, տես հատվածներ 26–43-ը):
Ապաշխարություն
Ի՞նչ է ապաշխարությունը։
Ապաշխարությունն ավետարանի երկրորդ սկզբունքն է։ Հավատքն առ Հիսուս Քրիստոսը և մեր սերը Նրա հանդեպ մղում են մեզ ապաշխարության (տես Հելաման 14.13 հատվածը): Ապաշխարությունն Աստծուն դիմելու և մեղքից հեռանալու գործընթացն է: Երբ մենք ապաշխարում ենք, մեր գործողությունները, ցանկությունները և մտքերը փոխվում են, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն Աստծո կամքին: Մեղքի ներումը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ:
Ապաշխարությունը շատ ավելին է, քան կամքի ուժ գործադրելը վարքագիծը փոխելու կամ թուլությունը հաղթահարելու համար: Ապաշխարությունն անկեղծորեն Քրիստոսին դիմելն է, ով մեզ իշխանություն է տալիս մեր սրտերում մի «զորեղ փոփոխություն» կատարելու (Ալմա 5.12–14): Երբ մենք զգում ենք սրտի այս փոփոխությունը, մենք հոգեպես վերածնվում ենք (տես Մոսիա 27.24–26 հատվածները):
Ապաշխարության միջոցով մենք Աստծո, մեր և աշխարհի մասին նոր հայացք ենք զարգացնում: Մենք կրկին զգում ենք մեր Փրկչի սերը մեր հանդեպ, նաև Աստծո սերը մեր հանդեպ՝ որպես Իր զավակների: Ապաշխարելու հնարավորությունն ամենամեծ օրհնություններից մեկն է, որ Աստված տվել է մեզ Իր Որդու միջոցով:
Ապաշխարելու գործընթաց
Ապաշխարելով մենք ճանաչում ենք մեր մեղքերը և անկեղծ զղջում ենք զգում: Մենք խոստովանում ենք Աստծուն մեր մեղքերը և խնդրում Նրա ներումը: Շատ լուրջ մեղքերը մենք խոստովանում ենք նաև Եկեղեցու լիազորված ղեկավարներին, ովքեր կաջակցեն մեզ, երբ մենք ապաշխարենք: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի հաստատվենք, ինչը նշանակում է, որ փորձում ենք շտկել մեր գործողությունների պատճառով առաջացած խնդիրները: Անկեղծ ապաշխարությունը լավագույնս դրսևորվում է արդար գործերով որոշակի ժամանակահատվածում:
Ապաշխարությունն ամենօրյա գործընթաց է մեր ողջ կյանքի ընթացքում: «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռովմայեցիս 3.23): Մենք պետք է շարունակաբար ապաշխարենք՝ հիշելով, որ մենք «ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13): Տերը հավաստիացրել է մեզ, որ «որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց իրենց զանցանքները» (Մոսիա 26․30)։
Ապաշխարության օրհնությունները
Ապաշխարությունը դրական սկզբունք է, որը բերում է ուրախություն և խաղաղություն: Այն առաջնորդում է մեզ «դեպի Քավիչի զորությունը, դեպի [մեր] հոգիների փրկությունը» (Հելաման 5.11):
Երբ մենք ապաշխարում ենք, մեր մեղքն ու վիշտը բժշկվում են ժամանակի ընթացքում: Մենք ավելի շատ ենք զգում Սուրբ Հոգու ազդեցությունը: Աստծուն հետևելու մեր ցանկությունն ավելի ուժեղ է դառնում։
«Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել: … Սակայն պատժի ենթարկվելու այս զգացումն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին, ով կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ» (Ռասել Մ. Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019, 67):
Մկրտություն․ մեր առաջին ուխտն Աստծո հետ
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը և ապաշխարությունը նախապատրաստում են մեզ մկրտության և հաստատման արարողությանը: Մկրտությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի առաջին փրկարար արարողությունն է։ Հույսի այս ուրախ արարողությունը ստանալիս, մենք մեր առաջին ուխտն ենք կապում Աստծո հետ:
Արարողությունը սրբազան գործողություն կամ ծիսակատարություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Որոշ արարողություններ, օրինակ՝ մկրտությունը, էական նշանակություն ունեն մեր փրկության համար:
Արարողությունների միջոցով մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ։ Այս ուխտերը սրբազան խոստումներ են մեր և Աստծո միջև: Նա խոստանում է օրհնել մեզ, երբ պահում ենք Նրան տված մեր խոստումները։ Մենք պետք է ամուր պարտավորություն ունենանք Աստծուն տված մեր խոստումները պահելու համար:
Աստված տրամադրել է արարողություններ և ուխտեր, որոնք կօգնեն մեզ գալ դեպի Նա և ունենալ հավերժական կյանք: Երբ մենք քահանայության արարողություններ ենք ստանում և պահում ենք կապված ուխտերը, մենք կարող ենք զգալ «աստվածայնության զորությունը» մեր կյանքում (Վարդապետություն և Ուխտեր 84.20):
Մկրտության ուխտը
Փրկիչն ուսուցանել է, որ մկրտությունն անհրաժեշտ է մեզ երկնքի արքայություն մտնելու համար (տես Հովհաննես 3.5 հատվածը): Մեզ համար անհրաժեշտ է նաև դառնալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ։ Մեր Փրկիչն օրինակ ծառայեց մկրտվելով (տես Մատթեոս 3.13–17 հատվածները):
Երբ մենք մկրտվում և պահում մեր ուխտը, Աստված խոստանում է ներել մեր մեղքերը (տես Գործք Առաքելոց 22.16, 3 Նեփի 12.1–2 հատվածները): Այս մեծ օրհնությունը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ, ով «սիրեց մեզ և մաքրեց մեզ մեր մեղքերից իր արյունով» (Հայտնություն 1.5): Աստված նաև խոստանում է օրհնել մեզ Սուրբ Հոգու ընկերակցությամբ, որպեսզի մենք կարողանանք սրբագործվել, առաջնորդվել և մխիթարվել:
Մկրտության ուխտի մեր մասում մենք վկայում ենք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Մենք նաև խոստանում ենք միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Մենք խոստանում ենք սիրել և ծառայել ուրիշներին «սգալ նրանց հետ, ովքեր սգում են, … մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, և կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9, տես հատվածներ 8–10, 13-ը)։ Մենք վճռականություն ենք արտահայտնում ծառայելու Հիսուս Քրիստոսին մինչև մեր կյանքի վերջը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.37, Մոսիա 2.17 հատվածները):
Մկրտության հետ կապված մեր ուխտի պարտավորությունները մեծ պատասխանատվություն են: Նրանք նաև ոգեշնչող և ուրախալի են: Նրանք հատուկ կապ են ստեղծում մեր և Երկնային Հոր միջև, որի միջոցով Նա մշտապես տարածում է Իր սերը:
Ընկղմումով մկրտություն
Հիսուսն ուսուցանել է, որ մենք պետք է մկրտվենք ընկղմամբ՝ մեր մեղքերի թողության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.72–74): Ընկղմումով մկրտությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մահը, թաղումը և Հարությունը (տես Հռովմայեցիս 6.3–6 հատվածները):
Ընկղմումով մկրտությունը նաև մեզ համար զորեղ խորհրդանշական իմաստ ունի: Այն ներկայացնում է մեր հին կյանքի մահը, այդ կյանքի թաղումը և հոգևոր վերածնված մեր երևան գալը: Մկրտվելով մենք սկսում ենք կրկին ծնվելու և Քրիստոսի հոգևոր որդիներն ու դուստրերը դառնալու գործընթացը (տես Մոսիա 5.7–8, Հռովմայեցիս 8.14–17 հատվածները):
Երեխաներ
Երեխաները չեն մկրտվում մինչև չհասնեն պատասխանատվության տարիքին, որն ութ տարեկանն է (տես Վարդապետություն և Ուխտեր 68.27 հատվածը): Այն երեխաները, ովքեր մահանում են մինչ այդ տարիքը, փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ (տես Մորոնի 8.4–24, Վարդապետություն և Ուխտեր 137.10 հատվածը): Մինչ երեխաներին մկրտելը, նրանց պետք է ուսուցանել ավետարանը, որպեսզի նրանք պատրաստ լինեն իրենց կյանքի այս կարևոր քայլին՝ Աստծո հետ ուխտ կապելուն:
Հաղորդություն
Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հավատարիմ մնանք Իր հետ կապած ուխտերին: Մեզ օգնելու համար Նա պատվիրել է մեզ հաճախակի հանդիպել՝ ճաշակելու հաղորդությունը: Հաղորդությունը քահանայության արարողություն է, որը Հիսուսը ներկայացրեց Իր Առաքյալներին Իր Քավությունից առաջ:
Ամեն շաբաթ հաղորդության ժողովի հիմնական նպատակը հաղորդությունը ճաշակելն է։ Հացն ու ջուրն օրհնվում են և փոխանցվում ներկաներին։ Հացը խորհրդանշում է Փրկչի կողմից Իր մարմնի զոհաբերությունը մեզ համար: Ջուրը խորհրդանշում է Նրա արյունը, որը Նա թափեց մեզ համար:
Մենք ընդունում ենք այս խորհրդանիշները՝ ի հիշատակ Փրկչի զոհաբերության և Աստծո հետ մեր կապած ուխտերը նորոգելու։ Մենք կրկին խոստում ենք ստանում, որ Հոգին մեզ հետ կլինի:
Սուրբ Հոգու պարգևը
Ինչպես ստանանք Սուրբ Հոգու պարգևը
Մկրտությունն ունի երկու մաս։ Հիսուսն ուսուցանել է, որ մենք պետք է «ծնվենք ջրից և Հոգուց»՝ Աստծո արքայություն մտնելու համար (Հովհաննես 3.5, շեշտադրումն ավելացված է): Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 95):
Ջրով մկրտությանը պետք է հաջորդի Հոգով մկրտությունը, որպեսզի լիակատար լինի: Երբ մենք երկու մկրտություններն էլ ստանում ենք, մենք մաքրվում ենք մեր մեղքերից և հոգեպես վերածնվում ենք: Այնուհետև մենք սկսում ենք նոր հոգևոր կյանք՝ որպես Քրիստոսի աշակերտներ:
Մենք ստանում ենք Հոգով մկրտությունը մի արարողության միջոցով, որը կոչվում է հաստատում: Այս արարողությունը կատարվում է մեկ կամ մի քանի քահանայություն կրողների կողմից, ովքեր իրենց ձեռքերը դնում են մեր գլխին: Նախ նրանք հաստատում են մեզ որպես Եկեղեցու անդամ, իսկ հետո մեզ շնորհում են Սուրբ Հոգու պարգևը: Սա այն նույն արարողությունն է, որը հիշատակվում է Նոր Կտակարանում և Մորմոնի Գրքում (տես Գործք Առաքելոց 8.14–17, 3 Նեփի 18.36–37 հատվածները):
Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։ Նա աշխատում է միասնաբար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Սուրբ Հոգու պարգևը ստանալով և հավատարիմ լինելով մենք կարող ենք ունենալ Նրա ընկերակցությունը մեր ողջ կյանքի ընթացքում:
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օրհնում մեզ
Սուրբ Հոգու պարգևը Երկնային Հոր ամենամեծ պարգևներից մեկն է։ Սուրբ Հոգին մաքրում և սրբացնում է մեզ՝ դարձնելով մեզ ավելի սուրբ, ավելի ամբողջական, ավելի նման Աստծուն (տես 3 Նեփի 27.20 հատվածը): Մինչ մենք ձգտում ենք հետևել Աստծո պատվիրաններին, Նա օգնում է մեզ փոխվել և հոգևորապես աճել:
Սուրբ Հոգին օգնում է մեզ սովորել և ճանաչել ճշմարտությունը (տես Մորոնի 10.5 հատվածը): Նա նաև հաստատում է ճշմարտությունը մեր սրտերում և մտքերում: Բացի այդ, Սուրբ Հոգին օգնում է մեզ ուսուցանել ճշմարտությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 42.14 հատվածը): Երբ մենք Սուրբ Հոգու զորությամբ սովորում և ուսուցանում ենք ճշմարտությունը, Նա տանում է այն մինչև մեր սրտերը (տես 2 Նեփի 33.1 հատվածը):
Երբ մենք խոնարհաբար ուղղություն ենք փնտրում Սուրբ Հոգուց, Նա առաջնորդում է մեզ (տես 2 Նեփի 32.5 հատվածը): Այն իր մեջ հուշում է ներառում, թե ինչպես կարող ենք ծառայել ուրիշներին:
Սուրբ Հոգին մեզ հոգևոր ուժ է տալիս՝ օգնելով հաղթահարել թուլությունը: Նա օգնում է մեզ դիմակայել գայթակղությանը: Նա կարող է նախազգուշացնել մեզ հոգևոր և ֆիզիկական վտանգի մասին։
Սուրբ Հոգին կօգնի մեզ հաղթահարել կյանքի փորձությունները: Նա կմխիթարի մեզ փորձության կամ վշտի ժամանակ՝ լցնելով մեզ հույսով (տես Մորոնի 8.26 հատվածը): Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք զգալ Աստծո սերը մեր հանդեպ:
Համբերել մինչև վերջ
Մկրտվելիս և հաստատվելիս մենք ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ։ Բացի այդ, մենք խոստանում ենք պահել Նրա պատվիրանները և ծառայել Նրան մեր ողջ կյանքի ընթացքում (տես Մոսիա 18.8–10, 13, Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածները):
Մկրտության և հաստատման միջոցով ավետարանի ուղու վրա կանգնելուց հետո մենք գործադրում ենք յուրաքանչյուր ջանք դրա վրա մնալու համար: Այս ուղուց անգամ մի փոքր հեռանալիս, մենք հավատք ենք գործադրում առ Քրիստոս ապաշխարելու համար։ Ապաշխարության օրհնությունը թույլ է տալիս մեզ վերադառնալ ավետարանի ուղի և պահպանել Աստծո հետ ունեցած մեր ուխտերի օրհնությունները: Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, Աստված միշտ պատրաստ է ներել և ողջունել մեզ:
Համբել մինչև վերջ՝ նշանակում է մինչև մեր կյանքի վերջ՝ լավ և դժվարին ժամանակներում, բարգավաճման և ձախորդությունների միջով անցնելիս, հավատարիմ մնալ Աստծուն: Մենք խոնարհաբար թույլ ենք տալիս Քրիստոսին կերտել մեզ և մեզ ավելի նմանեցնել Իրեն: Մենք նայում ենք Քրիստոսին հավատքով, վստահությամբ և հույսով, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում:
Համբերել մինչև վերջ չի նշանակում պարզապես սպասել՝ մինչև մենք կմահանանք: Փոխարենը, դա նշանակում է կենտրոնացնել մեր կյանքը, մտքերը և գործողությունները Հիսուս Քրիստոսի վրա: Այն Քրիստոսի հանդեպ ամեն օր հավատք գործադրելն է նաև: Մենք նաև շարունակում ենք ապաշխարել, պահել Աստծո հետ ունեցած մեր ուխտերը և փնտրել Սուրբ Հոգու ընկերակցությունը:
Մինչև վերջ համբերելը ներառում է «առաջ մղ[վելը] Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»: Մեր Երկնային Հայրը խոստանում է, որ համբերելով մինչև վերջ, մենք «կունենանք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):
Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է Աստծո բոլոր զավակներին
Հիսուս Քրիստոսի ավետարանն Աստծո բոլոր զավակների համար է: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «բոլորը նունն են Աստծո համար»՝ անկախ մեր ծագումից կամ իրավիճակից: Նա հրավիրում է «բոլորին՝ գալ Իր մոտ և ճաշակել Իր բարությունից. և Նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն» (2 Նեփի 26.33)։
Ավետարանն օրհնում է մեզ մեր մահկանացու կյանքում և հավերժության ընթացքում: Ամենայն հավանականությամբ, մենք երջանիկ կլինենք՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես ընտանիքներ, երբ ապրենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներով (տես Մոսիա 2.41, «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ավետարանով ապրելը խորացնում է մեր ուրախությունները, ոգեշնչում մեր գործողությունները և հարստացնում մեր փոխհարաբերությունները:
Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը կարող է նաև պաշտպանել մեզ այնպիսի ընտրություններից, որոնք կվնասեն մեզ ֆիզիկապես կամ հոգևորապես: Այն օգնում է մեզ ուժ և մխիթարություն գտնել փորձության և վշտի ժամանակ: Այն տրամադրում է ուրախ հավերժական կյանքի ուղի:
Վերականգնված ավետարանի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք: Մենք Նրա սիրելի որդիներն ու դուստրերն ենք: Անկախ երկրի վրա մեր ընտանեկան իրավիճակից, մեզանից յուրաքանչյուրն Աստծո ընտանիքի անդամն է:
Մեր ուղերձի մեկ այլ կարևոր մասն այն է, որ ընտանիքները կարող են միավորվել հավերժության համար: Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Երկնային Հոր երջանկության ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Տաճարային սրբազան արարողությունները և ուխտերը հնարավորություն են տալիս ընտանիքներին հավերժ միասին լինել:
Ավետարանի լույսի շնորհիվ ընտանիքները կարող են հաղթահարել տարաձայնությունները, վեճերը և մարտահրավերները: Տարաձայնություններից բզկտված ընտանիքները կարող են բժշկվել ապաշխարության, ներման և Հիսուս Քրիստոսի Քավության զորության հանդեպ հավատքի միջոցով:
Հիսուս Քրիստոսի ավետարանն օգնում է մեզ զարգացնել ավելի ամուր ընտանեկան հարաբերություններ: Տունը լավագույն տեղն է՝ ուսուցանելու և սովորելու ավետարանի սկզբունքները: Ավետարանի սկզբունքներով հիմնված տունն ապաստան և ապահով մի վայր կլինի: Դա կլինի մի վայր, որտեղ կարող է լինել Տիրոջ Հոգին:
Կարճ և միջին տևողությամբ դասի համառոտ շարադրանքը
Հետևյալ ծրագիրն այն օրինակ է, երբ դուք, ունենալով քիչ քանակությամբ ժամանակ կարող եք ուսուցանել որևէ մեկին: Ուսուցանելու համար այս համառոտ շարադրանքն օգտագործելիս ընտրեք մեկ կամ մի քանի սկզբունքներ: Յուրաքանչյուր սկզբունքի համար վարդապետական հիմունքները ներկայացված են դասի սկզբում:
Երբ ուսուցանում եք, հարցեր տվեք և լսեք: Հրավերներ հղեք, որոնք կօգնեն մարդկանց սովորել, թե ինչպես ավելի մոտենալ Աստծուն: Կարևոր հրավերներից մեկն այն է, որ մարդը նորից ցանկանա հանդիպել ձեզ: Դասի տևողությունը կախված կլինի ձեր տված հարցերից և նրանից, թե ինչ եք լսել։
Ինչ կարող եք ուսուցանել մարդկանց 3–10 րոպեում
-
Աստված երկիր ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:
-
Առ Հիսուս Քրիստոսը հավատքը գործողության և զորության սկզբունք է: Հավատքն օգնում է մեզ զգալ Փրկչի ամրացնող զորությունը մեր կյանքում:
-
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը տանում է մեզ ապաշխարության: Ապաշխարությունն Աստծուն դիմելու և մեղքից հեռանալու գործընթացն է: Երբ մենք ապաշխարում ենք, մեր գործողությունները, ցանկությունները և մտքերը փոխվում են, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն Աստծո կամքին:
-
Երբ մենք ապաշխարում ենք, Աստված ներում է մեզ: Ներումը հնարավոր է, քանի որ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը:
-
Մկրտությունն ունի երկու մաս՝ մկրտություն ջրով և Հոգով: Մկրտվելով և հաստատվելով մենք մաքրվում ենք մեր մեղքերից, որը մեզ կյանքի նոր մեկնարկ է տալիս։
-
Ջրով մկրտվելուց հետո մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը մի արարողության ժամանակ, որը կոչվում է հաստատում։
-
Երբ մենք հավատարմորեն հետևում ենք ավետարանի ուղուն մինչև մեր կյանքի վերջը, Աստված խոստանում է, որ մենք կունենանք հավերժական կյանք: