Միսիայի կոչումներ
Գլուխ 3․ Դաս 3․ Հիսուս Քրիստոսի ավետարանը


«Գլուխ 3․ դաս 3․ Հիսուս Քրիստոսի ավետարանը», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 3․ Դաս 3», Քարոզիր Իմ ավետարանը

Գլուխ 3․ Դաս 3

Հիսուս Քրիստոսի ավետարանը

Երկրորդ Գալուստը, հեղինակ՝ Հարրի Անդերսոն

Մարդիկ կարող են մտածել

  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս Նա կարող է օգնել ինձ և իմ ընտանիքին:

  • Ի՞նչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս։ Ինչպե՞ս կարող է Նրա հանդեպ հավատքն օրհնել իմ կյանքը:

  • Ի՞նչ է նշանակում ապաշխարել:

  • Ինչպե՞ս կարող եմ ես զգալ Աստծո խաղաղությունն ու ներումը վատ ընտրություն կատարելուց հետո:

  • Ո՞րն է մկրտության նպատակը։

  • Ո՞րն է Սուրբ Հոգու պարգևը:

  • Ի՞նչ է նշանակում դիմանալ մինչև վերջ:

Հիսուս Քրիստոսի ավետարանն այն է, թե ինչպես ենք մենք գալիս դեպի Քրիստոսը: Այդ այնքան պարզ է, որ երեխան էլ կարող է հասկանալ: Այս դասը կենտրոնացած է Քրիստոսի ավետարանի և վարդապետության վրա, ներառյալ հավատքն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը: Այն նաև կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես է ավետարանն օրհնում Աստծո բոլոր զավակներին:

Ավետարան բառը բառացիորեն նշանակում է «բարի լուր»: Հիսուս Քրիստոսի ավետարանը բարի լուր է, քանի որ այն ապահովում է վարդապետությունը՝ հավերժական ճշմարտությունն առ այն, որ մենք պետք է գանք դեպի Նա և փրկվենք (տես 1 Նեփի 15.14): Ավետարանը մեզ ուսուցանում է, թե ինչպես ապրել լավ, իմաստալից կյանքով: Ավետարանի բարի լուրը մեզ ուղի է տրամադրում ներվելու մեղքերից, սրբագործվելու և դեպի Աստծո ներկայություն վերադառնալու համար:

Առաջարկներ ուսուցման համար

Այս բաժինը տրամադրում է ծրագրի օրինակ, որը կօգնի ձեզ պատրաստվել ուսուցանելու: Այն նաև ներառում է հարցերի և առաջարկների օրինակներ, որոնք դուք կարող եք օգտագործել:

Երբ պատրաստվում եք ուսուցանել, աղոթքով մտածեք յուրաքանչյուր անձի իրավիճակի ու հոգևոր կարիքների մասին: Որոշեք, թե որն է առավել օգտակար ուսուցանելու համար: Պատրաստվեք սահմանել եզրույթներ, որոնք մարդիկ կարող են չհասկանալ: Ծրագրեք ըստ ձեր հատկացրած ժամանակի, հիշելով դասերի հակիրճ լինելու մասին:

Ընտրեք սուրբ գրություններ, որոնք ուսուցանելիս օգտագործելու եք: Դասի «Վարդապետական հիմունքներ» բաժինը ներառում է բազմաթիվ օգտակար սուրբ գրություններ:

Մտածեք, թե ինչ հարցեր եք տալիս, երբ ուսուցանում եք: Ծրագրեք հրավերներ, որոնք կխրախուսեն յուրաքանչյուր անձի գործել:

Շեշտեք Աստծո խոստացած օրհնությունները և կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, ինչ ուսուցանում եք:

միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

Ինչ կարող եք ուսուցանել մարդկանց 15–25 րոպեում

Ուսուցանելու համար ընտրեք հետևյալ սկզբունքներից մեկը կամ մի քանիսը. Յուրաքանչյուր սկզբունքի վարդապետական հիմունքները տրված են այս համառոտ շարադրանքից հետո:

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը

  • Աստված երկիր ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:

  • Հիսուսի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից և սրբագործվել, երբ ապաշխարենք։

  • Հիսուսի խաչվելուց հետո Նա հարություն առավ։ Նրա Հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը նորից կմիավորվեն, և մեզանից յուրաքանչյուրը հավերժ կապրի կատարյալ, հարություն առած մարմնում:

Հավատք առ Հիսուս Քրիստոսը

  • Հավատքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական սկզբունքն է:

  • Առ Հիսուս Քրիստոսը հավատք ունենալը ներառում է վստահությունը, որ Նա Աստծո Որդին է և Նրա հանդեպ վստահությունը որպես մեր Փրկչի և Քավիչի:

  • Առ Հիսուս Քրիստոսը հավատքը գործողության և զորության սկզբունք է:

  • Մենք ամրապնդում ենք մեր հավատքը՝ աղոթելով, ուսումնասիրելով սուրբ գրությունները և հնազանդվելով պատվիրաններին:

Ապաշխարություն

  • Հավատքն առ Հիսուս Քրիստոսը տանում է մեզ ապաշխարության: Ապաշխարությունն Աստծուն դիմելու և մեղքից հեռանալու գործընթացն է: Երբ մենք ապաշխարում ենք, մեր գործողությունները, ցանկությունները և մտքերը փոխվում են, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն Աստծո կամքին:

  • Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, Աստված ներում է մեզ: Ներումը հնարավոր է, քանի որ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը:

  • Ապաշխարելով մենք խաղաղություն ենք զգում, քանի որ մեր մեղքն ու վիշտը բժշկվում են:

  • Ապաշխարելու գործընթացը պետք է շարունակվի ողջ կյանքում։ Աստված ողջունում է մեզ ամեն անգամ, երբ մենք ապաշխարում ենք: Նա երբեք չի հրաժարվի մեզանից:

Մկրտություն․ մեր առաջին ուխտն Աստծո հետ

  • Մկրտությունն այն է, թե ինչպես ենք մենք առաջին անգամ Աստծո հետ ուխտի մեջ մտնում:

  • Մկրտությունն ունի երկու մաս՝ մկրտություն ջրով և Հոգով: Մկրտվելով և հաստատվելով մենք մաքրվում ենք մեր մեղքերից, որը մեզ կյանքի նոր մեկնարկ է տալիս։

  • Մենք մկրտվում ենք ընկղմամբ՝ հետևելով Հիսուսի օրինակին։

  • Երեխաները չեն մկրտվում մինչև ութ տարեկանը: Այն երեխաները, ովքեր մահանում են մինչև այդ տարիքը, փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

  • Մենք ամեն շաբաթ հաղորդություն ենք ընդունում՝ ի հիշատակ Հիսուսի զոհաբերության և Աստծո հետ կապած մեր ուխտերը վերանորոգելու:

Սուրբ Հոգու պարգևը

  • Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։

  • Մկրտվելուց հետո մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը՝ հաստատման արարողության միջոցով։

  • Սուրբ Հոգու պարգևը ստանալով մենք կարող ենք ունենալ Նրա ընկերակցությունը մեր ողջ կյանքի ընթացքում, եթե հավատարիմ ենք:

  • Սուրբ Հոգին սրբացնում է մեզ, առաջնորդում, մխիթարում և օգնում է մեզ իմանալ ճշմարտությունը:

Համբերել մինչև վերջ

  • Համբերելը՝ Քրիստոսի հանդեպ ամեն օր հավատք գործադրելն է նաև: Մենք շարունակում ենք պահել Աստծո հետ կապած մեր ուխտերը, ապաշխարել, փնտրել Սուրբ Հոգու ընկերակցությունը և ճաշակել հաղորդությունը:

  • Երբ մենք հավատարմորեն ձգտում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, Աստված խոստանում է, որ մենք կունենանք հավերժական կյանք:

Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է Աստծո բոլոր զավակներին

  • Ավետարանով ապրելը խորացնում է մեր ուրախությունները, ոգեշնչում մեր գործողությունները և հարստացնում մեր փոխհարաբերությունները:

  • Ամենայն հավանականությամբ, մենք երջանիկ կլինենք՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես ընտանիքներ, երբ ապրենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներով։

  • Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով ընտանիքներն օրհնվում են այս կյանքում, նրանք կարող են միավորվել հավերժության համար և ապրել Աստծո ներկայության մեջ:

Հարցեր, որոնք կարող եք տալ մարդկանց

Հետևյալ հարցերն օրինակներ են, թե ինչ կարող եք հարցնել մարդկանց: Այս հարցերը կարող են օգնել ձեզ բովանդակալից զրույցներ վարել և հասկանալ մարդու կարիքներն ու տեսակետը:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ի՞նչ է նշանակում ձեր համար հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս:

  • Ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում կատարել ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս եք հասկանում ապաշխարությունը:

  • Ի՞նչպես եք հասկանում մկրտությունը: Ի՞նչ կարող եք հիմա անել՝ մկրտությանը նախապատրաստվելու համար:

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ձեզ դեպի Աստծո ներկայություն վերադառնալու ձեր ճամփորդության մեջ:

  • Ո՞րն է այն մարտահրավերը, որին բախվում եք դուք կամ ձեր ընտանիքը: Կարո՞ղ ենք կիսվել որոշ եղանակներով, թե ինչպես կարող է օգնել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

հրավերներ, որոնք կարող եք ուղղել

  • Կխնդրե՞ք Աստծուն աղոթքով օգնել ձեզ իմանալ, որ այն, ինչ մենք ուսուցանում ենք, ճշմարիտ է (տես «Ուսուցման գաղափարներ. Աղոթք» դաս 1-ի վերջում):

  • Այս կիրակի եկեղեցի կհաճախե՞ք՝ ավելին իմանալու մեր ուսուցանածի մասին:

  • Կկարդա՞ք Մորմոնի Գիրքը և կաղոթե՞ք՝ իմանալու համար, որ դա Աստծո խոսքն է: (Դուք կարող եք առաջարկել որոշակի գլուխներ կամ հատվածներ):

  • Կհետևե՞ք Հիսուսի օրինակին և կմկրտվե՞ք։ (Տես «Մկրտվելու և հաստատվելու հրավերը», որն անմիջապես նախորդում է դաս 1-ին)։

  • Կարո՞ղ ենք մեր հաջորդ այցի համար ժամանակ սահմանել:

Վարդապետական հիմունքներ

Այս բաժինը տրամադրում է վարդապետություն և սուրբ գրությունների հատվածներ, որոնք դուք պետք է ուսումնասիրեք, որպեսզի ամրապնդեք ձեր գիտելիքներն ու վկայությունն ավետարանի մասին և օգնեք ձեզ ուսուցանել:

Հիսուսն ուղարկեց այս Տասներկուսին, Ուոլթեր Ռեյն

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը

Երկնային Հայրը երկիր ուղարկեց Իր սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մենք բոլորս ուրախություն զգանք այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում: «Եվ սա է ավետարանը, ավետիքը, … որ [Հիսուս Քրիստոսը] եկավ աշխարհ … աշխարհի մեղքերը կրելու և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար, որ նրա միջոցով բոլորը կարողանան փրկվել» (Վարդապետություն և Ուխտեր 76.40–42 հատվածները):

Որպես մահկանացուներ, մենք բոլորս մեղք ենք գործում, և բոլորս էլ մահանում ենք: Մեղքն ու մահը կխանգարեին մեզ հավերժական կյանք ունենալ Աստծո հետ, եթե մենք չունենայինք Քավիչ (տես 2 Նեփի 9 գլուխը): Նախքան աշխարհի ստեղծումը Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին՝ մեզ փրկագնելու համար։ Սիրո գերագույն արտահայտությամբ Հիսուսը եկավ երկիր և իրականացրեց այս աստվածային առաքելությունը: Նա մեզ մեր մեղքերից փրկագնվելու հնարավորություն տվեց, և երաշխավորեց մեր բոլորիս հարությունը մահից հետո:

Հիսուս Քրիստոսն ապրեց անմեղ կյանքով։ Իր մահկանացու ծառայության վերջում Գեթսեմանիում Նա խաչելության ժամանակ Իր տառապանքով Իր վրա վերցրեց մեր մեղքերը (տես 1 Նեփի 11.33 հատվածը): Հիսուսի տառապանքն այնքան մեծ էր, որ ստիպեց Նրան «դողալ ցավից և արյունահոսել ամեն մի ծակոտիից» (Վարդապետություն և Ուխտեր 19.18): Իր Խաչելությունից հետո Հիսուսը հարություն առավ՝ հաղթանակ տանելով մահվան նկատմամբ։ Այս բոլոր իրադարձությունները Հիսուս Քրիստոսի Քավությունն են:

Մեր մեղքերը մեզ հոգևորապես անմաքուր են դարձնում, և «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ» (1 Նեփի 10.21): Բացի այդ, արդարության օրենքը հետևանք է պահանջում մեր մեղքերի համար:

Երբ մենք ապաշխարում ենք, Հիսուսի քավիչ զոհաբերությունը մեզ ուղի է տրամադրում մեղքից մաքրվելու և սրբագործվելու համար: Այն նաև տրամադրում է արդարության պահանջները բավարարելու եղանակը (տես Ալմա 42.15, 23–24 հատվածները)։ Փրկիչն ասել է. «Ես … տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես» (Վարդապետություն և Ուխտեր 19.16–17): Եթե չլիներ Հիսուս Քրիստոսը, մեղքը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության ամեն հույսի:

Մեզ համար զոհաբերվելով Հիսուսը չսահմանափակեց մեր անձնական պատասխանատվությունը: Մենք պետք է հավատք ունենանք առ Նա, ապաշխարենք և ձգտենք հնազանդվել պատվիրաններին: Երբ մենք ապաշխարենք, Հիսուսը մեր անունից կպահանջի Իր Հոր ողորմածության Իր իրավունքները (տես Մորոնի 7.27–28 հատվածները): Փրկչի բարեխոսության շնորհիվ Երկնային Հայրը ներում է մեզ՝ ազատելով մեզ մեր մեղքերի զգացողության բեռից և մեղքից (տես Մոսիա 15.7–9 հատվածները): Մենք հոգևորապես մաքրված ենք և, ի վերջո, կարող ենք ընդունվել Աստծո ներկայություն:

Հիսուսի աստվածային առաքելությունն էր նաև փրկել մեզ մահից: Նրա հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը նորից կմիավորվեն, և մեզանից յուրաքանչյուրը հավերժ կապրի կատարյալ, հարություն առած մարմնում: Եթե չլիներ Հիսուս Քրիստոսը, մահը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության ամեն հույսի:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Աստված ուղարկեց Իր Որդուն

Փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Հավատք առ Հիսուս Քրիստոս

Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոսը: Հավատքն ավետարանի մյուս բոլոր սկզբունքների հիմքն է:

Հավատքն առ Հիսուս Քրիստոս ներառում է վստահություն առ այն, որ Նա Աստծո Միածին Որդին է: Այն ներառում է վստահություն առ Նա՝ որպես մեր Փրկչի և Քավիչի, որ Նա Աստծո ներկայություն վերադառնալու մեր միակ ուղին է (տես Գործք Առաքելոց 4.10–12, Մոսիա 3.17, 4.6–8 հատվածները): Մեզ առաջարկված է գործադրել «անխախտ հավատք Նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով Նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս» (2 Նեփի 31.19):

Հավատքն առ Հիսուս Քրիստոսը ներառում է հավատքն առ այն, որ Իր քավիչ զոհաբերությամբ Նա տառապեց մեր մեղքերի համար: Նրա զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից, երբ ապաշխարենք։ Այս մաքրագործումն օգնում է մեզ խաղաղություն և հույս գտնել այս կյանքում: Այն նաև թույլ է տալիս մեզ մահից հետո ստանալ ուրախության լիությունը:

Հավատքն առ Հիսուս Քրիստոսը ներառում է վստահությունն առ այն, որ Նրա շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Այս հավատքը կարող է սատարել և մխիթարել մեզ կորստի ժամանակ: Մահվան վիշտը կարող է մեղմանալ Հարության խոստմով։

Հավատքն առ Հիսուս Քրիստոսը ներառում է հավատքը և վստահությունն առ այն, որ Նա Իր վրա վերցրեց մեր հիվանդություններն ու թուլությունները (տես Եսայիա 53.3–5 հատվածները): Նա Իր փորձառությամբ գիտի, թե ինչպես ողորմածաբար աջակցել մեզ կյանքի փորձությունները հաղթահարելու համար (տես Ալմա 7.11–12, Վարդապետություն և Ուխտեր 122.8): Երբ մենք հավատք ենք գործադրում, Նա օգնում է մեզ առաջ մղվել դժվարությունների միջով:

Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ Հիսուսը կարող է բժշկել մեզ ֆիզիկապես և հոգեպես։ Նա միշտ պատրաստ է օգնել մեզ, երբ մենք հիշում ենք Նրա առաջարկը. «նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (Վարդապետություն և Ուխտեր 6.36):

Գործողության և զորության սկզբունք

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մղում է գործողության: Մենք արտահայտում ենք մեր հավատքը՝ ամեն օր հնազանդվելով պատվիրաններին և բարիք գործելով: Մենք ապաշխարում ենք մեր մեղքերի համար: Մենք հավատարիմ ենք Նրան: Մենք ձգտում ենք ավելի նմանվել Նրան։

Հավատք գործադրելով՝ մենք կարող ենք զգալ Հիսուսի զորությունը մեր ամենօրյա կյանքում: Նա կմեծացնի մեր լավագույն ջանքերը: Նա կօգնի մեզ աճել և դիմակայել գայթակղությանը:

Ամրապնդել մեր հավատքը

Ալմա մարգարեն ուսուցանել է, որ հավատք կառուցելը կարող է սկսվել պարզ «հավատալու ցանկությունից» (Ալմա 32.27): Այնուհետև, որպեսզի մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսն աճի, մենք պետք է աճեցնենք այն՝ սովորելով Նրա խոսքերը, կիրառելով Նրա ուսմունքները և հնազանդվելով Նրա պատվիրաններին: Ալման ուսուցանել է, որ եթե մենք համբերությամբ, ջանասիրաբար աճեցնենք Աստծո խոսքը մեր սրտերում, «այն արմատ կգցի [և կնմանվի] դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառի», դրանով իսկ ամրապնդելով մեր հավատքը (Ալմա 32.41, տես հատվածներ 26–43-ը):

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Հավատք, զորություն և փրկություն

Հավատքի վարդապետությունը

Հավատքի օրինակներ

Աշխատանքներ և հնազանդություն

Հավատք առ ապաշխարություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Ապաշխարություն

Ի՞նչ է ապաշխարությունը։

Ապաշխարությունն ավետարանի երկրորդ սկզբունքն է։ Հավատքն առ Հիսուս Քրիստոսը և մեր սերը Նրա հանդեպ մղում են մեզ ապաշխարության (տես Հելաման 14.13 հատվածը): Ապաշխարությունն Աստծուն դիմելու և մեղքից հեռանալու գործընթացն է: Երբ մենք ապաշխարում ենք, մեր գործողությունները, ցանկությունները և մտքերը փոխվում են, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն Աստծո կամքին: Մեղքի ներումը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ:

Ապաշխարությունը շատ ավելին է, քան կամքի ուժ գործադրելը վարքագիծը փոխելու կամ թուլությունը հաղթահարելու համար: Ապաշխարությունն անկեղծորեն Քրիստոսին դիմելն է, ով մեզ իշխանություն է տալիս մեր սրտերում մի «զորեղ փոփոխություն» կատարելու (Ալմա 5.12–14): Երբ մենք զգում ենք սրտի այս փոփոխությունը, մենք հոգեպես վերածնվում ենք (տես Մոսիա 27.24–26 հատվածները):

Ապաշխարության միջոցով մենք Աստծո, մեր և աշխարհի մասին նոր հայացք ենք զարգացնում: Մենք կրկին զգում ենք մեր Փրկչի սերը մեր հանդեպ, նաև Աստծո սերը մեր հանդեպ՝ որպես Իր զավակների: Ապաշխարելու հնարավորությունն ամենամեծ օրհնություններից մեկն է, որ Աստված տվել է մեզ Իր Որդու միջոցով:

Ապաշխարելու գործընթաց

Ապաշխարելով մենք ճանաչում ենք մեր մեղքերը և անկեղծ զղջում ենք զգում: Մենք խոստովանում ենք Աստծուն մեր մեղքերը և խնդրում Նրա ներումը: Շատ լուրջ մեղքերը մենք խոստովանում ենք նաև Եկեղեցու լիազորված ղեկավարներին, ովքեր կաջակցեն մեզ, երբ մենք ապաշխարենք: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի հաստատվենք, ինչը նշանակում է, որ փորձում ենք շտկել մեր գործողությունների պատճառով առաջացած խնդիրները: Անկեղծ ապաշխարությունը լավագույնս դրսևորվում է արդար գործերով որոշակի ժամանակահատվածում:

Ապաշխարությունն ամենօրյա գործընթաց է մեր ողջ կյանքի ընթացքում: «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռովմայեցիս 3.23): Մենք պետք է շարունակաբար ապաշխարենք՝ հիշելով, որ մենք «ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13): Տերը հավաստիացրել է մեզ, որ «որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց իրենց զանցանքները» (Մոսիա 26․30

Ապաշխարության օրհնությունները

Ապաշխարությունը դրական սկզբունք է, որը բերում է ուրախություն և խաղաղություն: Այն առաջնորդում է մեզ «դեպի Քավիչի զորությունը, դեպի [մեր] հոգիների փրկությունը» (Հելաման 5.11):

Երբ մենք ապաշխարում ենք, մեր մեղքն ու վիշտը բժշկվում են ժամանակի ընթացքում: Մենք ավելի շատ ենք զգում Սուրբ Հոգու ազդեցությունը: Աստծուն հետևելու մեր ցանկությունն ավելի ուժեղ է դառնում։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

«Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել: … Սակայն պատժի ենթարկվելու այս զգացումն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին, ով կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ» (Ռասել Մ. Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019, 67):

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ապաշխարություն

Քավություն և ներում

Ողորմություն նրանց համար, ովքեր ապաշխարում են

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

երիտասարդ կինը մկրտվում է

Մկրտություն․ մեր առաջին ուխտն Աստծո հետ

Հավատքն առ Հիսուս Քրիստոսը և ապաշխարությունը նախապատրաստում են մեզ մկրտության և հաստատման արարողությանը: Մկրտությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի առաջին փրկարար արարողությունն է։ Հույսի այս ուրախ արարողությունը ստանալիս, մենք մեր առաջին ուխտն ենք կապում Աստծո հետ:

Արարողությունը սրբազան գործողություն կամ ծիսակատարություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Որոշ արարողություններ, օրինակ՝ մկրտությունը, էական նշանակություն ունեն մեր փրկության համար:

Արարողությունների միջոցով մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ։ Այս ուխտերը սրբազան խոստումներ են մեր և Աստծո միջև: Նա խոստանում է օրհնել մեզ, երբ պահում ենք Նրան տված մեր խոստումները։ Մենք պետք է ամուր պարտավորություն ունենանք Աստծուն տված մեր խոստումները պահելու համար:

Աստված տրամադրել է արարողություններ և ուխտեր, որոնք կօգնեն մեզ գալ դեպի Նա և ունենալ հավերժական կյանք: Երբ մենք քահանայության արարողություններ ենք ստանում և պահում ենք կապված ուխտերը, մենք կարող ենք զգալ «աստվածայնության զորությունը» մեր կյանքում (Վարդապետություն և Ուխտեր 84.20):

Մկրտության ուխտը

Փրկիչն ուսուցանել է, որ մկրտությունն անհրաժեշտ է մեզ երկնքի արքայություն մտնելու համար (տես Հովհաննես 3.5 հատվածը): Մեզ համար անհրաժեշտ է նաև դառնալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ։ Մեր Փրկիչն օրինակ ծառայեց մկրտվելով (տես Մատթեոս 3.13–17 հատվածները):

Երբ մենք մկրտվում և պահում մեր ուխտը, Աստված խոստանում է ներել մեր մեղքերը (տես Գործք Առաքելոց 22.16, 3 Նեփի 12.1–2 հատվածները): Այս մեծ օրհնությունը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ, ով «սիրեց մեզ և մաքրեց մեզ մեր մեղքերից իր արյունով» (Հայտնություն 1.5): Աստված նաև խոստանում է օրհնել մեզ Սուրբ Հոգու ընկերակցությամբ, որպեսզի մենք կարողանանք սրբագործվել, առաջնորդվել և մխիթարվել:

Մկրտության ուխտի մեր մասում մենք վկայում ենք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Մենք նաև խոստանում ենք միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Մենք խոստանում ենք սիրել և ծառայել ուրիշներին «սգալ նրանց հետ, ովքեր սգում են, … մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, և կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9, տես հատվածներ 8–10, 13-ը)։ Մենք վճռականություն ենք արտահայտնում ծառայելու Հիսուս Քրիստոսին մինչև մեր կյանքի վերջը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.37, Մոսիա 2.17 հատվածները):

Մկրտության հետ կապված մեր ուխտի պարտավորությունները մեծ պատասխանատվություն են: Նրանք նաև ոգեշնչող և ուրախալի են: Նրանք հատուկ կապ են ստեղծում մեր և Երկնային Հոր միջև, որի միջոցով Նա մշտապես տարածում է Իր սերը:

Ընկղմումով մկրտություն

Հիսուսն ուսուցանել է, որ մենք պետք է մկրտվենք ընկղմամբ՝ մեր մեղքերի թողության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.72–74): Ընկղմումով մկրտությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մահը, թաղումը և Հարությունը (տես Հռովմայեցիս 6.3–6 հատվածները):

Ընկղմումով մկրտությունը նաև մեզ համար զորեղ խորհրդանշական իմաստ ունի: Այն ներկայացնում է մեր հին կյանքի մահը, այդ կյանքի թաղումը և հոգևոր վերածնված մեր երևան գալը: Մկրտվելով մենք սկսում ենք կրկին ծնվելու և Քրիստոսի հոգևոր որդիներն ու դուստրերը դառնալու գործընթացը (տես Մոսիա 5.7–8, Հռովմայեցիս 8.14–17 հատվածները):

Երեխաներ

Երեխաները չեն մկրտվում մինչև չհասնեն պատասխանատվության տարիքին, որն ութ տարեկանն է (տես Վարդապետություն և Ուխտեր 68.27 հատվածը): Այն երեխաները, ովքեր մահանում են մինչ այդ տարիքը, փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ (տես Մորոնի 8.4–24, Վարդապետություն և Ուխտեր 137.10 հատվածը): Մինչ երեխաներին մկրտելը, նրանց պետք է ուսուցանել ավետարանը, որպեսզի նրանք պատրաստ լինեն իրենց կյանքի այս կարևոր քայլին՝ Աստծո հետ ուխտ կապելուն:

Հաղորդություն

Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հավատարիմ մնանք Իր հետ կապած ուխտերին: Մեզ օգնելու համար Նա պատվիրել է մեզ հաճախակի հանդիպել՝ ճաշակելու հաղորդությունը: Հաղորդությունը քահանայության արարողություն է, որը Հիսուսը ներկայացրեց Իր Առաքյալներին Իր Քավությունից առաջ:

Ամեն շաբաթ հաղորդության ժողովի հիմնական նպատակը հաղորդությունը ճաշակելն է։ Հացն ու ջուրն օրհնվում են և փոխանցվում ներկաներին։ Հացը խորհրդանշում է Փրկչի կողմից Իր մարմնի զոհաբերությունը մեզ համար: Ջուրը խորհրդանշում է Նրա արյունը, որը Նա թափեց մեզ համար:

Մենք ընդունում ենք այս խորհրդանիշները՝ ի հիշատակ Փրկչի զոհաբերության և Աստծո հետ մեր կապած ուխտերը նորոգելու։ Մենք կրկին խոստում ենք ստանում, որ Հոգին մեզ հետ կլինի:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Քրիստոսի օրինակը

Մկրտության ուխտը

Մկրտության պահանջները

Մկրտության խոստացված օրհնությունները

Իշխանության անհրաժեշտություն

Հիսուսը հաստատեց հաղորդությունը

Հաղորդության աղոթքները

Ընդունել հաղորդությունը

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Քրիստոսը դնում է ձեռքերը կնոջ վրա

Սուրբ Հոգու պարգևը

Ինչպես ստանանք Սուրբ Հոգու պարգևը

Մկրտությունն ունի երկու մաս։ Հիսուսն ուսուցանել է, որ մենք պետք է «ծնվենք ջրից և Հոգուց»՝ Աստծո արքայություն մտնելու համար (Հովհաննես 3.5, շեշտադրումն ավելացված է): Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 95):

Ջրով մկրտությանը պետք է հաջորդի Հոգով մկրտությունը, որպեսզի լիակատար լինի: Երբ մենք երկու մկրտություններն էլ ստանում ենք, մենք մաքրվում ենք մեր մեղքերից և հոգեպես վերածնվում ենք: Այնուհետև մենք սկսում ենք նոր հոգևոր կյանք՝ որպես Քրիստոսի աշակերտներ:

Մենք ստանում ենք Հոգով մկրտությունը մի արարողության միջոցով, որը կոչվում է հաստատում: Այս արարողությունը կատարվում է մեկ կամ մի քանի քահանայություն կրողների կողմից, ովքեր իրենց ձեռքերը դնում են մեր գլխին: Նախ նրանք հաստատում են մեզ որպես Եկեղեցու անդամ, իսկ հետո մեզ շնորհում են Սուրբ Հոգու պարգևը: Սա այն նույն արարողությունն է, որը հիշատակվում է Նոր Կտակարանում և Մորմոնի Գրքում (տես Գործք Առաքելոց 8.14–17, 3 Նեփի 18.36–37 հատվածները):

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։ Նա աշխատում է միասնաբար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Սուրբ Հոգու պարգևը ստանալով և հավատարիմ լինելով մենք կարող ենք ունենալ Նրա ընկերակցությունը մեր ողջ կյանքի ընթացքում:

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օրհնում մեզ

Սուրբ Հոգու պարգևը Երկնային Հոր ամենամեծ պարգևներից մեկն է։ Սուրբ Հոգին մաքրում և սրբացնում է մեզ՝ դարձնելով մեզ ավելի սուրբ, ավելի ամբողջական, ավելի նման Աստծուն (տես 3 Նեփի 27.20 հատվածը): Մինչ մենք ձգտում ենք հետևել Աստծո պատվիրաններին, Նա օգնում է մեզ փոխվել և հոգևորապես աճել:

Սուրբ Հոգին օգնում է մեզ սովորել և ճանաչել ճշմարտությունը (տես Մորոնի 10.5 հատվածը): Նա նաև հաստատում է ճշմարտությունը մեր սրտերում և մտքերում: Բացի այդ, Սուրբ Հոգին օգնում է մեզ ուսուցանել ճշմարտությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 42.14 հատվածը): Երբ մենք Սուրբ Հոգու զորությամբ սովորում և ուսուցանում ենք ճշմարտությունը, Նա տանում է այն մինչև մեր սրտերը (տես 2 Նեփի 33.1 հատվածը):

Երբ մենք խոնարհաբար ուղղություն ենք փնտրում Սուրբ Հոգուց, Նա առաջնորդում է մեզ (տես 2 Նեփի 32.5 հատվածը): Այն իր մեջ հուշում է ներառում, թե ինչպես կարող ենք ծառայել ուրիշներին:

Սուրբ Հոգին մեզ հոգևոր ուժ է տալիս՝ օգնելով հաղթահարել թուլությունը: Նա օգնում է մեզ դիմակայել գայթակղությանը: Նա կարող է նախազգուշացնել մեզ հոգևոր և ֆիզիկական վտանգի մասին։

Սուրբ Հոգին կօգնի մեզ հաղթահարել կյանքի փորձությունները: Նա կմխիթարի մեզ փորձության կամ վշտի ժամանակ՝ լցնելով մեզ հույսով (տես Մորոնի 8.26 հատվածը): Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք զգալ Աստծո սերը մեր հանդեպ:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Սուրբ Հոգու բնույթը

Օրհնություններ և Սուրբ Հոգու ազդեցությունը

Սուրբ Հոգու պարգևի կարևորությունը

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Հիսուսը երեխաներին գրկելիս

Համբերել մինչև վերջ

Մկրտվելիս և հաստատվելիս մենք ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ։ Բացի այդ, մենք խոստանում ենք պահել Նրա պատվիրանները և ծառայել Նրան մեր ողջ կյանքի ընթացքում (տես Մոսիա 18.8–10, 13, Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածները):

Մկրտության և հաստատման միջոցով ավետարանի ուղու վրա կանգնելուց հետո մենք գործադրում ենք յուրաքանչյուր ջանք դրա վրա մնալու համար: Այս ուղուց անգամ մի փոքր հեռանալիս, մենք հավատք ենք գործադրում առ Քրիստոս ապաշխարելու համար։ Ապաշխարության օրհնությունը թույլ է տալիս մեզ վերադառնալ ավետարանի ուղի և պահպանել Աստծո հետ ունեցած մեր ուխտերի օրհնությունները: Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, Աստված միշտ պատրաստ է ներել և ողջունել մեզ:

Համբել մինչև վերջ՝ նշանակում է մինչև մեր կյանքի վերջ՝ լավ և դժվարին ժամանակներում, բարգավաճման և ձախորդությունների միջով անցնելիս, հավատարիմ մնալ Աստծուն: Մենք խոնարհաբար թույլ ենք տալիս Քրիստոսին կերտել մեզ և մեզ ավելի նմանեցնել Իրեն: Մենք նայում ենք Քրիստոսին հավատքով, վստահությամբ և հույսով, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում:

Համբերել մինչև վերջ չի նշանակում պարզապես սպասել՝ մինչև մենք կմահանանք: Փոխարենը, դա նշանակում է կենտրոնացնել մեր կյանքը, մտքերը և գործողությունները Հիսուս Քրիստոսի վրա: Այն Քրիստոսի հանդեպ ամեն օր հավատք գործադրելն է նաև: Մենք նաև շարունակում ենք ապաշխարել, պահել Աստծո հետ ունեցած մեր ուխտերը և փնտրել Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Մինչև վերջ համբերելը ներառում է «առաջ մղ[վելը] Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»: Մեր Երկնային Հայրը խոստանում է, որ համբերելով մինչև վերջ, մենք «կունենանք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Համբերել մինչև վերջ

Օրհնություններ նրանց համար, ովքեր համբերում են

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

ընտանիքը ժպտում է

Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է Աստծո բոլոր զավակներին

Հիսուս Քրիստոսի ավետարանն Աստծո բոլոր զավակների համար է: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «բոլորը նունն են Աստծո համար»՝ անկախ մեր ծագումից կամ իրավիճակից: Նա հրավիրում է «բոլորին՝ գալ Իր մոտ և ճաշակել Իր բարությունից. և Նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն» (2 Նեփի 26.33

Ավետարանն օրհնում է մեզ մեր մահկանացու կյանքում և հավերժության ընթացքում: Ամենայն հավանականությամբ, մենք երջանիկ կլինենք՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես ընտանիքներ, երբ ապրենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներով (տես Մոսիա 2.41, «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ավետարանով ապրելը խորացնում է մեր ուրախությունները, ոգեշնչում մեր գործողությունները և հարստացնում մեր փոխհարաբերությունները:

Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը կարող է նաև պաշտպանել մեզ այնպիսի ընտրություններից, որոնք կվնասեն մեզ ֆիզիկապես կամ հոգևորապես: Այն օգնում է մեզ ուժ և մխիթարություն գտնել փորձության և վշտի ժամանակ: Այն տրամադրում է ուրախ հավերժական կյանքի ուղի:

Վերականգնված ավետարանի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք: Մենք Նրա սիրելի որդիներն ու դուստրերն ենք: Անկախ երկրի վրա մեր ընտանեկան իրավիճակից, մեզանից յուրաքանչյուրն Աստծո ընտանիքի անդամն է:

Մեր ուղերձի մեկ այլ կարևոր մասն այն է, որ ընտանիքները կարող են միավորվել հավերժության համար: Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Երկնային Հոր երջանկության ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Տաճարային սրբազան արարողությունները և ուխտերը հնարավորություն են տալիս ընտանիքներին հավերժ միասին լինել:

Ավետարանի լույսի շնորհիվ ընտանիքները կարող են հաղթահարել տարաձայնությունները, վեճերը և մարտահրավերները: Տարաձայնություններից բզկտված ընտանիքները կարող են բժշկվել ապաշխարության, ներման և Հիսուս Քրիստոսի Քավության զորության հանդեպ հավատքի միջոցով:

Հիսուս Քրիստոսի ավետարանն օգնում է մեզ զարգացնել ավելի ամուր ընտանեկան հարաբերություններ: Տունը լավագույն տեղն է՝ ուսուցանելու և սովորելու ավետարանի սկզբունքները: Ավետարանի սկզբունքներով հիմնված տունն ապաստան և ապահով մի վայր կլինի: Դա կլինի մի վայր, որտեղ կարող է լինել Տիրոջ Հոգին:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Կարճ և միջին տևողությամբ դասի համառոտ շարադրանքը

Հետևյալ ծրագիրն այն օրինակ է, երբ դուք, ունենալով քիչ քանակությամբ ժամանակ կարող եք ուսուցանել որևէ մեկին: Ուսուցանելու համար այս համառոտ շարադրանքն օգտագործելիս ընտրեք մեկ կամ մի քանի սկզբունքներ: Յուրաքանչյուր սկզբունքի համար վարդապետական հիմունքները ներկայացված են դասի սկզբում:

Երբ ուսուցանում եք, հարցեր տվեք և լսեք: Հրավերներ հղեք, որոնք կօգնեն մարդկանց սովորել, թե ինչպես ավելի մոտենալ Աստծուն: Կարևոր հրավերներից մեկն այն է, որ մարդը նորից ցանկանա հանդիպել ձեզ: Դասի տևողությունը կախված կլինի ձեր տված հարցերից և նրանից, թե ինչ եք լսել։

միսիոներներն ուսուցանում են կնոջը

Ինչ կարող եք ուսուցանել մարդկանց 3–10 րոպեում

  • Աստված երկիր ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:

  • Առ Հիսուս Քրիստոսը հավատքը գործողության և զորության սկզբունք է: Հավատքն օգնում է մեզ զգալ Փրկչի ամրացնող զորությունը մեր կյանքում:

  • Հավատքն առ Հիսուս Քրիստոսը տանում է մեզ ապաշխարության: Ապաշխարությունն Աստծուն դիմելու և մեղքից հեռանալու գործընթացն է: Երբ մենք ապաշխարում ենք, մեր գործողությունները, ցանկությունները և մտքերը փոխվում են, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն Աստծո կամքին:

  • Երբ մենք ապաշխարում ենք, Աստված ներում է մեզ: Ներումը հնարավոր է, քանի որ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը:

  • Մկրտությունն ունի երկու մաս՝ մկրտություն ջրով և Հոգով: Մկրտվելով և հաստատվելով մենք մաքրվում ենք մեր մեղքերից, որը մեզ կյանքի նոր մեկնարկ է տալիս։

  • Ջրով մկրտվելուց հետո մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը մի արարողության ժամանակ, որը կոչվում է հաստատում։

  • Երբ մենք հավատարմորեն հետևում ենք ավետարանի ուղուն մինչև մեր կյանքի վերջը, Աստված խոստանում է, որ մենք կունենանք հավերժական կյանք: