Համասեռամոլություն
Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը և ինչպե՞ս է այն ինձ օգնում


«Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը և ինչպես է այն ինձ օգնում» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)

«Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը և ինչպես է այն ինձ օգնում» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար

Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը և ինչպե՞ս է այն ինձ օգնում

Մենք ինչո՞ւ ունենք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը

Լինելով Ադամի և Եվայի ժառանգներ, բոլոր մարդիկ ժառանգում են անկման հետևանքները։ Մեր ընկած վիճակում մենք ենթակա ենք ընդդիմության և գայթակղության: Գայթակղությանը տրվելով, մենք հեռանում ենք Աստծուց, և եթե շարունակում ենք մեղքի մեջ մնալ, կորցնում ենք Նրա Հոգու՝ Սուրբ Հոգու ընկերակցությունն ու ազդեցությունը մեր կյանքում:

Մեր փրկության միակ տարբերակն այն է, որ ինչ-որ մեկը փրկի մեզ։ Մեզ հարկավոր է մեկը, ով կարող է բավարարել արդարադատության պահանջները՝ կանգնել մեր փոխարեն, վերցնել Անկման բեռը և վճարել մեր մեղքերի գինը։ Հիսուս Քրիստոսը միշտ եղել է միակը, ով կարող էր նման զոհաբերություն կատարել։

Երկրի Արարումից առաջ Փրկիչը մեր միակ հույսն է եղել, որ կտար մեզ «խաղաղություն այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 59․23

Հիսուս Քրիստոսի բժշկող և զորացնող զորությունը

«Մեր Փրկիչի Քավությունը ավելի քան երաշխավորել է մեր անմահությունը՝ համընդհանուր հարության միջոցով և մեզ հնարավորություն տվել մաքրվելու մեղքից՝ ապաշխարության ու մկրտության միջոցով: Նրա Քավությունը մեզ նաև հնարավորություն է տվել դիմել Նրան, ով զգացել է մեր բոլոր մահկանացու թուլությունները, որ ուժ տա մեզ՝ կրելու մահկանացու կյանքի բեռները: Նա գիտի մեր տառապանքների մասին, և Նա մեզ հետ է: Բարի Սամարացու նման, երբ Նա մեզ գտնի վիրավոր՝ ճանապարհի եզրին ընկած, Նա կկապի մեր վերքերը և հոգ կտանի մեր մասին (տես Ղուկաս 10.34): Հիսուս Քրիստոսի բժշկող և զորացնող ուժը և Նրա Քավությունը բոլորի համար է, ովքեր կխնդրեն» (Դալլին Հ․ Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Լիահոնա, նոյ. 2015, 64)։

Այս կյանքը հնարավորություն է ավելի նմանվելու մեր Երկնային Հորը: Ընդունելով մեր հավերժական ճակատագիրը որպես Աստծո զավակներ, մենք մտնում ենք շարունակական աճի և կատարելագործման գործընթացի մեջ: Ինչպես երեց Դեյվիդ Ա. Բեդնարն է ուսուցանել.

«Մահկանացու ճամփորդությունն է՝ գնալ վատից լավը և ավելի լավը և հասնել մեր բուն էության փոփոխությանը: Մորմոնի Գիրքը լի է աշակերտների և մարգարեների օրինակներով, ովքեր այդ ճամփորդությունը կատարելիս, գիտեին, հասկանում էին և փոխակերպվել էին Քավության հնարավորություն տվող զորությամբ: Որքան մենք ավելի լավ հասկանանք այս սուրբ զորությունը, այնքան ավետարանի մեր հեռանկարը կմեծանա և կհարստանա: Այսպիսի հեռանկարը կփոխի մեզ զգալի կերպով: …

Մինչ ես և դուք հասկանում և գործադրում ենք Քավության թույլատրող զորությունը մեր սեփական կյանքում, մենք կաղոթենք և կփնտրենք ուժ՝ փոխելու մեր պայմանները, և ոչ թե կաղոթենք, որ մեր պայմանները փոխվեն: Մենք կդառնանք գործակալներ, ովքեր ներգործում են, և ոչ թե՝ որոնց վրա ներգործում են (տես 2 Նեփի 2․14)» («Քավությունը և մահկանացու ճամփորդությունը», Լիահոնա, ապրիլ 2012, 15-16)։

Փոխել սրտերը

Երբ մեզ հասանելի է դառնում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի զորությունը՝ մեզ զորացնելու և բուժելու համար, Նա կարող է փոխել մեր սրտերը:

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը կիսվել է հետևյալ պատմությամբ․

«Պատմությունը մի պատանու մասին է, ով արժանի կերպով սկսեց միսիայի իր ծառայությունը, սակայն ժամանակից շուտ, իր իսկ ընտրությամբ տուն վերադարձավ՝ միասեռական հակվածությունների ու դրանից բխող ընկճվածության պատճառով: Նա իր արժանավորությունը չէր կորցրել, սակայն իր հավատը հասել էր ճգնաժամային մակարդակի, նրա էմոցիոնալ բեռը ծանրացել էր և հոգևոր ցավը ավելի ու ավելի էր խորացել: Նա ըստ հերթականության՝ վիրավորված էր, շփոթված, բարկացած, և լքված:

Նրա միսիայի նախագահը, նրա ցցի նախագահը, նրա եպիսկոպոսը անհամար ժամեր էին անցկացրել, աշխատելով նրա հետ՝ լուծում փնտրելով, լաց լինելով ու օրհնելով նրան, սակայն նրա վերքի մեծ մասն այնքան անձնական էր, որ նա, առնվազն մի մասը պահում էր իր մեջ՝ անհասանելի նրանցից: Այս պատմության մեջ տղայի սիրելի հայրը դուրս էր թափում իր ողջ հոգին, որ օգնի իր երեխային, սակայն պահանջկոտ աշխատանքի բերումով, հաճախ հոգևոր մաքառումների այդ երկար ու մութ գիշերները տղան ու նրա մայրն առանց հոր էին անցկացնում: Օր ու գիշեր՝ սկզբում շաբաթներ, ապա ամիսներ, որոնք վերածվեցին տարիների, նրանք միասին բժշկություն էին փնտրում: Անցնելով դառնության (հիմնականում հոր, երբեմն էլ մոր) ու չհեռացող վախի (հիմնականում մոր, բայց երբեմն նաև հոր) միջով, մայրը բերում էր իր վկայությունը որդուն՝ Աստծո զորության, Նրա Եկեղեցու, բայց հատկապես որդու հանդեպ Աստծո սիրո մասին: Այդ նույն շնչով նա վկայում էր որդու հանդեպ իր սեփական անզիջում, անվախճան սիրո մասին: Իր բուն գոյության այդ երկու միանգամայն կարևոր, կենսական սյուները՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ու իր ընտանիքը համախմբելու համար, մայրն անվերջ աղոթքով դուրս էր թափում իր հոգին: Նա ծոմ էր պահում ու լաց լինում, լաց էր լինում ու ծոմ պահում, ապա լսում էր ու լսում, թե որդին ինչպես էր բազմիցս մորն ասում, թե ինչպես է իր սիրտը փշրվում: Այդպիսով, նա տանում էր նրան, կրկին, միայն այս անգամ ինը ամիս չէր: Այս անգամ նա կարծում էր, որ որդու հուսահատության ջարդված բնանկարը վերականգնելը հավերժություն կպահանջի:

Սակայն Աստծո շնորհով, մոր հաստատակամության շնորհիվ և տասնյակ Եկեղեցու առաջնորդների, ընկերների, ընտանիքի անդամների ու մասնագետների օգնությամբ՝ այս թախանձաշատ մայրը տեսավ իր որդու վերադարձը տուն՝ դեպի խոստումի երկիր: Տխուր է ընդունել, որ նման օրհնությունը ոչ միշտ է գալիս կամ դեռևս չի գալիս բոլոր ծնողներին, ովքեր տառապում են իրենց երեխաների մի շարք բազմազան հանգամանքների համար, բայց այստեղ հույս կար: Եվ ես պետք է նշեմ, որ այդ որդու սեռական հակվածությունը ինչ-որ կերպ հրաշքով չփոխվեց. ոչ ոք չէր էլ սպասում, որ այդ զգացումները կվերանան: Բայց կամաց-կամաց, տղայի սիրտը փոխվեց» («Ահա քո մայրը», Լիահոնա, նոյ. 2015, 49)։

Տպել