«Ինչո՞ւ Աստված չի պատասխանում իմ աղոթքներին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Ինչո՞ւ Աստված չի պատասխանում իմ աղոթքներին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Ինչո՞ւ Աստված չի պատասխանում իմ աղոթքներին
Աստված լսում է ձեր աղոթքները
Կյանքը երբեմն կարող է անարդար թվալ: Թվում է, թե մեր անկեղծ աղոթքներն անպատասխան են մնում: Թվում է, թե մեզ մերժել են հնարավորությունների լիությունից և Աստծո մեծագույն օրհնություններից: Սակայն ոչ մի անկեղծ աղոթք չի մնում առանց լսվելու։ Աստված կկատարի Իր բոլոր խոստումները։ Ոչ մի օրհնություն չի մերժվի Նրա հնազանդ և հավատավոր զավակներին: Մեր աստվածային ներուժն այն է, որ կարողանանք ապրել որպես հավերժական ընտանիքներ և նմանվել մեր Երկնային Ծնողներին:
Երբեմն մեր կասկածները, վախերն ու հիասթափությունները կարող են ճնշող թվալ: Կյանքը կարող է մեզ բարդ հարցերի և լուրջ խոչընդոտների առաջ կանգնեցնել։ Հավատք ունենալը չի նշանակում ունենալ բոլոր պատասխանները, բայց հավատի ու կասկածի միջև հավատն ընտրելը՝ Աստծուն վստահելու հարց է։ Մենք ընտրում ենք վստահել Նրա ծրագրին և ժամանակացույցին, նույնիսկ եթե մեր մահկանացու փորձառության որոշ կողմերը մեզ համար ներկայումս իմաստ չունեն: Երբ մենք հավատում և ապավինում ենք Աստծուն և համբերություն ունենում օրեցօր կառուցելու մեր հավատքը, ի վերջո, մենք ամեն բան պարզ կտեսնենք։ (Տես Ա Կորնթացիս 13․12)։
Պարզ տեսնելը իրադարձություն չէ։ Դա գործընթաց է։ Մենք ավելի պարզ ենք տեսնում, երբ իրականացնում ենք մեր ներուժը որպես Աստծո զավակներ։ Եվ ո՞րն է մեր ներուժը։ Եթե մենք ամեն ինչ անում ենք Նրա պատվիրանները պահելու համար, Նա խոստացել է հավիտենական ուրախություն՝ իրական, տևական ուրախություն: