«Ո՞վ եմ ես» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Ո՞վ եմ ես» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Ո՞վ եմ ես
Դուք Աստծո զավակն եք
Այն, թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ բնորոշում, կարող է փոխվել ձեր կյանքի ընթացքում, բայց առաջին հերթին և ամենակարևորը՝ դուք Աստծո սիրված զավակ եք: Նա է ձեր հոգու Հայրը (տես Թվոց 16․22, 27․16, Եբրայեցիս 12․9)։
Մեր մահկանացու կյանքում մեզ կարող են պիտակավորել, կամ մենք ինքներս կարող ենք պիտակներ վերցնել մեզ վրա։ Որոշ պիտակներ կարող են պատկանելության կամ կյանքի որևէ փուլի հետ կապված լինել, մյուսները՝ կարող են արտացոլել մեր ֆիզիկական հատկանիշները, ինչպես օրինակ, «բարձրահասակ», «կարճահասակ», «թխահեր», «ճաղատ» կամ «կարմրահեր»:
Պիտակները զորություն ունեն։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նկարագրել է պիտակների զորության հետ կապված իր փորձառությունը․
«Երբեմն քաղաքներն ու ազգերը կրում են ինքնության հատուկ պիտակներ: Այդպիսին էր ցուրտ և շատ հին քաղաքը Կանադայի արևելքում: Միսիոներներն այն անվանում էին «Սթոնի Քինգսթոն»: Այնտեղ վեց տարվա ընթացքում Եկեղեցու միայն մեկ նորադարձ է եղել, չնայած որ այդ ժամանակահատվածում այնտեղ անընդհատ միսիոներներ են նշանակվել: Քինգստոնում ոչ ոք չէր մկրտվել։ …
Ես աղոթում էի և խորհում այդ տխուր երկընտրանքի մասին, իսկ որպես միսիայի նախագահ իմ պարտականության բերումով պարտադիր էր, որ ես աղոթեի և խորհեի նման բաների մասին։ Այդ ընթացքում կինս իմ ուշադրությունը հրավիրեց մի հատվածի վրա, որը հետևյալ գրքից էր՝ A Child’s Story of the Prophet Brigham Young, by Deta Petersen Neeley (Salt Lake City: Deseret News Press, 1959, p. 36)։ Նա կարդաց, որ Բրիգամ Յանգը մտել է Քինգսթոն (Օնտարիո), ցուրտ ու ձնառատ մի օր: Նա աշխատել է այնտեղ մոտ երեսուն օր և մկրտել է քառասունհինգ հոգի։ Ահա և պատասխանը: Եթե միսիոներ Բրիգամ Յանգը կարողացել էր այդպիսի արգասաբեր աշխատանք կատարել, ապա այսօր միսիոներները նույնպես կարող են։
Առանց բացատրություն տալու, ես Քինգսթոնից հետ կանչեցի միսիոներներին, որպեսզի պարտության շրջանը կոտրվեր: Այնուհետև եղավ հետևյալ հայտարարությունը. «Շուտով մի նոր քաղաք կբացվի միսիոներական աշխատանքի համար, այն քաղաքը, որտեղ Բրիգամ Յանգը երեսուն օր քարոզելու ընթացքում մկրտել է քառասունհինգ հոգու»: Միսիոներները մտածում էին այդ տեղանքի մասին։ Նրանց շաբաթական նամակները ողողված էին խնդրանքով՝ նշանակվելու այդ «Շանգրի-Լա»-ում: Անցավ ժամանակ: Այնուհետև այդ դժվար արկածախնդրության համար մանրակրկիտ կերպով ընտրվեցին չորս միսիոներներ, որոնցից երկուսը նոր էին, իսկ մյուս երկուսը՝ փորձառու: Փոքր ճյուղի անդամներն իրենց աջակցությունն առաջարկեցին: Իսկ միսիոներներն առաջարկեցին իրենց կյանքը։ Տերը երկուսն էլ ընդունելի համարեց։
Երեք ամիսների ընթացքում Քինգսթոնը դարձավ Կանադական միսիայի ամենաարդյունավետ քաղաքը: Նույն դիրքում էին կրաքարե մոխրագույն շենքերը՝ քաղաքը չէր փոխել իր տեսքը, նույնն էր բնակչության թիվը: Փոփոխությունը վերաբերմունքի հարցում էր: Կասկածի պիտակը տեղը զիջել էր հավատի պիտակին» (“Labels,” Ensign, Nov. 1983, 19–20)։
Կյանքի ընթացքում մեր ինքնության կողմերը փոխվում են: Մենք անխուսափելիորեն փոխվում ենք՝ երիտասար, թե՝ ծեր: Կարող են փոխվել մեր տեսակետները, և այդ տեսակետների հետ մեկտեղ մենք կարող ենք մի քանի անգամ փոխել մեր պատկանելությունը:
Մեր ինքնությունը կարող է շարժման մեջ լինել, բայց մեր ով լինելու կողմերից մեկը հավերժ անփոփոխ է՝ մենք միշտ կլինենք Աստծո զավակները:
Ինքնությունը և պիտակները
Մենք պետք է զգույշ լինենք ինքներս մեզ պիտակավորելով: Պիտակները պետք է օգտագործվեն մտածված և Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Պիտակները կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մտածում մեր մասին և ինչպես են մեզ վերաբերվում ուրիշները, և կարող են ընդլայնել կամ սահմանափակել մեր կարողությունը՝ հետևելու Աստծո ծրագրին, որը մեր երջանկության համար է: Պիտակները կարող են ազդել մեր նպատակների, մեր ինքնության զգացողության և այն մարդկանց վրա, ում մենք ընկերներ ենք համարում: Եթե պիտակները խանգարում են մեր հավերժական առաջընթացին, մենք կարող ենք փոխել դրանք: Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է․
«Կարծում եմ՝ ճիշտ է ասելը, որ ոմանք համարում են, որ նույն սեռի հանդեպ հակվածության զգացումներն իրենց գոյության որոշիչ փաստն են: Մենք ունենք ազատ կամք, որոշելու, թե որ հատկանիշներն են բնորոշում մեզ. այդ ընտրությունները չեն պարտադրվել մեզ:
Մեզ բոլորիս բնորոշող հատկանիշն այն է, որ մենք Երկնային Ծնողների զավակներն ենք` ծնված այս երկրի վրա նպատակով և աստվածային ճակատագրով: Երբ որ այդ մյուս հասկացություններից որևէ մեկը խաչվում է այդ հիմնական որոշիչ փաստի հետ, ապա կործանարար ազդեցություն է թողնում և մեզ տանում է սխալ ուղով» (interview with Elder Dallin H. Oaks and Elder Lance B. Wickman: “Same-Gender Attraction” [2006]).
Եթե մեկը նույն սեռի հանդեպ հակվածություն է զգում, նա կարող է ընտրել՝ օգտագործել սեռական ինքնության պիտակ, թե՝ ոչ։ Որպես գեյ կամ լեսբուհի նույնականացվելը չի հակասում Եկեղեցու քաղաքականությանը կամ վարդապետությանը, այնուամենայնիվ, դա կարող է անցանկալի հետևանքներ թողնել իր հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքի վրա։ Քրիստոսի ոչ մի ճշմարիտ հետևորդ արդարացում չունի, եթե սեր չի ցուցաբերում ձեզ այն պատճառով, որ դուք որոշել եք նույնականացվել այդ կերպ:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշեցրել է մեզ. «Մի օր ձեզ կհարցնեն, թե արդյո՞ք ձեզ վրա եք վերցրել Քրիստոսի անունը և հավատարիմ եք եղել այդ ուխտին» (“Identity, Priority, and Blessings,” Ensign, Aug. 2001, 10)։
Ինչպես ասել է Պողոսը․ «Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։ Այլ եւս ոչ Հրեայ կայ եւ ոչ Հոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ․ որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը» (Գաղատացիս 3.27-28)։
Մի օր, այս կարճ մահկանացու ճամփորդության ավարտին, մենք կվերադառնանք մեր Երկնային Ծնողների ներկայությունը: Մի օր, բոլոր պիտակները կուլ կգնան մեր հավիտենական ինքնության մեջ՝ որպես Աստծո զավակներ: