Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 78


Բաժին 78

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1832թ. մարտին (History of the Church, 1.255–257): Տիրոջ կողմից Ջոզեֆ Սմիթին տրվեց հաստատված մի կարգ՝ աղքատների համար շտեմարան հիմնելու նպատակով: Միշտ չէ, որ ցանկալի էր, որ այն անհատների ինքնությունները, որոնց Տերը դիմում էր հայտնություններում, հայտնի դարձվեին աշխարհին. հետևաբար, այս և հետագա որոշ հայտնությունների հրատարակության մեջ եղբայրներին, իրենց սեփական անվան փոխարեն դիմում էին այլ անուններով: Երբ որ անցավ այդ անհատների անուններն անհայտ պահելու անհրաժեշտությունը, դրանից հետո նրանց իրական անունները տրվեցին փակագծերում: Քանի որ այսօր որևէ կենսական անհրաժեշտություն չկա օգտագործելու ծածկագիր անունները, այժմ այստեղ գործածվում են իսկական անունները, ինչպես տրվել է բնագրերում:

1–4՝ Սրբերը պետք է կազմակերպեն ու հիմնեն մի շտեմարան. 5–12՝ Իրենց ունեցվածքի իմաստուն օգտագործումը կտանի դեպի փրկություն. 13–14՝ Եկեղեցին պետք է անկախ լինի երկրային իշխանություններից. 15–16՝ Միքայելը (Ադամը) ծառայում է Սուրբի (Քրիստոսի) ղեկավարության ներքո. 17–22՝ Օրհնված են հավատարիմները, քանզի նրանք կժառանգեն բոլոր բաները:

1 Տերը խոսեց Ջոզեֆ Սմիթ կրտսերի հետ՝ ասելով. Ականջ դրեք ինձ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դուք, որ կարգվել եք իմ եկեղեցու բարձրագույն քահանայությանը, որ հավաքվել եք միասին.

2 Եվ լսեք խորհուրդը նրա, ով կարգել է ձեզ բարձրից, ով իմաստության խոսքեր պիտի խոսի ձեր ականջին, որ դուք փրկություն ունենաք այն բանում, որը ներկայացրել եք իմ առաջ, ասում է Տեր Աստված:

3 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ժամանակը եկել է, և այժմ մոտ է. և ահա, տեսե՛ք, անպայման անհրաժեշտ է, որ իմ ժողովրդի մի կազմակերպություն լինի, իմ ժողովրդի աղքատների համար շտեմարանի գործերը կարգավորելիս և հաստատելիս, թե՛ այս վայրում և թե՛ Սիոնի հողում,–

4 Որպես մշտական և հավիտենական հաստատություն և կարգ, իմ եկեղեցու համար, որպեսզի առաջ գնա այն գործը, որը դուք հանձն եք առել՝ մարդու փրկության համար, և ձեր Հոր փառքի համար, որը երկնքում է.

5 Որպեսզի դուք հավասար լինեք երկնային բաների կապերի մեջ, այո, և նաև երկրային բաների մեջ՝ երկնային բաները ստանալու համար:

6 Քանզի, եթե դուք հավասար չեք երկրային բաներում, դուք չեք կարող հավասար լինել երկնային բաները ստանալիս.

7 Քանզի եթե դուք կամենում եք, որ ես ձեզ տեղ տամ սելեստիալ աշխարհում, դուք պետք է պատրաստվեք, կատարելով այն բաները, որոնք ես պատվիրել եմ ձեզ և պահանջել եմ ձեզանից:

8 Եվ արդ, ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Անհրաժեշտ է, որ բոլոր բաներն արվեն իմ փառքի համար, ձեր կողմից, որ միասին միացել եք այս միաբանության մեջ.

9 Կամ, այլ խոսքով, թող իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին և իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը, և իմ ծառա Սիդնի Ռիգդոնը խորհրդի նստեն սրբերի հետ, որոնք Սիոնում են.

10 Այլապես Սատանան փնտրում է հեռացնել նրանց սրտերը ճշմարտությունից, որ նրանք դառնան կույր և չհասկանան այն բաները, որոնք պատրաստված են իրենց համար:

11 Ուստի, ես պատվիրան եմ տալիս ձեզ՝ պատրաստվել և կազմակերպվել մի կապով կամ հավիտենական ուխտով, որը չի կարող դրժվել:

12 Եվ նա, ով դրժում է այն, պիտի կորցնի իր պաշտոնն ու դիրքը եկեղեցում, և պիտի հանձնվի Սատանայի հարվածներին, մինչև փրկագնման օրը:

13 Ահա, սա է նախապատրաստությունը, որով ես նախապատրաստում եմ ձեզ, և հիմքը, և օրինակը, որ տալիս եմ ձեզ, որով դուք կկարողանաք կատարել ձեզ տրված պատվիրանները.

14 Որ իմ նախախնամության միջոցով, չնայած նեղություններին, որոնք կիջնեն ձեր վրա, որ եկեղեցին կարողանա կանգնել անկախ՝ սելեստիալ աշխարհի տակ գտնվող բոլոր մյուս արարածներից բարձր.

15 Որ դուք կարողանաք հասնել ձեզ համար պատրաստված պսակին, և կառավարիչներ դարձվեք շատ արքայությունների վրա, ասում է Տեր Աստվածը, Սիոնի Սուրբը, որը հաստատել է Ադամ-օնդի-Ահմանի հիմքերը.

16 Որը ձեզ համար իշխան է նշանակել Միքայելին, և հաստատել է նրա ոտքերը, և դրել է նրան վերևում, և տվել է նրան փրկության բանալիները Սուրբի խորհրդի և ղեկավարության ներքո, որը չունի օրերի սկիզբ, ոչ էլ կյանքի վերջ:

17 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք փոքր երեխաներ եք, և դեռ չեք հասկացել, թե որքան մեծ օրհնություններ ունի Հայրն իր ձեռքում և ձեզ համար պատրաստած.

18 Եվ դուք չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. այնուամենայնիվ, ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ: Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են:

19 Եվ նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի. և այս աշխարհի բաները պիտի ավելացվեն նրա համար, նույնիսկ հարյուրապատիկ, այո, ավելի շատ:

20 Ուստի, կատարեք այն բաները, որոնք պատվիրել եմ ձեզ, ասում է ձեր Քավիչը, այսինքն՝ Ահման Որդին, որը պատրաստում է բոլոր բաները՝ նախքան նա ձեզ կվերցնի.

21 Քանզի դուք Անդրանիկի եկեղեցին եք, և նա կվերցնի ձեզ ամպի մեջ, և ամեն մարդու կնշանակի իր բաժինը:

22 Եվ նա, ով հավատարիմ և իմաստուն տնտես է, պիտի ժառանգի բոլոր բաները: Ամեն: