Սուրբ գրություններ
Մովսես 1


Ընտիր մասեր Մովսեսի գրքից

Քաղվածք Աստվածաշնչի թարգմանությունից, ինչպես հայտնի էր դարձվել Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, 1830 հունիս–1831 փետրվար:

Գլուխ 1

(1830թ. հունիս)

Աստված իրեն հայտնի է դարձնում Մովսեսին – Մովսեսը կերպարանափոխվում է – Սատանան հակադրվում է նրան – Մովսեսը տեսնում է բնակեցված բազում աշխարհներ – Անթիվ աշխարհներ են ստեղծվել Որդու կողմից – Աստծո գործն ու փառքն է՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը:

1 Աստծո խոսքերը, որոնք նա խոսեց Մովսեսի հետ, այն ժամանակ, երբ Մովսեսը հափշտակվեց մի չափազանց բարձր սար,

2 Եվ նա տեսավ Աստծուն դեմառդեմ, և խոսեց նրա հետ, և Աստծո փառքը Մովսեսի վրա էր. ուստի Մովսեսը կարողացավ դիմանալ նրա ներկայությանը:

3 Եվ Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. Ահա, ես եմ Ամենազոր Տեր Աստվածը, և Անվերջ է իմ անունը. քանզի ես առանց օրերի սկզբի եմ կամ տարիների վերջի. և մի՞թե դա անվերջ չէ:

4 Եվ ահա, դու իմ որդին ես. ուստի տե՛ս, և ես քեզ ցույց կտամ իմ ձեռքերի ստեղծագործությունը. բայց ոչ բոլորը, քանզի իմ գործերն անվերջ են, և նաև իմ խոսքերը, քանզի դրանք երբեք չեն դադարում:

5 Ուստի, ոչ ոք չի կարող տեսնել իմ բոլոր գործերը, եթե նա չտեսնի իմ ողջ փառքը. և ոչ ոք չի կարող տեսնել իմ ողջ փառքը, և դրանից հետո մնալ մարմնում՝ երկրի վրա:

6 Եվ ես աշխատանք ունեմ քեզ համար Մովսե՛ս, որդի՛ս. և դու իմ Միածնի նմանությամբ ես. և իմ Միածինն է՛ և կլինի Փրկիչը, քանզի նա լի է շնորհով ու ճշմարտությամբ. բայց չկա Աստված, ինձանից բացի, և բոլոր բաները ներկա են իմ առաջ, քանզի ես գիտեմ բոլոր բաները:

7 Եվ արդ, ահա, այս մի բանը ես ցույց եմ տալիս քեզ Մովսե՛ս, իմ որդի՛, քանզի դու աշխարհում ես, և այժմ ես այն ցույց եմ տալիս քեզ:

8 Եվ եղավ այնպես, որ Մովսեսը նայեց, և տեսավ աշխարհը, որի վրա նա ստեղծվել էր. Եվ Մովսեսը տեսավ աշխարհը և նրա ծայրերը, և բոլոր մարդկանց զավակներին, որոնք կային, և որոնք ստեղծվել էին. այդ ամենից նա մեծապես զմայլվեց և զարմացավ:

9 Եվ Աստծո ներկայությունը հեռացավ Մովսեսից, այնպես որ նրա փառքը Մովսեսի վրա չէր. և Մովսեսը թողնվեց ինքն իր հետ: Եվ երբ նա թողնվեց ինքն իր հետ, նա վայր ընկավ գետին:

10 Եվ եղավ այնպես, որ շատ ժամեր անցան, մինչև Մովսեսը կրկին ստացավ իր մարդկային բնական ուժը. և նա ինքն իրեն ասաց. Այժմ, այս պատճառով, ես գիտեմ, որ մարդը ոչինչ է, մի բան, որը երբեք չէի ենթադրել:

11 Բայց այժմ իմ սեփական աչքերը տեսան Աստծուն. բայց ոչ իմ բնական, այլ իմ հոգևոր աչքերը, քանզի իմ բնական աչքերը չէին կարող տեսնել. քանզի ես կչորանայի և կմահանայի նրա ներկայության մեջ. բայց նրա փառքն ինձ վրա էր. և ես տեսա նրա երեսը, քանզի ես կերպարանափոխվեցի նրա առաջ:

12 Եվ եղավ այնպես, որ երբ Մովսեսն ասաց այս խոսքերը, ահա, Սատանան եկավ՝ նրան փորձելով ասաց. Մովսես, մարդո՛ւ որդի, երկրպագիր ինձ:

13 Եվ եղավ այնպես, որ Մովսեսը նայեց Սատանայի վրա և ասաց. Ո՞վ ես դու: Քանզի ահա, ես Աստծո որդի եմ, նրա Միածնի նմանությամբ. և ո՞ւր է քո փառքը, որ ես երկրպագեմ քեզ:

14 Քանզի ահա, ես չէի կարողանում նայել Աստծուն, մինչև նրա փառքը չիջավ ինձ վրա և ես չկերպարանափոխվեցի նրա առաջ: Բայց քեզ վրա ես նայում եմ, որպես բնական մարդու: Այդպես չէ՞, անկասկած:

15 Օրհնյալ լինի իմ Աստծո անունը, քանզի նրա Հոգին ամբողջովին չի հեռացվել ինձանից, կամ թե չէ, ո՞րտեղ է քո փառքը, քանզի այն խավար է ինձ համար: Եվ ես կարող եմ տարբերել քեզ և Աստծուն. քանզի Աստված ինձ ասաց. Աստծուն երկրպագիր, քանզի դու միայն նրան պիտի ծառայես:

16 Դե՛ն գնա, Սատանա. ինձ մի խաբիր. քանզի Աստված ինձ ասաց. Դու իմ Միածնի նմանությամբ ես:

17 Եվ նա նաև տվեց ինձ պատվիրաններ, երբ նա կանչեց ինձ այրվող թփի միջից՝ ասելով. Կանչիր առ Աստված իմ Միածնի անունով և երկրպագիր ինձ:

18 Եվ կրկին Մովսեսն ասաց. Ես չեմ դադարի կանչել առ Աստված, ես ուրիշ բաներ ունեմ հարցնելու նրան. քանզի նրա փառքը եղել է ինձ վրա, ուստի ես կարող եմ տարբերել քեզ և նրան: Հեռացի՛ր այստեղից, Սատանա:

19 Եվ արդ, երբ Մովսեսն ասաց այս խոսքերը, Սատանան գոչեց բարձր ձայնով, և բղավեց երկրի վրա և հրամայեց՝ ասելով. Ե՛ս եմ Միածինը, ի՛նձ երկրպագիր:

20 Եվ եղավ այնպես, որ Մովսեսը սկսեց սաստիկ վախենալ, և երբ սկսեց վախենալ, նա տեսավ դժոխքի դառնությունը: Սակայն, կանչելով առ Աստված, նա ուժ ստացավ և հրամայեց՝ ասելով. Հեռացի՛ր ինձանից, Սատանա՛, քանզի այս մեկ Աստծուն միայն պիտի երկրպագեմ, որը փառքի Աստվածն է:

21 Եվ արդ, Սատանան սկսեց դողալ, և երկիրը ցնցվում էր. և Մովսեսն ուժ ստացավ, և կանչեց առ Աստված՝ ասելով. Միածնի անունով, հեռացի՛ր այստեղից, Սատանա:

22 Եվ եղավ այնպես, որ Սատանան գոչեց բարձր ձայնով, լացով և կոծով և ատամների կրճտոցով. և հեռացավ այնտեղից, այսինքն՝ Մովսեսի ներկայությունից, այնպես որ նա չտեսավ նրան:

23 Եվ արդ, այս բաների մասին Մովսեսը վկայեց. բայց ամբարշտության պատճառով մարդկանց զավակները չունեն այն:

24 Եվ եղավ այնպես, որ երբ Սատանան հեռացավ Մովսեսի ներկայությունից, որ Մովսեսը բարձրացրեց իր աչքերը դեպի երկինք, լցված լինելով Սուրբ Հոգով, որը վկայում է Հոր և Որդու մասին.

25 Եվ կանչելով Աստծո անունը՝ նա կրկին տեսավ նրա փառքը, քանզի այն նրա վրա էր. և նա լսեց մի ձայն, որն ասում էր. Օրհնված ես դու, Մովսե՛ս, քանզի ես՝ Ամենազորս, ընտրել եմ քեզ, և դու ավելի ուժեղ կդարձվես, քան շատ ջրերը. քանզի նրանք կհնազանդվեն քո հրամանին՝ ասես դու Աստված լինեիր:

26 Եվ ահա, ես քեզ հետ եմ, նույնիսկ մինչև քո օրերի վերջը. քանզի դու գերությունից կազատես իմ ժողովրդին, այսինքն՝ Իսրայելին, իմ ընտրյալին:

27 Եվ եղավ այնպես, մինչ ձայնը դեռ խոսում էր, Մովսեսն իր աչքերը բարձրացրեց և տեսավ երկիրը, այո, նույնիսկ ամբողջությամբ. և չկար դրա մի մասնիկ, որ նա չտեսներ, զանազանելով Աստծո Հոգով:

28 Եվ նա տեսավ նաև նրա բնակիչներին, և չկար մի հոգի, որին նա չտեսներ. և նա զանազանեց նրանց Աստծո Հոգով. և մեծ էր նրանց թիվը, նույնիսկ անթիվ, ինչպես ծովեզրի ավազը:

29 Եվ նա տեսավ շատ հողեր. և յուրաքանչյուր հող կոչվում էր երկիր. և դրանց երեսին բնակիչներ կային:

30 Եվ եղավ այնպես, որ Մովսեսը կանչեց առ Աստված՝ ասելով. Ասա ինձ, խնդրում եմ քեզ, ինչո՞ւ են այս բաներն այսպես, և ինչով ես դու արարել դրանք:

31 Եվ ահա, Տիրոջ փառքը Մովսեսի վրա էր, այնպես որ Մովսեսը կանգնած էր Աստծո ներկայության մեջ, և խոսում էր նրա հետ դեմառդեմ: Եվ Տեր Աստված ասաց Մովսեսին. Իմ անձնական նպատակի համար եմ ես արարել այս բաները: Այստեղ է իմաստությունը և այն մնում է ինձանում:

32 Եվ իմ զորության խոսքով եմ ես ստեղծել դրանք, որն է իմ Միածին Որդին, որը լի է շնորհով ու ճշմարտությամբ:

33 Եվ անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել. և դրանք նույնպես ես ստեղծել եմ իմ անձնական նպատակի համար. և Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է:

34 Եվ առաջին մարդուն, բոլոր մարդկանցից, ես կոչեցի Ադամ, որը բազում է:

35 Բայց միայն այս երկրի և նրա բնակիչների պատմությունն եմ ես քեզ տալիս: Քանզի ահա, բազում աշխարհներ կան, որ անցել են իմ զորության խոսքով: Եվ շատերը կան, որոնք այժմ կանգուն են, և դրանք անհաշվելի են մարդու համար. բայց ինձ համար բոլոր բաները հաշվելի են, քանզի դրանք իմն են, և ես գիտեմ դրանց:

36 Եվ եղավ այնպես, որ Մովսեսը խոսեց Տիրոջ հետ՝ ասելով. Ողորմած եղիր քո ծառայի հանդեպ, ո՜վ Աստված, և ասա ինձ այս երկրի և նրա բնակիչների և նաև երկինքների վերաբերյալ, և քո ծառան կգոհանա:

37 Եվ Տեր Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. Երկինքները շատ են, և դրանք անհաշվելի են մարդու համար. բայց ինձ համար դրանք հաշվելի են, քանզի դրանք իմն են:

38 Եվ ինչպես մի երկիրը և նրա երկինքները կանցնեն, ճիշտ այդպես կգա մեկ ուրիշը. և չկա վերջ իմ գործերին, ոչ էլ իմ խոսքերին:

39 Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը:

40 Եվ արդ, Մովսե՛ս, որդի՛ս, ես կխոսեմ քեզ հետ այս երկրի վերաբերյալ, որի վրա դու կանգնած ես. և դու պիտի գրես բաները, որոնք ես կասեմ:

41 Եվ այն օրը, երբ մարդկանց զավակները ոչինչ կհամարեն իմ խոսքերը և կհանեն դրանցից շատերն այն գրքից, որը դու կգրես, ահա, ես կբարձրացնեմ քեզ նման մեկ ուրիշին. և դրանք կրկին կլինեն մարդկանց զավակների մեջ՝ բոլոր նրանց մեջ, ովքեր կհավատան:

42 (Այս խոսքերն ասվել են Մովսեսին մի սարի վրա, որի անունը չի իմացվի մարդկանց զավակների մեջ: Եվ այժմ դրանք ասվում են ձեզ: Մի ցույց տվեք դրանք ոչ ոքի, բացի նրանցից, ովքեր հավատում են: Ճիշտ այդպես: Ամեն):