«Տաճարը և ձեր հավերժական ճամփորդությունը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ․:
Տաճարը և ձեր հավերժական ճամփորդությունը
Որքան օրհնված ենք մենք՝ Տիրոջ տան մեջ ուղղորդված լինելու համար:
Դուք ճամփորդության մեջ եք: Այն վաղուց է սկսվել՝ այն ժամանակ, երբ դուք ապրում էիք Երկնային Հոր հետ՝ որպես Նրա հոգևոր որդի կամ դուստր: Այժմ դուք այստեղ եք՝ Երկրի վրա: Ձեր հոգին գտնվում է ֆիզիկական մարմնի մեջ, որպեսզի հասկանա այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ կլինի՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու և Նրա օրհնություններին արժանի լինելու համար: Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարներում դուք կսովորեք այս հավերժական ճամփորդության ամենամեծ քայլերից մի քանիսը:
Տաճարները ողջ աշխարհում
Երբ ես ծնվեցի 1928թ., կային ընդամենը յոթ տաճարներ: Այժմ մենք ունենք բազմաթիվ տաճարներ ողջ աշխարհում: Եվ դեռ ավելի շատ կլինեն: Տաճարները մեզ ուրախություն են բերում, ինչպես նաև այն զորությունը, որը մեզ անհրաժեշտ է մեր հավերժական ճամփորդության ընթացքում:
Ոչ մի շենք աշխարհում, նույնիսկ ամենաշքեղը, չունի այն, ինչ ունի տաճարը: Փրկիչն ասաց Պետրոսին, որ նա այնպիսի զորություն և իշխանություն կսատանա, որ «այն որ կապի երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը» (Մատթեոս 16.19): Սա կարևոր հայտարարություն է: Տաճարները քահանայության զորությամբ նվիրաբերված են որպես սրբազան արարողությունները կատարելու մի վայր: Այս արարողությունները արդյունավետ են վարագույրի երկու կողմերում:
Հավերժական ընտանիքների ուրախությունը
Իմ կինը՝ Բարբարան, մահացավ մոտ չորս տարի առաջ: Բայց քանի որ մենք մտել ենք Տիրոջ տուն և քահանայության զորությամբ կնքվել ենք որպես ամուսին և կին, մենք ընդմիշտ կապված ենք միմյանց հետ մեր յոթ զավակների, 43 թոռների և ավելի քան 100 ծոռների միջոցով: Ի՜նչ հրաշալի բան է տաճարը: Իմ սիրտը լցված է ուրախությամբ, քանի որ իմ ընտանիքն ընդմիշտ միասին կլինի: Եվ ձեր ընտանիքը նույնպես կարող է ընդմիշտ միասին լինել:
Երբ իմ տարիքին հասնեք, դուք արդեն չեք կամենա շատ գումար վաստակել կամ թանկարժեք մեքենա վարել: Ամենաթանկ բանը ձեր կյանքում կլինի ձեր ընտանիքը՝ ոչ միայն այն ընտանիքը, որն ունեք այստեղ, այլ նաև ձեր հավերժական ընտանիքը:
Վերականգնված ճշմարտության զորությունը
Դուք գիտեք, թե ով եք դուք. Աստծո՝ անսահման ներուժ ունեցող որդին կամ դուստրը: Դուք գիտեք, թե որտեղից եք եկել, ինչու եք այստեղ, և ինչ է ձեզ սպասվում գալիք աշխարհում:
Ես ապշած եմ, որ այս ճշմարտությունները եկան, երբ մի երիտասարդ տղա ծնկի իջավ և աղոթեց մի պուրակում: Հայրը և Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և ավետարանի ճշմարտությունները աստիճանաբար վերականգնվեցին:
Ես անչափ երախտապարտ եմ Ջոզեֆ Սմիթին: Աստծո ծրագրի, Հիսուս Քրիստոսի Քավության կենտրոնական դերի և ընտանիքների ու տաճարների հավերժական կարևորության մեր վերականգնված ընկալումը սկսվեց նրանից: Մենք կշարունակենք տաճարներ կառուցել և նոր տաճարների մասին հայտարարել, քանի որ Վերականգման մեծ ու շարունակվող ուղերձը ընդգրկում է ողջ աշխարհը:
Վերականգնված ճշմարտությունները, հատկապես տաճարային արարողությունների միջոցով սովորած ճշմարտությունները, մեր կյանքում նոր հեռանկարներ են բացում և մեզ զորություն են տալիս շարունակել մեր հավերժական ճամփորդությունը:
Տաճարը դարձրեք ձեր կյանքի մասը
Ձեզ համար, գուցե, դժվար է պատկերացնել, որ այն, ինչ դուք անում եք այսօր, կարող է մեծ կարևորություն ունենալ տարիներ անց կամ նույնիսկ՝ այս կյանքից հետո: Սակայն հիշեք ձեր հավերժական ճամփորդության մասին: Երբ մկրտվում և հաստատվում եք, դուք կարևոր քայլեր եք ձեռնարկում ձեր ճամփորդության շրջանակներում:
Դուք կարող եք օգնել մահացածներին առաջ շարժվել իրենց ճամփորդության մեջ՝ նրանց համար տաճարում մկրտվելով և հաստատվելով: Ես դա բազմաթիվ անգամներ եմ արել, երբ ձեր տարիքին էի: Ես հիշում եմ, որ մի անգամ ես մկրտվեցի ավելի քան 60 մարդու համար: Այդ օրը ես շունչ քաշելու ժամանակ չունեի:
Եթե հնարավորություն ունեք տաճար գնալ, արեք դա: Որքան հնարավոր է հաճախ գնացեք տաճար: Մի կենտրոնացեք այն բաների վրա, որոնք կարող եք ձեզանից ժամանակ խլել և շեղել ձեզ իրական ու հավերժական բաներից: Նույնիսկ եթե դուք տաճարից հեռու եք ապրում, այժմ կենտրոնացեք և պատրաստվեք, որպեսզի արժանի լինեք մտնել տաճար:
Այժմ պատրաստվեք ձեր տաճարային օրհնություններին
Ձեր ստացած առաջին տաճարային արարողություններից մեկը օժտումն է: Քահանայության զորության այս պարգևը մատչելի է Աստծո բոլոր զավակների համար: Մենք ստանում ենք այս զորությունը՝ ստանալով այն արարողությունները և պահելով այն ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարում ամեն օր:
Դուք կարող եք պատրաստվել օժտմանը և այլ տաճարային արարողություններին՝ խորհելով, աղոթելով և սովորելով տաճարի մասին: Եթե ձեզ ծնողները կամ տատիկներն ու պապիկները եղել են տաճարում, խոսեք նրանց հետ, թե ինչպիսի փառահեղ օրհնություն է դա: Ձեր եպիսկոպոսը և այլ ղեկավարները կօգնեն ձեզ: Ես նաև հույս ունեմ, որ դուք կգտնեք լավ ընկերներ, որոնք կաջակցեն ձեզ: Դուք երախտապարտ կլինեք, երբ տաճար գնալիս պատրաստ կլինեք ստանալ այն բոլոր հրաշալի խոստումներն ու օրհնությունները, որոնք Տերը ցանկանում է, որ դուք ստանաք:
Ճամփորդությունը շարունակվում է
Մեր կյանքի նպատակն է նախապարտաստվել հաջորդ կյանքին: Երկնային Հոր մեծ ծրագիրը չի ավարտվում մեր մահով, որովհետև մեր հոգին երբեք չի մահանում: Այն գնում է հոգևոր աշխարհ, որպեսզի շարունակի սովորել, ծառայել և սպասել Հարությանը: Այնուհետև «պիտի կրկնուի ամեն ծունկ եւ ամեն լեզու երդում կանէ», որ Հիսուսը Քրիստոսն է (տես Եսայիա 45.23): Նրա Քավության և Հարության շնորհիվ մեր մարմիններն ու հոգիները կմիանան և մեր ճամփորդությունը կշարունակվի հավերժության մեջ: Ինչպիսի փառահեղ օրհնություն կլինի դա բոլորիս համար:
Երբ ամեն ինչ ասված և արված է, հավերժական կարևորություն ունեցող ամեն բան կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության վրա: Նրա մասին ձեր գիտելիքը և Նրա հանդեպ ձեր հավատքը կաճեն տաճարում ձեր ծառայության ընթացքում: Դուք կզգաք Նրա անսահման սերը ձեր հանդեպ և ուրախություն ու հոգևոր զորություն կվայելեք ձեր կյանքի ընթացքում: