2022
Ոչ ոք՝ բացի ձեզանից
Հուլիս 2022


«Ոչ ոք՝ բացի ձեզանից», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.:

Եկ, հետևիր ինձ

Եսթեր

Ոչ ոք՝ բացի ձեզանից

Տերը պատրաստեց Եսթերին նրա կարևոր գործի համար, և Նա նույն բանն է անում ձեզ համար:

Հենց հիմա պատահական մի բան արեք: Ցանկացած բան: Թափահարեք ձեր ձեռքերը գլխավերևում, պտտվեք կամ խելահեղ բաներ գոռացեք, օրինակ՝ «Ես սիրում եմ բանանով հացը»:

Արեցի՞ք այդ ամենը: Լավ է: Այս պահին դուք արեցիք մի բան, որը երբևէ չեք արել նախկինում: Որքան էլ տարօրինակ թվա, ինչ էլ որ նոր արեցիք, նույնիսկ, եթե դուք ուղղակի մտածել եք դրա մասին՝ առանց դա անելու, երբևէ չի արվել հենց այս ձևով: Ոչ այնտեղ, որտեղ դուք եք, ոչ հենց այս պահին և ոչ էլ ձեր կողմից:

Այս փոքրիկ խենթ վարժությունը ցուցադրում է հետևյալ կարևոր կետը. չկա ոչ ոք, ով լիովին ձեզ է նման կամ գտնվում է հենց ձեր հանգամանքներում: Դա չի վերաբերում նույնիսկ ձեր եղբորը կամ քրոջը: Ամբողջ աշխարհում չկա մի մարդ, ով ունի տաղանդների, կարողությունների, ընկերների, ընտանիքի, հոգևոր պարգևների և անձնական հեռանկարների հենց ձեր համադրությունը:

Ինչպես Եսթերը Հին Կտակարանից, դուք «հենց այս պահին» (Եսթեր 4.14) եզակիորեն արժանի եք բարի ազդեցություն ունենալ ձեր ծանոթների կյանքի վրա:

Դուք կարևոր բաներ ունեք անելու:

Որբից մինչև թագուհի

Այս ամիս Ե՛կ, հետևիր ինձ ծրագրի շրջանակներում Հին Կտակարանն ուսումնասիրելիս դուք կսովորեք Եսթեր անունով մի նշանավոր հրեա կնոջ մասին: Փոքր տարիքում Եսթերը որբ էր մնացել, և նրան դաստիարակել էր նրա ազգականը՝ Մուրթքեն: Նա մեծացել էր այն ժամանակ, երբ հրեաները օտար ազգի լծի տակ էին:

Լինելով մի որբ աղջիկ օտար երկրում՝ Եսթերը երբևէ չէր կարող պատկերացնել, որ ինքը մի օր կդառնա թագուհի: Բայց հենց դա էլ կատարվեց (Եսթեր 2): Նրան ընտրեցին որպես Ասուերոս թագավորի հարսնացու:

Բայց մի օր նա բախվեց սարսափելի մարտահրավերի. Եսթերի ժողովուրդը՝ հրեաները, հանկարծակի ոչնչացման վտանգի առաջ էին հայտնվել։ Հետևելով իր խորհրդականների խորհրդին, նրա ամուսինը՝ թագավորը, որոշում կայացրեց, որ քաղաքի յուրաքանչյուր հրեա կսպանվի իր նշած օրը:

Քաղաքում բազմաթիվ մարդիկ էին ապրում: Այնտեղ կային նաև բազում հրեաներ: Բայց կար միայն մեկ Եսթեր թագուհի: Եվ նա միակն էր, ով կարող էր կանգնեցնել այդ արհավիրքը:

Ինչպես Եսթերի դեպքում, դուք էլ եք միակը: Դուք հենց այն մեկն եք, ով կարող է անել, այն ինչ դուք կարող եք անել՝ այն բաները, որոնք Տերն է ցանկանում, որ դուք անեք: Այն բաները, որոնք կարող են փրկել բազում մարդկանց:

Աղոթքների պատասխանը

Փառք Աստծո, որ այսօր քիչ հավանականություն կա, որ դուք առնչվեք նույնպիսի վտանգավոր և սարսափելի բանի հետ, ինչպիսին էր Եսթերի իրավիճակը: Սակայն դա չի նշանակում, որ ձեր կյանքի նպատակը պակաս կարևոր է:

Ինչպես Եսթերի դեպքում, ձեզ էլ են ուղղորդել և պատրաստել լինել այն, ինչ դուք կաք հիմա: Եվ այդ պատրաստությունը կշարունակվի, եթե դուք հետևեք Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք շատ մարդկանց առօրյա աղոթքների պատասխանը լինել:

Սակայն, նույնիսկ ձեր բոլոր տաղանդների և կարողությունների դեպքում, միշտ ավելի լավ է հոգևոր օգնություն խնդրել, ինչպես Եսթերն էր արել:

Հավատքը, համոզվածությունը և դուք

Եսթերը գիտեր, որ ինքը պետք է փորձի փրկել իր ժողովրդին: Նա նաև գիտեր, որ ինքը լրացուցիչ հավատքի և իր ժողովրդի աջակցության կարիքն ունի, և դրա համար օգնություն էր խնդրում Աստծուց: «Գնա ժողովիր Շուշանում գտնվող բոլոր Հրեաներին, և ծոմ պահեցեք ինձ համար, և երեք օր գիշեր և ցերեկ ոչ կերեք և ոչ խմեցեք. Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու, և այնուհետև թագավորի մոտ պիտի գնամ թէև օրենք չէ, և եթե մեռնեմ թող մեռնեմ» (Եսթեր 4.16):

Նկար
Եսթեր

Եսթեր, Ջեյմս Լ. Ջոնսոնի

Երբ կյանքը դժվարանում է, հավատքով լի մարդը ավելի մեծ եռանդով է դիմում Աստծուն: Եսթերը օգնության կարիք ուներ: Նա ոչ միայն պետք է համոզեր իր ամուսնուն չեղարկել իր որոշումը, այլ նաև վտանգի էր ենթարկում իր սեփական կյանքը՝ գնալով թագավորի մոտ առանց նրա հրամանի (ինչը օրենքի խախտում էր, նույնիսկ թագուհու համար):

Դուք զգացիք նրա համոզվածությունն ու հավատքը: Արժե, որ դուք մեկ անգամ ևս կարդաք Եսթերի այս խոսքերը. «Եթե ես կործանվելու եմ, թող կործանվեմ»: Այս զորավոր խոսքերը համահունչ են Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի՝ Նաբուգոդոնոսորին ասված խոսքերի հետ, երբ նրանք հրաժարվեցին երկրպագել թագավորի ոսկի արձանին:

Նույնիսկ, երբ նա սպառնաց, որ նրանց կգցի կրակով բորբոքված հնոցի մեջ, նրանք քաջաբար ասացին. «Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. Եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ։

Եւ եթէ ոչ , թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում» (Դանիել 3.17-18, շեշտադրումն ավելացված է):

«Եւ եթէ ոչ» և «Եթե ես կործանվելու եմ, թող կործանվեմ» արտահայտությունները հավատքի անհավանական հայտարարություններ են: Այսպիսի զորեզ հավատքը գոյություն ունի՝ անկախ արդյունքից: Եսթերի քաջությունը փրկեց նրա ժողովրդին: Նա հենց սկզբից գիտեր, ինչպես և Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որ չնայած հավատքն ընտրելու արդյունքները ոչ միշտ են հաստատուն, արդար գործ կատարելը միշտ էլ ճիշտ ընտրություն է:

Դուք նույնպես կունենաք այնպիսի պահեր, երբ արդար ճանապարհը կարող է դժվար լինել: Մեզանից ոչ ոք ազատ չէ մահկանացու կյանքի փորձություններից: Բայց այստեղ նույնպես դուք կարող եք որոշել Եսթերի նման լինել: Ընտրեք արդարակեցությունը՝ անկախ հետևանքներից:

Ամեն դեպքում, դուք այն միակն եք, ով երբևէ կլինի և աշխարհն ավելի լավը դարձնելու ձեր «այսպիսի ժամանակը» հենց հիմա է:

Տպել