2008
Որովհետև հայրս կարդաց Մորմոնի Գիրքը
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Որովհետև հայրս կարդաց Մորմոնի Գիրքը

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ այսօր` կարդացեք Մորմոնի Գիրքը և կիրառեք այնտեղ պարունակվող խոստումը: Նրանք, ովքեր դա կանեն, կիմանան, որ այդ գիրքը ճշմարիտ է:

Elder Marcos A. Aidukaitis

Բարի լույս, սիրելի եղբայրներ և քույրեր: Ես շատ ուրախ եմ և պատիվ ունեմ խոսելու այսօր ձեզ հետ: Ես աղոթում եմ, որ Աստված ուղղորդի իմ խոսքերը և Նրա Հոգին մեզ հետ լինի, որ «նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է , հասկանան միմյանց, և երկուսն էլ շենանան և միասին ցնծան» (ՎևՈւ 50.22):

Ես համարում եմ, որ 1940 թվի հունիսի 2-ը շատ կարևոր օր է իմ ընտանիքի պատմության մեջ: Այդ օրը հայրս մկրտվեց այս Եկեղեցում:

Գրելով իր հորը, միսիոներներից մեկը, Երեց Ջաք Մակդոնալդը, որը մկրտել էր հորս, այսպես է նկարագրել այդ օրը.

«Անցյալ կիրակին հատկապես գեղեցիկ օր էր: Մենք միսիոներներս գնացինք արդեն իսկ նախատեսված վայրը, քաղաքից դուրս, գետափին և այնտեղ Երեց Ջոնսը և ես [Երեց Մակդոնալդ] կատարեցինք մեր առաջին մկրտությունը: Էնտոնի Այդուկայտիսը մտավ սառը ջուրը և դարձավ Եկեղեցու անդամ: … Ամեն ինչ կատարյալ էր: Երկինքն այնքան կապույտ էր, դաշտերն այնքան հանդարտ ու կանաչ, այնքան սքանչելի, որ մենք իսկապես զգում էինք ինչ-որ մեծ ազդեցության ներկայությունը»:

«Երբ տուն էինք վերադառնում մեր նոր անդամի հետ, նա ասաց, որ պարզապես անկարող է բացատրել, թե որքան սքանչելի օր է իր համար, որքան իրական է զգում, որ ինքը նոր մարդ է: … Դա մեր առաջին մկրտությունն էր,- չարժե գովել ոչ ինձ, ոչ էլ որևէ մեկին: Նա ինքնուրույն է դարձի եկել»:

Այդ իրադարձությունը փոխեց իմ կյանքի պատմությունը: Չգիտեմ, արդյոք հայրս կարողացել է կանխատեսել իր կատարածի իմաստությունը, սակայն ես սիրում եմ նրան այն բանի համար, որ նա կատարել է այդ օրը: Նա 30 տարուց ավել է արդեն մահացել է, սակայն ես հավետ կպատվեմ և կօրհնեմ նրա անունը:

Լինելով ազգությամբ լիտվացու որդի, հայրս ծնվել է Շոտլանդիայում: Նա տեղափոխվել է Բրազիլիա, երբ դեռևս տարիքով փոքր է եղել: Անգլերեն լեզվով խոսելն օգնել է նրա դարձի գալուն, քանի որ կարողացել է կարդալ անգլերեն Մորմոնի Գիրքը, պորտուգալերենով թարգմանությունը դեռևս մատչելի չէր: Լեզվական այդ անջրպետը խանգարել է մորս միանալ Եկեղեցուն մի քանի տարի շարունակ, սակայն Եկեղեցուն միանալով նա դարձել է նվիրվածության մեծ օրինակ մյուսների համար և Աստվածային սեր մեր ընտանիքում: Այժմ նա 92 տարեկան է, և այսօր այստեղ է գտնվում: Ինձ մեծ ուրախությամբ եմ ասում, որ ես սիրում եմ նրան իր մեծ հավատարմության համար: Ես առհավետ կպատվեմ և կօրհնեմ նրա անունը ևս:

Ես հիանում եմ հորս քաջությամբ, որ հայրս մկրտվեց Եկեղեցում, չնայած այդ ժամանակ նրա դեմ ծառացած հանգամանքներին: Հեշտ չէր նրա համար: Նրա կինը չէր մկրտվել իր հետ: Ոգելից խմիչք խմելու և ծխելու ձայները ուժեղ գայթակղություններ էին նրա համար: Նա աղքատ էր: Նրա մայրը դեմ էր, որ նա միանա Եկեղեցուն, և նա զգուշացրել էր, որ եթե նա մկրտվի, ինքն այլևս նրան իր որդին չի համարի: Բրազիլիայում մոտ 300 անդամից բաղկացած Եկեղեցին չուներ աղոթատուն: Ինձ իսկապես ապշեցնում է հորս վճռականությունն ու քաջությունը:

Ինչպե՞ս կարող էր նա նման որոշում կայացնել այդքան անբարենպաստ պայմաններում: Պատասխանը հստակ է` որովհետև հայրս կարդացել էր Մորմոնի Գիրքը: Կարդալով այդ գիրքը, նա իմացել էր վերականգնման ուղերձի ճշմարտության մասին: Մորմոնի Գիրքն ապացուցում է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: «Քարոզիր Իմ Ավետարանը» ուսուցանում է, որ «Մորմոնի Գիրքը, Հոգու հետ միասին, դարձի գալու ամենահզոր միջոցն է» ([2004], 104):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հայտարարել է. «Նրանք, ովքեր աղոթքով են կարդացել Մորմոնի Գիրքը, լինեն աղքատ, թե հարուստ, գիտուն, թե անգետ, աճել են դրա զորության ներքո… .

«Առանց վերապահման ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք աղոթքով կարդաք Մորմոնի Գիրքը, անկախ նրանից, թե քանի անգամ եք նախկինում կարդացել այն, ձեր սիրտ կներթափանցի… . Տիրոջ Հոգին: Զորացած վճռականություն ձեռք կբերեք նրա պատվիրաններին հնազանդ քայլելու, և ավելի ամուր վկայություն ձեռք կբերեք Աստծո Որդու կենդանի իրականության մասին» (“The Power of the Book of Mormon,” Ensign, June 1988, 6; տես նաև “The Book of Mormon,” Tambuli, Oct. 1988, 7):

Այդ խոստումները իրականացան իմ հոր և իմ ընտանիքի համար: Այն, ինչ մեզ ուսուցանվել է, ամեն օր մենք կարդացել ենք սուրբ գրություններն ընտանիքով: Մենք այդպես ենք վարվում տարիներ շարունակ: Մեր տանը մենք արդեն մի քանի անգամ կարդացել ենք Մորմոնի Գիրքը, և կշարունակենք կարդալ: Ինչպես խոստացվել է, Տիրոջ Հոգին թափանցել է մեր ընտանիքի սիրտը, և մենք զորացած վճռականություն ենք զգացել` քայլելու Նրա պատվիրաններին հնազանդ և ավելի ամուր վկայություն ձեռք բերել Աստծո Որդու կենդանի իրականության վերաբերյալ:

Երբ գիտեք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, դուք գիտեք, որ Ջոզեֆ Սմիթը կանչվել է Աստծո կողմից վերականգնելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա: Դուք գիտեք, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հորն ու Որդուն: Դուք գիտեք, որ կա միայն մեկ հավատք և մեկ օրինական մկրտություն: Դուք գիտեք, որ Աստծո մարգարե է ապրում երկրի վրա այսօր, և որ նա կրում է քահանայության բոլոր բանալիները և դրանք գործադրելու իրավունքը, ինչպես Պետրոսը հին ժամանակներում: Դուք գիտեք, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, միակ անունը, որով դուք կարող եք փրկություն ստանալ: Դուք գիտեք, որ Հայր Աստվածն ապրում է, և Նա սիրում է մեզ: Դուք գիտեք, որ Նրա փրկության ծրագիրը կատարյալ է, և դուք ցանկանում եք արարողություններ կատարել, պատվիրաններով ապրել և համբերել մինչև վերջ:

Ես տխրում եմ, երբ որևէ մեկին տալիս են Մորմոնի Գիրքը և այդ ամենը բացատրում, նա այնուամենայնիվ հրաժարվում է կարդալ այն: Ես տխրում եմ, որ մարդիկ հանդուրժում են ընկնել մյուսների ազդեցության տակ, հրաժարվում են հետազոտել գիրքը և այն դնում են մի կողմ որպես անարժեք մի բան, երբեք չմասնակցելով այն հոգևոր խնջույքին, որ այդ գիրքն է առաջարկում: Ինձ համար սա անհասկանալի է: Դա նման է իր սիրելի հորից բաժանված երեխային, որը հրաժարվում է կարդալ նրանից ստացած նամակը, անգամ չբացելով ծրարը: Այդպիսի ընտրություն կատարողները նման են այն կամակոր երեխաներին, որոնք հրաժարվում են անգամ համտեսել ճաշը, որն այնքան խնամքով պատրաստել է իրենց սիրող մայրը:

Աստված բացահայտում է Իր ճշմարտությունը, երբ մարդիկ հետևում են Մորոնիիի հորդորին Մորոնի 10.3–5-ում: Քարոզիր Իմ Ավետարանը ամփոփում է Մորոնիի հրահանգները հետևյալ ձևով.

  • Առաջին, «կարդացեք Մորմոնի Գիրքը և խորհեք Հիսուս Քրիստոսի մասին ուղերձի շուրջ»:

  • Երկրորդ, «առ Հիսուս Քրիստոս հավատով աղոթեք Աստծուն, որպեսզի վկայություն ստանաք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է»:

  • Երրորդ, «անկեղծորեն աղոթեք և սրտի իրական փափագ ունեցեք, որը նշանակում է, որ նրանք նպատակադրված են գործել ըստ Աստծուց ստացված պատասխանի» (111):

Նրանց, ովքեր կարող են պատճառաբանել, որ մենք չենք կարող իմանալ այս բաները, ես վկայում եմ, որ մենք կարող ենք իմանալ, եթե այնքան խոնարհ լինենք, որ գործենք ինչպես Աստված է պատվիրել մեզ այս երկրի վրա Իր մարգարեների միջոցով: Եթե հակառակն ենք մտածում, ապա ընդունում ենք անհեթեթ գաղափարը, որ Աստված չգիտի, թե որտեղ կարելի է ճշմարտություն գտնել կամ զորություն չունի այն մեզ ցույց տալու: Քանի որ ինչ-որ մեկը չի գործել այս գրքի խոստումով, չի նշանակում, որ մյուսները այդպես չեն վարվել:

Ինչո՞ւ եմ ես սիրում և պատվում հորս անունը: Որովհետև հայրս կարդացել և գործել է ըստ Մորմոնի Գրքի խոստման: Ինչո՞ւ եմ ես սիրում և պատվում հորս անունը: Որովհետև նա չի խորշել իր ստացած պատասխանից, նույնիսկ շատ դժվար պայմաններում: Ինչո՞ւ եմ ես սիրում և պատվում հորս անունը: Որովհետև նա օրհնել է իմ կյանքը, նույնիսկ իմ ծնվելուց առաջ, քաջություն ունենալով կատարելու այն, ինչ Աստված ակնկալել է իրենից:

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ այսօր` կարդացեք Մորմոնի Գիրքը և կիրառեք այնտեղ պարունակվող խոստումը: Նրանք, ովքեր դա կանեն, կիմանան, որ այդ գիրքը ճշմարիտ է:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Դրա շնորհիվ, ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է: Ես գիտեմ, որ նա չի գրել Մորմոնի Գիրքը, այլ թարգմանել է այն Աստծո զորությամբ: Ես գիտեմ, որ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է երկրի վրա այսօր, միակ մարդը երկրի վրա, որը կրում է քահանայության բոլոր բանալիները և ունի դրանք գործադրելու իրավունքը: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, Նա ապրում է: Ես գիտեմ, որ Աստված ապրում է և սիրում է մեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: