Ճանապարհը
Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում: Հիսուս Քրիստոսն է Ճանապարհը:
Հիսուս Քրիստոս, Ալֆա և Օմեգա, Սկիզբ և Վերջ
«Սկզբումն էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: …
Նորանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն է»:1
Նա ասաց. «Ես եմ Ալֆան և Օմեգան՝ Քրիստոս Տերը. Այո, նույնիսկ ես նա եմ՝ սկիզբը և վերջը՝ աշխարհի Քավիչը»:2
Նա ասաց. « … ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նորան, նա հավիտյան չի ծարավիլ. այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, ջրի աղբյուր կլինի նորանում, որ հավիտենական կյանքի համար կբխէ»:3
Նա ասաց. «Ես եմ կյանքի հացը. Ինձ մոտ եկողը չի սովիլ, և ինձ հավատացողը երբեք չի ծարավիլ»:4
Նա ասաց. «Ես եմ աշխարհքի լույսը. Ով որ իմ ետևից գայ, նա խավարումը չի գնալ, այլ կյանքի լույսը կընդունի»:5
Նա ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի:
Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ»: 6
Նա ասաց. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. Ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»:7
Հիսուս Քրիստոսը ճանապարհն է: Նա Լույսն է և Կյանքը, Հացը և Ջուրը, Սկիզբը և Վերջը, Հարությունը և Կյանքը, աշխարհի Փրկիչը, Ճշմարտությունը և Ճանապարհը:
Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում: Նա է Ճանապարհը: Յուրաքանչյուր այլ ճանապարհ, ցանկացած այլ ճանապարհ, ինչպիսին էլ որ լինի, անմտություն է:
Նա առաջարկում է բարեկեցության ջուր: Կամ մենք խմում ենք և այլևս երբեք չենք ծարավում, կամ չենք խմում և հիմարավարի մնում ծարավ:
Նա Կյանքի Հացն է: Կամ մենք ուտում ենք և այլևս քաղց չենք զգում, կամ չենք ուտում և հիմարաբար մնում ենք թույլ և սոված:
Նա Աշխարհի Լույսն է: Կամ մենք հետևում ենք Նրան և պարզ տեսնում, կամ չենք հետևում և հիմարաբար մնում կույր ու խավարի մեջ:
Նա Հարությունն է և Կյանքը: Նա ասել է. « … այն բանն որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք է»:8 Կամ մենք սովորում ենք Նրանից և ավելի լիարժեք9 կյանք ունենում, կամ չենք սովորում և հիմարաբար մնում խուլ:
Նա աշխարհի Փրկիչն է: Կամ մենք ընդունում ենք Նրա Քավության օրհնությունները և դառնում մաքուր, անարատ ու արժանի ունենալու Նրա Հոգին, կամ ոչ, և հիմարաբար մնում միայնակ և աղտոտված:
Նա է Ճանապարհը:
Ոչ մի այլ Աստված
«Մենք հավատում ենք Աստծուն, Հավերժական Հորը, և Նրա Որդուն, Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»:10 Հոր ծրագիրը իրագործվեց Որդու կողմից, որպեսզի մենք կարողանանք ունենալ Սուրբ Հոգին: Նա ասել է. “Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս»:11
Միայն Աստված կարող է օրհնել մեզ: Միայն Նա կարող է աջակցել մեզ: Միայն Նա կարող է ստիպել մեր սիրտը բաբախել և շունչ տալ մեզ: Միայն Նա կարող է պահպանել և պաշտպանել մեզ: Միայն Նա կարող է մեզ ուժ տալ՝ կրելու կյանքի բեռը: Միայն Նա կարող է մեզ տալ զորություն, գիտելիք, խաղաղություն և ուրախություն: Միայն Նա կարող է ներել մեր մեղքերը: Միայն Նա կարող է բուժել մեզ: Միայն Նա կարող է փոխել մեզ և ձևավորել աստվածային հոգի: Միայն Նա կարող է մեզ ետ բերել Նրա ներկությունը: Եվ միայն Նա կկատարի այդ ամենը և ավելին, եթե մենք միայն հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները: Այդ դեպքում ի՞նչ մենք պետք է անենք: Մենք կհիշենք Նրան ու կպահենք Նրա պատվիրանները: Դա միակ խելացի բանն է, որ պետք է արվի:
Հիսուսը մկրտում է Սուրբ Հոգով
Հովհաննես Մկրտիչն ասել է, որ մինչ ինքը մկրտում էր ջրով, Հիսուսն եկավ մկրտելու «Սուրբ Հոգով»:12
Այս կյանքում չկա ավելի արժեքավոր բան, քան Սուրբ Հոգու գերագույն պարգևը: Դա ուրախության, խաղաղության, գիտելիքի, ուժի, սիրո և ամեն լավ բանի աղբյուր է: Քավությամբ դա մի զորություն է, որով մենք կարող ենք փոխվել և ուժեղ դառնալ, ինչում որ թույլ ենք: Քահանայությամբ դա մի զորություն է, որով ամուսնությունները և ընտանիքները հավերժ կնքվում են միասին: 13 Դա ա յն զորությունն է, որով Տերը Իրեն բացահայտում է նրանց, ովքեր հավատում են Իրեն:14 Ամեն լավ բան կախված է մեր կյանքում Սուրբ Հոգու զորությունը ստանալուց և այն պահելուց: Ամեն ինչ կախված է դրանից:
Այդ պատճառով, Հիսուս Քրիստոսը մտավ Գեթսեմանի կոչվող այգին, որտեղ Նա հաղթահարեց մեղքերը մեր փոխարեն: Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը: Նա պատիժ կրեց մեր սխալների համար: Նա վճարեց մեր կրթության գինը: Ես չգիտեմ, թե ինչպես Նա կատարեց այն, ինչ կատարեց: Ես միայն գիտեմ, որ արեց դա, և որովհետև Նա արեց դա, ես և դուք կարող ենք ներվել մեր մեղքերից, որպեսզի օժտվենք Նրա զորությամբ: Ամեն ինչ կախված է դրանից: Այդ դեպքում ի՞նչ մենք պետք է անենք: Մենք «[մեզ] վրա կվերցնենք Որդու անունը, և միշտ կհիշենք նրան և կպահենք նրա պատվիրանները, որ նա տվել է մեզ, որպեսզի նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենանք»: 15 Ամեն ինչ կախված է մեզանից:
«Իմ լուծը հեշտ է, և իմ բեռը թեթև»
Մարդկանց առավել տարածված ու գայթակղիչ փիլիսոփայություններից մեկն է. «ապրիր քո ձևով, արա քոնը, եղիր ինքդ դու, թույլ մի տուր, որ ուրիշները ասեն, ինչ անել»: Բայց Տերն ասել է. «Ես եմ Ճանապարհը»:16 Նա ասել է. «Իմ ետևից եկ»:17 Նա ասել է. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»:18
Մի մտածեք, թե չեք կարող: Մենք կարող ենք կարծել, թե իրականում չենք կարող հետևել Նրան, որովհետև Նրա կյանքի չափանիշն այնքան ապշեցուցիչ բարձր է, որ թվում է անհասանելի: Մենք կարող ենք մտածել, թե դա շատ դժվար է, շատ բարձր, շատ բազմաթիվ և մեր ունակություններից դուրս, համենայն դեպս այժմ: Երբեք մի հավատացեք դրան: Թեև Տիրոջ չափանիշն ամենաբարձրն է, անգամ մի կարծես, թե այն հասանելի է միայն մի քանի ընտրյալների, որոնք ամենաունակն են:
Այս առանձին դեպքում կյանքի փորձը շփոթեցնում է մեզ: Կյանքում մենք սովորում ենք, որ մարդկային ցանկացած նախաձեռնության մեջ բարձրագույն նվաճումները միշտ ամենադժվարն են, և, հետևաբար, հասանելի են միայն մի քանիսին, որոնք առավել ունակ են: Որքան բարձր է չափանիշը, այնքան քիչ թվով մարդիկ կարող են հասնել դրան:
Սա այդ դեպքը չէ, որովհետև, ի տարբերություն այս կյանքի ցանկացած այլ փորձառության, սա մարդու նախաձեռնություն չէ: Սալ Աստծո աշխատանքն է: Դա Աստծո աշխատանքն է և Նրա «փառքը՝ անմահություն և հավերժական կյանք տալ մարդուն»:19 Դրա նման ոչ մի այլ բան չկա: Ոչ մի տեղ: Երբեք:
Ոչ մի կազմակերպություն, ծրագիր, կամ համակարգ, որ երբևէ մարդը պատկերացրել է, չունի Հիսուս Քրիստոսի Քավության և Սուրբ Հոգու պարգևի փրկող և փոփոխող զորության հնարավորությունը: Այսպիսով, թեև Իրեն հետևելու Տիրոջ հրավերը ամենաբարձրն է, այն նաև հասանելի է յուրաքանչյուրի համար, ոչ թե այն որովհետև մենք ունակ ենք, այլ որովհետև Նա է մեզ ունակ դարձնում: «Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության միջոցով ողջ մարդկությունը, [ամեն մեկը, կենդանի և մահացած], կարող է փրկվել, Ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելով»:20
Տիրոջ ճանապարհը դժվար չէ: Կյանքն է դժվար, ոչ թե ավետարանը: «Հակառակություն կա բոլոր բաներում … »,21 ամենուրեք, բոլորի համար: Կյանքը դժվար է մեր բոլորի համար, բայց կյանքն այնքան պարզ է: Մենք ունենք միայն երկու ընտրություն: 22 Մենք կարող ենք կամ հետևել Տիրոջը և օժտվել Նրա զորությամբ ու ունենալ խաղաղություն, լույս, ուժ, գիտելիք, վստահություն, ուղղություն, սեր և ուրախություն, կամ կարող ենք գնալ որևէ այլ ճանապարհով, ցանկացած այլ ճանապարհով, ինչպիսին էլ այն լինի, և գնալ միայնակ, առանց Նրա աջակցության, առանց Նրա զորության, առանց ուղղության, խավարի, խառնաշփոթի, կասկածի, վշտի ու հուսահատության մեջ: Եվ ես հարցնում եմ, ո՞ր ճանապարհն է ավելի հեշտ:
Նա ասել է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:
Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք, … և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:
Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:23
Կյանքը դժվար է, սակայն կյանքը պարզ է: Կանգնեք ուղու վրա և երբեք այլևս մի հանձնվեք: Դուք երբեք մի նահանջեք: Միայն շարունակեք գնալ: Մի դադարեք և կանցնեք այն:
Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում: Հիսուս Քրիստոսն է Ճանապարհը: Յուրաքանչյուր այլ ճանապարհ, ցանկացած այլ ճանապարհ, ինչպիսին էլ որ լինի, խելագարություն է:
Ես վկայում եմ Նրա՝ Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա կենդանի Աստծո Որդին է, Նա է Կյանքի Հացը, Նա է Ճշմարտությունը, Նա է Հարությունը և Կյանքը, Նա է Աշխարհի Փրկիչն ու Լույսը: Նա է Ճանապարհը, միակ Ճանապարհը:
Թող որ մենք խելամիտ լինենք և հետևենք Նրան: Նրա, այսինքն` Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: