Եկեք Սիոն
Մեր ընտանիքներում և մեր ցցերում, թող որ մենք կառուցենք Սիոնը միասնությամբ, աստվածայնությամբ և գթությամբ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել. «Սիոնի կառուցումը այն գործն է, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին բոլոր դարերում: Դա այն թեման է, որին մարգարեները, քահանաները և թագավորները հատուկ ոգեշնչմամբ են վերաբերվել, նրանք անհամբերությամբ են սպասել և հրճվանքով ակնկալել տեսնել այն օրը, որում մենք ապրում ենք, և երկնային ու ուրախ սպասումներով ոգևորված երգել են, գրել և մարգարեացել մեր այս օրվա մասին: Սակայն նրանք մահացել են առանց դա տեսնելու, մենք ենք այն երջանիկ մարդիկ, ում Աստված ընտրեց առաջ բերելու Վերջին օրերի փառքը» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007], 186):
Սիոնը ներկայացնում է և վայր, և մարդկանց: Սիոնը անուն է, որը տրվել է Ջրհեղեղին նախորդող օրերին Ենոք հնադարյան քաղաքին: «Եվ եղավ այնպես, որ իր օրերում նա կառուցեց մի քաղաք, որը կոչվեց Սրբության քաղաք, այսինքն՝ Սիոն» (Մովսես 7.19): Այս Սիոնը գոյատևեց մոտ 365 տարի (տես Մովսես 7.68): Սուրբ գրություններն ասում են. «Եվ Ենովքն ու իր ողջ ժողովուրդը քայլում էին Աստծո հետ, և նա բնակվում էր Սիոնի մեջ. և եղավ այնպես, որ Սիոնը չկար, քանզի Աստված վերցրեց այն իր ծոցը. և այն ժամանակից տարածվեց այս խոսքը՝ Սիոնը փախել է» (Մովսես 7.69): Ավելի ուշ, Երուսաղեմը և դրա տաճարը անվանվեցին Սիոնի Սար, և սուրբ գրությունները մարգարեացան ապագա Նոր Երուսաղեմի մասին, որտեղ Քրիստոսը պետք է թագավորեր որպես «Սիոնի Թագավոր», երբ «հազար տարի շարունակ երկիրը կհանգստանա» (Մովսես 7.53, 64):
Տերը Ենոքի ժողովրդին Սիոն էր կոչում, «որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Մեկ այլ տեղ Նա ասել է. «Սիոնը սա է. սրտով մաքուրները» (ՎևՈւ 97.21):
Սիոնի հակառակ գաղափարը Բաբելոնն է: Բաբելոն քաղաքը սկզբում կոչվում էր Բաբել, Բաբել Աշտարակի շնորհիվ, իսկ հետագայում դարձավ Բաբելոնյան կայսրության մայրաքաղաքը: Դրա հիմնական կառույցը Բելի կամ Բաալի տաճարն էր, մի կուռքի, որին Հին Կտակարանի մարգարեները դրա երկրպագության հետ կապված սեռական արարողությունների համար կոչում են «Ամոթ»: (Sես Bible Dictionary, “Assyria and Babylonia,” 615–16; “Baal,” 617–18; “Babylon, or Babel,” 618:) Դրա աշխարհիկ էությունը, չարի երկրպագությունը և այնտեղ Հուդայի գերությունը, որին հետևեց մ.թ.ա. 587-ի զավթումը, Բաբելոնը դարձրեցին քայքայված հասարակությունների և հոգևոր գերության խորհրդանիշ:
Այս իմաստով է Տերն ասել Իր Եկեղեցու անդամներին. «Դուրս եկեք Բաբելոնից. Հավաքվեք ազգերի միջից, չորս հողմերից՝ երկնքի մի ծայրից մյուսը» (ՎևՈւ 133.7): Նա կոչ արեց Իր Եկեղեցու երեցներին ողջ աշխարհով մեկ իրականացնել այդ հավաքումը, սկիզբ դնելով մի նախաձեռնության, որն ամբողջ ուժով շարունակվում է իրականացվել այսօր ևս: «Եվ ահա, տես, սա պիտի լինի նրանց կոչը և Տիրոջ ձայնը բոլոր մարդկանց. Առաջ գնացեք դեպի Սիոնի հողը, որպեսզի իմ ժողովրդի սահմաններն ընդարձակվեն, և որ նրա ցցերն ամրանան, և որպեսզի Սիոնը տարածվի մերձակա շրջաններում» (ՎևՈւ 133.9):
Այսպիսով, այսօր Տիրոջ մարդիկ հավաքվում են «հավաքվեք ազգերի միջից», կազմելով տարբեր երկրներում համայնքներ և ցցեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Նեփին կանխատեսումէ ր, որ այդ տիրապետությունները փոքր կլինեն, սակայն Տիրոջ զորությունը «իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա, … որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված [կլինեին] արդարությամբ» (տես 1 Նեփի 14.12–14): Տերը կոչ է անում մեզ դառնալ արդարակեցության լուսարձակներ՝ առաջնորդելու համար նրանց, ովքեր փնտրում են Սիրոնի ապահովությունն ու օրհնությունները.
«Ճշմարիտ ասում եմ ձեզ բոլորիդ. Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար.
«Եվ որպեսզի միասին հավաքվելը՝ Սիոնի հողի վրա և նրա ցցերում, պաշտպանություն և ապաստան լինի փոթորիկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» (ՎևՈւ 115.5–6):
Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ Եկեղեցու առաջին անդամները փորձեցին հիմնել Սիոնի կենտրոնը Միսսուրիում, սակայն նրանք իրավունք չունեին սուրբ քաղաք կառուցելու: Տերը բացատրեց նրանց անհաջողության նպատակներից մեկը.
«Նա չի սովորել հնազանդվել այն բաներին, որոնք պահանջել են նրա ձեռքից, այլ լցված է ամեն տեսակի չարությամբ և բաժին չի հանում իր ստացվածքից. Ինչպես վայել է սրբերին, իր միջի աղքատների ու տառապյալների համար.
«Եվ միաբանված չէ այն միության համաձայն, որը պահանջվում է սելեստիալ արքայության օրենքով» (ՎևՈւ 105.3–4):
«Նրանց մեջ կային գժտություններ, և հակառակություններ, և նախանձություն, և վիճաբանություններ, և հեշտասեր ու ընչաքաղց ցանկություններ. Հետևաբար, այս բաներով նրանք ապականեցին իրենց ժառանգությունները» (ՎևՈՒ 101.6):
Սակայն, այդ առաջին Սրբերին խստորեն դատելու փոխարեն մենք պետք է նայենք ինքներս մեզ և տեսնենք, թե արդյոք ավելի լավ ենք գործում:
Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորության, հատկանիշների և հավատարմության շնորհիվ: Հիշեք. «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեև. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Եթե մենք ցանկանում ենք հիմնելլ Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրացնենք այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) միասնական դառնալ մեկ սրտով և մեկ մտքով, (2) անհատապես և միասին դառնալ սուրբ ժողովուրդ, և (3) հոգ տանել աղքատների և կարիքավորների համար այնպիսի արդյունավետությամբ, որ վերացնենք աղքատությունը մեր միջից: Մենք չենք կարող սպասել Սիոնի գալստին, որպեսզի այս ամենը կատարվի. Սիոնը կգա միայն, եթե այս ամենը կատարվի:
Միասնություն
Երբ մենք մտածում ենք այն մասին, թե ինչպիսի միասնություն է հարկավոր, որպեսզի Սիոնը ծաղկի, պետք է մեզ հարց տանք, թե արդյոք հաղթահարել ենք «գժտությունները, և հակառակությունները, և նախանձությունը, և վիճաբանությունները» (տես ՎևՈւ 101.6): Արդյո՞ք մենք անհատապես և որպես ժողովուրդ ազատ ենք թշնամությունից և հակառակություններից, և միասնական ենք «այն միության համաձայն, որը պահանջվում է սելեստիալ արքայության օրենքով» (ՎևՈւ 105.4): Միմյանց ներելը շատ կարևոր է այդ միասնության համար: Հիսուսն ասել է. «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (ՎևՈւ 64.10):
Մենք կդառնանք մեկ սիրտ և մեկ միտք, եթե ամեն մեկս Փրկչին դնենք մեր կյանքի կենտրոնում և հետևենք նրանց, ում Նա լիազորել է ղեկավարել մեզ: Մենք կարող ենք միասնական լինել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետ միմյանց հանդեպ սիրով և հոգատարությամբ: Անցյալ ապրիլին կայացած գերագույն համաժողովին Նախագահ Մոնսոնը խոսեց նրանց հետ, ովքեր առանձնացել էին Եկեղեցուց, ինչպես նաև դիմեց մեզ բոլորիս, ասելով. «Յուրաքանչյուր անհատի գիտակցության մի առանձին սուրբ տեղում այդ հոգին է, այդ վճռականությունը` հանելու հին մարդուն և հասնելու իրական ներուժին: Այդ հոգով մենք կրկին սրտանց հրավիրում ենք, ասելով. «Ետ եկեք: Մենք Քրիստոսի մաքուր սիրով ենք դիմում ձեզ, ցանկություն հայտնում օգնելու ձեզ և ընդգրկելու լիարժեք ընկերության մեջ: Նրանց, ում հոգին վիրավոր է կամ ովքեր մաքառում են և երկյուղած են, մենք ասում ենք` թույլ տվեք բարձրացնել ձեզ, ուրախացնել ձեզ և փարատել ձեր վախը» (Thomas S. Monson, “Looking Backward and Moving Forward,” Liahona, May, 2008):
Այս տարվա հուլիսի վերջին արևելյան Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդ ամուրիներ համաժողովի հավաքվեցին Բուդապեշտի մոտակայքում, Հունգարիա: Այդ խմբի կազմում էին 20 տղամարդ և կին Մոլդովայից, որոնց օրեր էր պահանջվել անձնագրեր և վիզաներ ստանալու համար և ավելի քան 30 ժամ ավտոբուսով տեղ հասնելու համար: Համաժողովի ծրագիրը ներառում էր մոտ 15 քննարկում: Յուրաքանչյուրը պետք է ընտրեր երկու կամ երեք քննարկում, որոնց ցանկանում էր ներկա լինել: Իրենց սեփական շահերի վրա չկենտրոնանալով Մոլդովայի այդ երիտասարդ չափահասները միասին հավաքվեցին և ծրագիր կազմեցին, որի համաձայն իրենց խմբից առնվազն մեկը պետք է լիներ ամեն դասարանում և գրառումներ կատարեր: Ապա նրանք պետք է կիսվեին իրենց սովորածով մեկը մյուսի հետ և Մոլդովայի այն երիտասարդ չափահասների հետ, որոնք չէին կարողացել գալ: Իր պարզությամբ, սա մարմնավորում է միասնությունն ու սերը միմյանց հանդեպ, որը, հազարավոր անգամ տարբեր եղանակներով բազմապատկվելու պարագայում, կրկին կբերի Սիոնը (տես Եսայիա 52.8):
Սրբություն
Սիոնը հիմնելու աշխատանքի մեծ մասը կախված է «սրտով մաքուր» դառնալու մեր անհատական ջանքերից (ՎևՈՒ 97.21): «Սիոնը չի կարող կառուցվել, եթե դա չլինի սելեստիալ արքայության օրենքի սկզբունքներով», – ասել է Տերը: «Հակառակ դեպքում, ես չեմ կարող ինձ մոտ ընդունել այն» (ՎևՈՒ 105.5): Սելեստիալ արքայության օրենքը, անշուշտ, հանդիսանում է ավետարանի օրենքը և ուխտերը, որոնք ներառում են Փրկչին միշտ հիշելու պարտականությունը և հնազանդության, զոհաբերության, նվիրվածության և հավատարմության մեր գրավականը:
Փրկիչը քննադատեց վաղ Սրբերից ոմանց իրենց անկուշտ ցանկությունների համար (տես ՎևՈւ 101.6; տես նաև ՎևՈւ 88.121): Այդ մարդիկ ապրում էին առանց հեռուստացույցի, ֆիլմերի, ինտերնետի, այ-փոդի աշխարհում: Այսօր սեքսուալ պատկերներով և երաժշտությամբ հեղեղված աշխարհում արդյո՞ք մենք ազատ ենք հեշտասեր ցանկություններից և դրանց հետևող չարիքից: Համեստ հագնվելոը սահմանները լայնացնելու կամ պոռնոգրաֆիայի կործանարար անբարոյականության մեջ ներքաշվելու փոխարեն մենք պետք է արդարակեցության քաղց ու ծարավ զգանք: Սիոնը գալու համար բավական չէ, որ դուք կամ ես մի քիչ ավելի պակաս արդարակյաց լինենք, քան մյուսները: Մենք կարող ենք դառնալ ոչ միայն լավ, այլ սուրբ տղամարդիկ և կանայք: Վերհիշելով Երեց Նիլ Ա. Մաքսվելի արտահայտությունը, եկեք մեկընդմիշտ հաստատենք մեր բնակությունը Սիոնում և հրաժարվենք Բաբելոնի ամառանոցից (տես Neal A. Maxwell, A Wonderful Flood of Light [1990], 47):
Հոգ տանել կարիքավորի համար
Պատմության ընթացքում Տերը հասարակությունները և անձերը չափել է նրանով, թե ինչպես են նրանք հոգ տանում կարիքավորի համար: Նա ասել է.
«Քանզի երկիրը լիէ, և բավականաչափ կա նաև խնայելու համար. Այո, ես պատրաստել եմ բոլոր բաները և շնորհել եմ մարդկանց զավակներին լինելու գործակալն իրենց անձի:
«Հետևաբար, եթե մի մարդ վերցնում է այն առատությունից, որը ես պատրաստել եմ, և իմ մասից բաժին չի հանում աղքատին ու կարիքավորին, իմ ավետարանի օրենքի համաձայն, նա, ամբարիշտների հետ, իր աչքերը կբարձրացնի դժոխքում՝ տանջանքի մեջ լինելով» (ՎևՈւ 104.17–18; տես նաև ՎևՈւ 56.16–17):
Ավելին, նա հայտարարում է. «Ձեր նյութական ահրցերում դուք պետք է հավասար լինեք, և դա՝ առանց դժկամության, այլապես Հոգու դրսևորումների առատությունը ետ պիտի պահվի» (ՎևՈւ 70.14; տես նաև ՎևոՈւ 49.20; 78.5–7):
Մենք տիրապետում ենք մեր միջոցները և գործիքները, սակայն մենք պատասխանատու ենք Աստծո առաջ երկրային բաների մեր տնօրինման համար: Հաճելի է տեսնել ձեր առատաձեռնությունը, երբ դուք ծոմապահության նվիրատվություններ եք կատարում կամ ներդրում մարդասիրական ծրագրերին: Տարիների ընթացքում միլիոնավորների տառապանքները թեթևացել են, իսկ անթիվ այլ մարդիկ կարողացել են օգնել իրենք իրենց Սրբերի առատաձեռնության շնորհիվ: Ինչևէ, եթե մենք կատարում ենք Սիոնի գործը, մեզանից յուրաքանչյուրը պետք է աղոթքով խորհի, թե արդյոք անում է այն, ինչ պետք է, և անում ենք արդյոք մենք այն ամենը, ինչ պետք է Տիրոջ աչքում, աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար:
Ապրելով ունեցվածքն ու հաճույքները երկրպագող հասարակության մեջ մենք կարող ենք հարց տալ մեզ, թե արդյոք մենք զերծ ենք մնում աշխարհի բարիքներից ավելի ու ավելի շատ ձեռք բերելու ագահությունից և ցանկությունից: Նյութականությունը Բաբելոնը բնութագրող կռապաշտության և հպարտության դրսևորումներից միայն մեկն է: Մի գուցե մենք կարող ենք սովորել բավարարվել նրանով, ինչը բավարար է մեր կարիքների համար:
Պողոս Առաքյալը նախազգուշացնում էր Տիմոթեոսին այն մարդկանց համար, ովքեր «աստվածապաշտությունը շահավաճառություն են համարում» (Ա Տիմոթեոս Զ.5):
Նա ասել է. «Ոչինչ չենք բերել աշխարհքս և հայտնի է, որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ:
«Բայց եթե կերակուր ու հագուստ ունինք, նորանցով բավականանանք»(Ա Տիմոթեոս Զ.5, 7–8):
Աշխարհի շատ ծայրերում մենք մուտք ենք գործում անհանգիստ տնտեսական ժամանակաշրջան: Եկեք հոգ տանենք մեկս մյուսի համար, որքանով որ կարող ենք: Ես հիշում եմ մի պատմություն վիետնամական մի ընտանիքի մասին, որը Սայգոնից փախչել էր 1975 թվին և ի վերջո հիմնվել փոքր վագոն-տնակում Պրովոյում, Յուտա: Փախստական ընտանիքի երիտասարդ տղամարդը դարձավ տնային ուսուցիչ և հարևանությամբ իր մեծ ընտանիքով ապրող Եղբայր Ջոնսոնի ուղեկիցը տնային ուսուցման գործում: Տղան պատմում է հետևյալը.
«Մի օր Եղբայր Ջոնսոնը նկատեց, որ մեր ընտանիքը չուներ խոհանոցի սեղան: Հաջորդ օրը նա հայտնվեց տարօրինակ տեսք ունեցող, սակայն շատ ֆունկցիոնալ սեղանով, որը լավ տեղավորվում էր տնակի պատի տակ խոհանոցի լվացարանի դիմաց: Ես ասում եմ տարօրինակ տեսք ունեցող, որովհետև սեղանի երկու ոտքերը համապատասխան էին սեղանին, իսկ երկուսը՝ ոչ: Բացի դա, մաշված մակերեսի մի եզրով մի քանի փայտե մեխեր էին մխրճված:
«Շուտով մենք սկսեցինք օգտագործել այդ սեղանը ամենօրյա սննդի պատրաստման և արագ ուտելու համար: Մենք մինչ այժմ ընտանեկան ճաշերին ուտում ենք հատակին նստած իսկական վիետնամական ոճով:
«Մի երեկո ես կանգնած էի Եղբայր Ջոնսոնի մուտքի դռան մոտ և սպասում էի նրան, որ գնայինք տնային ուսուցման: Այնտեղ մոտ գտնվող խոհանոցում ես զարմանքով նկատեցի, որ դրված էր մի սեղան, որը գրեթե նույնն էր, ինչ այն, որ նրանք տվել էին մեր ընտանիքին: Միակ տարբերությունն այն էր, որ այնտեղ, որտեղ մեր սեղանը մեխեր ուներ, նրանց սեղանի մեջ անցքեր էին: Այդ ժամանակ ես հասկացա, որ այս գթասիրտ տղամարդը, տեսնելով մեր կարիքը, երկու կեսի էր կտրել իր խոհանոցի սեղանը և յուրաքանչյուր կեսի համար երկուական նոր ոտք պատրաստել:
«Ակնհայտ էր, որ Ջոնսոնների ընտանիքը չէր կարող տեղավորվել կահույքի այդ փոքր կտորի շուրջ, նրանք, հավանաբար, չէին տեղավորվում դրա շուրջ, երբ այն ամբողջական էր: …
«Իմ կյանքի ընթացքում այս բարի գործը ճշմարիտ նվիրաբերման զորեղ հիշեցում է եղել (Son Quang Le, as told to Beth Ellis Le, “Two-of-a-Kind Table,” Liahona, July 2004, 43):
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մենք պետք է Սիոնի կառուցումը մեր մեծագույն նպատակը համարենք» (Teachings: Joseph Smith, 186): Մեր ընտանիքներում և մեր ցցերում, թող որ մենք կառուցենք Սիոնը միասնությամբ, աստվածայնությամբ և գթությամբ, պատրաստվելով այդ մեծ օրվան, երբ Սիոնը՝ Նոր Երուսաղեմը կկառուցվի: Մեր օրհներգի խոսքերով. .
Իսրայել, Իսրայել, Աստված կանչում է,
Կանչում է քեզ վայի հողերից:
Բաբելոնը մեծ ընկնում է,
Նրա աշտարակները կործանվում են:
Արի Սիոն, արի Սիոն,
Նրա ներսում հրճվի:
Արի Սիոն, արի Սիոն,
Քո գալուն Տերն ուրախ է:
(“Israel, Israel, God Is Calling,” Hymns, no. 7)
Ես բերում եմ վկայություն Հիսուս Քրիստոսի՝ Սիոնի Թագավորի մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: