Երջանկություն` ձեր ժառանգությունը
Մեր ծնվելու իրավունքը և այս երկրի վրա մեր մեծ ճամփորդության նպատակն է որոնել և զգալ հավերժական երջանկություն:
Իմ սիրելի քույրեր: Ես երախտապարտ եմ աշխարհի բոլոր մասերում հավաքված Եկեղեցու կանանց հետ խոսելու իմ այս առաջին հնարավորության համար: Մենք հատկապես պատիվ ունենք այսօր տեսնելու Նախագահ Մոնսոնին և Նախագահ Այրինգին: Երգչախումբը հուզեց մեր սրտերը: Մենք ոգեշնչվեցինք Քույր Թոմփսոնի, Քույր Ալրեդի և Քույր Բեքի ուղերձներով:
Այն պահից ի վեր, որ ես իմացա, որ ձեզ հետ եմ լինելու այսօր, ես մտածել եմ բոլոր այն կանանց մասին, ովքեր ձևավորել են իմ կյանքը` իմ սքանչելի կին` Հարիեթի, մորս, զոքանչիս, քրոջս, դստերս, հարսիս և բազմաթիվ ընկերներիս մասին: Ողջ իմ կյանքը ես շրջապատված եմ եղել կանանցով, ովքեր ոգեշնչել են, սովորեցրել և քաջալերել ինձ: Իմ ով լինելու համար ես այսօր մեծապես պարտական եմ այս բացառիկ կանանց: Ամեն անգամ, երբ ես հանդիպում եմ Եկեղեցու քույրերին, զգում եմ, որ համանման նշանավոր հոգիների մեջ եմ: Ես երախտապարտ եմ լինել այստեղ, երախտապարտ եմ ձեր տաղանդների, կարեկցանքի և ծառայության համար: Ամենաշատը երախտապարտ եմ այն բանի համար, թե ով եք դուք`մեր Երկնային Հոր անսահման արժանավոր թանկագին դուստրերը:
Համոզված եմ, որ սա զարմանք չպիտի հարուցի, բայց տղամարդու և կնոջ միջև տարբերությունները կարող են ուղղակի ապշեցուցիչ լինել` ֆիզիկապես և մտավոր, ինչպես նաև զգացմունքային տեսանկյունից: Լավագույն ուղին, որ կարող եմ մտածել այդ տարբերությունը բացատրելու համար այն է, թե ինչպես ենք կինս և ես ճաշ պատրաստում:
Երբ Հարիեթը ճաշ է պատրաստում, այն գլուխգործոց է: Նրա կերակրատեսակները այնպիսի լայն շրջանակներ են ընդգրկում, որքան աշխարհն է և նա հաճախ պատրաստում է այն երկրների ճաշատեսակները, ուր մենք այցելում ենք: Ուտելիքի սպասարկումը զարմանահրաշ է: Փաստորեն, այն երբեմն այնքան գեղեցիկ տեսք է ունենում, որ հանցագործություն է թվում այն ուտելը: Դա նույնպիսի վայելք է աչքերի համար, որքան համի զգացողության համար:
Բայց, իհարկե, անկախ նրանից, թե որքան կատարյալ տեսք և համ ունի ամեն ինչ, Հարիեթը սովորաբար ներողություն է խնդրում ինչ-որ բանի համար, որ նա կարծում է անկատար է: «Վախենում եմ մի քիչ շատ եմ կոճապղպեղ ավելացրել,– ասում է նա, –կամ, Հաջորդ անգամ կարծում եմ ավելի լավ կլինի, եթե օգտագործեմ մի քիչ ավելի շատ համեմունք և ավելացնեմ ևս մեկ դափնետերև»:
Թույլ տվեք հակադրեմ այն իմ եփելու ձևին: Այս ելույթի համար ես Հարիեթին խնդրեցի ասել ինձ, թե ինչն եմ ամենալավը պատրաստում:
Նրա պատասխանը` ձվաձեղ:
Դեղնուցները՝ վերևում:
Բայց դա բոլորը չէ: Ես մի հատուկ ճաշատեսակ ունեմ, որը կոչվում է «կնուսպերչեն»: Անունը կարող է հնչել ինչպես մի դելիկատես, որը կարելի է գտնել միայն արտակարգ ռեստորաններում: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ պատրաստման եղանակով: Կտրատում եք ֆրանսիական հացը փոքրիկ շերտերով և կարմրացնում եք դրանք երկու անգամ:
Սա՛ է բաղադրատոմսը:
Այսպիսով, մեկընդմեջ ձվաձեղի, նույնիսկ, երբ այն յուղոտ է և «կնուսպերչեն»-ի միջև, նույնիսկ, երբ այն վառած է, երբ ես պատրաստում եմ դրանք, ինձ իսկական հերոս եմ զգում:
Մի գուցե կնոջս և իմ միջև եղած տարբերությունը մի փոքր չափազանցված է, բայց այն ցույց է տալիս մի բան, որը կարող է անցնել ճաշեր պատրաստելուց այն կողմ:
Ինձ թվում է, որ մեր հիանալի քույրերը երբեմն թերագնահատում են իրենց ունակությունները. նրանք ավելի կենտրոնանում են նրա վրա, ինչը բացակայում է կամ անկատար է, քան նրա, ինչն արված է, և թե ով են իրենք իրականում:
Հավանաբար դուք ճանաչեցիք այս բնավորության գիծը ինչ-որ մեկի մեջ, որին դուք իսկապես լավ եք ճանաչում:
Դրական կողմն այն է, որ սա նաև ցույց է տալիս մի հիանալի հատկանիշ`ներքին ցանկություն գոհացնելու Տիրոջը մեր ունակության լավագույնով: Դժբախտաբար, դա կարող է հասցնել հուսահատության, հոգնածության և դժբախտության:
Բոլոր նրանց, ովքեր հոգնած են
Այսօր ես կկամենայի խոսել նրանց հետ, ովքեր երբևէ իրենց անհամապատասխան, հուսալքված կամ հոգնած են զգացել, կարճ ասած, ես կկամենայի խոսել մեզանից յուրաքանչյուրի հետ:
Ես նաև աղոթում եմ, որ Սուրբ Հոգն ուժեղացնի խոսքերս և տա դրանց լրացուցիչ իմաստ, ըմբռնում և ոգեշնչում:
Մենք գիտենք, որ երբեմն կարող է դժվար լինել գլուխներս ջրից վեր պահել: Փաստորեն, փոփոխությունների, մարտահրավերների, և թվարկացանկերի մեր աշխարհում երբեմն կարող է գրեթե անհնարին թվալ խուսափել տառապանքի և վշտի զգացումների գերծանրաբեռնվածության զգացումից:
Չեմ առաջարկում, որ սեղմենք անջատիչը և դադարեցնենք բացասական զգացումները, որոնք մեզ տանջում են: Սա ոգևորող խոսակցություն չէ կամ փորձ հոսող ավազի մեջ սուզվողին քաջալերել` ասելով, որ պատկերացնի, թե հանգստանում է ծովափին: Ես ընդունում եմ, որ մեր բոլորիս կյանքում առկա են իրական մտահոգություններ: Ես գիտեմ որ կան սրտեր այստեղ այսօր, որոնք կրում են խորը վշտեր: Մյուսները գոտեմարտում են երկյուղների հետ, որոնք տանջում են հոգին: Ոմանց համար միայնակությունը նրանց գաղտնի փորձությունն է:
Այս բաներն անկարևոր չեն:
Այնուամենայնիվ, ես կկամենայի խոսել երկու սկզբունքների մասին, որոնք կարող են օգնել ձեզ գտնել մի արահետ դեպի խաղաղություն, հույս և ուրախություն, նույնիսկ փորձության և դժբախտության ժամանակների ընթացքում: Ես կամենում եմ խոսել Աստծո երջանկության մասին, և թե ինչպես մեզանից յուրաքանչյուրը կարող է ճաշակել դրանից՝ չնայած այն բեռներին, որ անհանգստացնում են մեզ:
Աստծո երջանկությունը
Առաջինը թույլ տվեք ինձ մի հարց տալ. «Ինչ եք կարծում ո՞րն է հնարավոր մեծագույն երջանկությունը»: Ինձ համար այս հարցի պատասխանն է. «Աստծո երջանկությունը»:
Սա առաջացնում է մեկ այլ հարց. «Ո՞րն է մեր Երկնային Հոր երջանկությունը»:
Սա գուցե հնարավոր չլինի պատասխանել, որովհետև Նրա ուղիները մեր ուղիները չեն: «Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են [Աստծո] ճանապարհները [մեր] ճանապարհներիցը և [Նրա] խորհուրդները [մեր] խորհուրդներիցը»:1
Չնայած «մենք չենք կարող հասկանալ բոլոր բաների իմաստը», մենք գիտենք, «որ [Աստված] սիրում է իր զավակներին»,2 որովհետև Նա ասել է. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:3
Երկնային Հայրը կարող է իրականացնել այս երկու մեծ նպատակները` մարդու անմահությունն ու հավերժական կյանքը, որովհետև Նա ստեղծագործման և կարեկցանքի Աստված է: Ստեղծագործելն ու կարեկցող լինելը երկու նպատակներ են, որոնք նպաստում են մեր Երկնային Հոր կատարյալ երջանկությանը: Ստեղծագործելն ու դաստիարակելը երկու գործունեություններ են, որ մենք որպես Նրա հոգևոր զավակներ կարող ենք և պետք է ընդօրինակենք:
Ստեղծագործ աշխատանք
Ստեղծելու ցանկությունը մարդկային հոգու ամենախորը տենչանքներից է: Անկախ մեր տաղանդներից, կրթությունից, հետաքրքրություններից կամ ունակություններից, մենք յուրաքանչյուրս ի ծնե ունենք ցանկություն ստեղծելու որևէ բան, որը նախկինում գոյություն չի ունեցել:
Ամեն մեկը կարող է ստեղծել: Ձեզ պետք չէ փող, դիրք կամ ազդեցություն, որպեսզի ստեղծեք նշանակալի կամ գեղեցիկ ինչ-որ բան:
Ստեղծագործելը բերում է խորը բավարարվածություն և իրագործվածության զգացում: Մենք զարգացնում ենք ինքներս մեզ և ուրիշներին, երբ մեր ձեռքն ենք վերցնում չկազմավորված նյութը և ձևավորում այն, դարձնելով ինչ-որ գեղեցիկ մի բան. ես չեմ խոսում ձեր պատանի երեխաների սենյակները մաքրելու գործընթացի մասին:
Դուք գուցե ասեք. «Ես ստեղծագործական ձիրքից զուրկ եմ: Երբ ես երգում եմ, ես միշտ մի տոն բարձր կամ ցածր եմ երգում նոտայից: Ես չեմ կարող մի գիծ քաշել առանց քանոնի: Եվ իմ տնական թխած հացը գործնականում օգտագործվում է միայն որպես թղթի մամլիչ կամ որպես դռան զսպանակ»:
Եթե դուք այդպես եք զգում, մտածեք նորից և հիշեք, որ դուք տիեզերքի ամենաարարչագործ Էակի հոգևոր դուստրերն եք: Մի՞թե զարամանալի չէ մտածել, որ հենց մեր հոգիները ձևավորվել են մի անսահման ստեղծարար և հավերժորեն գթառատ Աստծո կողմից: Մտածեք այդ մասին՝ ձեր հոգևոր մարմինը գլուխգործոց է, ստեղծված գեղեցկությամբ, գործելու զորությամբ և աներևակայելի ունակությամբ:
Բայց ի՞նչ նպատակի համար ենք մենք ստեղծվել: Մենք ստեղծվել ենք ուրախության լիությունը զգալու առանձնահատուկ նպատակով և ներուժով:4 Մեր ծնվելու իրավունքը և այս երկրի վրա մեր մեծ ճամփորդության նպատակն է որոնել և զգալ հավերժական երջանկություն: Ուղիներից մեկը, որով մենք գտնում ենք դա` ինչ որ բաներ ստեղծելն է:
Եթե դուք մայր եք, դուք մասնակցում եք Աստծո հետ արարման Նրա աշխատանքում, ոչ միայն ֆիզիակական մարմին տալով ձեր երեխաներին, այլ սովորեցնելով և դաստիարակելով նրանց: Եթե դուք մայր չեք այժմ, ձեր զարգացրած արարման տաղանդները կպատրաստեն ձեզ այդ օրվան այս, կամ հաջորդ կյանքում:
Դուք գուցե մտածեք, որ տաղանդ չունեք, բայց դա սխալ ենթադրություն է, քանի որ մենք բոլորս ունենք տաղանդներ և պարգևներ՝ մեզանից յուրաքանչյուրը:5 Ստեղծարարության սահմանները տարածվում են կտավի կամ թղթի թերթից շատ հեռու և չեն պահանջում վրձին, գրիչ կամ դաշնամուրի ստեղներ: Արարչագործությունը նշանակում է գոյություն տալ ինչ-որ մի բանի, որը գոյություն չուներ նախկինում` գույնզգույն պարտեզներ, ներդաշնակ տներ, ընտանեկան հիշողություններ, հորդող ծիծաղ:
Այն, ինչ դուք ստեղծում եք, պարտադիր չէ, որ կատարյալ լինի: Հետո ինչ, որ ձվաձեղը յուղոտ է լինում երբեմն կամ տապակած հացը վառած: Մի թույլ տվեք, որ ձախողման վախը հուսահատեցնի ձեզ: Մի թողեք, որ քննադատների ձայնը ձեզ անդամալույծ դարձնի, անկախ նրանից այդ ձայնը գալիս է դրսից, թե ներսից:
Եթե դուք դեռ անընդունակ եք զգում ստեղծարարության համար, սկսեք փոքրից: Փորձեք տեսնել, թե որքան ժպիտներ դուք կարող եք ստեղծել, շնորհակալական նամակ գրեք, սովորեք նոր հմտություն, ընտրեք մի տարածք և գեղեցկացրեք այն:
Մոտավորապես մեկ ու կես դար առաջ Նախագահ Բրիգամ Յանգը խոսեց իր օրերի սրբերի հետ: «Սրբերի համար մեծ աշխատանք կա անելու,– ասաց նա:– Առաջադիմեք և բարելավեք ու գեղեցկացրեք ձեր շուրջն ամեն ինչ: Մշակեք հողը և մշակեք ձեր մտքերը: Կառուցեք քաղաքներ, զարդարեք ձեր բնակավայրերը, պարտեզներ տնկեք, մրգաստաններ և խաղողի այգիներ, այնքան հաճելի դարձրեք երկիրը, որ երբ նայեք ձեր աշխատանքների վրա, դուք հաճույքով անեք դա և որպեսզի հրեշտակները հրճվանքով գան և այցելեն ձեր գեղեցիկ բնակավայրերը: Միևնույն ժամանակ անընդհատ ձգտեք զարդարել ձեր մտքերը Քրիստոսի Հոգու բոլոր շնորհներով»:6
Որքան ավելի շատ եք դուք վստահում և ապավինում Հոգուն, ավելի շատ է լինում ստեղծագործելու ձեր ունակությունը: Սա ձեր հնարավորությունն է այս կյանքում և մեր ճակատագիրը գալիք կյանքում: Քույրեր, վստահեք և ապավինեք Հոգուն: Երբ դուք օգտագործում եք ձեր ամենօրյա կյանքի իրական հնարավորությունները և ստեղծում ինչ-որ գեղեցիկ և օգտակար մի բան, դուք բարելավում ենք ոչ միայն ձեր շրջապատող աշխարհը, այլ նաև ձեր ներքնաշխարհը:
Լինել կարեկցող
Կարեկցանքը Երկնային Հոր մեկ այլ մեծ աշխատանքն է և հիմնական հատկանիշը, թե ով ենք մենք որպես ժողովուրդ: Մեզ պատվիրված է. «սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները»:7 Քրիստոսի աշակերտները աշխարհի բոլոր դարերի ընթացքում տարբերվել են իրենց կարեկցանքով: Նրանք ովքեր հետևում են Փրկչին «սգում են նրանց հետ, ովքեր սգում են… . և մխիթարում նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»:8
Երբ մենք հասնում ենք օրհնելու ուրիշների կյանքը, մեր կյանքը նույնպես օրհնվում է: Ծառայությունն ու զոհաբերությունը բացում են երկնքի պատուհանները, թույլ տալով, որ ընտիր օրհնություններ իջնեն մեզ վրա: Իհարկե, մեր սիրելի Երկնային Հայրը ժպտում է բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում Իր զավակներից ամենափոքրերին:
Երբ մենք բարձրացնում ենք ուրիշներին, մենք էլ ենք մի փոքր բարձրանում: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը սովորեցրել է. «Որքան ավելի շատ ենք ծառայում մեր մերձավորներին պատշաճ ձևով, այնքան հարստանում է մեր հոգին »:9
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հավատում էր ծառայության բժշկող զորությանը: Իր կնոջ մահից հետո նա մեծ օրինակ հանդիսացավ Եկեղեցու համար նրանով, թե ինչպես էր աշխատանքի մեջ սուզվում և ծառայում ուրիշներին: Պատմում են, թե Նախագահ Հինքլին ինչպես խորհուրդ տվեց մի կնոջ, որը նոր էր կորցրել իր ամուսնուն. «Աշխատանքը կբժշկի ձեր վիշտը: Ծառայեք ուրիշներին»:
Սրանք խորը մտքեր են: Երբ մենք կորցնում ենք մեզ ուրիշների ծառայության մեջ, մենք գտնում ենք մեր սեփական կյանքը և սեփական երջանկությունը:
Նախագահ Լորենցո Սնոուն արտահայտել է նմանատիպ մի միտք. «Երբ մի քիչ տխուր եք զգում, նայեք ձեր շուրջը և գտեք մեկին, որն ավելի վատ վիճակում է քան դուք ինքներդ, գնացեք նրա մոտ և պարզեք, թե ինչ է պատահել, ապա փորձեք վերացնել դա այն իմաստությամբ, որը Տերը կշնորհի ձեզ, և առաջին բանը, որ կզգաք այն է, որ ձեր տխրությունն անցել է, դուք թեթև եք զգում, Տիրոջ Հոգին ձեզ վրա է և ամեն ինչ լուսավորված է թվում»:10
Այսօրվա աշխարհում՝ իր ժողովրդական հոգեբանությամբ, անօգտակար հեռուստատեսությամբ և «զգացեք լավ», «օգնեք ինքներդ ձեզ» ձեռնարկներով, իմ այս խորհուրդը կարող է խելամտությանը հակառակ թվալ: Մեզ երբեմն ասվում է, որ մեր ցավերի պատասխանը պիտի որոնենք մեր ներսում, երբ անձնատուր ենք լինում հաճույքների, առաջ ծախսում և հետո վճարում և մեր ցանկությունները բավարարում նույնիսկ մեր շրջապատում գտնվողների հաշվին: Չնայած կան պահեր, երբ խելամիտ է առաջինը հոգալ մեր սեփական կարիքները, այդ սկզբունքը երկար կիրառելը չի տանում տևական երջանկության:
Տիրոջ ձեռքում գործիք
Հավատում եմ, որ Եկեղեցու կանայք, անկախ տարիքից կամ ընտանեկան վիճակից, հասկանում և լավագույնս կիրառում են Ջեյմս Բարրիի` Պիտեր Փեն գրքի հեղինակի խոսքերը. «Նրանք, ովքեր արևի շող են բերում ուրիշների կյանք, չեն կարող իրենք դրանից զերծ մնալ»:11 Հաճախ ես վկա եմ եղել բարության և կարեկցանքի լուռ գործերի` ազնիվ կանանց կողմից, ովքեր ինքնազոհ գթությամբ օգնություն են հասցրել: Սիրտս ուռչում է, երբ լսում եմ պատմություններ Եկեղեցու քույրերի մասին, և թե ինչպես են նրանք նետվում օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են:
Կան այնպիսիք Եկեղեցում՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, ովքեր զարմանում են, թե ինչպես կարող են ներդրում ունենալ արքայությունում: Երբեմն կանայք, ովքեր միայնակ են, բաժանված կամ այրիացած, զարմանում են, թե արդյոք իրենց համար կա՞ տեղ: Յուրաքանչյուր քույր Եկեղեցում վճռորոշ կարևորություն ունի, ոչ միայն մեր Երկնային Հոր համար, այլ նաև Աստծո արքայության կառուցման համար: Մեծ աշխատանք կա անելու: Մեկ տարի առաջ հավաքի ժամանակ Նախագահ Մոնսոնը սովորեցրեց, որ դուք «շրջապատված եք ծառայության հնարավորություններով: … Հաճախ ծառայության փոքր գործերը դա այն ամենն է, ինչ պահանջվում է մեկ ուրիշին բարձրացնելու և օրհնելու համար»: 12 Նայեք ձեր շուրջը: Այնտեղ, հաղորդության ժողովին մի երիտասարդ մայր կա մի քանի երեխաներով. առաջարկեք նստել նրա հետ և օգնել: Այնտեղ ձեր շրջակայքում կա մի երիտասարդ տղամարդ, որը հուսալքված է երևում, ասեք նրան, որ ձեզ դուր է գալիս նրա ներկայությունը, որ դուք զգում եք նրա բարությունը: Քաջալերանքի ճշմարիտ խոսքերը պահանջում են միայն սիրող և հոգատար սիրտ, բայց կարող են հավերժական ազդեցություն ունենալ ձեր շրջապատում գտնվողների կյանքի վրա:
Դուք` հիանալի քույրեր, մատուցեք կարեկցանքով լի ծառայություն ուրիշներին այնպիսի դրդապատճառներով, որոնք գերազանցում են սեփական շահերի համար ցանկությունները: Սրանով դուք նմանվում եք Փրկչին, որը չնայած թագավոր էր, չէր ձգտում դիրքի, ոչ էլ մտահոգվում էր, թե ուրիշները նկատում են Իրեն, թե ոչ: Նրան չէր հետաքրքրում ուրիշների հետ մրցել: Նրա մտքերը միշտ ուղղված էին ուրիշներին օգնելու վրա: Նա ուսուցանում էր, բժշկում, զրուցում և ունկնդրում ուրիշներին: Նա գիտեր, որ մեծությունը քիչ բան ունի բարգավաճման կամ դիրքի արտաքին նշանների հետ: Նա սովորեցնում էր և ապրում այս ուսմունքով. «Ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի»:13
Ի վերջո, աղոթքների թիվը, որ մենք ասում ենք, կարող են օգնել մեր երջանկությանը, բայց աղոթքների թիվը, որոնց մենք ենք պատասխանում, կարող են լինել ավելի մեծ կարևորության: Եկեք բացենք մեր աչքերը և տեսնենք ծանրացած սրտերը, նկատենք միայնակությունն ու հուսահատությունը, եկեք զգանք ուրիշների լուռ աղոթքները մեր շրջապատում, և լինենք գործիք Տիրոջ ձեռքերում այդ աղոթքներին պատասխանելու համար:
Եվ եկեք գործիք լինենք Տիրոջ ձեռքում այդ աղոթքներին պատասխանելու համար:
Եզրակացություն
Իմ սիրելի քույրեր, ես մի պարզ հավատք ունեմ: Ես հավատում եմ, որ երբ դուք հավատարիմ եք և ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս, երբ դուք մոտենում եք Նրան հավատքով, հույսով և գթությամբ, բոլոր բաները կգործեն ձեր բարիքի համար:14 Ես հավատում եմ, որ երբ դուք սուզվեք մեր Հոր աշխատանքի մեջ, երբ դուք ստեղծեք գեղեցկություն և կարեկցանք դրևորեք ուրիշների հանդեպ, Աստված կօղակի ձեզ Իր սիրո բազուկներով:15 Վհատվածությունը, անհամապատասխանությունը և հոգնածությունը տեղի կտա իմաստավորված, ողորմած և իրագործված կյանքին:
Որպես մեր Երկնային հոր հոգևոր դուստր՝ երջանկությունը ձեր ժառանգությունն է:
Դուք մեր Երկնային Հոր ընտրյալ դուստրերն եք և ձեր ստեղծագործությունների և կարեկցանքով լի ծառայության միջոցով, դուք մեծ ուժ եք բարու համար: Դուք կդարձնեք աշխարհն ավելի լավ վայր: Բարձրացրե՛ք ձեր կզակը, քայլե՛ք գլուխներդ բարձր: Աստված սիրո՛ւմ է ձեզ: Մենք սիրո՛ւմ և հիանում ենք ձեզանով:
Այս մասին ես վկայում եմ և թողնում ձեզ իմ օրհնությունը՝ որպես Տիրոջ Առաքյալ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: