Թող Նա անի դա պարզությամբ
Փորձելով հանգստություն գտնել կյանքի ճնշումներից, թող որ մենք ջանասիրաբար փնտրենք մեր կյանքը պարզեցնելու ճանապարհները:
Մեզանից նրանք, ովքեր բավականին ժամանակ արդեն այս բնագավառում ենք, իսկ ես և Երեց Վըրթլինը արդեն երկար ժամանակ ենք այստեղ, հասկացել ենք, որ կյանքի քննության մեջ որոշակի օրինաչափություններ կան: Կան լավ և վատ ժամանակների շրջաններ, թռիչքներ և անկումներ, ուրախության և տխրության պահեր, և առատության ու սակավության ժամանակներ: Երբ մեր կյանքը անակնկալ և անցանկալի ընթացք է ստանում, մենք երբեմն ճնշում և անհանգստություն ենք ապրում: Այս մահկանացու փորձի խնդիրներից մեկը թույլ չտալն է, որ կյանքի ճնշումները և լարվածությունը հաղթեն մեզ, կարողանալ դիմանալ կյանքի տարբեր եղանակներին, մնալով դրական, անգամ լավատես: Մի գուցե, երբ դժվարություններն ու խնդիրները հարվածում են, մենք պետք է հիշենք Ռոբերտ Բրաունինգի այս հուսադրող խոսքերը և հավերժացնենք դրանք մեր մտքում. «Լավագույնը դեռ առջևում է» (“Rabbi Ben Ezra,” in Charles W. Eliot, ed., The Harvard Classics, 50 vols. [1909–10], 42:1103): Մենք չենք կարող կանխատեսել կյանքի բոլոր պայքարներն ու փոթորիկները, ոչ էլ անգամ նրանք, որ սպասում են մեզ հաջորդ անկյունի ետևում, բայց լինելով հավատքի ու հույսի ժողովուրդ, մենք առանց կասկածի որևէ նշույլի գիտենք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է, և որ «լավագույնը դեռ առջևում է»:
Ես հիշում եմ իմ կյանքի որոշակի մի շրջան, երբ արտասովոր լարվածության մեջ էի գտնվում: Խնդիրներ կային աշխատանքի հետ, և միևնույն ժամանակ կնոջս մոտ ախտորոշել էին կյանքի համար վտանգավոր հիվանդություն: Դա այն ժամանակներից էր, երբ ինձ թվում էր, թե թշնամին ճակատով գրոհում էր իմ և ընտանիքիս վրա: Այն օրերին, երբ անկանոն կյանքի ճնշումն ու լարվածությունը պատրաստ էին հաղթել մեզ, ես և կինս ճանապարհ գտանք դրանցից ազատվելու:
Մենք մեքենայով ուղևորվեցինք մի վայր, մեր տնից մի քանի մղոն հեռու, մեր հոգսերից որոշ ժամանակով ազատվելու, խոսելու և էմոցիոնալ հանգստություն միմյանց տալու համար: Մեր վայրը Վոլդեն Լճակն էր: Այն անտառով շրջապատված սքանչելի մի փոքր լճակ էր: Երբ կինս իրեն բավականին ամուր էր զգում, մենք գնում էին զբոսնելու լճակի շուրջը: Այլ օրերին, երբ նա քայլելու պատրաստ չէր, մենք նստած մեքենայում զրուցում էինք: Վոլդեն Լճակը մեզ համար յուրահատուկ վայր էր դադար վերցնելու, խորհելու և բուժվելու համար: Մի գուցե մասամբ Հենրի Դեյվիդ Թորոյի ջանքերի շնորհիվ էր, երբ նա փորձեց մի քանի տարի առանձնանալ աշխարհից, որ Վոլդեն Լճակը մեզ տալիս էր պարզության հույս և թարմացնող հանգիստ մեր չափազանց բարդ կյանքից:
1845 թվի մարտ ամիսն էր, երբ Թորոն որոշեց տեղափոխվել Վոլդեն Լճակի ափը և անցկացնել երկու տարի, մտածելով, թե ինչ է իրենից ներկայացնում կյանքը: Նա բնակվեց իր լավ ընկերոջը՝ Ռալֆ Վալդո Էմերսոնին պատկանող հողակտորի վրա: Նա մի հին խրճիթ գնեց երթուղային աշխատողից և քանդեց այն : Խրճիթի ու անտառի փայտանյութից կառուցեց իր սեփական տնակը: Նա մանրակրկիտ ֆինանսական գրառումներ էր վարում, և նա եզրակացրեց, որ տան և ազատության համար նա ծախսում էր հազիվ թե 28.12 դոլար: Նա այգի ստեղծեց, որտեղ ցանեց ոլոռ, կարտոֆիլ, եգիպտացորեն, լոբի և շաղգամ, որոնք օգնում էին պահել այդ հասարակ կյանքը: Նա ցանեց երկուսուկես ակր լոբի, որպեսզի փոքր եկամուտ ունենար իր կարիքները հոգալու համար: Իսկապես փոքր եկամուտ. 8.71 դոլար:
Թորոն բավականին անկախ էր ապրում ժամանակից: Իր փոքրիկ տնակում նա չուներ ոչ ժամացույց, ոչ էլ օրացույց: Նա իր ժամանակն օգտագործում էր, գրելով և ուսումնասիրելով բնության գեղեցկություններն ու հրաշքները, որ շրջապատում էին իրեն, ներառյալ տեղի բույսերը, թռչյունները և կենդանիները: Նա չէր ապրում մենավորի կյանքով: Նա այցելում էր Կոնկորդ քաղաքը, և նա հրավիրում էր ուրիշներին իր տնակը կրթող զրույցների: Երբ երկու տարին անցավ, նա հեռացավ իր տնակից առանց որևէ ափսոսանքի: Նա համարում էր այնտեղ անցկացրած ժամանակը բավական իր նպատակին հասնելու համար՝ զգալ հասարակ ապրելաոճի հոգևոր առավելությունները: Նա նաև զգում էր, որ առջևում կյանքի այլ փորձառություններ ուներ: Ժամանակն էր առաջ շարժվել և այլ հնարավորություններ բացահայտել:
Վոլդեն Լճակի իր փորձից Թորոն հասկացավ, որ գոյություն ունի միայն չորս բան, որոնց կարիքը մարդն իսկապես ունի՝ սնունդ, հագուստ, կացարան և վառելիք: Ես կցանկանայի մանրամասնել կյանքի այդ չորս հիմնական կարիքներից յուրաքանչյուրը, ինչպես նաև պարզեցված կյանքի հոգևոր առավելությունները:
Առաջին պահանջը սնունդն է: Որպես Հիսուս Քրիսոտսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ մենք ունենք սրբազան գիտելիք, որը գալիս է մարմնի և հոգու փոխհարաբերությունների վերաբերյալ հայտնությամբ տրված ճշմարտությունից: Վարդապետություն և Ուխտեր 88.15-ում ասվում է. «… Ոգին ու մարմինը մարդու հոգին են»: Մեզ և ֆիզիկապես, և հոգեպես օրհնելու համար Տերը հայտնել է մեզ նաև առողջության օրենքը, հայտնելով մեզ, թե ինչ սնունդ և ինչ հեղուկներ են լավ օրգանիզմի համար, և որոնք են վատ: Այս հրահանգների հետ մեկտեղ տրվում է խոստում, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի բաժին 89-ում:
«Եվ բոլոր սրբերը, ովքեր հիշում են, որ պահեն և կատարեն այս ասածները, քայլելով պատվիրաններին հնազանդ, կունենան առողջություն իրենց պորտում և ծուծ՝ իրենց ոսկորներում.
«Եվ կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր.
«Եվ կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի:
«Եվ ես՝ Տերս, տալիս եմ նրանց խոստում, որ կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով, ինչպես Իսրայելի զավակների, և չի սպանի նրանց» (հհ. 89.18–21):
Չկա ավելի լավ խորհուրդ Իմաստության Խոսքի վերաբերյալ, քան Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում գտնվող խորհուրդը: Այն ասում է.
«Տերը ձեզ պատվիրել է լավ հոգ տանել ձեր մարմնի համար: Դա անելու համար պահեք Իմաստություն Խոսքը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 89-ում: Կերեք սննդարար կերակուր, մշտապես մարզվեք, և բավարար քանակությամբ քնեք: Եթե դուք անեք այս բոլոր բաները, դուք զերծ կմնաք վնասակար հակումներից և կտիրապետեք ձեր կյանքը: Դուք կստանաք առողջ մարմնի, զգոն մտքի և Սուրբ Հոգու առաջնորդության օրհնությունները: …
«Ցանկացած թմրանյութի, քիմիական կամ վտանգավոր այլ նյութերի օգտագործումը, որն առաջացնում է զգացողություններ կամ էյֆորիա, կարող է կործանել ձեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր բարեկեցությունը: Դրանք ներառում են թմրանյութերը, դեղատոմսով կամ առանց դեղատոմսի վաճառվող դեղերը, որոնք կարելի է չարաշահել, և տնտեսական քիմիական նյութերը» ([2001], 36–37):
Մենք չենք ցանկանում վնասել մեր մահկանացու մարմինները, քանզի դրանք պարգև են Աստծո կողմից, և մեր Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրի մասն է կազմում մեր անմահ մարմինների վերամիավորումը մեր հոգիների հետ:
Հաջորդ հիմնական կարիքը մեր հագուստն է: Պարզեցված կյանքը, որը հոգևոր օրհնություններ է բերում, պահանջում է հասարակ և համեստ հագուստ: Մեր հագուստն ու սանրվածքը ուղերձ են ուղարկում մյուսներին այն մասին, թե ով ենք մենք, և դրանք ազդում են նաև մեր պահելաձի վրա: Երբ մենք համեստ ենք հագնված, մենք հրավիրում ենք Տիրոջ Հոգին, որը վահան և պաշտպանություն է մեզ համար:
Կանանց նորաձևության աշխարհիկ ուղղությունները միշտ ծայրահեղությունների են դրդում: Վերջին ոճեր ստեղծող նորաձևության դիզայներները կարծես երկու կամ երեք շրջազգեստ են կարում գործվածքից, որը կբավականացներ միայն մեկ շրջազգեստ կարելու համար: Հիմնականում, նրանք չափազանց շատ են հանում կանանց հագուստի վերևից և ներքևից, իսկ երբեմն մեջտեղից նույնպես կտրում են: Տղամարդկանց նորաձևությունը նույնպես ծայրահեղ ոճեր է որդեգրում: Իմ օրերին դրանք կկոչվեին անփույթ և անպատշաճ: Ես հավատացած եմ, որ շատ անկաշկանդ հագուստը միշտ հաջորդվում է շատ անկաշկանդ շարժուձևով:
Ձեզանից շատերը չափազանց շատ են աշխատում յուրահատուկ լինել հագուստի և սանրվածքի առումով, գրավելու համար, ինչպես համարում է Տերը, սխալ տեսակի ուշադրություն: Կյանքի ծառի մասին Մորմոնի Գրքի պատմության մեջ մարդիկ, որոնց «հագուստների ձևը չափազանց պճնագեղ էր», ծաղրում էին նրանց, ովքեր ճաշակում էին ծառի պտղից: Տխուր է գիտակցել, որ մեծ և ընդարձակ շենքի «նորաձևությամբ տարված» ծաղրողները պատասխանատվություն էին կրում շատերի համար, ովքեր ամաչեցին և «հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան» (1 Նեփի 8.27–28):
Նախագահ Ն. Էլդոն Թանները մի առիթով մեզ զգուշացրել է. «Հագուստի մեջ համեստությունը մտքի և սրտի որակ է, որը բխում է ինքնահարգանքից, հարգանքից մեր կողքինի և մեր բոլորի Արարչի հանդեպ: «Համեստությունն արտահայտում է խոնարհության, արժանապատվության և պատշաճության վերաբերմունքը: Հետևելով այս սկզբունքներին և առաջնորդվելով Սուրբ Հոգով, թող ծնողները, ուսուցիչները և երիտասարդները քննարկեն հագուստի, սանրվածքի և անհատական արտաքին տեսքի մանրամասները, և ազատ ընտրության միջոցով պատասխանատվություն վերցնեն և ընտրեն ճիշտը» (“Friend to Friend,” Friend, June 1971, 3):
Այժմ եկեք անդրադառնանք Թորոյի երրորդ պահանջին, որը կացարանն է: Թերթերը լի են ներկա բնակարանային ճգնաժամի մասին հոդվածներով: Եկեղեցու գրեթե ամեն գերագույն համաժողովին, որը ես հիշում եմ, մեզ խրախուսում են չապրել մեր միջոցների սահմաններից դուրս: Մեր եկամուտը պետք է որոշի բնակարանի այն տեսակը, որը մենք կարող ենք մեզ թույլ տալ, ոչ թե փողոցից այն կողմ գտնվող հարևանի մեծ տունը:Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը մի առիթով ասել է. «Իմ վաղ հիշողություններից, Բրիգամ Յանգի օրերից մինչ այժմ, ես լսել եմ, ինչպես են տղամարդիկ կանգնել բեմահարթակին… և կոչ արել մարդկանց պարտքի մեջ չընկնել: Եվ ես հավատացած եմ, որ այսօր մեր խնդիրների մեծ մասը այդ խորհրդին չհետևելու արդյունքն է» (in Conference Report, Oct. 1921, 3):
Մեր կյանքը պարզեցնելու լավ եղանակներից մեկն է՝ հետևել այն խորհրդին, որը հաճախ ստանում ենք. ապրել եկամտի սահմաններում, զերծ մնալ պարտքից, և խնայել վատ օրվա համար: Մենք պետք է գործածենք և խորացնենք արդյունավետության, աշխատասիրության, խնայողության և խելամիտ ծախսելու մեր սովորույթները: Ճիշտ կառավարվող ընտանիքների անդամները տոկոս չեն վճարում, նրանք ստանում են այդ տոկոսները:
Թորոյի վերջին կարիքը վառելիքն էր: Մենք շատ ենք լսում վառելիքի և էներգիայի մասին՝ դրանց բարձր արժեքի և սահմանափակ պաշարների, մատակարարներից մեր անապահով և անկանխատեսելի կախվածության և էներգիայի նոր ու կայուն աղբյուրների անհրաժեշտության մասին: Այս բարդ հարցի քննարկումը ես թողնում եմ կառավարության և արդյունաբերության ղեկավարներին: Վառելիքը, որն ես ուզում եմ քննարկել, հոգևոր է:
Տերը մեզ սքանչելի ծրագիր է տվել, որով մենք կարող ենք վերադառնալ Իր մոտ, սակայն մեր մահկանացու ճանապարհորդությունն ավարտելու համար պահանջվում է հոգևոր վառելիք: Մենք պետք է հետևենք հինգ իմաստուն կույսերի օրինակին, որոնք բավարար վառելիք էին պաշարել, որպեսզի ուղեկցեին փեսային, երբ Նա կգար (տե՛ս Մատթեոս ԻԵ.6–10): Ի՞նչ է պահանջվում հոգևոր վառելիքի բավարար պաշար պահելու համար: Մենք պետք է ձեռք բերենք գիտելիք Աստծո հավերժական ծրագրի և դրանում մեր դերի մասին, ապա արդարակյաց կյանքի միջոցով, ենթարկելով մեր կամքը Տիրոջ կամքին, մենք կստանանք խոստացված օրհնությունները:
Ինչպես այս բեմահարթակում սովորեցրել է Երեց Ուիլյամ Ռ. Բրեդֆորդը. «Արդարակեցության մեջ մեծ պարզություն կա: Մեր կյանքում պատահող յուրաքանչյուր իրավիճակում կա ճիշտ ճանապարհ և սխալ ճանապարհ: Երբ մենք ընտրում ենք ճիշտ ճանապարհը, մենք աջակցություն ենք ստանում մեր գործերում արդարակեցության սկզբունքներով, որն ընդգրկում է երկնային զորությունը: Երբ մենք ընտրում են սխալ ճանապարհը, մենք մենակ ենք և դատապարտված ձախողման» (“Righteousness,” Liahona, Jan. 2000, 103):
Մահից առաջ Թորոյին հարցրեցին, թե արյդոք նա հաշտության մեջ է Աստծո հետ: Նա պատասխանեց. «Ես տեղյակ չէի, որ մենք երբևէ վիճել ենք» (in Mardy Grothe, comp., Viva la Repartee [2005], 181):
Փորձելով հանգստություն գտնել կյանքի ճնշումներից, թող որ մենք ջանասիրաբար փնտրենք մեր կյանքը պարզեցնելու ճանապարհները: Թող որ մենք հետևենք ոգեշնչված խորհրդին և առաջնորդությանը, որ Տերը տվել է մեզ երջանկության իր մեծ ծրագրում: Թող որ մենք արժանի լինենք ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը և հետևել Հոգուն այդ մահկանացու ճանապարհորդության ընթացքում: Թող որ մենք պատրաստվենք այս մահկանացու քննության վերջնական նպատակին՝ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և նրա հետ ապրելու նպատակին, իմ աղոթքն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: