Հաղորդության ժողովը և հաղորդությունը
Հաղորդության արարողությունը հաղորդության ժողովը դարձնում է Եկեղեցու ամենասրբազան և կարևոր ժողովը:
Մենք ապրում ենք չար ժամանակներում, որի մասին մարգարեացել է Պողոս Առաքյալը (տես Բ Տիմոթեոս Գ.1): Նրանք, ովքեր փորձում են քայլել նեղ և անձուկ արահետով, ամեն կողմից շեղող հրավերներ են տեսնում: Շեղվելու, նահանջելու, վհատվելու և թուլանալու վտանգ կա: Ինչպե՞ս կարող ենք պահպանել Տիրոջ Հոգին, որպեսզի այն առաջնորդի մեր ընտրությունները և պահի մեզ ճանապարհին:
Ժամանակակից հայտնության մեջ Տերը պատասխան է տվել այս պատվիրանով.
«Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը.
Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին» (ՎևՈՒ 59.9–10):
Սա խոստումով պատվիրան է: Ամեն շաբաթ հավուր պատշաճ մասնակցելով հաղորդության արարողությանը մենք արժանի ենք դառնում այն խոստմանը, որ «նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենանանք» (ՎևՈՒ 20.77): Այդ Հոգին է մեր վկայության հիմքը: Այն վկայում է Հոր և Որդու մասին, մեր հիշողության մեջ վերականգնում է բոլոր բաները և մեզ առաջնորդում է ճշմարտության: Այն կողմնացույց է՝ մեր ճանապարհն առաջնորդելու համար: Սուրբ Հոգու այս պարգևը, ինչպես սովորեցնում է Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը, «ամենամեծ պարգևն է, որը կարող է շնորհվել մարդուն» ((Deseret Weekly, Apr. 6, 1889, 451):
I.
Հաղորդության արարողությունը հաղորդության ժողովը դարձնում է Եկեղեցու ամենասրբազան և կարևոր ժողովը: Դա Հանգստության օրվա միակ ժողովն է, որին հնարավոր է մասնակցել ողջ ընտանիքով: Այդ ժողովի բովանդակությունը, ի լրումն հաղորդության, միշտ պետք է ծրագրավորվի այնպես, որ մեր ուշադրությունը կենտրոնացնի Տեր Հիսուս Քրիստոսի Քավության և ուսմունքների վրա:
Հաղորդության մասին իմ առաջին հիշողությունները մնացել են Յուտայի փոքր քաղաքներից մեկից, որտեղ ես սարկավագ էի կարգվել և մատուցում էի հաղորդությունը: Համեմատած այդ հիշողությունների հետ ներկայումս իմ այցելած շատ ծխերում հաղորդության ժողովները մեծապես բարելավված են: Սովորաբար, հաղորդությունը սպասավորվում, մատուցվում և ընդունվում է անդամների կողմից լուռ ակնածանքի մթնոլորտում: Ժողովները վարելը, ներառյալ անհրաժեշտ գործեը, հակիրճ են և արժանապատիվ, և ելույթները հոգևոր են թե՛ բովանդակությամբ և թե՛ ներկայացման ձևով: Երաժշտությունը պատշաճ է՝ այդպիսին են և աղոթքները: Սա է չափանիշը և այն մեծ առաջընթաց է ներկայացնում իմ վաղ հիշողությունների հետ համեմատած:
Երբեմն լինում են բացառություններ: Ես զգում եմ, որ աճող սերնդի մեջ և անգամ մեծահասակներից ոմանք դեռևս չեն ըմբռնել այս ժողովի նշանակությունը և դրա ընթացքում անհատական պատկառանքի և երկրպագության կարևորությունը: Այն, ինչ ես անհրաժեշտ եմ զգում ուսուցանել այստեղ, ուղղված է նրանց, ովքեր դեռևս չեն ըմբռնել և չեն կիրառում այս կարևոր սկզբունքները և դեռևս չեն վայելում Նրա առաջնորդող Հոգին միշտ իրենց հետ ունենալու խոստացված հոգևոր օրհնությունները:
II.
Սկզբում կասեմ, թե ինչպես պետք է Եկեղեցու անդամներն իրենց պատրաստեն՝ մասնակցելու հաղորդության արարողությանը: Հինգ տարի առաջ, ղեկավարների համաշխարհային ուսուցման ժամանակ, Տասներկու Առաքյալների քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը Եկեղեցու քահանայության ղեկավարներին ուսուցանեց, թե ինչպես պետք է ծրագրել և վարել հաղորդության ժողովները: «Շատ անհատական ձևով մենք նշում ենք Նրա Քավությունը,– ասել է երեց Նելսոնը:– Հաղորդության ժողովին մենք բերում ենք կոտրված սիրտ և փշրված հոգի: Այն Հանգստության օրը պահելու մեր ամենալուսավոր մասն է»(“Worshiping at Sacrament Meeting,” Liahona, Aug. 2004, 12):
Մենք պետք է նստած լինենք ժողովն սկսելուց շատ առաջ: «Այդ խաղաղ ժամանակաընթացքում նախերգանք է մատուցվում: Դա զրույցի կամ հաղորդակցվելու ժամանակ չէ, այլ աղոթքով մտորելու այն ժամանակահատվածը, երբ ղեկավարները և անդամները հոգեպես պատրաստվում են հաղորդությանը» Liahona, Aug. 2004, 13):
Երբ Իր Հարությունից հետո Փրկիչը հայտնվեց Նեփիացիներին, Նա ուսուցանեց, որ նրանք պետք է վերջ տան արյան հեղմամբ զոհաբերությանը: Փոխարենը, «որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9.20): Այդ պատվիրանը, որը կրկնվել է ժամանակակից հայտնության մեջ, ուղղություն տալով, թե ինչպես պետք է ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ, մեզ թելադրում է մեզ, թե ինչպես պետք է պատրաստվենք: Ինչպես ուսուցանել է Երեց Նելսոնը. «Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրում այն հոգևոր հարստացման համար, որը կարող է գալ հաղորդության ժողովից» (Liahona, Aug. 2004, 14):
Փրկության Վարդապետությունների իր շարադրման մեջ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանում է, որ մենք ճաշակում ենք հաղորդությունից, ի հիշատակ աշխարհի փրկագնման համար Փրկչի մահվան և տառապանքների: Այս արարողությունը ներկայացվել է, որ կարողանանք նորացնել Նրան ծառայելու, Նրան հնազանդվելու և միշտ Նրան հիշելու մեր ուխտերը: Նախագահ Սմիթն ավելացնում է. «Մենք չենք կարող պահպանել Տիրոջ Հոգին, եթե հետևողականորեն չկատարենք այս պատվիրանը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:341).:
III.
Մեր հագուստը կարևոր ցուցանիշ է այն բանի, թե ինչպես ենք վերաբերվում կամ պատրաստվում միջոցառմանը, որին մասնակցելու ենք: Եթե պատրաստվում ենք լողալու կամ սար մագլցելու կամ ծավափին խաղալու, մեր հագուստը, ներառյալ կոշիկները, հուշում կլինի դրա համար: Ճիշտ նույն ձևով մեր հագուստից պիտի երևա, որ պատրաստվում ենք հաղորդության արարողությանը: Դա նման է տաճար գնալուն: Մեր հագուստի ձևը ցույց է տալիս այն չափը, թե որքան ենք հասկանում և պատվում այն արարողությունը, որին մասնակցելու ենք:
Հաղորդության ժողովի, և հատկապես հաղորդության արարողության ժամանակ, մենք պետք է կենտրոնանանք երկրպագության վրա և զերծ մնանք ուրիշ որևէ բան անելուց, հատկապես, այնպիսի պահվածքից, որը կարող է խանգարել ուրիշների երկրպագությանը: Նույնիսկ այն մարդը, որը խաղաղ նիրհի մեջ է ընկած չի խանգարում մյուսներին: Հաղորդության ժողովը գրքեր կամ ամսագրեր կարդալու ժամանակ չէ: Երիտասարդնե՛ր, դա հեռախոսով շշուկով խոսելու կամ հաղորդագրություններ գրելու ժամանակ չէ: Երբ ճաշակում ենք հաղորդությունից, մենք սրբազան ուխտ ենք կապում, որ միշտ կհիշենք Փրկչին: Որքա՜ն տխուր է տեսնել մարդկանց, ովքեր բացահայտորեն խախտում են այդ ուխտը հենց այն ժողովին, որտեղ կապում են այն:
Հաղորդության ժողովի երաժշտությունը մեր երկրպագության կենսական մասն է: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ արդարի երգը աղոթք է Տիրոջ համար (տես ՎևՈՒ 25.12): Առաջին Նախագահությունը հայտարարել է, որ «ամենամեծ քարոզներից մի քանիսը կարդացվել են օրհներգեր երգելով» (Hymns, ix): Ի՜նչ հրաշալի է, երբ յուրաքանչյուր այցելու երգով միանում է երկրպագությանը՝ հատկապես այն օրհներգով, որն օգնում է նախապատրսատվել ճաշակելու հաղորդությունից: Հաղորդության ժողովի բոլոր երգերը պետք է մանրակրկիտ ծրագրված լինեն, միշտ մտապահելով, որ այդ երաժշտությունը երկրպագության համար է, ոչ թե կատարելու համար:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է. «[Ս]ա մի իրադարձություն է, որի ժամանակ ներկայացվում է ավետարանը, որի ժամանակ մեզ կոչ են անում հավատք գործադրել և մտորել մեր Քավիչի առաքելության մասին, ժամանակ հատկացնել մտածելու ավետարանի փրկարար սկզբունքների շուրջ, ոչ թե այլ նպատակների համար: Զվարճությունները, ծիծաղը, թեթևամտությունը,– այս բոլորը տեղին չեն Վերջին Օրերի Սրբերի հաղորդության ժողովների ժամանակ: Մեր մեկտեղ ժողովվելը պետք է լինի աղոթքի, հեզության ոգով և սրտի նվիրումով» (Doctrines of Salvation, 2:342)):
Երբ մենք անում ենք դա, երբ միավորվում ենք հանդիսավորությամբ, որը միշտ պետք է ուղեկցի հաղորդության արարողությանը և այդ ժողովի երկրպագությանը,– մենք արժանանում ենք Հոգու ընկերակցությանը և հայտնությանը: Սա է այն ուղին, որով առաջնորդություն և հայտնություն ենք ստանում մեր կյանքի ճանապարհին:
IV.
Հարություն առած Փրկիչը շեշտեց հաղորդության կարևորությունը, երբ Նա այցելեց Ամերիկյան մայրցամաք և ներկայացրեց այս արարողությունը հավատարիմ Նեփիացիների մեջ: Նա օրհնեց հաղորդության խորհրդանիշները և տվեց դրանք իր աշակերտներին և բազմությանը (տես 3 Նեփի 18.1–10)՝ պատվիրելով.
«Եվ այս պիտի դուք միշտ անեք նրանց համար, ովքեր ապաշխարում և մկրտվում են իմ անունով. և դուք պիտի դա անեք ի հիշատակ իմ արյան, որը ես հեղել եմ ձեզ համար, որ դուք կարողանաք վկայել Հորը, որ դուք միշտ հիշում եք ինձ: Եվ եթե դուք միշտ հիշում եք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ:
« … Եվ եթե դուք միշտ անեք այս բաները, օրհնված եք դուք, քանզի դուք կառուցված եք իմ վեմի վրա:
«Բայց ովքեր, որ ձեր մեջ անեն ավելի կամ պակաս, քան այս, կառուցված չեն իմ վեմի վրա, այլ կառուցված են ավազե հիմքի վրա. և երբ անձրևը տեղա, և ջրհեղեղները գան, և քամիները փչեն և զարկեն նրանց, նրանք կընկնեն» (3 Նեփի 18.11–13):
Հաղորդությունն այն արարողությունն է, որը փոխարինեց Մովսեսի օրենքի արյուն հեղելու զոհաբերությանը և ողջակեզներին, և դրա հետ միասին եկավ Փրկչի խոստումը. «Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով» (3 Նեփի 9.20):
V.
Այժմ ես դիմում եմ առանձնապես քահանայություն կրողներին, որոնք պաշտոնավարում են հաղորդության ժամանակ: Այս արարողությունը միշտ պետք է կատարվի ակնածանքով և արժանապատվությամբ: Քահանաները, որոնք ասում են աղոթքները ժողովի անունից, պետք է արտաբերեն բառերը դանդաղ և հստակորեն՝ արտահայտելով ուխտերի պայմանները և խոստացված օրհնությունները: Սա շատ սրբազան գործողություն է:
Ուսուցիչները, որոնք պատրաստում են և սարկավագները, որոնք մատուցում են հաղորդության խորհրդանիշները նույնպես շատ սրբազան գործողություն են կատարում: Ես սիրում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմությունն այն մասին, թե ինչպես, որպես 12-ամյա սարկավագ, եպիսկոպոսը խնդրել էր, որ նա տանի հաղորդությունը անկողնին գամված մի եղբորը, որը տենչում էր այս օրհնությանը: «Նրա երախտագիտությունն ազդեց ինձ վրա», ասել է Նախագահ Մոնսոնը: «Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա: Ես կանգնած էի սուրբ հողի վրա» (Inspiring Experiences That Build Faith [1994], 188): Բոլորը, ովքեր պաշտոնավարում են այս սրբազան արարողության ժամանակ, կանգնած են «սուրբ հողի վրա»:
Հաղորդության արարողությունը պաշտոնավարող պատանիները պետք է արժանի լինեն: Տերն ասել է. «Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողներ» (ՎևՈՒ 38.42): Հաղորդությունն անարժան ճաշակելու հոգևոր զգուշացումը (տես Ա Կորնթացիս. ԺԱ.29, 3 Նեփի 18.29) անկասկած վերաբերում է նաև նրանց, ովքեր պաշտոնավարում են այդ արարողության ժամանակ: Լուրջ մեղսագործություն կատարած Եկեղեցու անդամների հանդեպ կարգապահական գործողություններ կիրառելիս եպիսկոպոսը կարող է ժամանակավորապես ետ պահել հաղորդությունից ճաշակելու արտոնությունը: Նույն իշխանությամբ, անկասկած, կարող է ետ պահվել այդ սրբազան արարողությունը պաշտոնավարելու արտոնությունը:
Այն, ինչ ասացի հաղորդության արարողության մասնակիցների պատշաճ հագուստի մասին, առանձնահատուկ ուժով ակնհայտորեն վերաբերում է Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղաներին, որոնք պաշտոնավարում են այդ արարողության որևէ մասում: Բոլորը պետք է լավ սանրվածք ունենան և համեստ հագնված լինեն: Նրանց տեսքը և պահվածքը չպետք է հատուկ ուշադրություն հրավիրի, ոչ էլ պետք է ներկաներին որևէ ձևով շեղի երկրպագությունից և ուխտեր կապելուց, որոնք այս սրբազան ծառայության նպատակն են:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն այս մասին արժեքավոր ուսուցում է անցկացրել 13 տարի առաջ գերագույն համաժողովի ժամանակ: Քանի որ մեր սարկավագներից շատերը նույնիսկ ծնված չէին, երբ այդ խոսքերը վերջին անգամ հնչեցին այստեղ, ես կկրկնեմ դրանք՝ նրանց օգտի, ինչպես նաև նրանց ծնողների և ուսուցիչների համար. «Թույլ տվեք առաջարկել, որ որտեղ դա հնարավոր է, թող սարկավագները, ուսուցիչները և քահանաները, որոնք սպասավորում են հաղորդությունը սպիտակ վերնաշապիկ հագնեն: Եկեղեցում մենք հաճախ հատուկ արարողակարգի զգեստ ենք օգտագործում սրբազան արարողությունների համար: Եվ սպիտակ վերնաշապիկը կարող է դիտվել որպես մեղմ հիշեցում մկրտության ավազանում կրած սպիտակ զգեստների, ինչպես նաև ակնկալվող սպիտակ վերնաշապիկի մասին, որը շուտով կկրեք տաճարում և ձեր միսիաներում (“This Do in Remembrance of Me,” Ensign, Nov. 1995, 68):
Ի վերջո, հաղորդությունը սպասավորվում է միայն քահանայության այս արարողության բանալիները կրողի լիազորմամբ: Ահա թե ինչու հաղորդությունը հիմնականում չի սպասավորվում տանը կամ ընտանեկան հավաքների ժամանակ, անգամ եթե բավականաչափ քահանայություն կրողներ են ներկա գտնվում: Նրանք, ովքեր պաշտոնավարում են հաղորդության սեղանի մոտ, պատրաստում են հաղորդությունը կամ մատուցում են այն, պետք է նշանակվեն մեկի կողմից, ով կրում է կամ գործադրում է այս արարողության բանալիները: Ես նկատի ունեմ եպիսկոպոսությանը կամ ուսուցիչների և սարկավագների քվորումների նախագահությանը: «Իմ տունը կարգ ու կանոնի տուն է», հայտարարել է Տերը (ՎևՈՒ 132.8):
Ինչպե՞ս կարող ենք պահպանել Տիրոջ Հոգին, որպեսզի այն առաջնորդի մեր ընտրությունները, որպեսզի «անբիծ պահենք մեզ աշխարհից» (ՎևՈՒ 59.9) և ապահով քայլենք մահկանացու կյանքով: Մենք պետք է արժանանանք Հիսուս Քրիստոսի Քավության մաքրող զորությանը: Մենք դա անում ենք՝ պահելով կոտրված սրտով և փշրված հոգով Նրա մոտ գալու պատվիրանը, ամեն շաբաթ ճաշակելով հաղորդության խորհրդանիշները և կապելով այն ուխտերը, որոնք մեզ արժանավոր են դարձնում այն թանկագին խոստմանը, որ մենք միշտ նրա Հոգին մեզ հետ կունենանք (տես ՎևՈՒ 20.77): Իմ խոնարհ աղոթքն է, որ մենք կարողանանք անել դա, ինչը ես ասում եմ Նրա անունով, ում Քավությունը հնարավոր է դարձնում այդ բոլորը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: