Միշտ աղոթեք
Աղոթքը դառնում է ավելի իմաստալից, երբ մենք խորհրդակցում ենք Տիրոջ հետ մեր բոլոր գործերում, երբ մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում, և երբ մենք աղոթում ենք ուրիշների համար:
Վերջին համաժողովի իմ ուղերձը կենտրոնացած էր ավետարանի սկզբունքի վրա, որն է՝ խնդրել հավատքով աղոթքի միջոցով: Այսօր ես ցանկանում եմ քննարկել երեք լրացուցիչ սկզբունքներ, որոնք կարող են օգնել, որ մեր աղոթքները դառնան ավելի իմաստալից, և ես աղոթում եմ Սուրբ Հոգու օգնության համար՝ և ինձ, և ձեզ:
Սկզբունք 1: Աղոթքը դառնում է ավելի իմաստալից, եթե մենք խորհրդակցում ենք Տիրոջ հետ մեր բոլոր գործերում (տես Ալմա 37.37):
Պարզ ասած, աղոթքը Երկնային Հոր հաղորդակցման եղանակն է երկրի վրա Իր որդիների և դուստրերի հետ: «Երբ որ մենք սովորւմ ենք իսկական հարաբերությունների մասին, որ ունենք Աստծո հետ (այսինքն, որ Աստված մեր Հայրն է, իսկ մենք նրա զավակները), այդ պահին աղոթքը դառնում է բնական և բնազադային մեր կողմից» (Bible Dictionary, “Prayer,” 752): Մեզ պատվիրված է միշտ աղոթել Հորը Որդու անունով (տե՛ս 3 Նեփի 18.19–20): Մեզ խոստացված է, որ եթե մենք անկեղծ աղոթենք այն ամենի համար, ինչը ճիշտ է և լավ, և համապատասխան Աստծո կամքին, մենք կարող ենք օրհնվել, պաշտպանված լինել և ուղղություն ստանալ (տե՛ս 3 Նեփի 18.20; ՎևՈւ 19.38):
Հայտնությունը հաղորդակցում է Երկնային Հոր և երկրի վրա Նրա զավակների միջև: Երբ մենք հավատքով հարցնում ենք, մենք կարողանում ենք ստանալ հայտնություն հայտնության վրա, և գիտելիք գիտելիքի վրա, և սկսում ենք իմանալ խորհուրդները և խաղաղության բաները, որ ուրախություն և հավերժական կյանք են պարգևում (տե՛ս ՎևՈւ 42.61): «Խորհուրդները, դրանք այն բաներն են, որ կարող են միայն իմացվել և հասկացվել Սուրբ Հոգու զորությամբ» (տե՛ս Harold B. Lee, Ye Are the Light of the World, 1974, 211):
Հոր և Որդու հայտնությունները հաղորդվում են Աստվածագլխի երրորդ անդամի, այսինքն՝ Սուրբ Հոգու կողմից: Սուրբ Հոգին Հոր և Որդու վկան է և սուրհանդակը:
Երկիրը ստեղծելու Աստծո կողմից օգտագործված եղանակները ուսուցանելի են և օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես կարելի է աղոթքը իմաստալից դարձնել: Մովսեսի գրքի երրորդ գլխում մենք սովորում ենք, որ բոլոր բաները ստեղծվել են հոգևոր ձևով, մինչև որ բնական հայտնվեցին երկրի վրա:
«Եվ այժմ, ահա, ես ասում եմ քեզ, որ սրանք են երկնքի և երկրի սերունդները, երբ դրանք ստեղծվեցին, այն օրը, երբ ես՝ Տեր Աստվածս, արարեցի երկինքն ու երկիրը,
«Եվ դաշտի ամեն մի բույց, նախքան երկրի վրա լինելը, և դաշտի ամեն մի խոտ, նախքան իր աճելը: Քանզի ես՝ Տեր Աստվածս, հոգեղեն ստեղծեցի բոլոր բաները, որոնց մասին ասացի, նախքան դրանք բնական տեսքով երկրի երեսին էին» (Մովսես 3.4–5):
Այս տողերից մենք սովորում ենք, որ հոգևոր արարումը նախորդել է նյութական արարմանը: Նույն ձևով, իմաստալից առավոտյան աղոթքը կարևոր տարր է ամեն օրվա հոգևոր արարման մեջ, և այն նախորդում է ընթացիկ օրվա իրականացմանը կամ նյութական արարմանը: Ինչպես նյութական արարումը կապված է հոգևոր արարման հետ և հանդիսանում է դրա շարունակությունը, այնպես էլ իմաստալից առավոտյան և երեկոյան աղոթքները կապված են միմյանց հետ և հանդիսանում են միմյանց շարունակությունը:
Մտածեք այս օրինակի մասին: Մեր բնավորության, մեր պահվածքի կամ հոգևոր աճի մեջ կան պահեր, որոնց մասին մենք պետք է խորհրդակցենք Երկնային Հոր հետ առավոտյան աղոթքում: Օրհնությունների համար պատշաճ շնորհակալություն հայտնելուց հետո, մենք աղերսում ենք, որ ստանանք հասկացողություն, առաջնորդություն և օգնություն այն բաներն անելիս, որոնք չենք կարող անել միայն մեր ուժով: Օրինակ, երբ աղոթում ենք, մենք կարող ենք.
-
Հիշատակել այն առիթները, երբ մենք կոպիտ կամ անպատշաճ ձևով ենք խոսել նրանց հետ, ում ամենից շատ ենք սիրում:
-
Ընդունել, որ մենք ավելի շատ գիտենք, սակայն միշտ չէ, որ գործում ենք ըստ մեր իմացածի:
-
Զղջալ մեր թերությունների համար և նրա համար, որ ավելի մեծ ջանքեր չենք գործադրում բնական մարդուն հանելու համար:
-
Որոշել ավելի լիովին ապրել Փրկչի նման:
-
Աղերսել ավելի մեծ ուժ՝ գործելու և ավելի լավը դառնալու համար:
Այսպիսի աղոթքը մեր օրվա հոգևոր նախապատրաստության կարևոր մասն է:
Օրվա ընթացքում մենք աղոթքը պահում ենք մեր սրտում շարունակ աջակցություն և ուղղություն ստանալու համար, ինչպես առաջարկել է Ալման. «Թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը» (Ալմա 37.36):
Այդ օրը մենք նկատում ենք, որ այն առիթների ժամանակ, երբ մենք սովորաբար միտում ունենք կոպիտ խոսելու, մենք չենք խոսում. կամ, եթե կարող էինք բռնկվել զայրույթով, չենք բռնկվում: Մենք տեսնում ենք երկնային օգնությունը և ուժը, և խոննարհաբար հասկանում մեր աղոթքի պատասխանները: Անգամ հասկանալու այդ պահին, մենք երախտագիտության լուռ աղոթք ենք ասում:
Մեր օրվա վերջում, մենք կրկին ծնկի ենք իջնում և հաշվետվություն տալիս մեր Հորը: Մենք վերանայում ենք օրվա իրադարձությունները և սրտանց շնորհակալություն հայտնում մեր ստացած օրհնությունների և օգնության համար: Մենք ապաշխարում ենք, և Տիրոջ Հոգու օժանդակությամբ, գտնում այն ճանապարհները, որոնցով մենք կարող ենք գործել և վաղը ավելի լավը դառնալ: Այսպիսով, մեր երեկոյան աղոթքը նաև նախպատրաստություն է իմաստալից առավոտյան աղոթքի համար:
Առավոտյան և երեկոյան աղոթքները, և դրանց միջև ընկած բոլոր աղոթքները, առանձին, իրար հետ կապ չունեցող իրադարձություններ չեն, ընդհակառակը, դրանք կապված են իրար հետ ամեն օր, և օրերի, շաբաթների, ամիսների և, անգամ, տարիների, ընթացքում: Սա մասամբ վերաբերում է «միշտ աղոթելու» սուրբ գրությունների խրատը կատարելուն (տե՛ս Ղուկաս ԺԱ.36; 3 Նեփի 18.15, 18; ՎևՈւ 31.12): Այսպիսի իմաստալից աղոթքները գործիք են հանդիսանում այն բարձրագույն օրհնությունները ստանալու համար, որոնք Աստված պահել է Իր հավատարիմ զավակների համար:
Աղոթքը դառնում է իմաստալից, երբ մենք հիշում ենք մեր հարաբերությունները Աստծո հետ և ուշք դարձնում խրատին.
«Կանչիր առ Աստված քո բոլոր գոյամիջոցների համար. Այո, թող բոլոր քո արարքները լինեն ի Տերը, և ուր էլ որ գնաս, թող դա լինի Տիրոջով, այո, թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը. Այո, թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան:
«Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար. Այո, երբ դու պառկես գիշերը, պառկիր ի Տերը, որ նա կարողանա հսկել քեզ, քնիդ մեջ. և երբ դու վեր կենաս առավոտյան, թող քո սիրտը լի լինի գոհությամբ առ Աստված. և եթե դու անես այս բաները, դու պիտի բարձրացվես վերջին օրը» (Ալմա 37.36–37):
Սկզունք 2: Աղոթքը դառնում է ավելի իմաստալից, երբ մենք սրտանց երախտագիտություն ենք հայտնում:
Բրիգամ Յանգ Համալսարանում, Այդահո, մեր ծառայության ժամանակ, Քույր Բեդնարը և ես, հաճախ մեր տանը հյուրաընկալում էինք Գերագույն Իշխանություններին: Մեր ընտանիքը մի կարևոր դաս է սովորել իմաստալից աղոթքի վերաբերյալ, երբ մի երեկո ծնկի իջավ աղոթելու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից մեկի հետ:
Այս օրն ավելի շուտ ես և Քույր Բեդնարը տեղեկացանք մեր մոտ ընկերոջ անսպասելի մահվան մասին, և մեր առաջին ցանկությունն էր աղոթել նրա ողջ մնացած կնոջ և երեխաների համար: Երբ ես հրավիրեցի կնոջս աղոթք ասելու, Տասներկուսի անդամը, որը տեղյակ չէր այդ ողբերգությունից, քաղաքավարի առաջարկեց, որ Քույր Բեդնարն իր աղոթքի մեջ միայն արտահայտեր իր շնորհակալությունը ստացած օրհնությունների համար, և ոչինչ չխնդրեր: Նրա խորհուրդը նման էր հին Եկեղեցու անդամներին տրված Ալմայի հրահանգին. «աղոթել անդադար և շնորհակալություն հայտնել բոլոր բաներում» (Մոսիա 26.39): Այդ անսպասելի ողբերգության պահին մեր ընկերների համար օրհնություններ խնդրելը սկզբում ավելի կարևոր էր մեզ թվում, քան շնորհակալություն հայտնելը:
Քույր Բեդնարը հավատքով արձագանքեց իր ստացած ուղղությանը: Նա շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը իմաստալից և հիշարժան փորձառությունների համար, որ ունեցավ այս սիրելի ընկերոջ հետ: Նա իր անկեղծ երախտագիտությունը հաղորդեց Սուրբ Հոգու` Մխիթարիչի համար և Հոգու պարգևների համար, որոնք մեզ հնարավորություն տվեցին դիմակայել դժվարությանը և ծառայել ուրիշներին: Ամենակարևորը, նա շնորհակալություն հայտնեց փրկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության, Նրա Հարության և վերականգնված ավետարանի արարողությունների և ուխտերի համար, որոնք թույլ են տալիս ընտանիքներին հավերժ միասին լինել:
Մեր ընտանիքն այդ փորձառությունից մեծ դաս քաղեց իմաստալից աղոթքով շնորհակալության զորության մասին: Այդ աղոթքի շնորհիվ և դրա միջոցով, մեր ընտանիքը օրհնվեց ոգեշնչմամբ մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք ճնշում էին մեր միտքը և անհանգստացնում սրտերը: Մենք սովորեցինք, որ երջանկության ծրագրի և Փրկչի փրկության առաքելության համար մեր երախտագիտությունը անհրաժեշտ հավաստիացում է տալիս և ամրացնում է մեր վստահությունը, որ ամեն ինչ լավ կլինի մեր սիրելի ընկերների կյանքում: Մենք նաև ներշնչումներ ստացանք այն ամենի մասին, ինչի համար պետք է աղոթենք և պատշաճ ձևով խնդրենք հավատքով:
Առավել իմաստալից ու հոգևոր աղոթքները, որ ես ունեցել եմ, պարունակում են շնորհակալության շատ արտահայտություններ և միայն մի քանի խնդրանքներ: Այժմ, երբ ես օրհնված եմ աղոթել առաքյալների և մարգարների հետ, Փրկչի Եկեղեցու այս ժամանակակից օրերի ղեկավարների մեջ ես գտնում են նույն հատկանիշները, որոնք Մորոնի Հրամանատարը նկարագրում է Մորմոնի Գրքում. Սրանք այն տղամարդիկ են, ում սրտերը լցված է Աստծո հանդեպ շնորհակալությամբ այն բազմաթիվ արտոնությունների և օրհնությունների համար, որ Նա շնորհում է Իր ժողովրդին (տե՛ս Ալմա 48.12): Նաև, նրանք չեն բազմապատկում շատ խոսքեր, քանզի նրանց տրված է, թե ինչ պետք է աղոթեն, և նրանք լցված են ցանկությամբ (տե՛ս 3 Նեփի 19.24): Մարգարեների աղոթքները մանկական են իրենց պարզությամբ, և զորավոր` իրենց անկեղծությամբ:
Երբ փորձում ենք մեր աղոթքներն ավելի իմաստալից դարձնել, մենք պետք է հիշենք, որ «ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում և չեն հնազանդվում նրա պատվիրաններին» (ՎևՈւ 59.21): Թույլ տվեք առաջարկել, որ պարբերաբար դուք և ես աղոթք ասենք, որով միայն շնորհակալություն ասենք և արտահայտենք մեր երախտագիտությունը: Ոչինչ չխնդրենք, պարզապես թույլ տանք որ մեր հոգիները ուրախանան և աշխատենք հաղորդել երախտագիտություն մեր սրտերի ողջ եռանդով:
Սկզբունք 3: Աղոթքը դառնում է ավելի իմաստալից, եթե մենք աղոթում ենք ուրիշների համար իրական նպատակով և անկեղծ սրտով:
Երկնային Հորից մեր անձնական կյանքում ցանկալի օրհնությունները խնդրելը լավ է և պատշաճ: Սակայն, եռանդով ուրիշների համար աղոթելը, և նրանց, ում մենք սիրում ենք, և նրանց, ովքեր մեզ անխնա օգտագործում են, նույնպես իմաստալից աղոթքի կարևոր տարր է: Ինչպես մեր աղոթքներում երախտագիտություն հայտնելը մեծացնում է հայտնության մեր հնարավորությունը, այնպես էլ մյուսների համար աղոթելը մեր հոգիների ողջ եռանդով, մեծացնում է Տիրոջ ձայնը լսելու և ուշք դարձնելու մեր ունակությունը:
Մենք կենսական դաս ենք սովորում Լեքիի օրինակից Մորմոնի Գրքում: Լեքին հավատքով արձագանքեց մարգարեական հրահանգին և նախազգուշացմանը Երուսաղեմի կործանման վերաբերյալ: Ապա նա աղոթեց Տիրոջը «իր ամբողջ սրտով, իր ժողովրդի համար» (1 Նեփի 1.5; շեշտադրումն ավելացված է): Ի պատասխան իր եռանդուն աղոթքի` Լեքին օրհնվեց փառավոր տեսիլքով Աստծո, Նրա Որդու և Երուսաղեմի անխուսափելի կործանման մասին (տե՛ս 1 Նեփի 1.6–9, 13, 18): Արդյունքում, Լեքին հրճվեց և նրա ողջ սիրտը լցվեց այն բաների համար, որ Տերը ցույց տվեց նրան (տե՛ս 1 Նեփի 1.15): Ուշադրություն դարձրեք, որ տեսիլքը տրվեց ի պատասխան ուրիշների համար աղոթքի, ոչ թե անձնական լուսավորում կամ ուղղություն ստանալու խնդրանքի արդյունքում:
Փրկիչը կատարյալ օրինակ է հանդիսանում ուրիշների համար իրական նպատակով աղոթելու: Իր Միջնորդական մեծ Աղոթքում Իր Խաչման նախորդող գիշերը, Հիսուսն աղոթեց Իր Առաքյալների և բոլոր Սրբերի համար:
«Ես նորանց համար եմ աղաչում. Ոչ թե աշխարհքի համար եմ աղաչում. Այլ նորանց համար՝ որ ինձ տվիր, որ քոնն են: …
«Բայց ոչ թե միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խոսքովը կհավատան ինձ: …
«… որ այն սերն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, և ես էլ նորանցում» (Հովհաննես ԺԸ.9, 20, 26):
Ամերիկյան մայրցամաքում Փրկչի ծառայության ժամանակ Նա մարդկանց պատվիրեց խորհել Իր ուսմունքների շուրջ և աղոթել հասկացողության համար: Նա բուժեց հիվանդներին, և Նա աղոթեց մարդկանց համար, օգտագործելով այնպիսի լեզու, որը չէր կարող գրի առնվել (տե՛ս 3 Նեփի 17.1–16): Նրա աղոթքի ազդեցությունը մեծ էր. «Ոչ մեկը չի կարող երևակայել այն ուրախությունը, որը լցրեց մեր հոգիներն այն պահին, երբ մենք լսում էինք նրան՝ մեզ համար Հորն աղոթելիս» (3 Նեփի 17.17): Պատկերացրեք, թե ինչի է նման մեզ համար աշխարհի Փրկիչի աղոթքը լսելը:
Արդյո՞ք մեր ամուսինները, երեխաները և ընտանիքի մյուս անդամները նմանապես զգում են մեր աղոթքների զորությունը, որոնք ուղղվում են Հորը իրենց հատուկ կարիքների և ցանկությունների համար: Արդյո՞ք նրանք, ում մենք ծառայում ենք, լսում են, թե ինչպես ենք մենք աղոթում նրանց համար հավատքով և անկեղծորեն: Եթե նրանք, ում մենք սիրում ենք և ծառայում, չեն լսել կամ զգացել իրենց համար մեր անկեղծ աղոթքների ազդեցությունը, ապա ապաշխարելու ժամանակը հիմա է: Երբ մենք կրկնօրինակում ենք Փրկչի օրինակը, մեր աղոթքներն իսկապես դառնում են իմաստալից:
Մեզ պատվիրված է «միշտ աղոթել» (2 Նեփի 32.9; ՎևՈւ 10.5; 90.24), «ինչպես բարձրաձայն, այնպես էլ սրտում … ինչպես աշխարհի առաջ, այնպես էլ գաղտնի, ինչպես հրապարակավ, այնպես էլ առանձին» (ՎևՈւ 19.28): Ես վկայում եմ, որ աղոթքը դառնում է ավելի իմաստալից, երբ մենք խորհրդակցում ենք Տիրոջ հետ մեր բոլոր գործերում, երբ մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում, և երբ մենք աղոթում ենք ուրիշների համար իսկական նպատակով և անկեղծ սրտով:
Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը ապրում է, և որ Նա լսում և պատասխանում է ամեն անկեղծ աղոթքի: Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչը և Միջնորդը: Հայտնությունը իրական է: Ավետարանի լրիվությունը վերականգնվել է երկրի վրա այս տնտեսության մեջ: Ես սա վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: