2008
«Ինչ էլ որ լինում է, սիրիր այն»
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


«Ինչ էլ որ լինում է, սիրիր այն»

Այն, թե ինչպես ենք մենք հակազդում ձախորդությանը, կարող է մեծ գործոն լինել, թե որքան երջանիկ և հաջողակ կարող ենք մենք լինել կյանքում:

Elder Joseph B. Wirthlin

Երբ երիտասարդ էի, սիրում էի սպորտային խաղեր և ես այդ օրերի հետ կապված շատ սիրելի հիշողություններ ունեմ: Սակայն ոչ բոլորն են հաճելի: Ես հիշում եմ մի օր, երբ իմ ֆուտբոլային թիմը պարտվեց մի դժվար խաղում: Ես հուսալքված տուն եկա: Մայրս տանն էր: Նա լսեց իմ տխուր պատմությունը: Նա սովորեցնում էր իր երեխաներին` վստահեք ինքներդ ձեզ և միմյանց, մի մեղադրեք մյուսներին ձեր ձախողումների համար, և ամեն ինչում ուժերի սահմանում կատարեք լավագույնը:

Երբ մենք վայր էինք ընկնում, նա սպասում էր, որ ինքնուրույն վեր կենանք և կրկին քայլենք: Խորհուրդը, որ մայրս տալիս էր ինձ այն ժամանակ, անակընկալ չէր: Այն ինձ հետ է մնացել իմ ողջ կյանքի ընթացքում:

«Ջոզեֆ, – ասում էր նա, – ինչ էլ որ լինում է, սիրիր այն»:

Ես հաճախ եմ կիրառել այդ խորհուրդը:

Կարծում եմ, նա ի նկատի ուներ, որ յուրաքանչյուր կյանք ունի բարձրակետեր և ստվերներ, և ժամանակներ, երբ թվում է թռչունները չեն երգում և զանգերը չեն հնչում: Սակայն, չնայած հուսահատությանն ու ձախողմանը, նրանք, ովքեր ամենաերջանիկն են, կարծես դժվար ժամանակներից սովորել են` դառնալով ավելի ամուր, ավելի իմաստուն և, արդյունքում, ավելի երջանիկ:

Կարող են լինել այնպիսիք, որ կմտածեն, որ Բարձրագույն Իշխանությունները հազվադեպ են ցավ, տառապանք կամ հուսահատություն ապրում: Եթե միայն դա ճիշտ լիներ: Չնայած այսօր այս բեմահարթակի վրա գտնվող տղամարդիկ և կանայք մեծ ուրախություն են ապրել, նրանք բոլորն էլ խմել են հուսալքության, վշտի և կորստի բաժակից: Տերն Իր իմաստությամբ ոչ ոքի չի ազատում վշտից կամ տխրությունից:

Ինձ համար, Տերը բացել է երկնքի պատուհանները և օրհնություններ թափել իմ ընտանիքի վրա` արտահայտելու իմ կարողությունից վեր: Սակայն, մյուսների նման, եղել են ժամանակներ իմ կյանքում, երբ թվացել է, թե սիրտս շատ ավելի ծանր է, քան կարող եմ կրել: Այդ ժամանակ ես մտածում եմ իմ պատանեկության այն քաղցր օրերի մասին, երբ ինձ համար մեծ վիշտ էր ֆուտբոլային խաղը տանուլ տալը:

Որքա՜ն քիչ գիտեի ես այն ժամանակ, թե ինչ է սպասվում ինձ հետագա տարիներին: Սակայն երբ էլ իմ կյանքում լինում էին տխրության և վշտի ժամանակներ, հաճախ էի հիշում մորս խոսքերը. «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն»:

Ինչպե՞ս կարող ենք մենք սիրել տառապանքով լի օրերը: Իհարկե, չենք կարող, առնվազն այդ պահին: Չեմ կարծում մայրս առաջարկում էր, որ մենք խեղդենք հուսահատությունը կամ մերժենք ցավի զգացումը: Չեմ կարծում, նա առաջարկում էր, որ ոչ հաճելի իրականությունը կոծկենք ձևական երջանկությամբ: Սակայն ես հավատում եմ, որ այն, թե ինչպես ենք հակազդում ձախորդությանը, կարող է մեծ գործոն լինել, թե որքան երջանիկ և հաջողակ կարող ենք լինել կյանքում:

Եթե մենք ձախորդությանը իմաստուն ձևով մոտենանք, մեր ամենադժվար ժամանակները կարող են դառնալ մեծագույն աճի ժամանակներ, որնոնք էլ իրենց հերթին կարող են առաջնորդել դեպի մեծագույն երջանկության ժամանակներ:

Տարիների ընթացքում ես սովորել եմ մի քանի բաներ, որոնք օգնել են ինձ փորձության ժամանակներում: Ես կուզենայի կիսվել դրանցով ձեզ հետ:

Սովորեք ծիծաղել

Առաջինը, որ կարող ենք անել, ծիծաղել սովորելն է: Երբևէ տեսե՞լ եք զայրացած վարորդ, որը, երբ ինչ-որ մեկը սխալ է կատարում, այնքան կոպիտ է արձագանքում, որ վիրավորում է այդ անձնավորությանը, նրա ընտանիքին, շանը և նախնիներին` մինչև Ադամ: Կամ երբևէ անսպասելիորեն տեսե՞լ եք պահարանի կախ ընկած դուռ, բաց թողնված սխալ տեղում և սխալ ժամանակ, որին անիծել, մեղադրել և որից վրեժխնդիր է եղել դժգոհ զոհը:

Նման ժամանակների համար հակաթույն է` ծիծաղել սովորելը:

Ես հիշում եմ, երբ լցրեցինք մեր երեխաներին մեքենայի մեջ և գնացինք Լոս Անջելես: Մեքենայի մեջ ինը հոգով էինք, և մենք մշտապես կորցնում էինք ճանապարհը: Բարկանալու փոխարեն մենք ծիծաղում էինք: Ամեն անգամ, երբ սխալ շրջադարձ էինք կատարում, մենք ավելի ուժեղ էինք ծիծաղում:

Կորելը մեզ համար անսովոր բան չէր: Մի անգամ, երբ գնում էինք հարավ դեպի` Սիդար Սիթի, Յուտա, մենք սխալ տեղից շրջադարձ կատարեցինք և չիմացանք այդ մասին, մինչև չտեսանք «Բարի գալուստ Նեվադա» նշանը: Մենք չբարկացանք: Մենք ծիծաղեցինք, և արդյունքում, գրեթե չզայրացանք ու չվրդովվեցինք: Մեր ծիծաղը փայփայած հիշողություններ է ստեղծել մեզ համար:

Ես հիշում եմ, երբ մեր դուստրերից մեկը պետք է իրեն անծանոթ մարդու հետ գնար ժամադրության: Նա հագնվել էր և պատրաստ սպասում էր այդ տղային, երբ դռան զանգը հնչեց: Ներս մտավ մի մարդ, որը տարիքով մի փոքր մեծ թվաց, սակայն դուստրս փորձեց քաղաքավարի լինել: Նա նրան ներկայացրեց ինձ, կնոջս և մյուս երեխաներին, ապա վերցրեց վերարկուն և դուրս եկավ: Մենք նայում էինք, ինչպես նա նստեց մեքենա, սակայն մեքենան տեղից չէր շարժվում: Ի վերջո, մեր դուստրը դուրս եկավ մեքենայից և կարմիր դեմքով վազեց տուն: Այդ մարդը, որը նրա կարծիքով իր հետ ժամադրվողն էր, իրականում եկել էր տանելու մեր մյուս դստերը, որը համաձայնվել էր պահել նրանց երեխային:

Մենք բոլորս մի լավ ծիծաղեցինք դրա վրա: Մենք չէինք դադարում ծիծաղելը: Ավելի ուշ, երբ մեր դստեր հետ իսկական ժամադրվողը եկավ, ես չկարողացա դուրս գալ նրա հետ ծանոթանալու, քանի որ դեռևս խոհանոցում ծիծաղում էի: Այժմ հասկանում եմ, որ մեր դուստրը շփոթված և իրեն նվաստացած է զգացել: Սակայն նա ծիծաղեց մեզ հետ, և արդյունքում, մենք այսօր էլ ծիծաղում ենք դրա վրա:

Մյուս անգամ, երբ դուք գայթակղվեք ծանր հոգոց հանելու, փոխարենը փորձեք ծիծաղել: Դա կերկարացնի ձեր կյանքը և ձեր շուրջը գտնվողների կյանքն ավելի ուրախ կդարձնի:

Փնտրեք հավերժական հեռանկարը

Երկրորդ բանը, որ մենք կարող ենք անել, հավերժական հեռանկար փնտրելն է: Դուք հնարավոր է միայնակ զգաք, երբ ձախորդություն է մտնում ձեր կյանք: Դուք տարուբերում եք ձեր գլուխը և հարցնում. «Ինչո՞ւ ես»:

Բայց ի վերջո վիշտը թակում է բոլորի դուռը: Լինի մեկ թե ավելի անգամ ամեն ոք տառապում է: Ոչ ոք բացառություն չէ:

Ես սիրում եմ սուրբ գրությունները, որովհետև դրանք ցույց ենք տալիս մեծ և ազնվազարմ մարդկանց օրինակներ, ինչպիսիք էին` Աբրահամը, Սառան, Ենովքը, Մովսեսը, Հովսեփը, Էմման և Բրիգամը: Նրանցից յուրաքանչյուրը ձախորդություններ և վիշտ է կրել, որոնք փորձել, հարստացրել և զարգացրել են նրանց բնավորությունը:

Հուսահատության, տառապանքի և վշտի պահերին համբերել սովորելը մեր վարժվելու մի մասն է: Այդ փորձառությունները, որոնք հաճախ դժվար է կրել, իրականում այնպիսի փորձառություններ են, որոնք ընդլայնում են մեր հասկացողությունը, զարգացնում մեր բնավորությունը և ավելացնում մյուսների հանդեպ մեր կարեկցանքը:

Որովհետև Հիսուս Քրիստոսը մեծապես տառապեց, Նա հասկանում է մեր տառապանքը: Նա հասկանում է մեր վիշտը: Մենք կրում ենք դժվարություններ, որպեսզի մենք ևս ունենանք ավելի շատ կարեկցանք և հասկացողություն մյուսների հանդեպ:

Հիշեք Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված Փրկչի վեհ խոսքերը, երբ Ջոզեֆը տառապում էր իր ընկերների հետ Լիբերթի բանտի թանձր խավարում. «Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ. Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին»:1

Հավերժական հեռանկարով այդ խոսքերից Ջոզեֆը սփոփվեց, դուք ևս կարող եք սփոփվել: Երբեմն այն պահերը, որոնք թվում է տառապանքով հաղթում են մեզ, այն պահերն են, որոնց, ի վերջո, տառապելով մենք ենք հաղթում:

Փոխհատուցման սկզբունքը

Երրորդ բանը, որ կարող ենք մենք անել` փոխհատուցելու սկզբունքը հասկանալն է: Տերը փոխհատուցում է հավատարիմներին յուրաքանչյուր կորստի համար: Այն, ինչ վերցվում է նրանցից, ովքեր սիրում են Տիրոջը, կտրվի նրանց Իր ձևով: Թեև այն կարող է չգալ ցանկալի ժամանակ, հավատարիմները կիմանան, որ այսօրվա ամեն մի արցունքը, ի վերջո, կվերադարձվի հարյուրապատիկ անգամ ավելի ուրախության և երախտագիտության արցունքներով:

Ավետարանի օրհնություններից մեկը գիտելիքն է, որ երբ մահվան վարագույրն կազդանշանի մեր մահկանացու կյանքի ավարտը, կյանքը կշարունակվի վարագույրի այն կողմում: Այնտեղ մեզ նոր հնարավորություններ կտրվեն: Նույնիսկ մահը չի կարող մեզանից վերցնել սիրելի Երկնային Հոր խոստացած հավերժական օրհնությունները:

Որովհետև Երկնային Հայրը ողորմած է, փոխհատուցելու սկզբունքը գերիշխում է: Ես տեսել եմ դա իմ կյանքում: Իմ թոռնիկ Ջոզեֆը աուտիզմ ունի: Այդ հիվանդության հետ պայքարելը սրտակեղեք էր իր մոր և հոր համար: Նրանք գիտեին, որ Ջոզեֆը, հավանաբար, երբեք մյուս երեխաների նման չի լինի: Նրանք հասկանում էին, թե ինչ է դա նշանակում ոչ միայն Ջոզեֆի, այլև ողջ ընտանիքի համար: Բայց ինչպիսի՜ ուրախություն է եղել նա մեզ համար: Աուտիստիկ երեխաները հաճախ դժվարությամբ են արտահայտում իրենց էմոցիաները, սակայն երբ ես նրա հետ եմ, Ջոզեֆը միշտ փաթաթվում է ինձ: Ճիշտ է դժվարություններ եղել են, սակայն նա ուրախությամբ է լցրել մեր կյանքը:

Նրա ծնողները խրախուսել են նրան սպորտով զբաղվել: Երբ նա առաջին անգամ սկսեց բեյսբոլ խաղալ, դաշտից դուրս էր գտնվում: Սակայն չեմ կարծում նա ըմբռնում էր, որ անհրաժեշտ է կորցրած գնդակի ետևից վազել: Նա խաղալու ավելի արդյունավետ ձև էր գտել: Երբ գնդակը գալիս էր նրա ուղղությամբ, Ջոզեֆը նայում էր ինչպես է այն իր կողքով անցնում, ապա մեկ այլ բեյսբոլի գնդակ էր հանում իր գրպանից և գցում այն դեպի գնդակ նետողը:

Ցանկացած վերապահում, զոհաբերություն, որ նրա ընտանիքը կատարել է Ջոզեֆին մեծացնելիս, տասնապատիկ անգամ ավելի փոխհատուցվել է: Այս ընտրյալ հոգու շնորհիվ նրա մայրն ու հայրը շատ բան են սովորել թերություններով երեխաների մասին: Նրանք անմիջական ականատեսն են եղել ընտանիքի, հարևանների և ընկերների մեծահոգության և կարեկցանքի: Նրանք միասին ուրախանում էին Ջոզեֆի առաջադիմությամբ: Նրանք հիանում էին նրա լավ հատկանիշներով:

Ապավինեք Հորը և Որդուն

Չորրորդ բանը, որ մենք կարող ենք անել, ապավինել մեր Երկնային Հորը և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին:

«Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց»:2 Տեր Հիսուս Քրիստոսը մեր գործընկերն է, օգնականը և բարեխոսը: Նա ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Նա ցանկանում է, որ մենք հաջողակ լինենք: Եթե մենք անենք մեր մասը, Նա կմիջամտի:

Նա, ով իջավ ամեն ինչից վար, կգա մեզ օգնության: Նա կսփոփի և նեցուկ կլինի մեզ: Նա կամրացնի մեզ մեր թուլության մեջ և ուժ կտա մեր հուսահատության ժամանակ: Նա թույլերին ուժեղ կդարձնի:3

Մեր դուստրերից մեկը, ծննդաբերելուց հետո, ծանր հիվանդացավ: Մենք աղոթում էինք նրա համար, խնամում նրան և օգնում որքանով կարող էինք: Մենք հույս ունեինք, որ նա բուժման օրհնություն կստանա, սակայն օրերը ամիսներ դարձան, իսկ ամիսները` տարիկներ: Մի առիթով ես նրան ասացի, որ այդ տառապանքը կարող է լինել մի բան, որ նա պետք է պայքարի իր ողջ կյանքի ընթացքում:

Ես հիշում եմ, մի առավոտ մի բացիկ հանեցի և դրեցի իմ գրամեքենայի վրա: Բառերը, որ ես մեքենագրեցի նրա համար, հետևյալն էին. «Պարզ գաղտնիք է` ապավինիր Տիրոջը, կատարիր լավագույնը, ապա մնացածը թող Նրան»:

Նա իր հույսը դրեց Աստծո վրա: Նրա տառապանքը չանհետացավ: Տարիներ շարունակ նա տառապեց, սակայն պատշաճ ժամանակին, Տերը օրհնեց նրան և, ի վերջո, նա ապաքինվեց:

Իմանալով իմ այս դստերը, ես հավատում եմ, որ նույնիսկ եթե նա երբեք չապաքինվեր, այնուամենայնիվ նա կվստահեր իր Երկնային Հորը և «մնացածը [կթողներ] Նրան»:

Եզրափակում

Թեպետ մայրս երկար ժամանակ է, ինչ գնացել է իր հավերժական վարձքը ստանալու, նրա խոսքերը միշտ ինձ հետ են: Ես դեռևս հիշում եմ ինձ տված նրա խորհուրդը տարիներ առաջ այն օրը, երբ իմ ֆուտբոլային թիմը խաղը տանուլ տվեց. «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն»:

Ես գիտեմ, թե ինչու պետք է հակառակություն լինի բոլոր բաներում: Ձախողումը, եթե դրան ճիշտ վերաբերվես, կարող է օրհնություն լինել մեր կյանքում: Մենք կարող ենք սովորել սիրել այն:

Եթե հումորով նայենք, հավերժական հեռանկար փնտրենք, հասկանանք փոխհատուցման սկզբունքը և ավելի մոտենանք մեր Երկնային Հորը, մենք կարող ենք կրել դժվարությունը և փորձությունը: Մենք կարող ենք ասել, ինչպես մայրս. «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն»: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. ՎևՈւ 121.7-8:

  2. Հովհաննես Գ.16:

  3. Տես Եթեր 12.27: