2008
Հույսի անսահման զորությունը
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Հույսի անսահման զորությունը

Աստծո, Նրա բարության և Նրա զորության հանդեպ հույսը մեզ քաջություն է պարգևում դժվար ժամանակ:

President Dieter F. Uchtdorf

Իմ սիրելի եղբայրներ, քույրեր և ընկերներ, ինչպիսի փառավոր օր է մեզ համար՝ վկա լինելու հինգ նոր տաճարների հայտարարությանը, որ արվեց մեր սիրելի մարգարեի կողմից: Ինչպիսի սքանչելի օր է մեր բոլորի համար:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վերջում հայրս զորակոչվեց գերմանական բանակ և ուղարկվեց արևմտյան ռազմաճակատ` թողնելով մորս միայնակ հոգալու մեր ընտանիքի հոգսերը: Թեպետ այն ժամանակ ես երեք տարեկան էի, դեռևս կարողանում եմ հիշել վախի և սովի այդ ժամանակները: Մենք ապրում էինք Չեխոսլովակիայում և ամեն անցնող օրվա հետ պատերազմն ավելի ու ավելի էր մոտենում և վտանգն ավելի սաստկանում:

Ի վերջո, 1944-ի ցուրտ ձմեռվա ընթացքում մայրս որոշեց փախչել Գերմանիա, որտեղ իր ծնողներն էին ապրում: Նա մեզ շորերով փաթաթեց և մի կերպ կարողացավ նստել արևմուտք ուղևորվող փախստականների վերջին գնացքներից մեկը: Այդ ժամանակ ուղևորություն կատարելը շատ վտանգավոր էր: Ուր էլ գնում էինք, պայթյունների ձայնը, սարսափած դեմքերը և մշտապես առկա սովը մեզ հիշեցնում էր, որ գտնվում ենք պատերազմական տարածաշրջանում:

Ճանապարհին գնացքը երբեմն կանգ էր առնում, որպեսզի պարեն վերցներ: Մի գիշեր, այդպիսի կանգառներից մեկի ժամանակ մայրս արագ իջավ գնացքից, որպեսզի ուտելիք գտներ իր չորս երեխաների համար: Երբ նա վերադարձավ մեծ սոսկումով հայտնաբերեց, որ գնացքը, որտեղ իր երեխաններն էին, արդեն գնացել է:

Նա անչափ անհանգստացած էր, հուսահատ աղոթքները լցրել էին նրա սիրտը: Նա խելակորույս փնտրում էր մեծ և մութ գնացքների կայարանը, արագ անցնելով բազմաթիվ գծերով, հույսը չկորցնելով, որ գնացքը դեռևս չի մեկնել:

Հավանաբար, ես երբեք չեմ զգա այն, ինչ զգաց մայրս իր սրտում և մտքում այդ մութ գիշերը, երբ մռայլ ու սոսկալի կայարանում փնտրում էր իր կորած երեխաններին: Անկասկած նա սարսափած էր: Անշուշտ, նրա մտքով անցնում էր, որ եթե չգտներ այդ գնացքը, հնարավոր է, երբեք այլևս չտեսներ իր երեխաներին: Ես հաստատ մի բան գիտեմ` նրա հավատը հաղթել էր նրա վախն ու հույսը հաղթահարել էր հուսահատությունը: Նա այնպիսի կին չէր, որ նստեր և ողբար: Նա գործեց: Նա իր հավատն ու հույսը գործի մեջ դրեց:

Այնպես որ, նա վազում էր գծից գիծ, գնացքից գնացք, մինչև որ գտներ մեր գնացքը: Այն տեղափոխվել էր կայարանի հեռավոր տարածքը: Այնտեղ, ի վերջո, նա կրկին գտավ իր երեխաներին:

Ես հաճախ եմ մտածում այդ գիշերվա մասին և ինչպիսի ապրումներ կարող էր ունեցած լիներ մայրս: Եթե կարողանայի ժամանակի մեջ ետ գնալ և նստել նրա կողքին, կհարցնեի, թե ինչպես կարողացավ իր վախին նայել և առաջ գնալ: Ես կհարցնեի նրա հավատի և հույսի մասին, և թե ինչպես կարողացավ հաղթահարել հուսահատությունը:

Քանի որ դա անհնար է, միգուցե այսօր ես կարող եմ նստել ձեր և այն մարդու կողքին, որը հուսահատություն կամ միայնակություն է զգում: Այսօր, ես կուզենայի խոսել ձեզ հետ հույսի անսահման զորության մասին:

Հույսի կարևորությունը

Հույսը եռոտանի աթոռի մեկ ոտքն է` հավատի և գթասրտության հետ միասին: Այդ երեքը կանոնավորում են մեր կյանքը` անկախ մեզ երբեմն հանդիպող կոշտ կամ անհարթ մակերևույթներին: Հույսի կարևորության մասին սուրբ գրությունները հստակ են և որոշակի: Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ սուրբ գրքերը մինչև վերջ գրել են, որ մենք «հույս ունենանք»:1

Հույսը մեր կյանքը երջանկությամբ լցնելու զորություն ունի:2 Դրա բացակայությունը, երբ մեր սրտի այս ցանկությունը հետաձգվում է, կարող է «մեր սիրտը հիվանդացնել»:3

Հույսը Հոգու պարգև է:4 Հույսն է, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ և Նրա Հարության զորությամբ, մենք կբարձրանանք դեպի հավերժական կյանք, և դա առ Փրկիչ հավատի շնորհիվ:5 Այդպիսի հույսը և խոստացված սկզբունք է և պատվիրան,6 և ինչպես բոլոր պատվիրանները, մենք պարտավոր ենք այն դարձնել մեր կյանքի ակտիվ մասը և հաղթահարենք հույսը կորցնելու գայթակղությունը: Մեր Երկնային Հոր ողորմած երջանկության ծրագրի հանդեպ հույսը տանում է դեպի խաղաղություն,7 ողորմածություն,8 ցնծություն9 և ուրախություն10: Փրկության հույսը նման է պաշտպանող սաղավարտի,11 և մեր հավատքի12 հիմքն ու մեր հոգիների13 խարիսխն է:

Մորոնին, լինելով միայնակ, նույնիսկ իր ժողովրդի լիակատար կործանման ականատեսը լինելով, հավատում էր հույսին: Նեփիացի ժողովրդի վերջալույսին Մորոնին գրեց, որ առանց հույսի մենք չենք կարող ժառանգություն ստանալ Աստծո արքայությունում: 14

Այդ դեպքում, ինչո՞ւ կա հուսահատություն:

Սուրբ գրություններն ասում են, որ պետք է լինի «հակառակություն բոլոր բաներում»:15 Այսպիսով, դա հավատի, հույսի և գթասրտության հետ է: Կասկածը, հուսահատությունը և մեր մերձավորների համար չհոգալը տանում է դեպի գայթակղություն, որը կարող է բերել ընտրության և թանկագին օրհնությունների կորստի:

Հակառակորդը օգտագործում է հուսահատությունը, որպեսզի կուրացնի մեր սրտերն ու մտքերը` շնչահեղձ անելով խավարի մեջ: Հուսահատությունը մեր միջից կորզում է ամեն վառ և ուրախ բան, և թողնում կյանքի դատարկ մնացուկները: Հուահատությունը սպանում է ձգտումը, առաջ բերում հիվանդություն, պղտորում է հոգին և անզգայնացնում սիրտը: Հուսահատությունը կարելի է նմանեցնել միշտ և միայն ներքև տանող աստիճանի:

Իսկ հույսը նման է արևաշողի, որ բարձրանում և անցնում է մեր ներկա հանգամանքների հորիզոնից վեր: Այգալույսի բացվելուն պես այն ցրում է խավարը: Այն քաջալերում և ոգեշնչում է մեզ` մեր հույսը դնել հավերժական Երկնային Հոր սիրող հոգածության վրա, որը ճանապարհ է պատրաստել նրանց համար, ովքեր հավերժական ճշմարտություն են փնտրում խառնաշփոթի և վախի հարաբերական աշխարհում:

Ուրեմն ի՞նչ է հույսը:

Լեզվական բարդություններն առաջարկում են հույս բառի մի քանի ընդգծված տարբերակ: Օրինակ, մանուկը կարող է հուսալ խաղալիք հեռախոսի, պատանին հատուկ ընկերոջ կողմից հեռախոսազանգի, իսկ մեծահասակը կարող է հուսալ պարզապես հեռախոսազանգերը դադարելու մասին:

Այսօր ես ցանկանում եմ խոսել հույսի մասին, որը բարձրանում է առօրյա մակարդակից և կենտրոնանում Իսրայելի Հույսի16 վրա, մարդկության մեծ հույսի, այսինքն` մեր Քավիչի` Հիսուս Քրիստոսի վրա:

Հույսը գիտելիք չէ,17 այլ ավելի շուտ կենդանի վստահություն, որ Տերը կկատարի մեզ տված Իր խոստումները: Դա վստահություն է, որ եթե այժմ ապրենք Աստծո օրենքներով ևՆրա մարգարեների խոսքերով, մենք կստանանք ցանկալի օրհնություններն ապագայում:18 Դա հավատալն է և ակնկալելը, որ մեր աղոթքները կպատասխանվեն: Այն դրսևորվում է վստահության, լավատեսության, խանդավառության և համբերատար հաստատակամության միջոցով:

Ավետարանական լեզվով, այս հույսը հաստատուն, անսասան և ակտիվ է: Հնում մարգարեներն խոսել են «հաստատուն հույսի»19 և «կենդանի հույսի»20 մասին: Դա բարի գործերով Աստծուն փառավորելու հույս է: հույսի հետ գալիս է ուրախություն և երջանկություն:21 Հույսի հետ, մենք կարող ենք ունենալ «համբերություն, և կրել … բոլոր մեր չարչարանքներից»:22

Կան բաներ, որոնց համար հույս ունենք և բաներ, որոնց վրա հույս ենք դնում

Բաները, որոնց համար հույս ունենք, հաճախ ապագայի իրադարձություններ են: Եթե միայն կարողանայինք նայել մահկանացու հորիզոնից այն կողմ, տեսնելու, թե ինչ է մեզ սպասվում այս կյանքից հետո: Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել ավելի փառահեղ ապագա, քան այն, որ պատրաստված է մեզ համար մեր Երկնային Հոր կողմից: Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ մենք չպետք է վախենանք, քանզի մենք կապրենք հավերժ, որպեսզի երբեք կրկին մահ չճաշակենք:23 Նրա անսահման Քավության շնորհիվ, մենք կարող ենք մաքրագործվել մեղքից և մաքուր ու սուրբ կանգնել դատարանի առաջ:24 Փրկիչը մեր Փրկության Հեղինակն է:25

Եվ ինչպիսի՞ գոյության համար մենք կարող ենք հուսալ: Նրանք, ովքեր գալիս են դեպի Քրիստոսը, ապաշխարում իրենց մեղքերից և հավատով ապրում, հավիտյան խաղաղ կապրեն: Մտածեք այս հավերժական պարգևի մասին: Շրջապատված նրանցով, ում մենք սիրում ենք, մենք կիմանանք մեծ ուրախության նշանակությունը, երբ առաջադիմենք գիտելիքի և երջանկության մեջ: Կարևոր չէ, թե որքան դժգույն կարող է թվալ մեր կյանքի գլուխն այսօր, Հիսուս Քրիստոսի կյանքի և զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք հուսալ և հավաստիանալ, որ մեր կյանքի գրքի վերջը կգերազանցի մեր մեծագույն ակնկալիքներին: «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»:26

Բաները, որոնց վրա հույս ենք դնում, պահում են մեզ մեր առօրյա կյանքում: Դրանք նեցուկ են լինում մեզ փորձությունների, գայթակղությունների և վշտի պահերին: Ամեն ոք ապրել է հուսահատություն և դժվարություն: Իսկապես, լինում են ժամանակներ, երբ խավարն ասես անտանելի է: Այդ ժամանակներում է, որ վերականգնված ավետարանի աստվածային սկզբունքները, որոնց վրա դնում ենք մեր հույսը, կարող են նեցուկ լինել մեզ և օգնել մինչև կրկին քայլենք լույսի մեջ:

Մենք հույսը դնում ենք Հիսուս Քրիստոսի վրա, Աստծո մեծահոգության, Սուրբ Հոգու հայտնությունների, գիտելիքի վրա, որ աղոթքները լսվում և պատասխանվում են: Քանի որ անցյալում Աստված հավատարիմ է եղել և պահել է Իր խոստումները, մենք կարող ենք վստահաբար հուսալ, որ Աստված կպահի մեզ տված Իր խոստումները այժմ և ապագայում: Վշտի ժամանակ, մենք կարող ենք ամուր կառչել հույսից, որ ամեն ինչ «միաժամանակ կգործի [մեր] բարիքի համար»,27 եթե հետևենք Աստծո մարգարեների խորհրդին: Աստծո, Նրա բարության և Նրա զորության վրա դրվող հույսը թարմացնում է մեզ քաջությամբ դժվարին պահերին և ուժ տալիս նրանց, ովքեր ահաբեկված են վախի, կասկածի և հուսալքության պատերի մեջ:

Հույսը տանում է դեպի բարի գործեր

Մենք սովորում ենք հույս զարգացնել, ինչպես սովորում ենք քայլել` քայլ առ քայլ: Ուսումնասիրելով սուրբ գրքերը, ամեն օր խոսելով մեր Երկնային Հոր հետ, պարտավորվելով պահել Աստծո պատվիրանները, ինչպիսին է Իմաստության Խոսքը, և վճարելով լրիվ տասանորդ, մենք հույս ենք ձեռք բերում:28 Մենք աճում ենք մեր ունակության մեջ, «որ հույսով ավելանանք Սուրբ Հոգու զորությունովը»,29 եթե ավետարանով «ավելի կատարյալ» ձևով ապրենք:

Կլինեն ժամանակներ, երբ մենք պետք է անվախ որոշում կայացնենք հուսալու, նույնիսկ երբ մեր շրջապատում ամեն ինչ հակադրվում է այդ հույսին: Հայր Աբրահամի նման, մենք «առանց հույսի հույսով [կհավատանք]»:30 Կամ, ինչպես գրողն է ասել. «Ձմռան կեսին [մեր] մեջ [կհայտնաբերենք] անպարտելի ամառ»:31

Հավատը, հույսն ու գթությունը լրացնում եմ միմյանց, և երբ մեկն ավելանում է, մյուսները ևս աճում են: Հույսը գալիս է հավատից,32 քանի որ առանց հավատի չկա հույս:33 Նմանապես, հավատը գալիս է հույսից, քանի որ հավատը «հուսացած բաների հաստատությունն է»:34

Հույսը կարևոր է և՛ հավատի և՛ գթության համար: Երբ անհնազանդությունը, հիասթափությունն ու հետաձգումը քայքայում է հավատը, հույսը այնտեղ է որպես մեր հավատի հենարան: Երբ շփոթմունքը և անհամբերությունը դժվարացնում են գթություն ցուցաբերելը, հույսը պահում է մեր վճռականությունը և ստիպում մեզ հոգալ մեր մերձավորների համար, անգամ առանց վարձահատույց լինելու ակնկալիքի: Որքան պայծառ է մեր հույսը, այնքան մեծ է մեր հավատը: Որքան ամուր է մեր հույսը, այնքան անկեղծ է մեր գթությունը:

Այն ամենը, ինչի համար մենք հույս ունենք, մեզ տանում են դեպի հավատ, մինչ այն ամենը, ինչի վրա մեր հույսը դրել ենք, տանում են դեպի գթություն: Այս երեք հատկանիշները՝ հավատը, հույսը և գթությունը35, աշխատելով միասին, հիմնավորված Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտության և լույսի վրա, մեզ առաջնորդում են դեպի առատ բարի գործեր:36

Հույս` անձնական փորձառությունից

Ամեն անգամ, երբ հույսը իրականանում է, վստահություն է առաջանում և ավելի մեծ հույս արթնացնում: Ես կարող եմ իմ կյանքից շատ օրինակներ հիշել, որոնցից հույսի զորության մասին եմ սովորել: Ես լավ եմ հիշում իմ մանկության օրերը լի համաշխարհային պատերազմի սարսափով և հուսալքությամբ, կրթական հնարավորությունների պակասը, պատանեկության տարիներին կյանքը վտանգող առողջական խնդիրները և որպես փախստական դժվարին և հուսալքող տնտեսական պայմանները: Նույնիսկ ամենավատ ժամանակներում, պարզապես անհանգստանալու կամ մտածելու փոխարեն, առաջ գնալու և հավատն ու հույսը գործի մեջ դնելու մեր մոր օրինակն պահել է մեր ընտանիքը և ինձ, և վստահություն ներշնչել, որ այդ պայմանները ճանապարհ կբացեն ապագա օրհնությունների համար:

Այս փորձառություններից ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն մեր անդամակցելն է, որ ամրացնում է հավատը, վառ հույս արթնացնում և ուղղորդում մեզ դեպի գթություն:

Հույսը պահում է մեզ հուսահատության ժամանակ: Հույսը ուսուցանում է, որ ուրախանալու պատճառ կա, անգամ երբ թվում է մեր շուրջն ամեն ինչ խավար է:

Երեմիայի հետ ես հայտարարում եմ. «Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում»:37

Ուրախությամբ եմ ես վկայում, որ «Տերը ապավեն է իր ժողովրդի համար, և ամրոց` Իսրայելի որդկանց համար»:38

Նեփիի հետ ես հայտարարում եմ. «Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»:39

Սա է հույսի արժեքը` մենք պետք է փայփայենք և զարգացնենք: Նման հասուն հույս գալիս է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, քանզի «ամեն ով որ այս հույսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպես որ [Փրկիչն] է սուրբ է»:40

Տերը մեզ հույսը վերահաստատող ուղերձ է հղել. «Մի վախեցիր, փոքր հոտ»:41 Աստված «ընդունելու պատրաստած բաց ձեռքերով»42 կսպասի նրանց, ովքեր կթողնեն իրենց մեղքերը և հավատով, հույսով ու գթությամբ կշարունակեն:

Եվ բոլոր նրանց, ովքեր տառապում են, ովքեր հուսահատություն, անհանգստություն կամ միայնակություն են զգում, ես ձեր հանդեպ սիրով ու խորը հոգածությամբ ասում եմ` երբեք անձնատուր մի եղեք:

Երբեք մի հանձնվեք:

Երբեք թույլ մի տվեք, որ հուսահատությունը պատի ձեր հոգուն:

Ընդունեք և ապավինեք Իսրայելի Հույսին, քանզի Աստծո Որդու սերը ցրում է ամեն խավար, թեթևացնում ամեն վիշտ և ուրախացնում ամեն սիրտ:

Այս մասին ես վկայում են և ձեզ թողնում իմ օրհնությունները, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Հռովմայեցիս ԺԵ.4:

  2. Տես Սաղմոս ՃԽԶ.5:

  3. Առակաց ԺԳ.12:

  4. Տես Մորոնի 8.26:

  5. Տես Մորոնի 7.41:

  6. Տես Կողոսացիս Ա.21-23:

  7. Տես Հռովմայեցիս ԺԵ.13:

  8. Տես Սաղմոս ԼԳ.22:

  9. Տես Հռովմայեցիս 12:12:

  10. Տես Առակաց Ժ.28:

  11. Տես Ա Թեսաղոնիկեցիս Ե.8:

  12. Տես Եբրայեցիս ԺԱ.1, Մորոնի 7.40:

  13. Տես Եբրայեցիս Զ.19, Եթեր 12.4:

  14. Տես Եթեր 12.32, տես նաև Հռովմայեցիս Ը.24:

  15. 2 Նեփի 2.11:

  16. Տես Երեմիա ԺԷ.13:

  17. Տես Հռովմայեցիս Ը.24:

  18. Տես ՎևՈւ 59.23:

  19. Ալմա 34.41:

  20. Ա Պետրոս Ա.3:

  21. Տես Սաղմոս ՃԽԶ.5:

  22. Ալմա 34.41

  23. Տես Ալմա 11.45:

  24. Տես 2 Նեփի 2.6-10::

  25. Տես Եբրայեցիս Ե.9:

  26. Ա Կորնթացիս Բ.9:

  27. ՎևՈւ 90.24:

  28. Հռովմայեցիս ԺԵ.14:

  29. Հռովմայեցիս ԺԵ.13

  30. Հռովմայեցիս Դ.18:

  31. Albert Camus, in John Bartlett, comp., Familiar Quotations, 17th ed. (2002), 790.

  32. Տես Եթեր 12.4:

  33. Տես Մորոնի 7.42:

  34. Եբրայեցիս ԺԱ.1:

  35. Տես Մորոնի 10.20:

  36. Տես Ալմա 7.24:

  37. Երեմիա ԺԷ.7:

  38. Հովել Գ.16:

  39. 2 Նեփի 31.20:

  40. Ա Հովհաննես Գ.3:

  41. ՎևՈւ 6.34:

  42. Տես Մորմոն 6.17: