2008
Սովորել, կատարել, լինել
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Սովորել, կատարել, լինել

Թող որ մենք սովորենք այն, ինչ պետք է սովորենք, կատարենք այն, ինչ պետք է կատարենք, և լինենք այն, ինչ պետք է լինենք:

President Thomas S. Monson

Դուք այսօր այս Առաջին Նախագահության երկու խորհրդականների ամրության ականատեսը եղաք: Ես ձեր առջև կանգնած հայտարարում եմ, որ այս Առաջին Նախագահությունը միավորված է ինչպես մեկ անձ Տեր Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո:

Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել միսիոներական երգչախմբին: Ես մի փորձառություն եմ ունեցել, որը հետաքրքիր կլինի նրանց համար, և մի գուցե ձեզ համար նույնպես: Շատ տարիներ առաջ միսիոներների ուսուցման կենտրոնի ղեկավարից ես հուսահատ զանգ ստացա: Նա ասաց. «Նախագահ Մոնսոն, իմ միսիոներներից մեկը տուն է վերադառնում: Ոչինչ նրան չի կարող կանգնեցնել»:

Ես պատասխանեցի. «Դե, դա միակ դեպքը չէ: Այդպես պատահում է: Ի՞նչ է պատահել»:

Նա ասաց. «Նրան կանչել են ծառայելու իսպանախոս միսիայում, իսկ նա լիովին համոզված է, որ չի կարող սովորել իսպաներեն»:

Ես ասացի. «Ես մի առաջարկություն ունեմ ձեզ: Վաղը առավոտյան նրան խնդրեք այցելել ճապոներենի դասարան: Իսկ ժամը 12:00-ին, կեսօրին, նրան խնդրեք ներկայանալ ձեզ»:

Հաջորդ առավոտյան ժամը 10:00-ին նա զանգահարեց և ասաց. «Երիտասարդ տղան այժմ իմ կողքին է, և նա ուզում է ինձ հավատացնել, որ լիովին վստահ է, որ կարող է իսպաներեն սովորել»:

Երբ կա ցանկություն, կա նաև ճանապարհ:

Այժմ, երբ ես դիմում եմ ձեզ այս երեկո, իսկապես որ դուք արքայական քահանայություն եք, և թեև հավաքվել եք տարբեր վայրերում, սակայն միավորվածեք: Ամենայն հավանականությամբ, սա քահանայություն կրողների ամենամեծ հավաքն է, որ երբևէ տեղի է ունեցել: Ձեր սրբազան կոչումներին ձեր նվիրվածությունը ոգեշնչող է: Ձեր պարտականությունը սովորելու ձեր ցանկությունը ակնհայտ է: Ձեր հոգիների մաքրությունն ավելի է երկինքը մոտեցնում ձեզ և ձեր ընտանիքին:

Աշխարհի տարբեր վայրերում տնտեսական դժվար ժամանակներ են: Բիզնեսներ են տապալվում, աշխատանքներ են կորցնում և ներդրումները վտանգվում են: Մենք պետք է համոզված լինենք, որ նրանք, ում համար մենք պատասխանատվություն ենք կրում, սովի չմատնվեն, առանց հագուստի կամ ապաստանի չմնան: Երբ այս Եկեղեցու քահանայությունը մեկի նման միասին աշխատում է այդ պայմանները բավարարելու ուղղությամբ, գրեթե հրաշքներ են կատարվում:

Մենք կոչ ենք անում բոլոր Վերջին Օրերի Սրբերին լինել իմաստուն իրենց պլանավորման հարցում, զուսպ իրենց ապրելաոճում և խուսափել մեծ կամ ոչ-անհրաժեշտ պարտքերից: Եկեղեցու ֆինանսական գործերը այդպես են տնօրինվում , քանի որ մենք հասկանում ենք, որ ձեր տասանորդները և այլ նվիրատվությունները չեն գալիս առանց զոհաբերության և հանդիսանում են սուրբ միջոցներ:

Եկեք մեր տները դարձնենք արդարակեցության սրբավայրեր, աղոթքի տեղեր և սիրո ապաստաններ, որպեսզի մենք կարողանանք արժանանալ օրհնություններին, որոնք կարող են գալ միայն մեր Երկնային Հորից: Մեզ պետք է Նրա առաջնորդությունը մեր ամենօրյա կյանքում:

Այս մեծ բազմության մեջ է քահանայության զորությունն ու ունակությունը՝ հասնելու և մյուսների հետ կիսվելու փառավոր ավետարանով: Ինչպես արդեն ասվեց, մենք ձեռքեր ունենք՝ ուրիշներին բարձրացնելու ինքնագոհության և ոչ ակտիվ վիճակից: Մենք սրտեր ունենք՝ հավատարիմ ծառայելու քահանայության մեր կոչումներում և դրանով ոգեշնչելու ուրիշներին քայլել ավելի բարձր մակարդակի վրա և խուսափել մեղքի ճահիճներից, որ սպառնում են կլանել շատերին: Հոգիների արժեքն իսկապես մեծ է Աստծո աչքում: Մերն է թանկարժեք արտոնությունը, ամրացված այս գիտելիքով՝ փոխել մյուսների կյանքը: Եզեկիելի գրքում գտնվող խոսքերը կարող են լիովին վերաբերել մեզ բոլորիս, ովքեր հետևում են Փրկչին այս սրբազան գործում.

«Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը …

Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, և պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվիք և իմ դատաստանները պահեք, և նորանց կատարեք:

Եվ բնակվեք այն երկրումը որ տվել եմ ձեր հայրերին, և իմ ժողովուրդը լինեք, և ես ձեր Աստվածը լինեմ»:1

Ինչպե՞ս մենք կարող ենք արժանանալ այդ խոստմանը: Ի՞նչը կարող է որակավորել մեզ այդ օրհնությանը: Կա՞ արդjոք ուղեցույց, որին կարող ենք հետևել:

Թույլ տվեք մեր քննարկմանն առաջարկել երեք հանձնարարական: Դրանք վերաբերում են ինչպես սարկավագին, այնպես էլքահանայապետին: Դրանք մեր ուժերի սահմաններում են: Բարի Երկնային Հայրը կօգնի մեզ մեր ջանքերում:

Առաջին, սովորենք այն, ինչ պետք է սովորենք:

Երկրորդ, կատարենք այն, ինչ պետք է կատարենք:

Եվ երրորդ, լինենք այն, ինչ պետք է լինենք:

Եկեք քննարկենք այս նպատակները, որպեսզի կարողանանք օգտակար ծառաներ լինել մեր Տիրոջ աչքում:

Առաջինը, սովորենք այն, ինչ պետք է սովորենք: Պողոս Առաքյալը մեծ կարևորություն էր տալիս սովորելու մեր ջանքերին: Նա ասում էր Փիլիպպեցիներին. «Մեկ բան կայ, ետևի բաները մոռանալով, դեպի առաջի լինողներն եմ նկրտում: Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը»:2 Իսկ Եբրայեցիներին նա հորդորում էր. «Դեն գցենք… մեղքը, … և համբերությամբ վազենք մեր առաջին դրած … ընթացքը. Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՝ Հիսուսին»:3

Նախագահ Ստեֆեն Լ. Ռիչարդսը, որը երկար տարիներ ծառայել է Տասներկու Առաքյալների Քվորումում, ապա Առաջին Նախագահությունում, հաճախ է խոսել քահանայություն կրողների հետ և շեշտել դրան հետևելու իր փիլիսոփայությունը: Նա հայտարարել է. «Քահանայությունը հաճախ պարզապես սահմանվում է որպես «մարդուն տրված Աստծո զորություն»: Այս սահմանումը, կարծում եմ, ճշգրիտ է»:

Նա շարունակում է. «Սակայն գործնական նպատակով ես կցանկանայի սահմանել Քահանայությունը որպես ծառայություն, և ես հաճախ այն կոչում եմ «ծառայության կատարյալ ծրագիր»: Ես դա անում եմ, քանի որ կարծում եմ, թե միայն մարդկանց շնորհված այդ աստվածային զորության օգտագործման միջոցով մենք երբևէ կարող ենք հույս ունենալ, որ կիրականացնենք այդ օժտումն իր ողջ կարևորությամբ և նշանակությամբ: Դա ծառայության գործիք է, … և նա, ով չի օգտագործում այն, կորցնում է այն, քանզի հայտնությամբ մեզ ասվել է, թե ով որ անտեսում է այն, արժանի չի համարվի կանգնելու»»:4

Նախագահ Հարոլդ Բ. Լին, Եկեղեցու տասնմեկերորդ Նախագահը և մեծ ուսուցիչներից մեկը, իր խորհուրդը տալիս է պարզ հասկանելի խոսքերով: Նա ասել է. «Երբ մեկը դառնում է քահանայության կրող, նա դառնում է Տիրոջ հրեշտակ: Նա պետք է մտածի իր կոչման մասին որպես Տիրոջ այգու մշակ»:5

Ձեզանից ոմանք, հնարավոր է, ամաչկոտ են էությամբ կամ իրենց համարում են անհամապատասխան՝ կոչումն ընդունելու համար: Հիշեք, որ այս աշխատանքը միայն ձերը և իմը չէ: Դա Տիրոջ աշխատանքն է, իսկ երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք: Հիշեք, որ Տերը կպատրաստի մեջքը՝ կրելու համար այն բեռը, որը դրվում է դրա վրա:

Թեև պաշտոնական դասարանը կարող է երբեմն վախենալու թվալ, առավել արդյունավետ ուսուցումը տեղի է ունենում հավաքատնից կամ դասարանից դուրս: Շատ լավ եմ հիշում, տարիներ առաջ Ահարոնյան Քահանայություն կրող անդամներն անհամբերությամբ սպասում էին Ահարոնյան Քահանայության վերականգնման տոնակատարությանը, որը պետք է դուրսը տեղի ունենար: Մեր ցցի երիտասարդ տղամարդիկ ավտոբուսով 90 մղոն ճանապարհ անցան դեպի հյուսիս՝ Կլարկստոնի Գերեզմանոց, որտեղ մենք այցելեցինք Մորմոնի Գրքի Երեք Վկաներից մեկի՝ Մարտին Հարիսի գերեզմանին: Շրջապատելով այդ գեղեցիկ գրանիտե հուշաքարը, մենք լսեցինք բարձրագույն խորհրդականին, որը ներկայացրեց Մարտին Հարիսի կյանքից դրվագներ, կարդաց Մորմոնի Գրքից նրա վկայությունը, և ապա բերեց ճշմարտության մասին իր սեփական վկայությունը: Երիտասարդ տղամարդիկ կլանված լսում էին, դիպչում գրանիտե քարին և խորհում իրենց լսած խոսքերի և ապրած զգացումների շուրջ:

Լոգանի այգում բոլորը հաճույքով վայելեցին ճաշը: Խմբի երիտասարդ տղաները այնուհետև պառկեցին Լոգան տաճարի խոտածածկին և հայացքը հառեցին վեր սլացող հպարտ սրաձողերին: Կուտակված ճերմակ ամպերը, քամուց քշվելով, շտապելով անցնում էին այդ սրաձողերի կողքով: Ուսուցանվեց տաճարի նպատակը: Ուխտերն ու խոստումները դարձան ավելին, քան լոկ խոսքեր: Այդ տաճարների դռներից ներս մտնելուն արժանի լինելու ցանկությունը մուտք գործեց այդ երիտասարդ սրտերը: Երկինքը շատ մոտ էր: Մենք վստահ էինք, որ սովորեցինք այն, ինչ պետք է սովորեինք:

Երկրորդ, կատարենք այն, ինչ պետք է կատարենք: Քահանայության մասին հայտնության մեջ, որ տրվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 107-րդ բաժնում, մենք կարդում ենք, որ «սովորելուց» հետո պետք է «գործել». «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է»:6

Քահանայության յուրաքանչյուր կրող, որ ներկա է այս երեկո այս նիստին, ծառայելու կոչում ունի և պետք է գործադրի իր լավագույն ջանքերը իրեն հանձնարարված աշխատանքում: Տիրոջ աշխատանքում չկա անիմաստ առաջադրանք, յուրաքանչյուրն ունի հավերժական հետևանքներ: Նախագահ Ջոն Թեյլորը նախազգուշացրել է մեզ. «Եթե դուք չմեծարեք ձեր կոչումը, Աստված ձեզ պատասխանատվության կկանչի նրանց համար, ում դուք կարող էիք փրկել, եթե կատարեիք ձեր պարտականությունը»:7 Իսկ ո՞վ մեզանից կարող է իրեն թույլ տալ պատասխանատվություն կրել մարդու հոգու հավերժական կյանքի հետաձգման համար: Եթե մեկ հոգի փրկելու հատուցումը մեծ ուրախություն է, ապա ինչպիսի սոսկալի պետք է լինի զղջման զգացումը նրանց, ում երկչոտ ջանքերը թույլ են տվել, որ Աստծո զավակը մնա առանց նախազգուշացման կամ առանց օգնության, և սպասի, մինչև հայտնվի Աստծո մի պատասխանատու ծառա:

Հին ասացվածքը շատ ճիշտ է. «Արա քո գործը, մնացածը թող Տիրոջը»:

Քահանայության կրողների ծառայության մեծ մասը կատարվում է լուռ և անաղմուկ: Ընկերական ժպիտը, ջերմ ձեռքսեղմումը, ճշմարտության մասին անկեղծ վկայությունը, կարող է բառացիորեն կյանքեր բարձրացնել, փոխել մարդկանց էությունը և փրկել թանկարժեք հոգիներ:

Նման ծառայության օրինակ է հանդիսանում Ջուլիուս և Դորոթի Ֆասեկների միսիոներական փորձը, որոնք կանչվել էին երկու տարով լիաժամկետ միսիայի Լեհաստանում: Եղբայր Ֆասեկը ծնվել էր Լեհաստանում: Նա խոսում էր այդ լեզվով: Նա սիրում էր այդ մարդկանց: Քույլ Ֆասեկը բրիտանացի էր և շատ քիչ գիտեր Լեհաստանի և նրա ժողովրդի մասին:

Վստահելով Տիրոջը, նրանք ընդունեցին իրենց հանձնարարությունը: Կյանքի պայմանները տարրական էին, աշխատանքը միայնակ, գործը ահռելի: Այդ ժամանակ Լեհաստանում միսիա հիմնված չէր: Ֆասեկներին հանձնարարվել էր պատրաստել ճանապարհը՝ միսիա ստեղծելու համար, որպեսզի այլ միսիոներներ կանչվեն ծառայելու, մարդիկ ուսուցանվեն, նորադարձներ մկրտվեն, ճյուղեր հիմնվեն և հավաքատներ կառուցվեն:

Արդյո՞ք Երեց և Քույր Ֆասեկները հուսահատվեցին իրենց հսկայական հանձնարարության պատճառով: Ոչ մի րոպե: Նրանք գիտեին, որ իրենց կոչումը Աստծուց է: Նրանք աղոթեցին Նրա աստվածային օգնության համար, և ողջ սրտով նվիրվեցին իրենց աշխատանքին: Նրանք Լեհաստանում մնացին ոչ թե երկու, այլ հինգ տարի: Բոլոր դրված նպատակները իրականացվեցին:

Երեցներ Ռասել Մ. Նելսոնը, Հանս Բ. Րինգերը և ես, Երեց Ֆասեկի ուղեկցությամբ, հանդիպեցինք Լեհաստանի կառավարության Նախարար Ադամ Վոպատկային, և լսեցինք, ինչպես նա ասաց. «Ձեր եկեղեցին ողջունվում է այստեղ: Դուք կարող եք կառուցել ձեր շենքերը, դուք կարող եք ուղարկել ձեր միսիոներներին: Ձեզ ողջունում են Լեհաստանում: Այս տղամարդը, – նա ցույց տվեց Ջուլիուս Ֆասեկին, – լավ է ծառայել ձեր եկեղեցուն: Դուք կարող եք շնորհակալ լինել նրա օրինակի և աշխատանքի համար»:

Ֆասեկների նման, եկեք անենք այն, ինչ պետք է անենք Տիրոջ աշխատանքում: Այնուհետև, Ջուլիուս և Դորոթի Ֆասեկների հետ միասին, մենք կարող ենք միանալ Սաղմոսղին. «Իմ օգնությունը Տերիցն է, որ երկինքն ու երկիրս արավ: … Քո պահապանը չի քնիլ: Ահա Իսրայելի պահապանը չի ննջիլ և չի քնանալ»:7

Երրորդ, լինենք այն, ինչ պետք է լինենք: Պողոսը իր սիրելի ընկեր և բարեկամ Տիմոթեոսին խորհուրդ է տալիս. «Օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով»:9

Ես մեզ բոլորիս կոչ եմ անում աղոթել մեր հանձնարարությունների համար և փնտրել աստվածային օգնություն, որպեսզի կարողանանք հաջողությամբ իրականացնել այն, ինչի համար կանչվել ենք: Ինչ-որ մեկն ասել է, որ «մարդու ունեցած զորությունից ավելի բարձր զորության ընդունումը ամենևին էլ չի նվաստացնում նրան»:10 Նա պետք է փնտրի, հավատա, աղոթի և հուսա, որ կգտնի: Նման անկեղծ, աղոթքով կատարված ոչ մի ջանք չի մնա անպատասխան: Դա է հավատքի փիլիսոփայության հիմքը: Աստվածային շնորհը կայցելի նրանց, ովքեր խոնարհաբար փնտրում են այն:

Մորմոնի Գրքում տրվում է մի խորհուրդ, որն ամբողջությամբ բացատրում է դա: Տերն ասում է. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»:11

Իսկ ինչպիսի՞ մարդ էր Նա: Ի՞նչ օրինակ էր Նա տալիս Իր ծառայությամբ: Հովհաննեսի Ժ գլխում մենք սովորում ենք.

«Ես եմ բարի հովիվը. Բարի հովիվն իր անձը դնում է ոչխարների համար:

Բայց վարձկանը, որ հովիվ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, և թողում է ոչխարները և փախչում. և գայլը հափշտակում է նորանց և ցրում է ոչխարներին:

Եվ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է, և ոչխարների համար հոգս չունի»:

Տերն ասել է. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմիններին ճանաչում եմ, և իմիններիցն էլ ճանաչվում եմ»:

«Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը, և իմ անձը դնում եմ ոչխարների համար»:12

Եղբայրներ, թող որ մենք սովորենք այն, ինչ պետք է սովորենք, կատարենք այն, ինչ պետք է կատարենք, և լինենք այն, ինչ պետք է լինենք: Դա անելով, մենք կստանանք երկնքի օրհնությունները: Մենք կիմանանք, որ միայնակ չենք: Նա, որ գիտի ճնճղուկի ընկնելու մասին, Իր ձևով, գիտի բոլորիս:

Մի քանի տարի առաջ ես մի նամակ ստացա մի վաղեմի ընկերոջից: Նա այդ նամակում բերում էր իր վկայությունը: Այս երեկո ես ուզում եմ մասամբ կիսվել դրանով ձեզ հետ, քանի որ դա ցուցադրում է քահանայության ուժը մի մարդու, որը սովորեց այն, ինչ պետք է սովորեր, կատարեց այն, ինչ պետք է կատարեր, և միշտ փորձում էր լինել այն, ինչ պետք է լիներ: Ես կկարդամ հատվածներ իմ ընկեր Թերոն Վ. Բորոփի այդ նամակից, որը երեք տարի առաջ մահացավ 90 տարեկան հասակում.

«Ութ տարեկանում, երբ ես մկրտվեցի և ստացա Սուրբ Հոգին, մեծապես տպավորված էի, որ կարող էի լինել այդքան լավը և ստանալ Սուրբ Հոգին, որը կօգներ ինձ կյանիքս ողջ ընթացքում: Ինձ ասացին, որ Սուրբ Հոգին ներկա է լինում միայն լավ միջավայրում և, երբ չարը մտնում է մեր կյանք, նա կհեռանա: Չիմանալով, թե երբ նրա հուշումների և ուղղության կարիքը կունենամ, ես փորձում էի ապրել այնպես, որ չկորցնեի այդ պարգևը: Մի անգամ այն փրկեց իմ կյանքը:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ ես ինժեներ-հրաձիգ էի B-24 ռմբակոծչի կազմում, Հարավային Խաղաղ օվկիանոսի տարածքում:… Մի օր հայտարարություն արվեց, որ երբևէ կատարված ամենաերկար ռմբակոծումը սպասվում է նաֆթի վերամշակման գործարանի վրա: Հոգու հուշումներն ինձ ասացին, որ ինձ ուղարկելու են այդ թռիչքին և որ ես չեմ զոհվի այդ մարտում: Այդ ժամանակ ես ՎՕՍ խմբի նախագահն էի:

Ճակատամարտը կատաղի ընթացք էր ստացել, երբ մենք թռիչք կատարեցինք Բորնեոյի վրայով: Մեր ինքնաթիռը հարված ստացավ հարձակվող ինքնաթիռներից, սկսեց այրվել և օդաչուն մեզ ասաց պատրաստվել դուրս թռնելու: Ես վերջինը ցատկեցի: Ներքև իջնելիս մեզ վրա կրակեցին թշնամի օդաչուները: Ես չէի կարողանում աշխատացնել փչվող լաստանավը: Սուզվելով ջրի տակ, և բարձրանալով վերև, ես սկսեցի խորտակվել և հանձնվեցի: Մի պահ ես բացականչեցի. «Աստված, փրկիր ինձ»: … Մեկ անգամ ևս ես փորձեցի փչել լաստանավը և վերջապես ստացվեց: Բավական օդ փչելով մեջը, որպեսզի այն ինձ պահի ջրի վրա, ես բարձրացա դրա վրա, այլևս շարժվելու ուժ չունենալով:

Երեք օր շարունակ մենք լողում էին թշնամու տարածքներով, շրջապատված լինելով նավերով, իսկ գլխավերևում՝ ինքնաթիռներով: Ինչպես նրանք չէին տեսնում դեղին լաստանավերի խումբը կապույտ ջրերի վրա, այդպես էլ հրաշք մնաց, – գրել է նա,-Փոթորիկ բարձրացավ և երեսուն ֆուտ բարձրությամբ ալիքները գրեթե կտոր-կտոր արեցին մեր նավակները: Երեք օր անցավ առանց ուտելիքի ու ջրի: Մյուսները հարցրեցին ինձ, թե արդյոք ես աղոթել եմ: Ես ասացի, որ աղոթել եմ, և որ մենք կփրկվենք: Այդ երեկո մենք տեսանք մեր սուզանավը, կարծելով, թե նա եկել է մեզ փրկելու, սակայն այն անցավ մեր կողքով: Հաջորդ առավոտ կատարվեց [նույնը: Մենք գիտեինք], որ դա վերջին օրն էր, որ նավն այդ տարածքում էր գտնվում: Այդ ժամանակ հուշում եկավ Սուրբ Հոգուց: «Դու քահանայություն ունես: Հրամայիր սուզանավին ձեզ վերցնել»: Ես լուռ աղոթեցի. «Հիսուս Քրիստոսի անունով և քահանայության զորությամբ, շրջվիր և արի մեզ վերցրու»: Մի քանի րոպե անց, նրանք հավասարվեցին մեզ: Երբ արդեն նավի վրա էինք, նավապետն ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչպես ձեզ գտանք, որովհետև մենք ձեզ չէինք փնտրում»: Բայց ես գիտեի»:13

Ես ձեզ հետ եմ թողնում իմ վկայությունն այն մասին, որ այս աշխատանքը, որի մեջ մենք ընդգրկված ենք, ճշմարիտ է: Տերը կանգնած է ղեկի մոտ: Թող որ մենք միշտ կարողանանք հետևել Նրան, իմ անկեղծ աղոթքն է, և ես դա խնդրում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Եզեկիել ԼԶ.26-28:

  2. Փիլիպպեցիս Գ.13-14:

  3. Եբրայեցիս ԺԲ.1-2:

  4. Stephen L Richards in Conference Report, Apr. 1937, 46.

  5. Harold B. Lee, Stand Ye in Holy Places (1974), 255.

  6. ՎևՈւ 107.99:

  7. John Taylor, “Discourse,” Deseret News, Aug. 7, 1878, 2.

  8. Սաղմոս ՃԻԱ.2-4:

  9. Ա Տիմոթեոս Դ.12

  10. Stephen L Richards, in Conference Report, Oct. 1937, 10.

  11. 3 Նեփի 27.27

  12. Հովհաննես Ժ.11-15

  13. Անձնական նամակագրություն, շեշտադրումն ավելացված է: