Զրույց պոռնոգրաֆիայի մասին. ինչպես պաշտպանել, արձագանքել և բուժել
Պոռնոգրաֆիայի դեմ պայքարին նվիրված Սոլթ Լեյք Սիթիում 2018 թվականին տեղի ունեցած Յուտայի կոալիցիայի համաժողովի ելույթից:
Սիրո այս երեք դրսևորումները կարող են օգնել մեր երեխաներին, եթե նրանք առնչվեն պոռնոգրաֆիայի հետ:
Ես ցավով եմ արձանագրում պոռնոգրաֆիայի ազդեցության մասին, նույնիսկ մեր հասարակության ամենակրտսեր խմբի՝ մեր երեխաների շրջանում: Հսկայական տարածում գտած պոռնոգրաֆիան կարող է հանգեցնել ամոթի, խաբեության, խեղաթյուրված զգացմունքների, ինքնավստահության կորստի, ճնշող կախվածության և ժամանակի, մտքի ու էներգիայի բացարձակ սպառման: Բոլորիս համար՝ ծնողների, ընտանիքների, ուսուցիչների, ղեկավարների, չափազանց կարևոր է տեսնել, գնահատել և պաշտպանել մեր երեխաներին ու երիտասարդներին:
Սերը մեծագույններից է Աստծո պարգևների շարքում: Աստծո հանդեպ և մերձավորի հանդեպ սերը Հիսուս Քրիստոսի կողմից մեզ տրված երկու մեծագույն պատվիրաններն են: Սերն, իմ կարծիքով, նաև մեր ամենամեծ զենքն է պոռնոգրաֆիայի դեմ պայքարում:
Իրոք, ինչպես հայտնի խոսքում է ասվում՝ «պոռնկությունը սպանում է սերը», բայց եկեք նաև հիշենք, որ սերը սպանում է պոռնկությունը: Դա չի նշանակում, որ մեկ ուրիշի հանդեպ մեր սերը կարող է փոխել նրա կախվածությունը կամ նույնիսկ՝ վարքը: Բայց սերը կարող է շարժառիթը լինել այն բանի, թե ինչպես ենք մենք պատրաստում, ինչպես ենք արձագանքում, ինչպես ենք լսում, հատկապես մեր երեխաներին: Եթե մենք այս ժանտախտն աշխարհից վերացնելու հույս ունենք, ապա սերը պետք է լինի մեր բոլոր ջանքերի թե՛ ակունքում, և թե՛ հիմքում:
Կցանկանայի դիտարկել սիրո երեք դրսևորումներ, որոնց վրա, հուսով եմ, կկենտրոնանանք, կընդունենք դրանք և կկիրառենք: Այս երեք դրսևորումները կապված են երեք փուլերի հետ, երբ երեխաները բախվեն պոռնոգրաֆիայի հետ:
Առաջին, մենք ասում ենք «ես քեզ սիրում եմ», իսկապես պաշտպանելով նրանց: Երկրորդ, մենք ասում ենք «ես քեզ միևնույն է սիրում եմ», այսպես արձագանքելով պոռնոգրաֆիայով նրանց տարված լինելուն, անկախ նրանից՝ դա կանխամտածված է եղել, թե՝ չմտածված: Եվ երրորդ, մենք ասում ենք «ես քեզ միշտ կսիրեմ», սիրով աջակցություն ցուցաբերելով նրանց, երբ նրանք ձգտում են բուժվել, եթե անհաղթահարելի կերպով դիտել են կամ կախվածության մեջ են ընկել դրանից: Բոլոր փուլերում սերն է կարևոր բանալին:
1.Պաշտպանություն. «Ես քեզ սիրում եմ»
Ձեր մտքում մի երեխայի պատկերացրեք, ում դուք սիրում եք: Երբ այդ երեխային ասում եք «ես քեզ սիրում եմ», ի՞նչ է դա նշանակում: Ըստ էության, դա նշանակում է, որ մենք պաշտպանություն ենք ապահովում, որպեսզի կարողանանք օգնել նրանց, ում սիրում ենք, որ լավ մարդ դառնան և դիմակայեն կյանքի մարտահրավերներին: Պաշտպանության նպատակներից մեկն է՝ ստեղծել ամուր, վստահելի, շարունակական հարաբերություններ: Այսպիսի հարաբերությունները մոտեցնում են մեզ մեր երեխաների հետ: Երբ կառուցում ենք ամուր, վստահելի հարաբերություններ և պաշտպանում մեր երեխաներին ու թոռներին կամ որևէ այլ երեխայի, մենք ապահով դաշտ ենք ստեղծում նրանց համար, որ միշտ դիմեն: Այս պաշտպանությունն օգնում է նրանց հասկանալ, թե ովքեր են իրենք և հասկանալ իրենց հարաբերություններն Աստծո հետ: Սիրված և գնահատված զգալն օգնում է երեխաներին պատկերացում կազմել և ապավինել հոգատար Երկնային Հորը, Ով հրահանգներ է տալիս նրանց երջանկության համար:
Ես մտահոգված եմ, որ շատ ծնողներ դեռ չեն կարողանում հասկանալ, թե որքան վտանգավոր է պոռնոգրաֆիան, կամ մտածում են, որ դա մեկ ուրիշ տղայի խնդիրը կարող է լինել: Իրականությունն այն է, որ այս խնդիրը դիպչում է մեր տղաներին ու աղջիկներին, և մենք այդ մասին բավականաչափ չենք խոսում:
Տարիներ առաջ ես և ամուսինս լսեցինք մի խրատական պատմություն, որը հաճախ ենք պատմել մեր երեխաներին: Պատմությունը մի տարեց թունավոր օձի մասին էր, ով կողքով անցնող տղային խնդրել էր բարձրացնել իրեն սարի գագաթը, որպեսզի մահանալուց առաջ վերջին անգամ տեսներ մայրամուտը: Տղան տատանվում էր, բայց օձը խոստացավ չխայթել նրան, եթե տեղափոխի իրեն: Այդ զիջումից հետո տղան բարյացակամորեն տարավ օձին լեռան գագաթը, որտեղ նրանք միասին դիտեցին մայրամուտը:
Օձին հովիտ վերադարձնելուց հետո տղան իր համար ուտելիք ու գիշերակացի անկողին պատրաստեց: Առավոտյան օձն ասաց. «Խնդրում եմ, փոքրիկ տղա, ինձ տար իմ տուն: Ահա՝ ժամանակն է, որ ես լքեմ այս աշխարհը և ես ցանկանում եմ լինել իմ տանը»: Փոքրիկ տղան ապահով զգալով, որ օձը պահել էր իր խոսքը, որոշեց օձին տուն տանել:
Նա զգուշորեն վերցրեց օձին, մոտեցրեց իր կրծքավանդակին և տարավ դեպի անապատ, որտեղ օձի տունն էր, որ այնտեղ մահանա: Այն պահին, երբ պետք է ցած դներ օձին, այն շրջվեց ու խայթեց տղայի կրծքավանդակը: Փոքրիկ տղան ճչաց և օձին շպրտեց գետնին: «Պարոն Օձ, ինչո՞ւ այդպես արեցիք: Հիմա ես կմեռնեմ»: Օձը նայեց նրան ու շշնջաց. «Դու գիտեիր, թե ով եմ ես, երբ վերցրեցիր ինձ»:
Այսօր աշխարհում ես տեսնում եմ շատ ծնողների, ովքեր օձ են տալիս իրենց երեխային: Ես խոսում եմ սմարթֆոնների մասին: Մենք չենք կարող ինտերնետ հասանելիությամբ բջջային հեռախոսներ տալ երեխաներին, ովքեր դեռևս հասուն չեն, բավականաչափ ուսուցանված, դեռևս չունեն անհրաժեշտ տրամաբանելու և որոշումներ կայացնելու ունակություններ, և ովքեր չունեն ծնողական վերահսկողությունը և այլ միջոցներ, որոնք կպաշտպանեն նրանց: Բրիգամ Յանգի Համալսարանի ընտանեկան կյանքի պրոֆեսոր Ջեյսոն Ս. Քերոլն ասել է. «Մենք պաշտպանում ենք մեր երեխաներին այնքան ժամանակ, մինչև իրենք կարողանան պաշտպանել իրենց»: Սկզբում զարգանում է ուղեղի ցողունը, որն ուղեղում հաճույքի կենտրոններն է պարունակում: Միայն հետո ճակատային կեղևում լիարժեք զարգանում են տրամաբանելու և որոշումներ կայացնելու ունակությունները: «Այնպես որ, երեխաներն ունեն գազի ոտնակը, առանց լրիվ արգելակի»:1
Յուրաքանչյուր հեռախոս պետք է պաշտպանություն ունենա, նույնիսկ՝ դեռահասներինը: Սա լավ խորհուրդ է նաև մեծահասակների համար: Ոչ ոք ապահովագրված չէ թունավոր օձի խայթոցից: Որոշ ծնողներ իրենց երեխաների համար ընտրում են այնպիսի հեռախոսներ, որոնց օգտագործումը սահմանափակվում է միայն զանգերով և տեքստային հաղորդագրություններով:
Սմարթֆոններից բացի կան բազմաթիվ սարքեր, որոնք համացանցի միջոցով կարող են մուտք գործել անցանկալի լրատվամիջոցների դաշտ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պոռնոգրաֆիայի անցանկալի ազդեցությունների 79 տոկոսը տեղի է ունենում տանը:2 Երեխաները կարող են դիտել դա պլանշետների, սմարթֆոնների, խաղային վահանակների, շարժական DVD նվագարկիչների և սմարթ հեռուստացույցների միջոցով, եթե նշենք սարքերից մի քանիսը: Ես գիտեմ ընտանիքներ, ովքեր իրենց տանը համացանցի առկայությամբ մեկ սենյակ կամ տարածք ունեն, որտեղ դրված են էլեկտրոնային սարքերը: Այս ընտանիքները կոչում են այն «մեդիա սենյակ», և բոլոր սարքերն այդտեղ են՝ դրված բաց և լուսավոր տեղերում: Ընտանիքի անդամներից որևէ մեկը այդ սենյակում մենակ չի լինում սարքերից օգտվելիս:
Ուրիշ ընտանիքներ կանոն են հաստատել՝ ոչ մի հեռախոս ննջարաններում և լոգարաններում: Ոմանք պարզապես ասում են. «Հեռախոսի հետ մենակ չենք մնում»: Թեև ոմանք աստիճանաբար հավելվածներ են ավելացնում, որոնց շնորհիվ իրենց երեխաներն օգտվում են դրանցից այնպիսի ծրագրակազմով, որը թույլ է տալիս, որ երեխայի հեռախոսը ծնողի կողմից կարգավորվի: Այսպիսով, նրանք սովորեցնում են, որ վստահությունը վաստակում են և հեռախոսի անվտանգությունը կարևոր է:
Անկախ նրանից, թե ինչ անհատական կարիքներ ունեն մեր ընտանիքները, եկեք հենց սկզբից ընտանիքի յուրաքանչյուր անդամին ուսուցանենք տեխնոլոգիաները իմաստուն և դրական օգտագործել` բարոյական մտածելակերպը զարգացնելու համար: Եկեք կրթենք երեխաներին կառուցողական եղանակներով, որպեսզի ի բարին օգտագործեն տեխնոլոգիաները: Մենք կարող ենք ուսուցանել նրանց գնահատել, հարց տալով ինքներս մեզ. «Արդյո՞ք լավ նպատակով եմ օգտագործում»: Մեր մոտեցումները՝ թե ինչպես ենք ուսուցանում մեր ընտանիքին, ազդելու է ապագա սերունդների վրա:
Որպես ծնողներ, հուսով եմ, որ հաշվի կառնենք մեր երեխաների հետ մեր հարաբերությունների կարևորությունը և նրանց պաշտպանելուն ուղղված մեր ջանքերը: Երբ մենք նպաստենք այս սիրառատ փոխհարաբերություններին, երեխաները ավելի լավ կհասկանան, թե ինչու է Աստված նախազգուշացնում պոռնոգրաֆիայի չարիքի դեմ, նրանք կիմանան, թե ինչպես խուսափել դրանից, և պատրաստ կլինեն, երբ հանդիպեն այդ խնդրին:
2.Արձագանք. «Ես քեզ միևնունն է սիրում եմ»
Ողջունելի, բաց, հրավիրող զրույցներ ստեղծելը, որոնք խրախուսում են երեխաներին ծնողների հետ կիսվել իրենց մտքերով, փորձառություններով ու հարցերով, հեշտ չէ: Մենք կարող ենք բոլոր տարիքի երեխաներին հրավիրել մոտենալ մեզ, երբ զարգանում է պոռնոգրաֆիայով տարվելու ցանկացած մակարդակի խնդիր` սկսած վաղ շրջանից, անզգույշ բախումից մինչև ժամանակ առ ժամանակ օգտագործելը, հաճախակի օգտագործումը և կախվածության աստիճանի օգտագործումը: Վաղ քննարկումներն ավելի արդյունավետ են և երեխաներն ավելի պատրաստակամ են մոտենում, երբ գիտեն, որ սիրված են և անկախ նրանից, թե ինչ կասեն կամ կանեն, այդ սերը չի փոխվի:
Շատ հազվադեպ է, սակայն, երբ երեխան ինքնակամ է մոտենում: Հաճախ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուշադիր ծնողը հարց է տալիս. «Ինչ-որ բան այն չէ՞» կամ «Դու քեզ նման չես»: Որքան շատ սեր է զգում երեխան, այնքան ավելի հեշտ է նրա համար կիսվել իր հույզերով:
Սիրո այս համոզմունքը հաստատվում է նրանց մտքում փոքր փորձառություններից, որոնք տեղի են ունենում կրկին ու կրկին: Երբ փոքրիկ դժվարությունների մասին սիրով է խոսվում, ստեղծվում է առողջ արձագանքի հիմք, այնպես, որ, երբ մեծ դժվարություններն են գալիս, հաղորդակցության հարթակը բաց է մնում: Ամենակարևորն այն է, որ երեխաները գիտեն, որ ձեր արձագանքը լինելու է՝ «Ես քեզ միևնուն է սիրում եմ: Ես չեմ դադարում սիրել քեզ, այն պատճառով, որ ինչ-որ բան է տեղի ունեցել: Ես միշտ սիրում եմ քեզ»:
Չգիտես ինչու, մենք շատ բան չենք խոսում երիտասարդների և երեխաների հետ մեծագույն խնդիրներից ու գայթակղություններից մեկի մասին: Մեր դժկամությունը հանգեցնում է նրան, որ նրանք սովորում են բացառապես համացանցից, մյուս երեխաներից կամ դեռահասներից, կամ հայտնի լրատվամիջոցներից: Մեզանից շատերը վախենում են նույնիսկ պոռնոգրաֆիա բառն օգտագործել երեխաների մոտ, նրանց միամտությունը պաշտպանելու համար: Այն այնքան տարօրինակ է հնչում: Գուցե մեր ծնողներն էլ մեզ հետ չեն խոսել այդ մասին բացահայտ: Իսկ եթե մեր զրույցը հետաքրքրություն առաջացնի՞: Իսկ եթե նրանք ցանկանան ավելին իմանա՞լ: Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ մեր երեխաները կխոսեն մեզ հետ պոռնոգրաֆիայի մասին, եթե մենք երբեք չենք խոսում այդ մասին նրանց հետ:
Ծնողնե՛ր, մենք պետք է սկսենք զրույցը և չսպասենք, որ երեխաները գան մեզ մոտ: Ես նախընտրում եմ, որ զրույցները կրեն կանոնավոր, հաճախակի և հարմարավետ բնույթ, և ոչ թե մեկանգամյա լինեն: Հոգատար զրույցների առավելություններն այն են, որ ծնողները և վստահելի ղեկավարները փորձառու են, այլ ոչ թե Google, զրույցները տեղի են ունենում անվտանգ միջավայրում և խորացնում են երեխայի վստահությունը: Մենք ցանկանում ենք, որ երեխաներն իրենց պատրաստված զգան, վստահ և չվախենան: Մենք ցանկանում ենք խոսել նրանց հետ, ոչ թե դասախոսություն կարդալ:
Լինելով ծնողներ և ուսուցիչներ, մենք չենք կարող օգնել երեխաներին, եթե ինքներս բանիմաց չենք: Ուսուցանել, թե ինչ և ինչու, շատ կարևոր է: Մենք կարող ենք ինքներս սովորել և օգնել երեխաներին հասկանալ, թե ինչու է պոռնոգրաֆիան վատ բան, ինչու է այդքան վտանգավոր, ինչու չենք ուզում, որ այն վնասի նրանց, և ինչ անել, եթե նրանք բախվել են դրան:
Արդյո՞ք տալիս ենք մեր երեխաներին ինչու հարցերի պատասխանները, տարիքին համապատասխան եղանակներով: Եթե պոռնոգրաֆիայից խուսափելու խորհուրդը պատճառաբանենք միայն, որ «դա վատ բան է», ապա դա ոչ բավարար պատասխան կհամարվի: Փոխարենը, մենք պետք է ներկայացնենք որքան հնարավոր է շատ բացատրություններ, որ ստեղծենք բարոյական հրամայական, որը մեր երիտասարդության համար ընկալելի կլինի:
Պոռնոգրաֆիայից խուսափելու շատ պատճառներ կան, բայց այստեղ կներկայացնեմ մի քանի փաստարկներ «Պայքարիր նոր թմրամիջոցի դեմ» կազմակերպության կողմից, որոնք կարող են արժանանալ մեր երիտասարդների ուշադրությանը.
-
Պոռնոգրաֆիան կարող է փոխել և վերակարգավորել ձեր գլխուղեղը, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա կարող է նույնիսկ ձեր ուղեղը փոքրացնել և նվազեցնել դրա ակտիվությունը:
-
Պոռնոգրաֆիան կախվածություն է առաջացնում:
-
Պոռնոգրաֆիան կկործանի ձեր ինքնավստահությունը:
-
Պոռնոգրաֆիան ձեզ միայնակ կդարձնի:
-
Պոռնոգրաֆիան կվնասի նրանց, ում դուք սիրում եք:
-
Պոռնոգրաֆիան կարող է վնասել ձեր սեքսուալությանը:
-
Պոռնոգրաֆիան կապված է բռնության հետ:
-
Պոռնոգրաֆիան ստիպում է մարդկանց անազնիվ դառնալ:
-
Պոռնոգրաֆիան կխլի ձեր ժամանակն ու էներգիան:
-
Պոռնոգրաֆիան հանգեցնում է ընկճախտի, անհանգստության և ամոթի:
Ես կավելացնեի, որ պոռնոգրաֆիան հակառակ է Աստծո պատվիրաններին: Այս և բազմաթիվ այլ պատճառներով, մենք պայքար ենք տանում պոռնոգրաֆիայի դեմ, սակայն գիտելիքն առանց նախաձեռնությունների ոչինչ է: Մենք պետք է ողջամիտ և օգտակար սահմաններ դնենք, սահմանափակումներ և սպասելիքներ: Կարևոր է օգնել երեխաներին, որ կառուցեն իրենց ներքին տրամաբանությունը, որպեսզի զերծ մնան պոռնոգրաֆիայից: Եթե երեխան ինքն իր համար չի որոշում, թե այս հարցի հետ ինչպես վարվի, նա, ամենայն հավանականությամբ, կդառնա ներկայիս վիճակագրության մի մասը:
3. Բժշկում. «Ես քեզ միշտ կսիրեմ»
Երբ երեխաները ենթարկվում են պոռնոգրաֆիայի ազդեցությանը և թակարդն ընկնում, նրանք ձգտում են արձագանքել, վերականգնվել և բուժվել: Անհրաժեշտ է անկեղծ, մշտական, ամուր և համբերատար աջակցություն, երբ երեխաները պատասխանատվություն են ստանձնում իրենց վերականգնման համար և առաջ են շարժվում: Ոչ ոք չի կարող այնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպես՝ ծնողը: Նրանից հետո, երբ մենք զգուշորեն և անձամբ կուսուցանենք ճշմարտությունը, նրանից հետո, երբ նրբորեն կկառուցենք վստահելի և ողջունելի զրույցների հարթակը, երեխաները պետք է իմանան, որ չնայած իրենց սխալներին և ընտրություններին, մեր հավաստիացումը կլինի՝ «ես միշտ կսիրեմ քեզ, անկախ ամեն ինչից»:
Ես մտաբերեցի մի պատահար, որ տեղի էր ունեցել մեր ընտանիքի հետ տարիներ առաջ: Ամուսինս ու ես տանը չէինք, և մեր ավագ որդին պահում էր մյուս երեխաներին: Մեզ զանգահարեց անհանգստացած հարևանը և զգուշացրեց, որ մեր տան մոտ հրշեջ մեքենա է կանգնած: Մենք սլացանք տուն և պարզեցինք, որ մեր 10-ամյա որդին բակում խաղում էր չոր խոտով ծածկված վեց ակր հողատարածքի կողքին: Նա փորձել է տեսնել, թե արդյո՞ք կարող է կրակ վառել:
Դե իհարկե, կարողացել էր: Մինչև մեր գալը փոքր կրակի մասին ազդանշան էր գնացել հրշեջ կայան, հրշեջ ջոկատի աշխատակիցը բացատրական զրույց էր ունեցել մեր տղայի հետ, և հարևաններն արդեն ցրվում էին: Մեր որդին շփոթված էր, վախեցած, լացակումած, նա գիտեր, որ վտանգի մեջ է հայտնվել:
Մենք բոլորս գնացինք տուն: Մեր որդին այնքան վախեցած էր, որ չնայած իրավիճակը լուրջ էր, մեզ մնում էր միայն գրկել քաղցրիկ տղային մեր ձեռքերի մեջ և հիշեցնել մեր սիրո և հոգատարության մասին, վստահեցնել, որ նրան բան չի պատահի:
Երբ երեխաները ենթարկվում են պոռնոգրաֆիայի ազդեցությանը, և հատկապես երբ ընկնում են դրա թակարդը, նրանք նույնպես կլինեն շփոթված, վախեցած և լացակումած: Դժվար է մի բան վերցնել, որը մութ տեղ է եղել և բացահայտել այն լույսի ներքո: Դա ամոթալի և խոցելի է: Նրանք կարող են ձախողումներ և մարտահրավերներ ունենալ բուժման և վերականգնման ճանապարհին: Մշտական սիրո կարիքը ծայրահեղ կարևոր է: Այնուամենայնիվ, ծնողները պետք է վստահ լինեն, որ իրենց սերը միշտ օգնող է, և ոչ թե միայն մի բան, ինչի կարիքը կա:
Բուժման ընթացքում դուք պետք է ձեր երեխայի հանդեպ սիրո մի չափաբաժին ծառայեցնեք՝ օգնելու համար ճիշտ միջոցներ գտնելուն: Ձեր սերը հիմքն է այն բանի, ինչը պետք է տեղի ունենա, բայց եթե ձեր սիրելին ծուղակի մեջ է, ձեզ հարկավոր է փնտրել մասնագետների, ովքեր կօգնեն ձեր սիրելիին, ինչպես նաև՝ ձեզ:
Երբ դուք և ձեր սիրելին բուժում եք փնտրում, ես հույս ունեմ, որ ուժ կգտնեք Նրա մեջ, ով ունի բոլոր վերքերը բուժելու ունակություն, կապում է մարդկանց իրար հետ և շատ ավելի լավ հարաբերություններ ստեղծում, քան մենք կարող ենք պատկերացնել: Մեր Փրկիչը՝ մեղմ Բժիշկը, զորություն ունի փրկելու: Մենք կարող ենք ծնող լինել մեր երեխաների համար և երեխաներին սովորեցնել ապավինել Նրան, սակայն միայն Նա կարող է նրանց Փրկիչը լինել: Եվ զարմանալին այն է, որ Նա սիրում է մեր երեխաներին նույնիսկ ավելի կատարյալ ձևով, քան մենք ինքներս, անկախ ամեն ինչից: