Քաջությամբ կիսվել ճշմարտությունով
Ավետարանի և նրա օրհնությունների վկայությամբ զինված՝ Ֆաբիանը թույլ չէր տա, որ իր երիտասարդ տարիքը խոչընդոտ հանդիսանար զորավոր, համարձակ անդամ-միսիոներ լինելու համար:
Արևը մայր էր մտնում Լաս Թոմասում, որն Անտոֆագաստային նայող ավազոտ լանջերին կառուցված մերձակա բնակավայր է: Ներքևում սկսում են շողալ լույսերը, քանի որ հյուսիսային Չիլիի այս նավահանգստում օրը մոտենում է իր ավարտին:
Շաբաթօրյա երեկո է, և 13-ամյա Ֆաբիան Հ.-ն կարող էր ընկերների հետ լինել: Սակայն Ֆաբիանը, ով Եկեղեցու նոր անդամ է, որոշում է երեկոն անցկացնել լիաժամկետ միսիոներների հետ: Ժամանակն է «օգնելու հավաքել Իսրայելը»:1
Բոլոր նվիրյալ միսիոներներից, որոնց հետ լիաժամկետ միսիոներներ Քելեն ՎանՆաթերը և Ջորդան Շելթոնը միասին աշխատել էին Չիլիում իրենց միսիայի ընթացքում, Ֆաբիանը առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում:
«Եթե նա ազատ էր, ապա անպայման մեզ հետ միսիոներական աշխատանք էր կատարում»,- ասում է Քելենը: «Երբ ամառային արձակուրդներն ավարտվեցին, Ֆաբիանը տխուր էր ոչ միայն այն պատճառով, որ պետք է վերադառնար դպրոց, այլև, որ շատ ժամանակ չէր ունենալու մեզ հետ այցելություններ կատարել»:
Ջորդանը, ով մի քանի ամիս եղել էր Քելենի զուգընկերը, ավելացնում է. «Ֆաբիանը մեզ հետ էր շաբաթը չորս կամ հինգ անգամ, գրեթե ամեն շաբաթ, մինչ մենք միասին ծառայում էինք Անտոֆագաստայում: Նա լավագույն անդամ-միսիոներն էր, ում հետ մենք երբևէ ծառայել էինք»:
Ի՞նչն էր այս երիտասարդ տղային այդքան պատրաստակամ դարձնում կատարելու միսիոներական աշխատանքը, չնայած դասընկերների արհամարհանքին և անծանոթների նախատինքներին: Ֆաբիանի պատասխանը օրհնությունների մեջ էր, որոնք նա և նրա ընտանիքը ստացել էին սկսած այն պահից, երբ ընդունել էին ավետարանը, օրհնություններ՝ որոնցով նա ցանկանում էր կիսվել մյուսների հետ:
«Անբացատրելի ուրախություն»
Ֆաբիանը սկսեց մասնակցել միսիոներական զրույցներին անմիջապես այն պահից, երբ միսիոներները թակեցին նրանց դուռը: Նա դեռ հիշում է իր առաջին հաղորդության ժողովը:
«Ես ոչ մեկին չէի ճանաչում, երբ մտա հավաքատուն, և մի քիչ նյարդային էի»,- ասում է նա: «Սակայն ես մի հրաշալի զգացում ունեցա: Ես զգացի, կարծես Եկեղեցի էի գալիս արդեն ամիսներ կամ տարիներ:
Շաբաթներ անց, իմ մկրտության ժամանակ ես մի անբացատրելի ուրախություն զգացի՝ ընկղմվելով ջրի մեջ և դուրս գալով: Ես զգացի ինձ ինչպես մի նոր անձ, իմանալով, որ պետք է հետևեմ Հիսուս Քրիստոսին և իմ ուժերի ներածին չափով պահեմ Նրա պատվիրանները»:
Ֆաբիանի չամուսնացած ծնողները՝ Լեոնարդոն և Անգելան, միանալով իրենց որդուն միսիոներական դասերի ժամանակ, իմացան տաճարային ամուսնության և հավերժական ընտանիքների մասին: «Մեկ շաբաթ անց հայրս որոշեց հարսանիքի օրը»,- ասում է Ֆաբիանը: «Մայրս երջանիկ էր»:
Ֆաբիանի՝ Եկեղեցուն միանալուց չորս ամիս հետո, Անգելան հետևեց նրան և մտավ մկրտության ջրերը: «Դա հրաշալի օրհնություն էր»,- ասում է Ֆաբիանը:
Ապա, արագ հետևեցին մյուս օրհնությունները: Լեոնարդոն, ով մկրտվել էր դեռ երիտասարդ տարիքում, ակտիվացավ Եկեղեցում: Ավետարանի ուսումնասիրությունը հաստատուն սովորույթ դարձավ նրանց տանը: Ընտանիքի անդամները ավելի մտերմացան: Լեոնարդոն կայուն աշխատանք գտավ: Եվ Ֆաբիանը ստացավ Ահարոնյան քահանայություն:
«Ինձ դուրս է գալիս, որ քահանայություն կրող եմ, քանի որ կարող եմ հաղորդությունը բաժանել անդամներին և օգնել նրանց նորացնել իրենց ուխտերը»,- ասում է Ֆաբիանը: «Ես հատկապես ուրախ եմ լինում, երբ հաղորդությունը տալիս եմ ընտանիքիս անդամներին և այն երեցներին, ովքեր ինձ ուսուցանել են: Հայրս հպարտանում է ինձանով, երբ տեսնում է, որ հաղորդությունը բաժանելով մեծ ուրախություն եմ ապրում»:
Դա հրաշալի կլիներ
Ֆաբիանը, որպես անդամ, սկսել էր միսիոներական աշխատանք կատարել դեռ իր մկրտությունից առաջ:
Նա ասում է. «Ես իմ երեք ընկերներին ասել էի, որ պատրաստվում եմ մկրտվել: Նրանցից երկուսը եկել էին: Ես սիրում եմ կիսվել ավետարանով, որպեսզի իմ ընկերները հասկանան, թե մենք ինչի ենք հավատում և ինչ ենք անում եկեղեցում, և որպեսզի նրանք սովորեն ավետարանը, մկրտվեն ու ավելի երջանիկ կյանքով ապրեն: Ես շատ ուրախ կլինեի, եթե նրանցից գոնե մեկը մկրտվեր և դառնար իմ քվորումի անդամներից մեկը: Դա հրաշալի կլիներ»:
Ֆաբիանը Մորմոնի Գիրքն իր հետ դպրոց է տանում, ինչպես նաև միսիոներական բրոշյուրները` ընկերներին բաժանելու համար: Նա ուրախությամբ պատասխանում է Եկեղեցու մասին հարցերին և հրավիրում ընկերներին կիրակնօրյա ժողովներին և երիտասարդների միջոցառումներին: Նա նաև չի վախենում մոտենալ մարդկանց փողոցում, և ինչպես ուսուցանել են միսիոներները, հրավիրում է նրանց իմանալ Եկեղեցու մասին և մկրտվել:
«Ֆաբիանը չի մտահոգվում, որ ինչ-որ մեկը կմտածի, թե ինքը տարօրինակ համառությամբ է կիսվում իր վկայությամբ»,- ասում է Քելենը: «Նա գիտի, որ ճիշտ բան է անում: Նա գիտի, որ հոգևոր բաներն ավելի կարևոր են, քան մյուսները»:
«Երբ Ֆաբիանը կիսվում է իր վկայությամբ,- ասում է Ջորդանը,- նա զորություն է առնում իր դարձից, ավետարանի հանդեպ իր սիրուց և օրհնություններից:
Նա տեսել է իր ընտանիքի ստացած օրհնությունները, և դա ոգեշնչում է նրան, որ այդպես համարձակ ու անկեղծ կիսվի ավետարանով իր ընկերների հետ: Մի անգամ նա վկայություն էր տալիս լսողներից մեկի մոտ, թե ինչ մեծ օրհնություն էր իր ծնողների ամուսնությունը, բայց որքան դժվար էր նրա համար իր մկրտությունից հետո չորս ամիս սպասել, մինչև իր մայրը կմկրտվեր: Նրա զգացմունքներն այնքան ուժեղ էին, որ նա արտասվեց: Այնուհետև նա վկայեց, որ եթե պահենք Աստծո պատվիրանները, Աստված հոգ կտանի մեր մասին»:
«Ֆաբիանի վկայությունը նրան զորավոր միսիոներ է դարձնում,- ասում է Քելենը:
Նա այսպես չի խոսում, թե՝ «ինչ-որ մեկն ասում է, որ սա ճշմարիտ եկեղեցի է»: Նա միշտ կիսվում է իր սեփական անձնական փորձառություններով՝ թե ինչ է զգացել, երբ առաջին անգամ գնացել է Եկեղեցի, կամ ինչ է զգում, երբ կարդում է Մորմոնի Գիրքը: Ամեն ինչ շատ պարզ ու իրական է»:
Ես միշտ լավ եմ զգում
Ավետարանով կիսվելը Ֆաբիանին լրացուցիչ օրհնություն է բերում:
«Երբեմն դպրոցում ինձ հետ վատ բաներ են պատահում, բայց հետո միսիոներները թակում են մեր դուռը և հարցնում, թե արդյոք կցանկանայի՞ իրենց հետ գնալ ուսուցանելու»,- ասում է նա: «Նրանց հետ մարդկանց այցելելով, ես այնպիսի զգացում եմ ունենում, որ ոչ մի խնդիր չի եղել: Ես միշտ լավ եմ զգում, երբ նրանց հետ գնում եմ ուսուցանելու, կարդում եմ սուրբ գրությունները և օգնում նրանց կիսվել ավետարանով: Երբ կիսվում եմ ավետարանով և իմ դարձի պատմությունով, վկայությունս ամրապնդվում է: Եվ երբ ուսուցանում եմ ավետարանը, դա ինձ հնարավորություն է տալիս օրինակ լինել մարդկանց համար, այդ թվում՝ իմ փոքրիկ քույրիկի»:
Զարմանալի չէ, որ Ֆաբիանի մեծ երազանքներից մեկն ավագ դպրոցից հետո լիաժամկետ միսիոներ դառնալն է:
«Ես ցանկանում եմ կիսվել ճշմարտությամբ նրանց հետ, ովքեր չգիտեն այն»,- ասում է նա: «Ես ցանկանում եմ հրավիրել նրանց մաքրվել իրենց մեղքերից: Ես ուզում եմ սովորեցնել նրանց, թե ինչպես դառնալ հավերժական ընտանիք: Ես ցանկանում եմ հրավիրել նրանց երջանիկ լինել այժմ և ապրել հավերժական երջանկությամբ այս կյանքից հետո: