Ընկերներ, որոնք ինձ հետ կիսվեցին իրենց լույսով
Հեղինակն ապրում է Մեքսիկայի Բահա Կալիֆորնիա քաղաքում:
Ես վախեցած էի ու միայնակ: Հետո ես տեղափոխվեցի ուրիշ նահանգ և երկար դադարից հետո առաջին անգամ գնացի եկեղեցի:
Ես ապրում էի մայրիկիս հետ մեքսիկական փոքր քաղաքում, որտեղ բոլորն իրար ճանաչում էին: Ես ճիշտն ու սխալը տարբերում էի, սակայն շփոթված էի և եկեղեցու անդամներից միակ ակտիվ երիտասարդ կինն էի ամբողջ քաղաքում:
Ես ցանկանում էի մերվել շրջապատի հետ և արեցի մի բան, ինչն իմաստալից թվաց ինձ այդ ժամանակ՝ ժամադրվում էի մի տղայի հետ: Սա սխալների շարքից առաջինն էր, որ ես սկսել էի անել: Ես սկսեցի զիջել հասակակիցների ճնշմանը և համարել, որ բավականաչափ մեծ եմ ինքնուրույն մտածելու համար, ինչին հետևեց եկեղեցուց հեռանալը և մթության մեջ ապրելը:
Մեկ տարի ես ապրում էի խավարի մեջ, որը յուրաքանչյուր հաջորդ օրվա հետ ավելի էր թանձրանում: Իմ սխալ որոշումները հանգեցրին վիճաբանությունների ընտանիքիս հետ և, ի վերջո, ես հասկացա, որ այլևս չէի կարող նրանց հետ ապրել: Երբ վերջին օրերի սրբերից մի ընկեր մահացավ, ես սթափվեցի ու հասկացա, որ մի բան պակասում է ինձ: Ցավոք, ես մեղադրում էի Աստծուն և ավետարանը: Ես դադարել էի մտածել, որ օրհնությունները գալիս են հնազանդությունից: Եթե ես չորոշեի, որ պետք է սկսեմ ապրել ավետարանով, ես կշարունակեի անտեսել իմ կապը Եկեղեցու հետ և ապրել աշխարհիկ կյանքով:
Ես նստած էի մահճակալիս վրա, մութ սենյակում, լացում էի և խղճում ինքս ինձ, երբ հասկացա, որ վախենում եմ` վախենում էի մենակությունից, երբ ոչ մեկի հետ չէի կարող զրուցել, երբ չէի կարող շտկել կատարածս բոլոր սխալները, վախենում էի, որ ոչ ոք չի ների ինձ, հատկապես Աստված:
Ի վերջո, ես տեղափոխվեցի Մինեսոտա (ԱՄՆ) իմ տատիկի ու պապիկի հետ, ովքեր Եկեղեցու անդամ չէին: Խորթ հայրս ինձ հետ եկավ և առաջին կիրակին մենք գնացինք Եկեղեցի, բայց միայն հաղորդության ժողովին: Երբ ժողովն ավարտվեց, ես որոշեցի գնալ տուն, բայց ի զարմանս ինձ, երբ մենք մոտենում էինք մեքենային, տեսանք, որ եպիսկոպոսը վազում էր մեր կողմ: Նա մի քանի հարց տվեց մեզ և հրավիրեց մյուս կիրակի նորից գալ եկեղեցի, և մենք եկանք:
Հաջորդ կիրակի, երբ հաղորդության ժողովն ավարտվեց, մինչ ես կհասցնեի վեր կենալ տեղիցս, ինձ շրջապատեցին այդ ծխի երիտասարդ աղջիկները, նրանք, որ կօգնեին փոխել իմ կյանքը:
Հանկարծ ես հայտնվեցի լրիվ ուրիշ աշխարհում` մի տեղ, ուր կային հոգատար եպիսկոպոս և Երիտասարդ Կանանց նախագահ, կային շատ երիտասարդ աղջիկներ, ովքեր ձգտում էին ապրել ավետարանով ամեն օր, ապրել բարձր չափանիշներով և պաշտպանել արդարությունը: Նրանք այնպես էին փայլում, որ կարող էին լուսավորել ճանապարհն իմ առաջ:
Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ պետք է անեմ: Ինչպես գրված է. «Այսպէս լուսավորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառաւորեն ձեր Հորը որ երկնքումն է» (տես Մատթեոս 5.16): Եվ այդպես ես սկսեցի ամեն շաբաթ հաճախել եկեղեցի, մասնակցել միջոցառումներին, ընթերցել Մորմոնի Գիրքը, ամեն օր աղոթել, համեստ հագնվել, մաքուր խոսել, գնալ տաճար և պատրաստվել ստանալու իմ հայրապետական օրհնությունը:
Ես ամբողջովին փոխվել էի, սակայն չէի գիտակցում դա մինչև Երիտասարդ Կանանց ճամբարը, երբ զգացի Սուրբ Հոգին և հայտնաբերեցի, որ վկայություն ունեմ՝ վկայություն, որը կհիշեցնի ինձ, որ Աստված սիրում է ինձ, որ Նա ծրագիր ունի ինձ համար և որ Նա չի ուզում, որ ես մենակ լինեմ: Իմ պայծառ ու ամուր վկայությունը փոխեց ինձ: Իմ վկայությունը կիսվելու համար է և լուսավորելու ոչ միայն իմ ճանապարհը, այլև՝ ուրիշներինը: Վկայությունը չի վախենում շողալ մթության մեջ: