Ավետարանի հեռանկարի օրհնությունները
«Ավետարանի հեռանկարը» ելույթից, տրված 2017թ․ սեպտեմբերի 19-ին, Բրիգամ Յանգ-Հավայի Համալսարանում:
Ավետարանի հեռանկարն ավելի կհստակեցնի ձեր պատկերացումը կյանքի առաջնահերթությունների, խնդիրները լուծելու և անձնական փորձությունների մասին:
Որքա՜ն մեծ օրհնություն է լինել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամը, երբ արքայության բանալիների վերականգնումը և մարգարեության իրականացումը թույլ են տալիս մեզ առաջին հերթին վկայել, որ «ավետարանը գլորվ[ում] է մինչև աշխարհի ծայրերը, ինչպես քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, գլորվ[ում] է մինչև որ լցնի ողջ երկիրը» (Վարդապետություն և Ուխտեր 65.2):
Այս մարգարեությունը, որ արել էր Հին Կտակարանի Դանիելը և այնուհետև կրկնվել է այս ժամանակաշրջանում, ակնհայտ իր կատարման փուլում է, երբ մենք դիտարկում ենք Եկեղեցու ավելի քան 2300 կազմավորված ցցերը: Վերջին 50 տարիների ընթացքում Եկեղեցու անդամությունը աճել է 2.1 միլիոնից մինչև 16 միլիոն:1
Ինձ համար տպավորիչ է այն փաստը, որ այս բեղմնավոր աճի և փոփոխության պարագայում ավետարանի սկզբունքներն ու գործելակերպը մնում են նույնը, ներառյալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար հայտնությամբ ստացված աստվածային կառավարման մոդելը: Այս մոդելի շնորհիվ ցցերի կազմակերպումն այնպիսին է, որ դրանք ապահովեն «պաշտպանություն և ապաստան փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 115.6):
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Տերն առատաձեռն է մեզ օրհնություններ շնորհելիս: Մեզ համար արժեքավոր կլինի, եթե սովորենք հասկանալ այդ օրհնությունները, ինչը պատվիրաններին հնազանդվելու մեր գործառույթն է, և պահենք պատվիրանները, ինչը ցույց է տալիս Տիրոջ հանդեպ մեր սերը: Ավետարանի այսպիսի սկզբունքները կարևոր հեռանկար են տալիս մեզ:
Սա առաջ է բերում երկու դրույթներ, որոնց մասին կցանկանայի նշել: Փաստեմ, որ Նախագահ Դալլին Հ. Օուքսը, Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, 2015 թվականին այս երկու դրույթներով կիսվել է չափահաս երիտասարդների հետ:
Պահեք Ավետարանի հեռանկարը
Նախագահ Օուքսն ասել է, որ «հեռանկարը բոլոր տեղեկություններն իմաստալից հարաբերությունների մեջ, ամբողջական պատկերով տեսնելու կարողությունն է»:2 Ահա մի քանի ճշմարտություններ, որոնք կարելի է հասկանալ, նայելով ավետարանի հեռանկարից.
-
Դուք սիրող Երկնային Հոր զավակներն եք (տես Վարդապետություն և Ուխտեր 76․24):
-
Դուք նպատակով եք այստեղ՝ երկրի վրա, օժտված ընտրություններ կատարելու ընդունակությամբ (տես 2 Նեփի 2.27, 10.23):
-
«Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում» (2 Նեփի 2.11):
-
Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և Հոր մոտ մեր բարեխոսը (տես Ա Հովհաննես 2.1, Վարդապետություն և Ուխտեր 110.4):
Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, երբ ավետարանի հեռանկարը դառնում է այն ոսպնյակը, որի միջով դուք նայում եք ձեր կյանքի յուրաքանչյուր ասպարեզին: Ավետարանի հեռանկարն ավելի կհստակեցնի ձեր պատկերացումը կյանքի առաջնահերթությունների, խնդիրները լուծելու և անձնական փորձությունների մասին: Սա իսկապես կազդի կյանքի հանդեպ ձեր ընդհանուր մոտեցման և տարբեր որոշումների վրա, որոնք կյանքի ընթացքում դուք պետք է կայացնեք:
Այս տեսանկյունից մենք գիտենք, որ Տերը ցանկանում է, որ ամեն շաբաթ մենք ճաշակենք հաղորդությունից, ուսումնասիրենք սուրբ գրությունները և ամեն օր աղոթենք Իրեն: Բացի այդ, մենք գիտենք, որ Սատանան գայթակղելու է մեզ՝ չհետևել մեր Փրկիչին և չլսել Սուրբ Հոգու մեղմ հուշումները: Ապա մենք ավելի լավ կհասկանանք, որ հակառակորդը ձգտում է հեռացնել մեր ազատ կամքը և իր ջանքերին դիմակայելու ունակությունը՝ գցելով կախվածության մեջ, այդ թվում՝ թմրամիջոցների և պոռնոգրաֆիայի միջոցով:
Դրան հակառակ, ավետարանի ոսպնյակը մեզ տալիս է հստակ տեսլական ընտանիք կազմելու կարևորության մասին, ընտրելով ամուսնությունը և երեխաներին արդարության մեջ մեծացնելը: Այս տեսլականը նաև բացում է մեր աչքերը, որպեսզի տեսնենք, որ հակառակորդը ցանկանում է ոչնչացնել ընտանիքի միավորը, խառնել սեռերի դերերը, նվազեցնելով այն արժեքը, որը հասարակությունը տալիս է ընտանիքների կազմավորմանն ու կառուցմանը:
Պահեք հոգևոր հավասարակշռությունը
Նախագահ Օուքսն ասել է. «Երբ չափահաս երիտասարդներն ունեն հեռանկար, ընդհանուր պատկեր, … նրանց համար կարևոր է, որ պահեն հոգևոր հավասարակշռությունն իրենց կյանքում: Դա անելու համար դուք պետք է զերծ մնաք աշխարհի որոշ հրապուրանքներից և նաև անեք այն բաները, որոնք անհրաժեշտ են Փրկիչին մոտենալու համար»:3
Մի կողմից, դուք ունեք շատ անհետաձգելի խնդիրներ և կյանքի տարբեր չափերի ու տեսակի առաջնահերթություններ, որոնք պահանջում են ուշադրություն, կենտրոնացում և առաջնորդություն: Այդ ցանկը յուրաքանչյուրիդ համար կարող է տարբեր լինել, կախված ձեր անձնական հանգամանքներից, սակայն դրանց մեջ անպայման թվարկված կլինեն ուսումը, աշխատանքը, ամուսնությունը և հուզական ու ֆիզիկական առողջությունը: Անշուշտ, ձեր խնդիրը կլինի հավասարակշռել կյանքի այս կարևոր դերերը հոգևորի հետ:
Նախագահ Օուքսը նաև խորհուրդ է տվել, որ դուք «այնպես բաշխեք ձեր ժամանակը, որ չսպառեք ձեր հոգևոր ռեսուրսները, երբ ձեր հիմնական կենտրոնացումը այլ բաների վրա Է»։ Այս սկզբունքը բացատրում է, թե չափահաս երիտասարդների համար ինչու է հատկապես կարևոր, որ հետևեն Եկեղեցու ժողովներին մասնակցելու, Եկեղեցում ծառայելու խորհրդին, ամեն օր ընտանիքով աղոթեն ու կարդան սուրբ գրությունները և ծառայեն Եկեղեցու կոչումներում:4
Ձեր անձնական ու տարբեր այլ կարիքների պարագայում, կյանքի ձգտումներն ու մարտահրավերները հոգևորի հետ հավասարակշռելու համար դուք կսկսեք հասկանալ, որ այդ հավասարակշռությունը հասանելի է: Տերը չի պահանջում ձեզանից անել մի բան, ինչը դուք ի վիճակի չեք: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնից (1927–2018) ես բազմիցս լսել եմ այս խորհուրդը, որ «ում Տերը կանչում է, Տերը որակավորում է»:5 Իմ կարծիքով, սա հատկապես վերաբերում է Եկեղեցու անդամներին:
Որքան էլ, որ վախեցնող թվա այս հավասարակշռության պահպանումը, ես խոստանում եմ, որ ձեր մահկանացու կյանքի մեծագույն հրաշքներից մեկը կլինի ձեր ունակությունը՝ գտնել այդ հավասարակշռությունը ձեր հոգևորի ու կյանքի մյուս կարևոր կողմերի միջև: Դա կարող է տեղի ունենալ այնպիսի ձևով, որը թույլ կտա ոչ միայն պահպանել ձեր հոգևորի և կյանքի կարևոր դերերի ստատուս քվոն, այլ նաև աճել ու զարգանալ այդ երկու կարևոր ասպարեզներում:
Դա հնարավոր է այն բանի շնորհիվ, որ Տերն է հենման կետը: Նա է հավասարակշռության կետի բացառիկ կենտրոնը: Եվ Նա Իր աստվածային հետաքրքրությունն ունի անձամբ ձեզանում, քանի որ դուք Նրա զավակներից մեկն եք: Սակայն այս արդյունքը հիմնված է հավասարակշռությունը գտնելու ձեր պատշաճ ուշադրության և ջանքերի վրա:
Իմ դիտարկումներից և անձնական փորձից կարող եմ ասել, որ մեր կյանքի ընթացքում մենք կարծես միտում ունենք ավելի եռանդով լինել կամ մի ճանապարհի, կամ մյուսի վրա: Կյանքում հավասարակշռված մնալու համար պահանջվում են մշտական ջանքեր և ուշադրություն: Համարձակ ընտրեք՝ մնալ ամուր:
Հետաքրքիր է, որ դա կարող է երկակի գործընթաց լինել: Կլինեն ժամանակներ, երբ դուք կմտածեք, որ պետք է ջանք գործադրեք՝ հստակ կենտրոնանալով դպրոցի կամ մասնագիտական աշխատանքի վրա, իսկ Եկեղեցու ծառայությունը կարվի Եկեղեցու ծառայության ժամանակ:6 Այնուամենայնիվ, հիշեք՝ պահել Տիրոջը որպես ձեր հենակետ, որպեսզի կարողանաք գտնել ձեր հոգևոր պատշաճ հավասարակշռությունը:
Տերը կօգնի ձեզ
Երբ պահում ենք ավետարանի հեռանկարը, հեշտ է հասկանալ մի հիմնական ճշմարտություն՝ Տերը կօգնի մեզ: Ավետարանի հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սիրող Երկնային Ծնողների զավակներն ենք: Նրանց համար բնական է, որ ամեն կերպ օգնեն մեզ վերադառնալ մեր երկնային տունը:
Կցանկանայի կիսվել մի օրինակով, թե Տերն ինչպես կարող է օգնել ձեզ: Շատ տարիներ առաջ երիտասարդների խմբում իմ ղեկավարներից մեկը՝ Թեդ Կարլսոնը, պատմեց ինձ այս պատմությունը: Թեդը, ով վերջերս մահացավ, մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, երբ ես դեռահաս էի: Նա մեծացել է Մեծ Ճգնաժամի տարիներին, 14 երեխաներից բաղկացած ընտանիքում, որտեղ նա իններորդն էր: Նրա ընտանիքը զբաղվել է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Ծանր ժամանակներ էին ֆինանսական առումով, և նրանց հիմնական ունեցվածքը անասունների հոտն էր:
Երբ Թեդը երիտասարդ էր, նրա պարտականություններից մեկը անասունների մասին հոգ տանելն էր և, անհրաժեշտության դեպքում, անասուններին գոմում հավաքելն ու կերակրելը, ինչը մեծ աշխատանք էր երիտասարդ տղայի համար: Նրան հաջողվում էր դա անել մի խելացի պոնիի օգնությամբ, որը մի փոքր հուշում ստանալով, հստակ գիտեր, թե ինչ անել: Պոնիի անունն էր Օլդ Սմոքի: Սակայն Օլդ Սմոքին մի թերություն ուներ՝ նա չէր ենթարկվում, երբ ուզում էին իրեն բռնել: Երբ նրան մոտենում էին, նա փախչում էր, իմանալով, որ գործի են դնելու:
Մի անգամ, երբ Օլդ Սմոքիին բռնեցին, սանձեցին և թամբեցին, պատանի Թեդն ուղևորվեց արոտավայր, որտեղ անասուններն արածում էին: Հողը չոր էր, արոտավայրը նույնպես, բայց Թեդը նկատեց, որ արոտավայրից դուրս, երկաթուղային գծերի երկայնքով խոտն ավելի բարձր էր ու ավելի կանաչ: Եվ նա մտածեց, որ կքշի անասուններին արոտավայրի ցանկապատերից դուրս և թույլ կտա, որ նրանք կերակրվեն երկաթուղային գծերի երկայնքով աճող փարթամ խոտերով:
Օլդ Սմոքիի օգնությամբ Թեդը քշեց անասուններին արոտավայրից դուրս, որտեղ նրանք սկսեցին այս ու այն կողմ շարժվել երկաթուղային գծերի մոտ, սնվելով ավելի փարթամ ու կանաչ խոտերով: Բավարարված կովերը կարծես հոգ էին տանում իրենք իրենց մասին, և Թեդն իջավ ձիուց, նստեց սանձափոկերի վրա, վայելելով շրջապատի գեղեցկությունը, խաղալով ու զվարճանալով: Սակայն Օլդ Սմոքին, այդ կանաչ խոտերի մեջ փնտրելով իր համար արածելու հարմար տեղ, հանկարծ սկսեց հեռանալ, և նրա սանձափոկերը դուրս պրծան Թեդի տակից:
Այդ հանդարտ ու խաղաղ պահը հանկարծ կանգ առավ, երբ Թեդը հեռվից լսեց մի բարձր ձայն: Դա հանդիպակաց շոգեքարշի սուլոցն էր, որն ընթանում էր հենց այն երկաթգծերով, որտեղ Թեդի անասուններն, այս ու այն կողմ գնալով, ալարկոտ արածում էին: Թեդը հասկացավ, որ հետևանքները կարող էին ողբերգական լինել թե՛ անասունների, և թե՛ իր ընտանիքի համար, եթե նա արագ չգործեր` անասուններին վերադարձնելով արոտավայր, հեռացնելով սլացող գնացքից: Նա զգում էր, որ երբեք չէր ների ինքն իրեն, որ չէր կարողացել կատարել իրեն վստահված պարտականությունը:
Թեդը արագ ոտքի կանգնեց և վազեց բռնելու Օլդ Սմոքիի սանձափոկերը: Օլդ Սմոքին, տեսնելով, որ Թեդը մոտենում է, արագ հեռու ցատկեց նրանից, թույլ չտալով, որ իրեն բռնեն: Հուսահատված ու շնչակտուր, մտովի պատկերացնելով սատկած կովերի ու ընտանեկան ողբերգության պատկերը, Թեդը գիտեր, որ պետք է արագ գործեր:
Հետագայում նա գրի էր առել պատահածը. «Երեխաների Միության ուսուցիչը, ամրապնդելով մայրիկիս սովորեցրած ուսմունքները, մեզ սովորեցրել էր աղոթել: Ոչ մի այլ միջոց չունենալով, ես ծնկի իջա և սկսեցի աղոթել օգնության համար, որպեսզի կովերը դուրս գային երկաթգծերից»:
Թեդը ձայն չէր լսել, բայց հստակ միտք էր եկել նրա մոտ. «Ուշադրություն դարձրու, թե ինչպես են կովերը քայլում Օլդ Սմոքիի կողքով, և նա չի փախչում: Այսպիսով, … երբ հիմա դու ծնկներիդ վրա ես, իջեցրու նաև ձեռքերդ: Ձևացրու, թե դու կով ես և չորեքթաթ վազիր Օլդ Սմոքիի մոտ»:
Թեդը պատմում է. «Ես այդպես արեցի: Նա չփախավ: Ես քաշեցի նրա սանձերը, առաջնորդեցի դեպի ցանկապատը, նստեցի նրա վրա և մենք քամու պես սլացանք, որպեսզի կովերին հետ բերենք դեպի արոտավայր: Օլդ Սմոքին զարմանալի վարպետությամբ էր կատարում ամեն մի շրջադարձը»:
Հետագայում, երբ Թեդն ավագ դպրոցում էր, նա գիտակցեց, որ կարիքի ծայրահեղ պահին հստակ պատասխան էր ստացել իր աղոթքին: Նա նկատել է. «Իմ կամքից անկախ հրեշտակները կառավարում էին Օլդ Սմոքիին և մեր ընտանիքը խուսափեց ողբերգությունից»: Ավելի ուշ նա ասել է. «Սա ինձ տրված բազմաթիվ հուշումներից առաջինն էր: «Եվ ինչ որ դուք խնդրեք Հորը, իմ անունով, ինչ որ ճիշտ է, հավատալով, որ դուք կստանաք, ահա այն կտրվի ձեզ» (3 Նեփի18.20)»:7
Մեր բոլորիս կյանքում կան այդպիսի մարդիկ, որոնց պետք է հեռու քշենք երկաթգծերից, մինչև գնացքի անցնելը: Մեր վտանգները գալիս են տարբեր ձևերով և չափերով: Դրանցից մի քանիսը նույնիսկ Թեդի վտանգավոր իրավիճակի չափ լուրջ են, մեր և մեր սիրելիների համար կյանքին կամ հոգուն սպառնացող հետևանքներով:
Մեզ հանդիպող մյուս իրավիճակները, հնարավոր է, լուրջ հետևանքներ չունենան, սակայն ծանր նստվածք թողնեն մեր մտքի և սրտի վրա: Մի բան հստակ է՝ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում ունենալու է ձախորդություն և վիշտ, որովհետև դրանք մեր մահկանացու փորձառության մի մասն են: Բայց հիշե՛ք՝ Տերը կօգնի մեզ:
Ես սիրում եմ Մորմոնի Գրքում հանդիպող այս խոսքերը. «Արդ, իմ եղբայրնե՛ր, մենք տեսնում ենք, որ Աստված հիշում է ամեն ժողովրդի, ինչ երկրում էլ որ նրանք լինեն. այո, նա հաշվում է իր ժողովրդին, և նրա գթասրտությունը ողջ երկրի վրա է» (Ալմա 26.37):
Սա ներառում է մեզանից յուրաքանչյուրին: Ինչպիսի՜ մխիթարություն է՝ իմանալ, որ Տերը կօգնի մեզ:
Հավատք, հույս և ավետարանի հեռանկար
Ամփոփելով, ես կոչ եմ անում ձեզ հիշել, որ պահեք ավետարանի հեռանկարը: Նայեք ձեզ շրջապատող աշխարհին Հիսուս Քրիստոսի ավետարանի ոսպնյակի միջով:
Պահեք հոգևոր հավասարակշռությունը: Մենք բոլորս ունենում ենք մարտահրավերներ և հնարավորություններ մեր կյանքի տարբեր փուլերում, և դրանք լավագույն լուծումն են ստանում այն ժամանակ, երբ հավասարակշռում ենք մեր հավատքով Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ:
Ի վերջո, հավատք և հույս ունեցեք, որ Տերը կօգնի ձեզ: Այս գիտելիքն է, որ օգնում է ձեզ վստահ դիմավորել այն մարտահրավերները, որոնք ձեր մահկանացու առաքելության ախուսափելի մասն են: