Լինել, թե՞ փոխվել. այս է խնդիրը
Ակնկալվում է, որ մենք դատենք: Մենք պետք է դա անենք: Սակայն մենք չպետք է պիտակավորենք որևէ մեկին:
Մի քանի տարի առաջ ես և կինս այցելել էինք Դանիայի Հելսինգոր քաղաքում գտնվող Կրոնբորգ ամրոցը: Այս ամրոցը հայտնի է դարձել Ուիլյամ Շեքսպիրի Համլետ պիեսով: Երբ քայլում էինք ամրոցի սրահներով, մեր միտքը հեղեղվեց պիեսի գործողություններով և երկխոսությամբ, հատկապես Համլետի հայտնի հարցադրմամբ՝ «Լինել, թե՞ չլինել. այս է խնդիրը»:
Ապա ես մտածեցի, որ շատ ավելի համապատասխան հարց կլինի, եթե ինքներս մեզ հարցնենք. «Լինել, թե՞ փոխվել. այս է խնդիրը»:
Թույլատրել բարելավում
Դժբախտաբար, ուրիշների մասին խոսելիս մենք հաճախ պիտակներ ենք օգտագործում: Օրինակ՝ կարող ենք այսպես արտահայտվել.
-
«Երեց Բրաունը ծույլ միսիոներ է»: Փոխարենը, մենք պետք է ասենք. «Երեց Բրաունը վերջերս ջանասիրաբար չի աշխատում, բայց ես կարծում եմ, որ նա կարող է բարելավվել»:
-
«Մերին կրոնասեր չէ»: Ի հակադրություն, մենք կարող էինք ասել. «Մերին կրոնասեր չէր երևում, բայց նա կարող է զգալ Հոգին, եթե ես կիսվեմ նրա հետ իմ վկայությամբ»:
Երբ մենք ասում ենք, որ ինչ-որ մեկն այսպիսին է, մենք ավարտում ենք միտքը՝ պիտակավորելով անձին, դատում ենք՝ առանց փոխվելու կամ բարելավվելու հնարավորության համար տեղ թողնելու: Սակայն երբ ակնկալում ենք, որ կարող է փոխվել, մենք ցույց ենք տալիս, որ հավատում ենք, որ կարող է աճ կամ առաջընթաց լինել:
Արդյո՞ք սխալ է դատելը:
Աստվածաշնչի շատ թարգմանություններ Փրկիչի ուսմունքը տալիս են հետևյալ կերպ. «Մի դատէք, որ չ’դատուիք» (Մատթեոս 7.1): Սակայն Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը հստակեցնում է. «Մի դատեք անարդար ձևով, … այլ արդար դատաստանով դատեք» (Մատթեոս 7.1, ծանոթագրություն ա, շեղատառն ավելացված է):
Իրոք ընդունելի է, և նույնիսկ ակնկալվում է, որ մենք դատողություն կիրառենք, երբ չափում ենք, գնահատում ենք, զանազանում իրավիճակները և որոշումներ կայացնում: Եվ հատկապես կարևոր է, որ մենք արդար դատողություն կիրառենք, երբ գործ ունենք մարդկանց հետ:
Օրինակ, մենք պետք է ուշադիր գնահատենք, թե ում հետ ենք ամուսնանալու, խորաթափանցություն օգտագործենք, հասկանալու համար ինչ-որ մեկի մտադրությունները, կամ գնահատենք ինչ-որ մեկի ընդունակությունները՝ արդյո՞ք նա կարող է կատարել մասնագիտական հանձնարարությունը:
Մենք միշտ պետք է գնահատենք մարդկանց գործողությունները կամ հատկանիշները համաձայն Տիրոջ չափանիշների, ինչպես դրանք տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Այդ ամենից բացի, մենք պետք է համոզված լինենք, որ մեր դատողությունները չեն փորձում չարամտորեն բնութագրել մարդկանց, միևնույն կարծրատիպով որակավորել, կամ անարդարացիորեն պիտակավորել որևէ մեկին:
Փոխվելու հնարավորություն
Մենք անարդար դատաստան ենք իրականացնում, երբ ճշգրիտ չենք նկարագրում մարդկանց, հատկապես, երբ դա անում ենք, ենթադրելով, որ նրանք չեն կարող փոխվել: Մարդկանց հետ մեր բոլոր փոխհարաբերություններում մենք պետք է հիշենք, որ Տիրոջ քավիչ զոհաբերության շնորհիվ մեզանից յուրաքանչյուրն ունի բարելավման կարողություն: Դիտարկենք Փրկիչի տված այս օրինակները.
-
Նա ասաց շնության մեջ բռնված կնոջը. «Գնա, և այսուհետև մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11):
-
Նա ասաց Իր կողքին խաչված մարդկանցից մեկին. «Դու այսօր ինձ հետ դրախտումը կլինիս» (Ղուկաս 23.43):
-
Հարություն առնելուց հետո Նա շարունակեց տեսնել Պետրոսի ներուժը և ուսուցանել նրան, թեև Պետրոսը երեք անգամ ուրացել էր Նրան (տես Մատթեոս 26.34 և Հովհաննես 21.15–17):
-
Նա ասաց Սավուղին, ով հալածում էր սրբերին, որ ապաշխարի: Սավուղը, ով դարձավ Պողոս, հնազանդվեց և դարձավ արդարակյաց: (Տես Գործք 9.3–6):
Տեր Հիսուս Քրիստոսը միշտ է տվել երկրորդ հնարավորությունը, երրորդն ու չորրորդը նույնպես: Նա սովորեցրել է մեզ ներել «մինչեւ եօթանասուն անգամ եօթը» (Մատթեոս 18.22): Նա միակ մարդն է, ով այս երկրի վրա ապրել է կատարյալ կյանքով, բայց Նրա կյանքի, ուսմունքների, Նրա քավիչ զոհաբերության, Հարության և Նրա ավետարանի արարողությունների շնորհիվ մենք նույնպես կարող ենք մի օր կատարյալ դառնալ: Խոսելով մեր եղբայրների ու քույրերի մասին, անհավատություն դրսևորելով նրանց փոխելու կարողության հանդեպ, անհավատություն է դրսևորվում նաև Փրկիչի ու Նրա Քավության զորության հանդեպ:
Արտաքին ու ներքին
Կենսական փաստ է, որ մենք հաճախ դատում ենք (և դատվում) առաջին հայացքից: Մենք անարդար դատելու վտանգի տակ ենք, թերևս, երբ դատում ենք առաջին հայացքից և թերանում ենք գնահատել մարդու իրական բնավորությունը:
«Մարդը այնպես չի տեսնում, ինչպես Տերը. որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում» (Ա Թագավորաց 16.7): Փրկիչն Իր օրերի կեղծավորների մասին ասել էր, որ նրանք նման են «ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով» (Մատթեոս 23.27):
Փրկիչը չէր ուսուցանում, որ դրական և պարկեշտ արտաքին տեսքը լավ բան չէ, այլ որ տղամարդու կամ կնոջ ներքին բնավորությունը (բարոյական և հոգևոր վիճակը) զգալիորեն ավելի կարևոր է: Հիշեք մեր հիասքանչ տաճարները՝ տարածքները գեղեցիկ են, սակայն շատ ավելի կարևոր են արարողությունները, որ կատարվում են ներսում:
Միսիոներները նույնպես պարտավոր են պահպանել հագուստի և արտաքին տեսքի չափանիշները: Լինելով մաքուր, համեստ հագնվելով և պատշաճ լեզվով խոսելով, նրանք լավ օրինակ են հանդիսանում նրանց համար, ովքեր կծանոթանան Հիսուս Քրիստոսի ավետարանին, տեսնելով ու լսելով միսիոներներին:
Գործադրելով խորաթափանցություն
Ձգտելով արդար դատողություններ անել, կարևոր է գործադրել խորաթափանցություն: Սուրբ գրքերի ուղեցույցում ասվում է, որ խորաթափանցությունը «ինչ-որ բան հասկանալ կամ իմանալն է Հոգու զորությամբ: … Այն ներառում է մարդկանց իրական բնավորության ու հոգևոր դրսևորումների աղբյուրի և իմաստի ընկալումը» («Խորաթափանցություն, խորաթափանցության պարգև»):
Երբեմն մարդիկ, ովքեր չար են ներսից, օգտագործում են իրենց աշխարհիկ տեսքը, փորձելով խաբել մեզ, որ մտածենք, թե իրենք արժանի են, որ նմանվենք իրենց: Նրանք «իրենց աչքում իմաստուն [են] և իրենց իսկ կարծիքով՝ խելամիտ» (Եսայիա 5.21, 2 Նեփի 15.21): Փրկիչը կարող էր տեսնել այս բառահանելուկից վեր, և Նա կարող էր զանազանել բնավորության ուժն ու սրտի անկեղծ միտումը նույնիսկ ամենախոնարհ ու ճնշված մարդկանց մեջ:
Ալման խորաթափանցություն գործադրեց, երբ խոսեց նրանց հետ, ովքեր «արհամարհված են բոլոր մարդկանց կողմից՝ իրենց աղքատության պատճառով», սակայն օրհնված, քանի որ խոնարհ էին դարձել «սրտով խոնարհ» (տես Ալմա 32.5–8):
Մենք պետք է հիշենք, որ «Աստուծոյ Հոգու բաները … հոգեւոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս 2.14): Երբ մենք տեսնում ենք մարդկանց այնպես, ինչպես մեր Երկնային Հայրն է տեսնում նրանց, խորաթափանցությունը մեզ թույլ է տալիս արդար դատողություն գործադրել:
Արդար դատաստան
Ամեն օր մենք դատում ենք՝ չափելով, գնահատելով և զանազանելով: Այնուամենայնիվ, Տերն ակնկալում է, որ արդարությամբ դա անենք: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մեր խոսքերն ու գործերը պետք է վկայեն, որ մենք ողորմած ենք, սիրող և կամենում ենք օգնել:
Որպես արդար դատավորներ, մենք պետք է վստահ լինենք, որ բավականաչափ ուշադրություն ենք դարձնում մարդկանց բնավորությանը, այլ ոչ թե արտաքին տեսքին: Միևնույն ժամանակ, մենք պետք է հիշենք, որ ամեն օր մեր թողած առաջին տպավորությունը գալիս է մեր արտաքին տեսքից և այն բառերից, որոնք մենք օգտագործում ենք: Շատ մարդիկ կհետաքրքրվեն մեր տեսակով և ավետարանի ուղերձով, եթե մեր արտաքին տեսքն արտացոլի մեր ուղերձի բարձր արժեքը:
Մեր Տեր և Վարդապետ՝ Հիսուս Քրիստոսը մեզ ցույց է տվել կատարյալ օրինակ, որին պետք է հետևենք, երբ ձգտում ենք արդար դատել: Ինչպես Նա է անում, մենք պետք է հավասարակշռենք այն, ինչ տեսնում ենք մակերեսի վրա, նրանով, ինչն ամեն մարդու ներսում է: