2019
Լայե Հավայի Տաճար. Հավաքման դարաշրջան
Հոկտեմբեր 2019


Լայե Հավայի Տաճար. Հավաքման դարաշրջան

Նվիրագործվելով 100 տարի առաջ, Լայե Հավայի Տաճարը հնարավորություն տվեց սրբերին ստանալ տաճարային օրհնությունները, երբ ավետարանը սկսեց տարածվել ողջ աշխարհում:

Laie Hawaii Temple rendering

Ճարտարապետական ցուցադրություն ճարտարապետներ Հայրում Պոպի և Հարոլդ Վ. Բըրթոնի կողմից:

Այս վերջին օրերում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևոր առաքելություններից մեկը տաճարային օրհնություններ շնորհելն է աշխարհի մարդկանց՝ ինչպես ապրողներին, այնպես էլ մահացածներին: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «ցանկացած ժամանակաշրջանում հավաքման նպատակն է … կառուցել տուն Տիրոջ համար, որտեղ Նա կարող է հայտնել Ւր ժողովրդին Ւր տան արարողությունները»:1

20-րդ դարի սկզբին ընդամենը չորս գործող տաճար կար ամբողջ աշխարհում, և չորսն էլ գտնվում էին Յուտայում: Այդպիսով, Յուտա տեղափոխվելը տաճարի օրհնություններից օգտվելու հիմնական միջոցն էր: 1919 թվականին դա փոխվեց: 1919 թվականի նոյեմբերի 27-ին Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը (1856–1945) նվիրագործեց Լայե Հավայի Տաճարը: Սա պատմական շրջադարձային իրադարձություն էր Վերականգնման փուլում, քանի որ տաճարային օրհնությունները հասանելի դարձան բազմաթիվ ազգերի համար:

Շատ առումներով Լայե Հավայի Տաճարը առաջին միջազգային տաճարն էր: Այն անմիջապես սկսեց ծառայել Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Սամոայի, Տոնգայի, Թաիթիի, Ճապոնիայի և Ավստրալիայի անդամներին: Երբ Եկեղեցին շարունակեց աճել Խաղաղ օվկիանոսի և Ասիայի տարածքներում, այս տաճարի կողմից օրհնվող երկրների թիվը մեծացավ:

Այս տարի լրանում է վարագույրի երկու կողմերից Իսրայելի հավաքման գործին նվիրված այս շինության 100-ամյակը:

Հավաքումը Սամոայից

Սամոա կղզիները գտնվում են Հավայան կղզիներից մոտ 2500 մղոն (4,023 կմ) հեռավորության վրա: 1919թ. Ջոն Ք. Ադամսը, Սամոա Միսիայի նախագահն ասել է. «Լայե Տաճարի ավարտից հետո մեր ժողովուրդը տաճար գնալու համար, կարծես, տարվել է աշխարհի բարիքները կուտակելով»: Օրինակ, Աուլելիո Անաեն շուրջ 20 տարի առանց վարձատրման ծառայել է որպես միսիոներ: Տարիներ տևած զոհաբերության պատճառով նա բավարար գումար չուներ Հավայի ճամփորդելու համար: Այդպիսով, եղբայր Անաեն վաճառեց իր ամբողջ ունեցվածքը: Դա հազիվ թե կազմեց $600 կամ $700 ԱՄՆ դոլար:2 Եղբայր Անաեն և ուրիշ սամոացիներ զոհաբերեցին այն ամենն, ինչ կարող էին, որպեսզի տեղափոխվեին Լայե 1920-ական թվականներին:

Մի ընտանիք՝ Լեոտաները, ժամանեցին Հավայի 1923 թվականի ամանորին: Յոթամյա Վայլին Լեոտան գրել է. «Մեր առաջ բացված Տաճարի պատկերը ամենագեղեցիկ տեսարանն էր»:3 Երկու շաբաթից Վայլինի ծնողները՝ Այվաոն և Մատալան, ստացան իրենց օժտումները, կնքվեցին որպես զույգ, և նրանց երեխաները կնքվեցին նրանց հետ: Լեոտաները հավատարմորեն ծառայել են Տիրոջ տանը շուրջ 50 տարի և թաղված են «իրենց այդքան սիրելի տաճարի բակում»:4 Այսօր, հարյուրավոր մարդիկ՝ նրանց հավատարիմ հետնորդները, ապրում են Հավայան կղզիներում:

Անիրականանալի նպատակ

Մինչ խաղաղօվկիանոսյան շատ անդամներ թողեցին իրենց հայրենիքն ու գաղթեցին Հավայի, տարբեր ազգերից շատ ծխեր և ճյուղեր կազմակերպում էին խմբային ուղևորություններ, այսպես կոչված էքսկուրսիաներ դեպի տաճար: Հավաքման այս հոգևոր ձևը հնարավորություն էր տալիս Եկեղեցու անդամներին ճամփորդել, ստանալ տաճարային արարողությունները, ապա, վերադառնալով տուն, կառուցել Եկեղեցին իրենց սեփական ազգի մեջ:

Նվիրագործման ժամանակ Նախագահ Գրանտն աղոթեց Տիրոջը, որ ուղի բացի Նոր Զելանդիայի և ամբողջ խաղաղօվկիանոսյան կղզիների սրբերի համար, որպեսզի նրանք կարողանան կազմել իրենց տոհմաբանությունը և գալ տաճար ու փրկիչներ դառնալ իրենց նախնիների համար:

Տաճարային էքսկուրսիաները սկսվեցին Նոր Զելանդիայի Մաորի սրբերի խմբից, տաճարի նվիրագործումից անմիջապես վեց ամիս հետո: Գտնվելով մոտավորապես 8,045 կմ հեռավորության վրա, այս սրբերը ցնծացել էին նվիրագործման լուրը ստանալով:

Վայմեյթ և Հեենի Անարուների բաղձանքն էր առաջին իսկ խմբի հետ ուղևորվել տաճար: Այնուամենայնիվ, նպատակն անիրականանալի էր թվում ընտանիքի աղքատության և ճամփորդության համար պահանջվող 1,200 նորզելանդական ֆունտ գումարի պատճառով, որը մեծ գումար էր: Նրանք հրաշքի կարիք ունեին:

Տարիների ընթացքում Անարու ընտանիքի անդամները, հետևելով մարգարեի խորհրդին, հավաքել էին իրենց տոհմաբանական գրանցումները: Այդ գրանցումները կուտակված էին, մինչ Անարուների ընտանիքը սպասում էր հրաշքի: Նրանց որդին՝ Վիվինին տեսնում էր ծնողների հավատքը. «Մայրս երբեք չէր հուսահատվում սպասելուց, որ մի օր ծնկի կգա հորս հետ տաճարի մատուռի առաջ»:

Հրաշքը կատարվեց: Վայմեյթը Նոր Զելանդիայի կառավարության կողմից հովանավորվող՝ հողատարածքների մշակման նախագծի հաղթող ճանաչվեց: Այս նախագծից նրա եկամուտը բավարար կանխավճար էր նախատեսում, որը կծածկեր դեպի Հավայի ուղևորության արժեքը: Վայմեյթն ու Հեենին, հաղթահարելով օվկիանոսից այն կողմ ճամփորդելու իրենց վախը, 1920 թվականի մայիսին սրբերի խմբի հետ ուղևորվեցին Հավայի: Նրանք ստացան իրենց օժտումները և կնքվեցին միասին: Անհնարինն իրականացավ:

Անարուների պատմությունը միայն մեկն է հազարավոր սրբերի պատմության շարքում, ովքեր ճամփորդել են Լայե Հավայի Տաճար՝ ստանալու իրենց արարողությունները և ընդունելու այն խոստումները, որոնք Տերը տվել է նրանց Իր տանը: Մեծ զոհաբերություն էր պահանջվում, սակայն արդյունքում կերտվեցին ամուր սրբեր, ովքեր իրենց հայրենիքը վերադառնալիս պատրաստ էին ղեկավարել Եկեղեցին:5

Լայե Տաճարի կառուցումը

Ներկայիս Լայե Տաճարը կառուցելու համար Եկեղեցին շարունակում էր օրհնել ողջ խաղաղօվկիանոսյան տարածքի վերջին օրերի սրբերին: 1950-1960-ականներին Հավայան կղզիների, Թոնգայի, Սամոայի, Նոր Զելանդիայի, Թաիթիի, Քուքի կղզիների, Ֆիջիի և Հյուսիսային Ամերիկայի միսիոներները կանչվել էին ներդնելու իրենց մշակութային տաղանդները և շինարարական հմտությունները, օգնելով կառուցել Հավայան կղզիների եկեղեցական քոլեջը (այժմ` Բրիգամ Յանգի Համալսարան-Հավայի), Պոլինեզյան մշակութային կենտրոնը և նոր տաճարի այցելուների կենտրոնը: 1960թ. մայիսի 3-ին քառասունյոթ միսիոներներ Տոնգայից և Սամոայից ստացան իրենց տաճարային արարողությունները, ինչը հոգևոր օրհնությունների օրինակ էր, որը հաջորդեց նրանց ջանասեր աշխատանքներին (տես Building Missionaries in Hawaii, 1960–1963, Church History Library, Salt Lake City, 100):

Մատտե Թեո անունով մի միսիոներ ծանր այրվածք էր ստացել Սամոայից մեկնելուց առաջ, այնուամենայնիվ, եկել էր Հավայի: Բժիշկները վախենում էին, որ նրա այտուցված ձեռքը գուցե կարիք լիներ անդամահատելու: Նրա հետ ծառայող շատ միսիոներներ աղոթում էին նրա համար: Մինչ տաճարում էր, եղբայր Թեոն աղերսեց Տիրոջը՝ «Դիպչի՛ր այս ձեռքին: Բուժի՛ր այս ձեռքը, որպեսզի ես կարողանամ օգնել իմ ուժերի ներածին չափով»: Նա անմիջապես սկսեց առողջանալ: Այսօր նրա ձեռքի վրա ոչ մի սպի չկա: Նա այժմ ծառայում է Լայե Հավայի Տաճարում որպես կնքող և ասում է. «Այս տաճարը … հզոր ազդեցություն ունի հարակից համայնքների համար, ոչ միայն այս տարածքում, այլև ամբողջ Խաղաղ օվկիանոսում» (in Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 328–330):

Հոգևոր հավաքումը Ասիայից

Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ճապոնիայում Եկեղեցու վերականգնումից հետո սրբերը կազմակերպեցին առաջին ասիական էքսկուրսիան դեպի տաճար: 1965 թվականին 165 նվիրյալ սրբեր Տոկիոյից ինքնաթիռով ուղևորվեցին Հավայի՝ ստանալու իրենց տաճարային արարողությունները: Այս ճամփորդությունը զարմանալի ուժ հաղորդեց Ճապոնիայի Եկեղեցուն: Այդ անդամների 95 տոկոսը ակտիվ մնաց Եկեղեցում: Նրանցից հինգը հետագայում դարձան տաճարի նախագահներ իրենց երկրում, այդ թվում՝ Երեց Յոշիհիկո Կիկուչին՝ առաջին գերագույն իշխանավորը Ճապոնիայից:6

1970 թվականին մի խումբ կորեացի անդամներ մեկնեցին Լայե: Ճյուղի նախագահ Չո Վուք Ուանն ասել է. «Մենք գնացինք տաճար, և այն բացեց մեր միտքն ու լուսավորեց մեզ, թե ինչպես կարող ենք փրկություն ստանալ: Հավերժական ծրագիրն իրական դարձավ, մեր վկայություններն ամրապնդվեցին այնպես, որ դժվար է խոսքերով արտահայտել: Ի՜նչ մեծ օրհնություն է Կորեայի ժողովրդի համար՝ հնարավորություն ունենալ հաճախելու տաճար»:7

Laie Hawaii Temple at night

Հավայի Տաճարի ֆրիզի լուսանկարը տրամադրել է Եկեղեցու պատմության գրադարանը: Լայե Հավայի Տաճարի երեկոյան լուսանկարը՝ Կարլա Ջոնսոնի:

Մեր մահացած բարեկամների հավաքումը

Երբ տաճարային արարողությունները հասանելի են դառնում որևէ ազգի համար, դրանք բերում են Տիրոջ օրհնությունները ոչ միայն այդ երկրում ապրողներին, այլև այդ ազգից այժմ վարագույրի մյուս կողմում գտնվողներին: Այս օրհնությունը զգացել են ասիական երկրներում ապրող անդամները, որտեղ իրենց մշակույթը մանրակրկիտ գրանցել է դարերի տոհմաբանությունը:

Կվայ Սհուն Լունգի ծնողները Չինաստանից տեղափոխվել էին Հավայի: Նա ծնվել է Կաուայում 1894 թվականին և մկրտվել է 1944 թվականին իր 50-ամյա տարեդարձին: Եղբայր Լունգը ընտանեկան պատմության դասեր էր տալիս Եկեղեցում և իր դասարանին ասել է. «Մի գիշեր ես տեսիլք եմ տեսել, և տեսել եմ իմ մահացած հարազատներից շատերին, ովքեր խնդրում էին ինձ աշխատել իրենց համար»: Երեք օր անց նա ստացել է իր ծագումնաբանությունը Չինաստանում ապրող իր մորաքրոջից, 22 էջ չինական գրագրությամբ, որտեղ ընդգրկված էին նրա նախնիները, մինչև մ.թ.1221: Իր որդու՝ Գլեննի և հարսի՝ Ջուլինայի հետ նրանք տաճարում կատարել էին հազարավոր արարողություններ իրենց ընտանիքի համար: Գլենն և Ջուլինա Լունգերը հետագայում ծառայել են որպես Լայե Տաճարի նախագահ և մայրապետ 2001–2004 թվականներին:8

Չհրկիզվող մագաղաթ

Միչի Էգուչին Ճապոնիայից Հավայի էր տեղափոխվել 1900-ականների սկզբին և իր հետ բերել էր ճապոնական մետաքսե մի մագաղաթ: Նրա թոռնուհին՝ Կանանի Քեսին, իր միսիան ծառայել է Ճապոնիայում: Հետագայում նա հայտնաբերել է, որ իր տատիկի մագաղաթը պարունակում է իրենց ազգատոհմի գրեթե հազարավոր տարիների ծագումնաբանական տվյալները:

2013 թվականին Կանանիի տունն ամբողջությամբ այրվել էր: Նրա ընտանիքին պատկանող գրեթե ամեն ինչը մոխրացել էր կրակից: Նրանք պահել էին ընտանիքի ծագումնաբանական թղթերը պլաստիկ տարաներով իրենց մահճակալի տակ: Հրդեհից հետո վերադառնալով տուն, նրանք այնտեղ հայտնաբերել էին մոխրի ու հողի կույտեր:

«Միակ բանը, որ հույս ունեի գտնել, մագաղաթի պատճենն էր՝ դրա թարգմանությամբ ու պատմությամբ»,- ասել է Կանանին: «Ես համոզված էի, որ տաճարային բոլոր աշխատանքները կատարվել էին իմ ճապոնացի նախնիների համար, բայց մագաղաթի պատճենն ինձ համար շատ թանկ էր»:

Երբ Կանանին և նրա ամուսինը՝ Բիլլին, անցան մոխրի վրայով, նրանք, ի վերջո, հայտնաբերեցին կապույտ պլաստիկ տարան: Տարայի ներսում նրանք գտան զարմանալիորեն պահպանված մագաղաթի պատճենը թարգմանությունների և ընտանեկան պատմության գրքի հետ: Ընդամենը մի փոքր այրվել էին մագաղաթի եզրերը, սակայն դա միակ բանն էր, որ փրկվել էր իրենց ննջարանում:

Կանանին զգում է, որ Տերը պահպանել է մագաղաթը` «իմ սերունդների օգուտի համար, որպես մեր հանդեպ Իր սիրո վկայության և ցույց տալու համար ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի կարևորությունը» (in Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 172–74):

Հավաքումը կրթության միջոցով

Լայե Հավայի Տաճարի օրհնությունները տարածվել են նաև այն մարդկանց վրա, ովքեր եկել են Լայե բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: 1950-ական թվականներից ի վեր, Պոլինեզիայից և Ասիայից տասնյակ հազարավոր ուսանողներ են եկել այս վայր, որն այժմ կոչվում է ԲՅՀ-Հավայի: Այդ ուսանողներից շատերը մկրտություններ են կատարել մահացածների համար և ծառայել են որպես տաճարի աշխատողներ: Լայե Տաճարն օգնել է ուսանողներին սիրել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը, և օրհնել է նրանց, որ ավելի պատրաստ լինեն ծառայելու այն ժամանակ, երբ տաճարներ կառուցվեն իրենց հայրենիքում:

Չուն Չուա Ջեյմսը, ծագումով Սինգապուրից, քրոջ հետ եկել էր ԲՅՀ-Հավայի 1970-ականներին: Նրանք երկուսն էլ ամուսնացել էին այլ երկրների տղամարդկանց հետ 1978 թվականին: Քույր Ջեյմսը գրել է. «Լայե Տաճարում մեր ամուսնությունը կողք կողքի բերեց երկու նորադարձի և երկու մշակույթներ՝ ժամանակի և ողջ հավերժության համար, ինչի սկիզբը մենք հույս ունենք, որ կլինի մեր ընտանիքի տաճարային օրհնությունների շարունակվող ժառանգությունը: Մեր ամուսնությունները միայն երկուսն էին Լայե Տաճարում կատարված հարյուրավոր հավերժական ամուսնություններից, որոնք ներգրավել են ԲՅՀ-Հավայի ուսանողներին, թերևս համալսարանի գոյության վերջին վաթսուն տարիների ընթացքում» (in Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 236):

Հավաքումը շարունակվում է

Տեղակայված լինելով Ամերիկա մայրցամաքների և Ասիայի միջև ընկած խաղաղօվկիանոսյան խաչմերուկում, Լայե Հավայի Տաճարը տաճարային օրհնությունների դուռը բացել է բազմաթիվ ժողովուրդների համար: Այսպիսով, Իսրայելի հավաքումը դարձավ հիմնականում հոգևոր հավաքում, քանի որ անդամները կարողանում էին տաճարային օրհնություններ ստանալ և վերադառնալ հայրենի երկրներ Եկեղեցին այնտեղ կառուցելու համար: Այս հնարավորությունը նպաստեց վերականգնված ավետարանի տարածմանը վարագույրի երկու կողմերում բազմաթիվ մշակույթների և ժողովուրդների համար:

Նշելով Լայե Հավայի Տաճարի 100-ամյակը, մենք արտոնություն ունենք ականատես լինելու վերականգնման ժամանակաշրջանի և Մորմոնի Գրքի մարգարե Հակոբի մարգարեության կատարմանը. «Մեծ են Տիրոջ խոստումները նրանց համար, ովքեր ծովի կղզիների վրա են» (2 Նեփի 10.21):

Հղումներ

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 416:

  2. See James Adams Argyle, comp., “The Writings of John Q. Adams,” 14, FamilySearch.org.

  3. Vailine Leota Niko, in Clinton D. Christensen, comp. Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi (2019), 70–71.

  4. Aivao Frank Leota (1878–1966), FamilySearch.org.

  5. See Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 64–65.

  6. See Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 114–17.

  7. Choi Wook Whan, in “Going to the Temple Is Greatest Blessing,” Church News, Apr. 17, 1971, 10.

  8. See Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 166.