2019
Ինչպես առաջնորդվեցինք Մոնիկայի տուն
Հոկտեմբեր 2019


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ինչպես առաջնորդվեցինք Մոնիկայի տուն

Ռոսանա Սոարես

Յուտա, ԱՄՆ

woman standing on balcony watching other woman at window

Պատկերազարդումը` Սթան Ֆելոուսի

Երբ ես ապրում էի Սան Պաոլոյում (Բրազիլիա), ծանոթացա մի յուրահատուկ կնոջ հետ, ում անունը Գրասա էր: Նա հաճելի, բարի կին էր և բոլորի համար լավ ընկեր:

Գրասայի հետ մենք այցելող ուսուցիչներ էինք: Նա երեք երեխաների մայր էր, կես դրույքով աշխատող, չուներ մեքենա կամ հեռախոս, բայց այս ամենը խոչընդոտ չէր հանդիսանում, որ նա ծառայեր:

Իմ տան պատշգամբից երևում էր նրա տան պատուհաններից մեկը: Երբ ազատ էր լինում, Գրասան կարմիր կտոր էր փակցնում այդ պատուհանին, նշան անելով, որ ինքը պատրաստ է գնալ այցելության: Նա երբեք արդարացում չէր փնտրում, որ չծառայեր: Ես հաճախ էի մտածում Գրասայի նշանի մասին և նրա հավատարիմ ու պարզ ծառայության հրաշալի օրինակի մասին:

Մի փորձառություն է տպավորվել մտքումս: Մենք պատրաստվեցինք և աղոթեցինք մեր քույրերից մեկին այցելելու համար: Երբ մոտեցանք նրա տանը, հասկացանք, որ իրականում եկել ենք մի ուրիշ քրոջ տուն: Մեզ հանձնարարված էր այցելել այս քրոջը, որն ակտիվ չէր և երկու փոքր երեխաների մայր էր, սակայն մենք չէինք ծրագրել գալ այդ օրը: Քանի որ եկել էինք, դուռը թակեցինք, սակայն արձագանք չեղավ:

Մենք որոշեցինք մի քիչ համառ լինել և սպասել: Քույրը՝ Մոնիկան, վերջապես եկավ և ասաց, որ զբաղված է: Մենք նկատեցինք, որ նա հոգնած է և լացակումած տեսք ունի: Երբ ասացինք, որ եկել ենք օգնելու, նա մեզ ներս հրավիրեց: Նրա երեխան լացում էր, և մենք ասացինք, որ երեխայի մասին հոգ տանի, իսկ մենք կսպասենք: Երբ Մոնիկան երեխայի հետ բարձրացավ վերնահարկ, մենք գործի անցանք, մաքրեցինք մի քանի սենյակ և ծալեցինք բոլոր հագուստները, որոնք տեսադաշտում էին:

Երբ Մոնիկան տեսավ, որ իր տունը հավաքվել է, սկսեց լացել, պատմել մեզ իր դժվարությունների մասին: Մենք խոստացանք, որ կօգնենք նրան և խոսեցինք նրա դժվարությունների մասին Սփոփող Միության նախագահի հետ: Հաջորդ կիրակի, Մոնիկան Եկեղեցում էր:

Նա դարձավ ակտիվ, ուրախ անդամ, և մենք շարունակեցինք սպասավորել նրան սիրով ու հոգատարությամբ: Նա դեռ ուներ նույն դժվարությունները, սակայն կարողանում էր հաղթահարել դրանք ավելի մեծ հավատքով և քաջությամբ, քանի որ ակտիվ հաճախում էր Եկեղեցի:

Ես այնքան երախտապարտ եմ Գրասայի օրինակի համար, երբ միասին ծառայում էինք: Մենք աղոթել էինք առաջնորդության համար և Աստված առաջնորդել էր մեզ Մոնիկայի տուն: