2020
Դառնալով Նրա նման
Նոյեմբեր 2020


10:21

Դառնալով Նրա նման

Միայն Նրա աստվածային օգնությամբ մենք բոլորս կարող ենք առաջ ընթանալ՝ Նրա նման դառնալու համար:

Նույնիսկ Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության հանդեպ ուշադիր ուսանողին ուղղված Փրկիչի հորդորը՝ լինել «ճիշտ ինչպես ես», 1 վախեցնող է և անհնարին թվացող: Հավանաբար դուք նման եք ինձ` բոլորդ լավ գիտեք ձեր սխալներն և թուլությունները, ուստի, գուցե, մտավորապես ավելի հարմար գտնեք քայլել մի արահետով, որը վեր բարձրացող թեքության չունի և ունի փոքր աճ: «Անշուշտ, այս ուսմունքը անիրական է և չափազանցված»,- պատճառաբանում ենք մենք, երբ ընտրում ենք հարմարավետ և ամենաքիչ դիմադրություն պահանջող ընթացքը, այդպիսով այրելով ավելի քիչ կալորիաներ` պահանջվող փոփոխության համար:

Իսկ ի՞նչ, եթե դառնալ «ճիշտ ինչպես [Նա է]» արտահայտությունը փոխաբերական չէ՝ նույնիսկ մեր մահկանացու վիճակում: Իսկ ի՞նչ, եթե դա ինչ-որ չափով հասանելի է այս կյանքում և, իրոք, նախադրյալ է` Նրա հետ կրկին լինելու համար: Իսկ եթե «ճիշտ ինչպես ես եմ» արտահայտությունը ճշգրտորեն և հստակորեն արտահայտում է այն, ինչ նկատի է ունեցել Փրկիչը: Ուրեմն ի՞նչ։ Մենք ի՞նչ ջանքեր կկամենայինք գործադրել` հրավիրելով Նրա հրաշագործ ուժը մեր կյանք, որպեսզի փոխենք մեր բուն էությունը:

Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Երբ մենք խորհում ենք Իր նման դառնալու Հիսուսի պատվիրանի մասին, մենք տեսնում ենք, որ պարտադիր չէ, որ ներկայումս գտնվենք ամբարիշտ հոգևոր վիճակում, այլ ավելի շուտ այնպիսի վիճակում, երբ այնքան անվճռական ենք և այնքան զերծ խանդավառությունից՝ Նրա գործի հանդեպ, որը նաև մեր գործն է: Մենք մեծարում ենք, բայց հազվադեպ ենք ընդօրինակում Նրան: 2 Մի երիտասարդ ծառայող` Չարլզ Մ. Շելդոն անունով, արտահայտեց այսպիսի զգացումներ. «Մեր քրիստոնեությունը չափազանց շատ է սիրում իր հանգիստն ու հարմարավետությունը, որպեսզի վերցնի այնքան կոպիտ և ծանր մի բան, ինչպիսին խաչն է»: 3

Փաստորեն, բոլորը Նրա նման դառնալու հրահանգի ներքո են, ճիշտ՝ ինչպես Հիսուս Քրիստոսը դարձավ Հոր նման: 4 Երբ մենք առաջադիմում ենք, դառնում ենք ավելի ամբողջական, ավարտուն և լիովին զարգացած: 5 Այդպիսի ուսմունքը հիմնված չէ որևէ աղանդի վարդապետությունների վրա, այլ անմիջականորեն գալիս է Իրենից` Տիրոջից: Այս տեսապակու միջոցով է, որ կյանքերը պետք է ապրեն, շփումները կառուցվեն և փոխհարաբերություններ զարգացվեն: Իսկապես, չկա ուրիշ ոչ մի ուղի, որ բժշկվեն խաթարված փոխհարաբերությունների և մասնատված հասարակության վերքերը, քան այն, որ մեզանից յուրաքանչյուրի համար Խաղաղության Իշխանին լիովին ընդօրինակելն է: 6

Եկեք քննարկենք՝ ինչպես ձգտել լրջորեն, միտումնավոր և կանխամտածված կերպով նմանվել Նրան՝ ձեռք բերելով Հիսուս Քրիստոսի բուն հատկանիշները:

Վճռել և պարտավորվել

Մի քանի տարի առաջ, ես և կինս կանգնած էինք Ճապոնիայի ամենաբարձր Ֆուջի լեռը տանող արահետի սկզբում: Երբ սկսեցինք մեր վերելքը, նայեցինք հեռվում երևացող գագաթին և երկմտեցինք, թե կկարողանայինք արդյոք հասնել այնտեղ:

Ֆուջի լեռը

Երբ առաջ գնացինք, հոգնածությունը, ցավող մկանները և բարձրության ազդեցությունը սկսեցին զգացնել տալ: Մտավորապես մեզ համար կարևոր դարձավ ուղղակի կենտրոնանալ հաջորդ քայլի վրա: Մենք ասում էինք.«Ես գուցե շուտով չհասնեմ գագաթին, բայց կարող եմ անել հաջորդ քայլը հենց հիմա»: Ժամանակի ընթացքում երկյուղալի հանձնարարությունը, ի վերջո, հասանելի դարձավ՝ քայլ առ քայլ:

Հիսուս Քրիստոսին նմանվելու այս արահետի վրա առաջին քայլը կատարելու համար պետք է դա անելու ցանկություն ունենալ: Լավ է հասկանալ Նրա նման լինելու հորդորը, բայց այդ հասկացողությունը պետք է զուգակցվի մեր անձերը փոխակերպելու տենչով՝ ամեն անգամ մեկ քայլ անելով բնական մարդուց այն կողմ: 7 Որպեսզի զարգացնենք այդ ցանկությունը, մենք պետք է գիտենանք, թե ով է Հիսուս Քրիստոսը: Մենք պետք է ինչ-որ բան իմանանք Նրա բնավորության մասին, 8 և պետք է փնտրենք Նրա հատկանիշները սուրբ գրություններում, երկրպագության ծառայություններում և այլ սուրբ վայրերում: Երբ ավելի շատ բան իմանանք Նրա մասին, մենք արտացոլված կտեսնենք Նրա հատկանիշները ուրիշների մեջ: Դա մեզ կքաջալերի մեր սեփական որոնումներում, քանի որ, եթե մյուսները ինչ-որ չափով հասնում են Նրա հատկանիշներին, մենք նույնպես կարող ենք:

Եթե մենք ազնիվ ենք ինքներս մեզ հետ, Քրիստոսի Լույսը 9 մեր մեջ կհուշի, որ հեռավություն կա մեր գտնված տեղի և Փրկիչի ցանկալի բնավորության միջև: 10 Այդպիսի ազնվությունը էական է, եթե մենք պետք է առաջադիմենք` Նրա նման դառնալու համար: Ազնվությունը իրոք Նրա հատկանիշներից մեկն է:

Ծիծաղի սենյակի հայելիների աղավաղում

Այժմ, մեզանից նրանք, ովքեր քաջ են, գուցե հարցնեն ընտանիքի մի վստահելի անդամի, կողակցի, ընկերոջ կամ հոգևոր առաջնորդի, թե Հիսուս Քրիստոսի որ հատկանիշի կարիքը մենք ունենք, իսկ մեզ գուցե հարկ լինի պատրաստվել պատասխանին: Երբեմն մենք մեզ տեսնում ենք ծիծաղի սենյակի հայելիների աղավաղված ձևերով, որոնք մեզ ցույց են տալիս կամ շատ ավելի կլոր, կամ շատ ավելի նիհար, քան իրականում կանք:

Վստահելի ընկերները և ընտանիքը կարող են օգնել մեզ ավելի ճիշտ տեսնել ինքներս մեզ, բայց նույնիսկ նրանք՝ որքան էլ սիրալիր և օգնող կկամենային լինել, գուցե, որոշ բաներ անկատար ձևով տեսնեն: Արդյունքում կարևոր է, որ մենք հարցնենք նաև մեր Երկնային Հորը, թե ովքեր ունեն մեր կարիքը, և որտեղ պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը: Նա կատարյալ տեսլական ունի մեր մասին և սիրով ցույց կտա մեզ մեր թուլությունները: 11 Միգուցե դուք իմանաք, որ ավելի մեծ համբերության, խոնարհության, գթության, սիրո, հույսի, ջանասիրության և հնազանդության կարիք ունեք, իսկ սրանք ընդամենը մի քանիսն են: 12

Վերջերս ես հոգևոր աճի մի փորձառություն ունեցա, երբ Եկեղեցու մի սիրալիր ղեկավար շատ ուղղակիորեն առաջարկեց, որ ես կարիք ունեի բարելավել մի որոշակի հատկանիշ: Եկեղեցու ղեկավարը սիրով ներկայացրեց ճշմարտությունը՝ առանց այն աղավաղելու: Երեկոյան ես կնոջս հետ կիսվեցի այդ փորձառությամբ: Նա բարեհաճ ու գթառատ էր, նույնիսկ, եթե համաձայն էր ղեկավարի առաջարկի հետ: Սուրբ Հոգին հաստատեց ինձ, որ նրանց խորհուրդը սիրառատ Երկնային Հոր կողմից էր:

Գուցե նաև օգտակար լինի ազնվորեն լրացնել Քրիստոսանման հատկանիշների վերաբերյալ վարժությունը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 6-րդ գլխում: 13

Եթե ազնվորեն կշռադատել եք և վճռել եք սկսել մագլցել սարն ի վեր, դուք ապաշխարելու կարիք կունենաք: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սիրով ուսուցանել է. «Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին վերափոխելու և դարձնելու մեզ մեր անձի լավագույն տարբերակը: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ուրախություն ստանալ. փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ փորձում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին»։ 14

Հիսուս Քրիստոսին նմանվելու համար կպահանջվի կամքի ուժ, որպեսզի փոխենք մեր սրտերն ու մտքերը, իրականում մեր բուն բնավորությունը, և դրա իրականացումը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի փրկիչ շնորհի միջոցով: 15

Բացահայտեք և գործեք

Այժմ, երբ դուք վճռել եք փոխվել և ապաշխարել և առաջնորդություն եք փնտրել աղոթքի միջոցով, ազնվորեն խորհրդածելով և, հնարավոր է, խորհրդակցելով մյուսների հետ, դուք պետք է ընտրեք մի հատկանիշ, որը հատկապես կդառնա ձեր կիզակետը: Դուք պետք է ինքներդ պարտավորվեք` գործադրելով իմաստալի ջանքեր: Այդ հատկանիշները չեն գա հեշտությամբ և հանկարծակի, այլ կգան Նրա շնորհի միջոցով` աստիճանաբար ճիգեր թափելու ընթացքում:

Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են սիրառատ Երկնային Հորից՝ օրհնելու մեզ և մեր շրջապատում գտնվող մարդկանց: Ուստի այդ հատկանիշները ձեռք բերելու մեր ջանքերը կպահանջեն սրտառուչ աղերսանքներ Նրա աստվածային օգնության համար: Եթե մենք ձգտենք այդ պարգևներին, որպեսզի ավելի լավ ծառայենք ուրիշներին, Նա կօրհնի մեզ մեր ջանքերում: Աստծուց եսասիրաբար պարգևի հետամուտ լինելը կավարտվի հուսահատությամբ և հիասթափությամբ:

Խորապես կենտրոնանալով մեկ անհրաժեշտ հատկանիշի վրա, երբ դուք առաջադիմում եք այդ հատկանիշը ձեռք բերելու համար, ուրիշ հատկանիշներ էլ են ավելանում ձեզ մոտ: Արդյո՞ք նա, ով խորապես կենտրոնացել է գթության վրա, կարող է չլցվել սիրով և խոնարհությամբ: Արդյո՞ք նա, ով կենտրոնացել է հնազանդության վրա, կարող է չլցվել ավելի մեծ ջանասիրությամբ և հույսով: Ձեր նշանակալի ջանքերը ձեռք բերելու մեկ հատկանիշը դառնում է ալիք, որը բարձրացնում է նավահանգստի բոլոր նավերը:

Գրի առեք և պահպանեք

Երբ ձգտում եմ Նրա նման դառնալ, ինձ համար կարևոր է գրի առնել իմ փորձառությունները և այն, ինչ սովորում եմ: Երբ խորապես ուսումնասիրում եմ Նրա հատկանիշներից մեկը իմ մտքում, սուրբ գրությունները դառնում են նոր, քանի որ այդ հատկանիշի նոր օրինակներ եմ տեսնում Նրա ուսմունքներում, Նրա ծառայությունում և Նրա աշակերտների մեջ: Իմ աչքը նաև ավելի է կենտրոնանում, երբ այդ հատկանիշը ճանաչում եմ ուրիշների մեջ: Ես նկատել եմ հրաշալի մարդկանց՝ ինչպես Եկեղեցու ներսում, այնպես էլ դրսում, ովքեր ունեն հատկանիշներ, որոնք ընդօրինակում են Նրան: Դրանք հզոր օրինակներ են, թե ինչպես կարող են այդ հատկանիշները դրսևորվել սովորական մահկանացուների մեջ՝ Նրա սիրառատ շնորհի միջոցով:

Իրական առաջընթաց տեսնելու համար հարկավոր է շարունակական ջանքեր գործադրել: Ճիշտ, ինչպես լեռ մագլցելիս պահանջվում է նախապատրաստություն, համբերություն ու համառություն վերելքի ժամանակ, այնպես էլ այս ճամփորդությունը պահանջում է իրական ջանք և զոհաբերություն: Ճշմարիտ քրիստոնեությունը, որում մենք ձգտում ենք դառնալ մեր Տիրոջ նման, միշտ պահանջել է մեր լավագույն ջանքերը: 16

Այժմ կարճ նախազգուշացում: Նրան նման լինելու պատվիրանը նախատեսված չէ ստիպելու ձեզ մեղավոր, անարժան կամ չսիրված զգալ: Մեր ողջ մահկանացու կյանքի փորձառությունը առաջընթացի, փորձելու, ձախողվելու և հաջողության մասին է: Ես ու կինս, որքան էլ շատ ցանկանայինք փակել մեր աչքերը և կախարդական փայտիկի օգնությամբ տեղափոխվեինք գագաթնակետ, դա այն չէր լինի, ինչ իրական կյանքում է:

Դուք բավականին լավն եք, դուք սիրված եք, բայց դա չի նշանակում, որ դուք կատարյալ եք: Այս կյանքում և հաջորդ կյանքում աշխատանք կա անելու: Միայն Նրա աստվածային օգնությամբ մենք բոլորս կարող ենք առաջ ընթանալ՝ Նրա նման դառնալու համար:

Մեր օրերում, երբ «բոլոր բաները [կարծես], խառնաշփոթի մեջ են և … [թվում է] երկյուղը պատում է բոլոր մարդկանց», 17 միակ հակաթույնը, միակ դեղն է՝ ձգտել նման լինել Փրկիչին, 18 Քավիչին 19 ողջ մարդկության, աշխարհի Լույսին, 20 և նմանվել Նրան, ով հայտարարել է. «Ես եմ ճանապարհը»: 21

Քավիչը․

Ես գիտեմ, որ Նրա աստվածային օգնությամբ և ուժով Նրա նման դառնալը իրագործելի է քայլ առ քայլ: Եթե այդպես չլիներ, Նա չէր տա մեզ այս պատվիրանը: 22 Ես գիտեմ դա, մասամբ այն պատճառով, որ տեսնում եմ Նրա հատկանիշները ձեզանից այնքան շատերի մեջ: Այս բաների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. 3 Նեփի 27.27: Փրկիչի կողմից տրված հորդորների հետ կապված, տես Մատթեոս 5.48 («Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը, որ Երկնքում է, կատարեալ է»), Ա Հովհաննես 2.6 («Ով որ ասում է, թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ» Մոսիա 3.19 («Քանզի բնական մարդը Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»), Ալմա 5.14 (Եվ արդ ահա, ես հարցնում եմ ձեզ, եկեղեցու իմ եղբայրներ, ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես: Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին), 3 Նեփի 12.48 (Հետևաբար, ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է):

  2. Neal A. Maxwell, Even As I Am (1982), 16.

  3. Charles M. Sheldon, In His Steps (1979), 185.

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 93․12-17:

  5. Տես Մատթեոս 5.48, տողատակի ծանոթագրություն բ:

  6. Տես Եսայիա 9․6, 2 Նեփի 19.6:

  7. Տես Ա Կորնթացիս 2.14, Մոսիա 3.19:

  8. Տես Մատթեոս 7.23, 25.12, Մոսիա 26.24, տես նաև յուրաքանչյուր սուրբ գրության հղումները, Դեյվիդ Ա. Բեդնար, «Եթե ինձ իմացած լինեիք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 102–5:

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 93․2:

  10. Տես Մորոնի 7.12-19:

  11. Sես Եթեր 12.27:

  12. Տես Քարոզիր Իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց, խմբ. հր. (2019), գլուխ 6, «Ինչպե՞ս զարգացնեմ Քրիստոսանման հատկանիշներ»: Փրկիչի այլ հատկանիշների մասին հղումները ցրված են սուրբ գրությունների մեջ: Մի քանի օրինակներ ներառում են Մոսիա 3.19, Ալմա 7.23, Հավատո հանգանակ 1.13:

  13. Տես Քարոզիր Իմ ավետարանը, 132:

  14. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019թ․, 67։

  15. Տես Bible Dictionary, “Grace”, տես նաև Սուրբ Գրքերի ուղեցույց, «Շնորհ», scriptures.ChurchofJesusChrist.org:

  16. Տես Շելդոն, In His Steps, 246. «Եթե Քրիստոնյա լինելու մեր սահմանումը, ուղղակի երկրպագության արտոնությունների վայելումն է. լինել առատաձեռն՝ առանց մեր հաշվին ծախսելու, լավ, հանգիստ ժամանակ անցկացնել հաճելի ընկերներով և հարմարավետ իրերով շրջապատված, հարգված լինել ու միևնույն ժամանակ խուսափել աշխարհի մեղքի գերլարվածությունից և դժբախտությունից, որովհետև դա խիստ մեծ ցավ է, որպեսզի այն տանենք, եթե սա է քրիստոնեության մեր սահմանումը, անշուշտ մենք շատ հեռու ենք Նրա քայլերին հետևելուց, ով քայլեց հառաչանքների, արցունքների ու տառապանքի ճանապարհով, հեկեկալով կորած մարդկության համար, ով քրտնեց, կարծես, արյան մեծ կաթիլներով, ով աղաղակեց խաչին բարձրացված, «Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ»:

  17. Վարդապետություն և Ուխտեր 88․91:

  18. Տես Եսայիա 43․3։

  19. Տես Հոբ 19.25:

  20. Տես Հովհաննես 8․12։

  21. Հովհաննես 14.6:

  22. Sես 1 Նեփի 3.7: