2020
Ես հավատում եմ հրեշտակներին
Նոյեմբեր 2020


10:45

Ես հավատում եմ հրեշտակներին

Տերը տեղյակ է այն մարտահրավերներին, որոնց դուք դիմակայում եք: Նա գիտի ձեզ, Նա սիրում է ձեզ, և ես խոստանում եմ, որ Նա հրեշտակներ կուղարկի ձեզ օգնելու համար:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հավատում եմ հրեշտակներին և կկամենայի կիսվել ձեզ հետ նրանց հետ ունեցած իմ փորձառություններով: Այդ կերպ, ես հուսով եմ և աղոթում եմ, որ մենք կընդունենք հրեշտակների կարևորությունը մեր կյանքում:

Ահա Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը անցած մի գերագույն համաժողովից. «Երբ մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր գործիքներ են Աստծո ձեռքերում, մեզ հիշեցնում են, որ ոչ բոլոր հրեշտակներն են վարագույրի մյուս կողմից: Նրանցից ոմանց հետ մենք քայլում ենք և խոսում նրանց հետ, այստեղ, այժմ, ամեն օր: Նրանցից ոմանք բնակվում են մեր հարևանությամբ: Իսկապես, երկինքը երբեք ավելի մոտիկ չի թվում, քան երբ մենք տեսնում ենք Աստծո սերը, որը դրսևորվում է մարդկանց բարության և նվիրվածության մեջ, որն այնքան հիանալի է և ջինջ, որ հրեշտակային բառն է միայն գալիս մեր միտքը» («Հրեշտակների սպասավորում», Լիահոնա, նոյեմբեր 2008, 30):

Վարագույրի այս կողմում գտնվող հրեշտակների մասին է, որ ես կամենում եմ խոսել: Հրեշտակները, որոնք քայլում են մեր մեջ մեր ամենօրյա կյանքում, հզոր հիշեցումներ են մեր հանդեպ Աստծո սիրո մասին:

Առաջին հրեշտակները, որոնց ես կնշեմ, երկու քույր միսիոներներն էին, ովքեր, ուսուցանեցին ինձ ավետարանը, երբ ես պատանի էի` Քույր Վիլմա Մոլինան և Քույր Իվոնետ Ռիվիտին: Ես և իմ փոքր քույրերը հրավիրված էինք Եկեղեցու մի միջոցառման, որտեղ մենք հանդիպեցինք այդ երկու հրեշտակներին: Ես երբեք չպատկերացրի, թե որքան շատ էր այդ հասարակ միջոցառումը փոխելու իմ կյանքը:

Ծնողներս, քույրերս ու եղբայրներս այդ ժամանակ չէին ցանկանում ավելի շատ բան սովորել Եկեղեցու մասին: Նրանք նույնիսկ չկամեցան միսիոներներին ընդունել մեր տուն, այնպես որ ես միսիոներական դասերն անցա Եկեղեցու շենքում: Աղոթատան այդ փոքրիկ սենյակը դարձավ իմ «սրբազան պուրակը»:

Երիտասարդ Երեց Գոդոյը` իր քրոջ հետ

Այդ հրեշտակներն ինձ ուսուցանեցին ավետարանը, և մեկ ամիս անց ես մկրտվեցի: Ես 16 տարեկան էի: Ցավոք, ես այդ սրբազան իրադարձության մասին նկար չունեմ, բայց ունեմ իմ և քրոջս լուսանկարն այն պահին, երբ մասնակցում էինք այդ միջոցառմանը: Ես պետք է պարզաբանեմ, թե ո՞վ է այս լուսանկարում: Ես բարձրահասակն եմ` աջից:

Ինչպես կարող եք պատկերացնել, Եկեղեցում ակտիվ մնալը դժվար էր դեռահասի համար, որի ապրելաոճը հենց նոր էր փոխվել, և որի ընտանիքը չէր հետևում նույն ուղուն:

Երբ փորձում էի հարմարվել իմ նոր կյանքին, նոր մշակույթին և նոր ընկերներին, ես տեղս չէի գտնում: Ես շատ դեպքերում միայնակ էի զգում և հուսահատված: Ես գիտեի, որ Եկեղեցին ճշմարիտ էր, բայց ես դժվարանում էի ինձ զգալ նրա մասը: Չնայած անհարմար և անվստահ էի զգում, երբ փորձում էի հարմարվել իմ նոր կրոնին, ես քաջություն գտա մասնակցելու եռօրյա երիտասարդական համաժողովին, որը կարծում էի, կօգներ ինձ նոր ընկերներ ձեռք բերել: Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի ևս մեկ փրկարար հրեշտակի, որի անունը Մոնիկա Բրանդաո էր:

Քույր Գոդոյ

Նա նոր էր այդ տարածքում, տեղափոխվել էր Բրազիլիայի մեկ այլ մասից: Նա արագ գրավեց իմ ուշադրությունը և բարեբախտաբար ընդունեց ինձ որպես ընկեր: Կարծում եմ, նա ինձ նայում էր ավելի շատ ներսից, քան դրսից:

Քանի որ նա ընկերացավ ինձ հետ, ինձ ծանոթացրեց իր ընկերների հետ, ովքեր հետո դարձան իմ ընկերները, քանի որ մենք վայելում էինք երիտասարդական շատ միջոցառումներ, որոնց հետագայում մասնակցեցի ես: Այդ միջոցառումներն այնքան կարևոր էին այս նոր կյանքին իմ ինտեգրման համար:

Երեց Գոդոյի ընկերները

Այդ լավ ընկերները մեծ տարբերություն առաջացրին, բայց, քանի որ իմ ընտանիքը չէր աջակցում ավետարանի ուսուցումն իմ տանը, իմ շարունակվող դարձի գործընթացը դրվում էր վտանգի տակ: Եկեղեցում իմ ավետարանական փոխազդեցություններն ավելի կարևոր դարձան իմ աճող դարձի համար: Այնուհետև երկու լրացուցիչ հրեշտակներ ուղարկվեցին Տիրոջ կողմից՝ օգնելու համար:

Նրանցից մեկը Լեդա Վեթորին էր, վաղ առավոտյան իմ սեմինարիայի ուսուցիչը: Իր հանդուրժողական սիրո և ոգեշնչող դասերի միջոցով նա տալիս էր ինձ «Աստծո բարի խոսքի» ամենօրյա չափաբաժին (Մորոնի 6.4), որն այնքան հարկավոր էր իմ ողջ օրվա ընթացքում: Շարունակելու համար սա օգնեց ինձ ձեռք բերել հոգևոր ուժ:

Մեկ այլ հրեշտակ, ով ուղարկվեց օգնելու ինձ` Երիտասարդ տղամարդկանց նախագահ Մարկո Անտոնիո Ֆուսկոն էր: Նա նաև նշանակվեց իմ ավագ տնային ուսուցման զուգընկերը: Չնայած իմ փորձառության բացակայությանը և արտաքին տարբերությանը, նա ինձ հանձնարարություններ տվեց՝ ուսուցանելու մեր քահանաների քվորումի ժողովներում և տնային ուսուցման այցելությունների ժամանակ: Նա ինձ հնարավորություն տվեց գործելու և սովորելու, այլ ոչ թե պարզապես ավետարանի դիտորդ լինելու: Նա վստահեց ինձ ավելի շատ, քան ես ինքս էի վստահում ինձ:

Շնորհիվ այս բոլոր հրեշտակների և շատ ուրիշների, ում ես հանդիպեցի այդ առաջին կարևոր տարիների ընթացքում, ես բավակաչափ ուժ ստացա` ուխտի արահետի վրա մնալու համար, քանի որ ես ձեռք բերեցի հոգևոր վկայություն ճշմարտության մասին:

Եվ ի միջի այլոց, այդ երիտասարդ հրեշտակ աղջիկը՝ Մոնիկան: Երբ երկուսս էլ ավարտեցինք ծառայությունը միսիայում, նա դարձավ իմ կինը:

Չեմ կարծում, թե զուգադիպություն էր, որ լավ ընկերները, Եկեղեցու պարտականությունները և Աստծո բարի խոսքով սնուցվելը այդ գործընթացի մասն էին կազմում: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է իմաստությամբ. «Հեշտ բան չէ այս Եկեղեցուն միանալու գործընթացը»: Դա նշանակում է խզել հին կապերը: Դա նշանակում է թողնել ընկերներին: Այն կարող է նշանակել նաև՝ մի կողմ թողնել փայփայած համոզմունքները: Այն կարող է պահանջել սովորությունների փոփոխություն և ախորժակի զսպում: Շատ դեպքերում այն նշանակում է մենակություն և վախ` անհայտի հանդեպ: Նորադարձի կյանքում պետք է լինի սնուցում և զորացում այդ դժվարին ժամանակի ընթացքում (“There Must Be Messengers,” Ensign, Oct. 1987, 5):

Հետագայում նա հավելել է. «Նրանցից յուրաքանչյուրը կարիք ունի երեք բանի` ընկերոջ, պարտականության և «Աստծո բարի խոսքով» սնուցման» (“Converts and Young Men,” Ensign, May 1997, 47):

Ինչո՞ւ եմ այս փորձառություններով կիսվում ձեզ հետ:

Առաջինը՝ որպեսզի ուղերձ ուղարկեմ նրանց, ովքեր անցնում են նույնատիպ գործընթացով հենց հիմա: Գուցե դուք նորադարձ եք կամ Եկեղեցի վերադարձող, ով միառժամանակ թափառել է մոտակայքում, կամ ուղղակի մեկը, ով մաքառում է հարմարվելու համար: Խնդրում եմ, մի դադարեցրեք այդ մեծ ընտանիքի մասը լինելու ձեր ջանքերը: Սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է:

Երբ խոսքը վերաբերում է ձեր երջանկությանն ու փրկությանը, միշտ արժե ջանք թափել, որպեսզի շարունակեք փորձել: Արժե ջանք գործադրել՝ հարմարեցնելու ձեր ապրելակերպն ու սովորությունները: Տերը տեղյակ է այն մարտահրավերներին, որոնց դուք եք դիմակայում: Նա գիտի ձեզ, Նա սիրում է ձեզ, և ես խոստանում եմ, որ Նա հրեշտակներ կուղարկի ձեզ օգնելու համար:

Իր իսկ խոսքերում Փրկիչն ասել է. «Ես կգնամ ձեր առջից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր [սրտերում], և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 84.88):

Այդ փորձառություններով կիսվելու իմ երկրորդ նպատակն է ուղերձ ուղարկել Եկեղեցու բոլոր անդամներին` մեզ բոլորիս: Մենք պետք է հիշենք, որ նորադարձների, վերադարձող ընկերների և այլ կենսակերպ ունեցողների համար հեշտ չէ անմիջապես հարմարվել: Տերը տեղյակ է այն մարտահրավերներին, որոնց նրանք դիմակայում են, և Նա փնտրում է հրեշտակների, ովքեր կամենում են օգնել: Տերը միշտ փնտրում է պատրաստակամ կամավորների, որոնք հրեշտակներ կլինեն ուրիշների կյանքում:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, կկամենայիք արդյո՞ք գործիք լինել Տիրոջ ձեռքում: Կկամենայի՞ք արդյոք լինել այդ հրեշտակներից մեկը: Լինել գաղտնի պատվիրակ` ուղարկված Աստծո կողմից՝ վարագույրի այս կողմից, մեկի համար, ում համար Նա անհանգստանում է: Նա ձեր կարիքն ունի: Նրանք ձեր կարիքն ունեն:

Իհարկե, մենք միշտ կարող ենք հույս դնել մեր միսիոներների վրա: Նրանք միշտ պատրաստ են առաջինները ցուցակագրվել այդ հրեշտակային աշխատանքի համար: Բայց նրանք բավական չեն:

Եթե շրջապատում ուշադիր նայեք, դուք կգտնեք շատերին, ովքեր հրեշտակային օգնության կարիք ունեն: Այդ մարդիկ գուցե չեն կրում ճերմակ վերնաշապիկներ, զգեստներ կամ կիրակնօրյա հագուստներ: Նրանք գուցե նստած են մենակ՝ աղոթատան կամ դասասենյակի հետնամասում: Միգուցե նրանց մազերի ոճը մի փոքր ծայրահեղական է, կամ նրանց բառապաշարը տարբեր է, բայց նրանք պատրաստ են և նրանք փորձում են:

Ոմանք երկմտում են. «Արդյոք պե՞տք է շարունակեմ հետ գալ»: Արդյո՞ք պետք է շարունակեմ փորձել: Մյուսները գուցե երկմտում են՝ արդյո՞ք մի օր իրենք ընդունված և սիրված կզգան: Հրեշտակներն անհրաժեշտ են հենց հիմա, հրեշտակներ, ովքեր պատրաստ են թողնել իրենց հարմարավետության գոտին, որպեսզի ընդունեն նրանց. «[մարդիկ, ովքեր] այնքան բարի են և այնքան մաքուր, որ հրեշտակային բառը միակն է, որ գալիս է մեր միտքը [նրանց նկարագրելու համար]» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հրեշտակների սպասավորումը», 30):

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հավատում եմ հրեշտակներին: Մենք բոլորս այստեղ ենք այսօր` հրեշտակների մի վիթխարի բանակ, ի սպաս դրված այս վերջին օրերի համար, որպեսզի սպասավորենք ուրիշներին՝ որպես սիրառատ Արարիչի ձեռքերի շարունակություն: Ես խոստանում եմ, որ եթե մենք կամենանք ծառայել, Տերը մեզ հնարավորություններ կտա լինել ծառայող հրեշտակներ: Նա գիտի, թե ովքեր ունեն հրեշտակների օգնության կարիքը: Ամեն օր Տերը մեր ճանապարհին դնում է նրանց, ովքեր հրեշտակների օգնության կարիքն ունեն:

Ես այնքան երախտապարտ եմ այն բազմաթիվ հրեշտակների համար, որոնց Տերը դրել է իմ կյանքի ճանապարհին: Ես ունեի նրանց կարիքը: Ես նաև երախտապարտ եմ Նրա ավետարանի համար, որն օգնում է մեզ փոխվել և հնարավորություն է տալիս ավելի լավը լինել:

Սա սիրո ավետարան է, ծառայության ավետարան: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: