2020
Բոլոր ազգերը, ցեղերը և լեզուները
Նոյեմբեր 2020


14:56

Բոլոր ազգերը, ցեղերը և լեզուները

Մենք մեր ուրույն ձևով կարող ենք դառնալ Տիրոջ մարգարեությունների և խոստումների իրականացման մաս՝ աշխարհն օրհնող ավետարանի մաս:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջերս ես պաշտոնավարում էի տաճարային մի կնքում` հետևելով COVID-19-ի ցուցումներին: Հարսն ու փեսան վերադարձած միսիոներներ էին. նրանց հետ էին իրենց ծնողները և իրենց բոլոր քույրերն ու եղբայրները: Դա հեշտ չէր: Հարսը տասը երեխաներից իններորդն էր: Նրա ինը քույրերն ու եղբայրները նստել էին մեծից փոքր կարգով, իհարկե սոցիալական հեռավորությունը պահպանելով:

Ընտանիքը ձգտել էր լինել լավ հարևաններ, որտեղ էլ ապրել էին: Սակայն, մի համայնք անհյուրընկալ էր, որովհետև հարսի մայրն ասել էր, որ իրենց ընտանիքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր:

Ընտանիքն ամեն ինչ անում էր դպրոցում ընկերանալու, աջակցելու և ընդունվելու համար, բայց ապարդյուն: Ընտանիքն աղոթում էր ու աղոթում, որ մարդկանց սրտերը փափկեին:

Մի գիշեր ընտանիքը զգաց, որ աղոթքներին պատասխան տրվեց, չնայած շատ տարօրինակ ձևով: Նրանց տանը հրդեհ բռնկվեց, և տունն ամբողջությամբ այրվեց: Բայց մեկ ուրիշ բան տեղի ունեցավ: Կրակը փափկացրեց նրանց հարևանների սրտերը:

Նրանց հարևանները և տեղի դպրոցը հավաքեցին հագուստներ, կոշիկներ, այլ անհրաժեշտ իրեր, որոնց կարիքն ուներ ընտանիքը, քանի որ կորցրել էր ամեն ինչ: Բարությունը բացեց հասկացողության ուղին: Դա չէր այն ուղին, որով ընտանիքը հույս ուներ կամ սպասում էր իրենց աղոթքների պատասխանին: Սակայն նրանք արտահայտեցին երախտագիտություն նրա համար, ինչ սովորեցին դժվար փորձությունների և սրտառուչ աղոթքների անսպասելի պատասխանների միջոցով:

Իրոք, նրանց համար, ովքեր ունեն հավատարիմ սրտեր և տեսնելու աչքեր, Տիրոջ բարեգութ ողորմածությունները ցույց են տրվում կյանքի մարտահրավերների ընթացքում: Հավատարմորեն հաղթահարվող մարտահրավերները և զոհաբերությունները իսկապես բերում են երկնքի օրհնությունները: Այս մահկանացու կյանքում մենք գուցե կորցնենք կամ որոշ ժամանակ սպասենք ինչ որ բաների, բայց վերջում մենք կգտնենք ամենակարևորը:1 Սա Նրա խոստումն է:2

Մեր 2020թ.-ի երկուհարյուրամյակի հռչակագիրը սկսվում է խորը, համապարփակ խոստումով, որ «Աստված սիրում է աշխարհի յուրաքանչյուր ազգի իր զավակներին»:3 Ամեն ազգից, ցեղից, լեզվից և ժողովրդից մեզանից յուրաքանչյուրին4 Աստված խոստանում է ուխտեր և հրավիրում մեզ գալ ու ճաշակել Իր առատ ուրախությունից և բարությունից:

Աստծո սերը բոլոր մարդկանց հանդեպ հաստատվում է սուրբ գրությունների միջոցով:5 Այդ սերն ընդգրկում է Աբրահամյան ուխտը, Նրա ցրված զավակների հավաքումը6 և Նրա երջանկության ծրագիրը:

Հավատքի ընտանիքում չպետք է լինեն անծանոթներ, օտարերկրացիներ,7 հարուստ և աղքատ8 և դրսի «ուրիշներ»: Որպես «համաքաղաքացիներ սրբերի հետ»,9 մենք հրավիրված ենք փոխելու աշխարհը դեպի ավելի լավը, ներսից դուրս, ամեն անգամ մեկ անձնավորություն, մեկ ընտանիք, մեկ հարևանություն:

Սա տեղի է ունենում, երբ մենք ապրում ենք և կիսվում ավետարանով: Այս ժամանակաշրջանի վաղ օրերին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ մի նշանավոր մարգարեություն, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ ամեն մեկը ամենուրեք հայտնաբերի Աստծո սերը և զգա Նրա զորությունը` աճելու և փոխվելու համար:

Սմիթների ընտանեկան տունը

Այդ մարգարեությունը նա ստացավ այստեղ` Սմիթների փայտաշեն տանը՝ Պալմիրայում (Նյու Յորք)։10

Երեց և Քույր Գոնգը Սմիթների տանը

Ավարտին հասնելով 1998թ.-ին, Սմիթների տունը վերակառուցվեց իր սկզբնական հիմքի վրա: Երկրորդ հարկի ննջարանը զբաղեցնում է նույն 18 x 30 x 10 ոտնաչափ (5.5 x 9 x 3m) ֆիզիկական տարածքը, որտեղ Մորոնին, որպես փառավորված սուրհանդակ, Աստծո կողմից եկավ պատանի Ջոզեֆի մոտ 1823թ.-ի սեպտեմբերի 21-ին:11

Դուք հիշում եք, թե ինչ պատմեց Մարգարե Ջոզեֆը.

«[Մորոնին] ասաց …Աստված աշխատանք ունի ինձ համար` կատարելու. և որ իմ անունը` որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ: …

[Մորոնին] ասաց, որ մի գիրք կար պահված, … որը պարունակում էր հավիտենական ավետարանի լրիվությունը»:12

Այստեղ մենք կանգ ենք առնում: Մենք երկրպագում ենք Աստծուն՝ Երկնային Հորը և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, ոչ թե Մարգարե Ջոզեֆին, ոչ էլ որևէ մահկանացու մարդու կամ կնոջ:

Սակայն ուշադրություն դարձրեք, թե ինչպես են իրագործվում Աստծո՝ Իր ծառաներին տված մարգարեությունները:13 Մի քանիսը իրագործվում են ավելի շուտ, մի քանիսն ավելի ուշ, բայց բոլորն իրագործվում են:14 Երբ մենք ականջ դնենք Տիրոջ մարգարեության ոգուն, մեր ուրույն ձևով կարող ենք դառնալ այդ մարգարեությունների և խոստումների իրականացման մի մասը` աշխարհն օրհնող ավետարանի մաս։

1823 թվականին Ջոզեֆն անհայտ 17-ամյա մի պատանի էր և ապրում էր նոր անկախացած երկրի մի աննշան գյուղում: Եթե դա ճիշտ չլիներ, ինչպե՞ս նա կպատկերացներ, որ Աստծո ձեռքում գործիք էր լինելու և սուրբ գիրք էր թարգմանելու Աստծո պարգևով և զորությամբ, որը հայտնի էր դառնալու ամենուրեք:

Բայց, քանի որ այն ճշմարիտ է, ես և դուք կարող ենք վկայել, որ մարգարեությունը իրագործվում է, նույնիսկ, երբ մենք հրավիրվում ենք օգնել դրա իրականացմանը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր ամբողջ աշխարհում, մեզանից յուրաքանչյուրը, ով մասնակցում է 2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին, գտնվում է ազգերի, ցեղերի և լեզուների մեջ, որոնց մասին խոսվում է:

Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն ապրում են 196 ազգերի մեջ և երկրներում, նրանցից 90-ի՝ Եկեղեցու 3446 ցցերում:15 Մենք ներկայացնում ենք՝ ինչպես աշխարհագրական լայնություններ, այնպես էլ ուժի կենտրոններ:

1823 թվականին ով կարող էր պատկերացնել, որ 2020 թվականին կլինեն երեք երկրներ` յուրաքանչյուրում ավելի քան մեկ միլիոն այս Եկեղեցու անդամներով` Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Բրազիլիան:

Կամ 23 երկրներ, յուրաքանչյուրում ավելի քան 100,000 Եկեղեցու անդամներով` 3-ը Հյուսիսային Ամերիկայում, 14-ը Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, 1-ը Եվրոպայում, 4-ը Ասիայում և 1-ը Աֆրիկայում:16

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Մորմոնի Գիրքը կոչում է «հրաշագործ հրաշք»:17 Նրա վկաները վկայում են. «Թող հայտնի լինի բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին, և ժողովուրդներին»:18 Այսօր գերագույն համաժողովը մատչելի է 100 լեզուներով։ Նախագահ Նելսոնը վկայել է Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնած ավետարանի մասին 138 ազգերի մեջ և երկրներում:

Մորմոնի Գրքի առաջին հրատարակությունը սկսվել է 5000 տպագիր օրինակով 1830 թվականին, Մորմոնի Գիրքը ամբողջական տեսքով կամ մասերով հրատարակվել է 112 լեզուներով՝ 192 միլիոն օրինակով: Մորմոնի Գրքի թարգմանությունները մատչելի են նաև թվայնացված տարբերակով: Ներկայումս Մորմոնի Գրքի թարգմանությունները ներառում են 23 համաշխարհային լեզուների մեծ մասը, որով խոսում են 50 միլիոնից ավելի մարդ կամ տեղական լեզուներով՝ ընդամենը մոտ 4,1 միլիարդ մարդ:19

Մեզանից յուրաքանչյուրը հրավիրված է մասնակցելու փոքր և հասարակ բաների, որոնց միջոցով իրականացվում են մեծ բաները:

Օրինակ, ցցի մի համաժողովում Մոնրոյում (Յուտա), որի բնակչությունը 2200 մարդ է, ես հարցրի, թե քանիսն են ծառայել միսիայում: Գրեթե բոլորը ձեռք բարձրացրին։ Վերջին տարիներին այդ նույն ցցից 564 միսիոներ է ծառայել Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում և 53 երկրներում, ամեն մայրցամաքում, բացի Անտարկտիկայից:

Անտարկտիկայի մասին խոսելիս նույնիսկ Արգենտինայի հարավային ծայրում գտնվող Ուշուայում, ես տեսա, թե ինչպես են մարգարեությունները կատարվում, երբ մեր միսիոներները կիսվում էին Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով մի վայրում, որը կոչվում էր «երկրագնդի վերջը»:20

Սրբեր [գրքի] հատորներով ձևավորված որմնանկար

Սրբեր 21 [գրքի] մեր քառահատորի շապիկներով ձևավորված որմնանկարը պատկերում է ավետարանական կյանքի պտուղների մի համաշխարհային գոբելեն, որոնք գալիս են հավատարիմ Սրբերին ամենուրեք: Մեր Եկեղեցու պատմությունը խարսխված է յուրաքանչյուր անդամի ապրող վկայության և ավետարանի ճամփորդության վրա, ներառյալ՝ Մարի Ուիթմերը, այն հավատարիմ քույրը, ում Մորոնին ցույց տվեց Մորմոնի Գրքի թիթեղները:22

Եկեղեցու նոր ամսագրեր

Ինչ վերաբերում է 2021 թվականի հունվարին, մեր Եկեղեցու երեք համաշխարհային ամսագրերը` Ընկեր, Երիտասարդներին զորացնելու համար, և Լիահոնա,հրավիրում են բոլորին պատկանել և կիսվել փորձառություններով և վկայությամբ հավատքի մեր համաշխարհային համայնքում:23

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, երբ մենք մեծացնում ենք մեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, ստանում օրհնությունները, որոնք գալիս են վերականգնված ավետարանի ճշմարտություններով ապրելուց, սրբազան ուխտերից և ուսումնասիրելուց, խորհելուց և շարունակվող Վերականգնման մասին կիսվելուց, մենք մասնակցում ենք մարգարեության իրականացմանը:

Մենք փոխում ենք ինքներս մեզ և աշխարհը ավետարանի ձևով, որն ամենուրեք կյանքեր է օրհնում:

Մի աֆրիկացի քույր ասում է. «Ամուսնուս քահանայության ծառայությունը դարձնում է նրան ավելի համբերատար և բարի: Իսկ ես դառնում եմ ավելի լավ կին և մայր»:

Այժմ մի հարգված միջազգային բիզնեսի խորհրդատու Կենտրոնական Ամերիկայում ասում է, որ մինչև իր կողմից Աստծո վերականգնված ավետարանի հայտնաբերումը, նա աննպատակ ապրում էր փողոցում: Այժմ նա և իր ընտանիքը գտել են ինքնություն, նպատակ և ուժ:

Մի փոքր տղա Հարավային Ամերիկայում ճտեր է աճեցնում և վաճառում է դրանց ձվերը` օգնելով պատուհաններ գնել տան համար, որն իր ընտանիքն է կառուցում: Նա առաջինը իր տասանորդն է վճարում: Նա բառացիորեն երկնքի պատուհանները բաց կտեսնի:

Ֆոր Քորներսի մի բնիկ ամերիկացիների ընտանիք աճեցնում է մի գեղեցիկ վարդի թուփ անապատում, որ ծաղկելու է որպես ավետարանի հավատքի և ինքնապահովման խորհրդանիշ:

Քաղաքացիական դառը պատերազմից փրկված՝ հարավարևելյան Ասայից մի եղբայր հուսահատված էր, որ կյանքն իմաստ չունի: Նա հույս գտավ մի երազում, որտեղ մի նախկին համադասարանցի բռնել էր մի հաղորդության սկուտեղ և վկայում էր փրկող արարողությունների և Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

Երկնային Հայրը հրավիրում է մեզ ամենուրեք զգալ Իր սերը, սովորել և աճել կրթության, պատվաբեր աշխատանքի, ինքնապահովող ծառայության և բարության ու երջանկության օրինակներով, որ մենք գտնում ենք Նրա վերականգնված Եկեղեցում:

Երբ մենք սկսում ենք վստահել Աստծուն, երբեմն աղերսելով մեր ամենախավար, ամենամիայնակ և ամենաանորոշ պահերին, մենք իմանում ենք, որ Նա մեզ ավելի լավ գիտի և մեզ ավելի շատ է սիրում, քան մենք ենք ճանաչում և սիրում մեզ:

Այդ պատճառով մենք Աստծո օգնության կարիքն ունենք՝ ստեղծելու արդարություն, հավասարություն, ազնվություն և խաղաղություն մեր տներում և համայնքներում: Մեր ամենաճշմարիտ, ամենախորը, ամենաանկեղծ պատմվածքը, վայրը և պատկանելությունը գալիս է, երբ մենք զգում ենք Աստծո փրկագնող սերը, որոնում շնորհ և հրաշքներ Նրա Որդու Քավության միջոցով, և հաստատում հարատև փոխհարաբերություններ սրբազան ուխտերի միջոցով:

Կրոնական առաքինություն և իմաստություն է անհրաժեշտ այսօրվա խառնաշփոթ, աղմկոտ, ապականված աշխարհում: Ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք թարմացնել, ոգեշնչել և կերտել մարդկային հոգին:24

Ծառատունկ Հաիթիում
Ծառատունկ Հաիթիում
Ծառատունկ Հաիթիում

Ծառատունկը Հաիթիում միայն մեկն է այն հարյուրավոր օրինակներից, երբ մարդիկ միաբանվում են` բարիք գործելու համար: Տեղական համայնքը, ներառյալ մեր Եկեղեցու 1,800 անդամներ, ովքեր նվիրաբերեցին ծառեր, հավաքվեցին տնկելու մոտ 25,000 ծառ:25 Անտառապատման այս բազմամյա նախագծի շրջանակներում արդեն տնկվել է ավելի քան 121,000 ծառ: Նախատեսվում է տնկել տասնյակ հազարավոր նոր ծառեր:

Այս միացյալ ջանքերը ապահովում են ստվեր, պահպանում հողը, նվազեցնում ապագա ջրհեղեղները: Այն գեղեցկացնում է շրջակայքը, կառուցում համայնք, բավարարում ճաշակը և սնուցում հոգին: Եթե հարցնում եք հաիթցիներին, թե ով է հավաքելու բերքը այդ ծառերից, նրանք ասում են. «Ով սոված է»:

Աշխարհի բնակչության ութսուն տոկոսը պատկանում է որևէ կրոնի:26 Կրոնական համայնքները պատրաստակամորեն արձագանքում են բնական աղետներից առաջացած ուտելիքի, ապաստանի, կրթության, գրագիտության և մասնագիտական ուսուցման անմիջական կարիքներին: Ամբողջ աշխարհում մեր անդամները, ընկերները, Եկեղեցու օգնության համայնքները աջակցում են փախստականներին և ապահովում ջրով, սանիտարական պայմաններով, հաշմանդամների շարժունակությամբ, տեսողության խնամքով` մեկ անձ, մեկ գյուղ, մեկ ծառ ամեն անգամ:27 Ամենուրեք մենք ձգտում ենք լինել լավ ծնողներ և լավ քաղաքացիներ, ներդրում կատարել մեր շրջակայքում և հասարակության մեջ՝ ներառյալ Վերջին Օրերի Սրբերի Գթության միջոցով:28

Աստված տվել է մեզ ազատ կամք և բարոյական պատասախանատվություն: Տերը հայտարարում է. «Ես՝ Տեր Աստվածս, ազատ եմ դարձրել ձեզ, հետևաբար, [դուք] իսկապես ազատ եք»:29 Հռչակելով «ազատություն գերյալներին»,30 Տերը խոստանում է, որ Իր Քավության և ավետարանի ուղին կարող են ջարդել նյութական և հոգևոր կապանքները:31 Բարեբախտաբար, այս փրկագնող ազատությունը հասնում է նրանց, ովքեր հեռացել են մահկանացու կյանքից:

Մի քանի տարի առաջ մի քահանա Կենտրոնական Ամերիկայում ասաց ինձ, որ ուսումնասիրում էր Վերջին Օրերի Սրբերի «մահացած մարդկանց համար մկրտությունը»: «Դա իսկապես արդար է թվում,- ասաց քահանան,- որ Աստված հնարավորություն կընձեռի ամեն մարդու ստանալ մկրտություն, անկախ նրանից, երբ կամ որտեղ են ապրել, բացի փոքր երեխաներից, ովքեր «կենդանի են Քրիստոսում»:32 «Պողոս առաքյալը ,- նշեց քահանան,- խոսում է մահացածների մասին, ովքեր սպասում են մկրտության և հարության»:33 Փոխարինաբար կատարվող տաճարային արարողությունները խոստանում են «բոլոր ազգերին, ցեղերին և լեզուներին», որ ոչ ոք կարիք չունի «ստրուկ մնալ մահվանը, դժոխքին կամ գերեզմանին»:34

Երբ մենք հայտնաբերում ենք Աստծուն, երբեմն աղոթքների անսպասելի պատասխանները փողոցներից տանում են մեզ դեպի համայնք, հալածում խավարը մեր հոգիներից և առաջնորդում մեզ` գտնելու հոգևոր ապաստան և պատկանելություն Նրա ուխտերի առաքինությանը և մշտագո սիրուն:

Մեծ բաները հաճախ սկսվում են փոքրից, բայց Աստծո հրաշքները բացահայտվում են ամեն օր: Որքան երախտապարտ ենք Սուրբ Հոգու գերագույն պարգևի համար, Հիսուս Քրիստոսի Քավության համար և Նրա հայտնի դարձած վարդապետության և ուխտերի համար, որոնք գտնվում են Նրա վերականգնված Եկեղեցում, որը կոչվում է Նրա անունով:

Թող որ մենք ուրախությամբ ընդունենք Աստծո հրավերը, որպեսզի ստանանք և օգնենք իրագործելու Նրա խոստացած և մարգարեացած օրհնությունները բոլոր ազգերում, ցեղերում և լեզուներում, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի սրբազան և սուրբ անունով, ամեն: