2020
Ուրախ եղեք
Նոյեմբեր 2020


12:10

Ուրախ եղեք

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետության հանդեպ մեր անսասան հավատն առաջնորդում է մեր քայլերը և ուրախություն է պարգևում մեզ:

Իր մահկանացու կյանքի վերջին օրերին Հիսուս Քրիստոսն Իր Առաքյալներին պատմեց այն հալածանքների և դժվարությունների մասին, որոնք կգային նրանց վրա։ 1 Նա եզրափակեց այս հրաշալի հավաստիացումով. «Աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33): Դա Փրկիչի ուղերձն է մեր Երկնային Հոր բոլոր զավակներին: Մեր մահկանացու կյանքում դա ամենաբարի լուրն է յուրաքանչյուրիս համար։

«Ուրախ լինելը» նաև անհրաժեշտ հավաստիացումն էր այն աշխարհում, որտեղ հարություն առած Քրիստոսն ուղարկեց Իր առաքյալներին: «Ամեն բանի մեջ նեղված ենք»,- Պողոս առաքյալն ավելի ուշ ասել է կորնթացիներին,- «բայց չենք ճնշուած. կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած» (2 Կորնթացիս 4․8–9

Հիսուսը ծառայում է մեկ առ մեկ

Երկու հազար տարի անց մենք կրկին «ամեն բանի մեջ նեղված ենք», և մեզ նույնպես անհրաժեշտ է չհուսահատվելու, այլ ուրախ լինելու ուղերձը: Տերն առանձնահատուկ ձևով սիրում և հոգ է տանում Իր թանկագին դուստրերի մասին: Նա տեղյակ է ձեր ցանկությունների, ձեր կարիքների և ձեր վախերի մասին: Տերն ամենազոր է։ Վստահեք Նրան։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «Աստծո գործերը և ծրագրերը և նպատակները չեն կարող խափանվել, ոչ էլ կարող են ոչնչանալ» (Վարդապետություն և Ուխտեր 3․1)։ Իր մաքառող զավակներին Տերը տվեց այս հրաշալի հավաստիացումները.

«Ահա, սա Տիրոջ խոստումն է ձեզ, ո՜վ դուք, իմ ծառանե՛ր։

Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին. և դուք պիտի վկայություն բերեք իմ մասին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, որ ես կենդանի Աստծո Որդին եմ» (Վարդապետություն և Ուխտեր 68․5–6

Տերը կանգնած է մեր կողքին և Նա ասել է․

«Ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին. Ուրախ եղեք, փո՛քր երեխաներ. քանզի ես ձեր մեջ եմ, և ես չեմ լքել ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 61․36

Քանզի շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները» (Վարդապետություն և Ուխտեր 58․4

Քույրե՛ր, ես վկայում եմ, որ հալածանքների և անձնական ողբերգությունների ժամանակ տրված այս խոստումները վերաբերում են ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր այսօրվա դժվարին հանգամանքներում: Դրանք արժեքավոր են և հիշեցնում են յուրաքանչյուրիս, որ պետք է քաջալերվել և ուրախություն ունենալ ավետարանի լրիվության մեջ, երբ առաջ ենք շարժվում մահկանացու մարտահրավերների միջով:

Նեղություններն ու դժվարությունները մահկանացու կյանքի համընդհանուր փորձություններն են: Ընդդիմությունը զարգանալու աստվածային ծրագրի էական մասն է, 2 և այդ գործընթացում Աստված վստահեցնում է, որ հավերժության տեսանկյունից ընդդիմությանը թույլ չի տրվի հաղթել մեզ։ Նրա օգնությամբ, մեր հավատարմությամբ և տոկունությամբ մենք կհաղթենք: Ինչպես մահկանացու կյանքը, որի մասն են կազմում նրանք, այնպես էլ բոլոր նեղությունները ժամանակավոր են: Աղետալի պատերազմին նախորդած հակասությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնը իմաստուն կերպով իր հանդիսատեսին հիշեցրեց հին իմաստության մասին, որ «սա նույնպես կանցնի»։ 3

Ինչպես գիտեք, այն մահկանացու ձախորդությունները, որոնց մասին ես խոսում եմ և որը դժվարացնում է ուրախություն գտնել այս կյանքում, պատահում են շատերիս հետ, ինչպես միլիոնավոր մարդկանց, ովքեր այժմ պայքարում են COVID-19 համաճարակի կործանարար հետևանքներից մի քանիսի դեմ: Նմանապես, Միացյալ Նահանգներում միլիոնավոր մարդիկ տառապում են թշնամանքի և վիճաբանության այս օրերին, որը կարծես միշտ տեղի է ունենում նախագահական ընտրություններին ընդառաջ, բայց այս անգամ այն ամենադաժանն է նրանցից, որոնք կարող են հիշել մեզանից ամենատարեցները:

Մեզանից յուրաքանչյուրն անհատապես պայքարում է մահկանացու կյանքի բազմաթիվ դժվարությունների դեմ, ինչպիսիք են՝ աղքատությունը, ռասիզմը, առողջական վիճակը, աշխատանքի կորուստը կամ հիասթափությունները, կամակոր երեխաները, վատ ամուսնությունները կամ չամուսնացած վիճակը և մեղքի հետևանքները՝ մեր սեփական կամ այլոց:

Այնուամենայնիվ, այս ամենի մեջ մենք ունենք այդ երկնային խորհուրդը՝ քաջալերվել և ուրախություն գտնել ավետարանի սկզբունքների և խոստումների ու մեր աշխատանքի պտուղների մեջ: 4 Այդ խորհուրդը միշտ էլ այդպիսին է եղել մարգարեների և բոլորիս համար։ Մենք այդ մասին գիտենք մեր նախորդների փորձերից և նրանց ուղղված Տիրոջ խոսքերից։

Եղբայր Ջոզեֆ

Հիշեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանգամանքները։ Նայելով ձախորդությունների ոսպնյակի միջով, նա իր կյանքն ապրեց աղքատության, հալածանքների, հիասթափության, ընտանեկան վշտերի մեջ, իսկ վերջում՝ նահատակվեց: Երբ նա բանտարկվեց, նրա կինը, երեխաները և մյուս սրբերն անհավանական դժվարություններ կրեցին, երբ նրանց վտարեցին Միսսուրիից:

Երբ Ջոզեֆը սփոփանք էր աղերսում, Տերը պատասխանեց․

«Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին» (Վարդապետություն և Ուխտեր 121․7–8

Սա անձնական, հավերժական խորհուրդ էր, որն օգնեց Մարգարե Ջոզեֆին պահպանել իրեն բնորոշ ուրախ բնավորությունը և իր ժողովրդի սերն ու հավատարմությունը: Այդ նույն հատկություններն ուժ տվեցին նրան հաջորդող ղեկավարներին և ռահվիրաներին և կարող են նաև զորացնել ձեզ:

Վաղ օրերի միսիոներները քայլում են խորը ձյան միջով

Մտածեք այդ վաղ օրերի անդամների մասին: Նրանք անընդհատ տեղից տեղ էին քշվում։ Ի վերջո, նրանք բախվեցին անապատում իրենց տները և Եկեղեցին հիմնելու դժվարություններին։ 5 Երբ ռահվիրաների առաջին խումբը երկու տարի անց հասավ Սոլթ Լեյքի Մեծ հովիտը, այդ խորթ տարածքում գոյատևելու նրանց ունակությունը դեռևս վտանգավոր էր: Անդամների մեծ մասը դեռ ճամփորդում էր հարթավայրերով կամ դժվարանում էր միջոցներ գտնել այդ ճանապարհն անցնելու համար։ Այնուամենայնիվ, ղեկավարներն ու անդամները դեռ հույս ունեին և ուրախ էին:

Թեպետ Սրբերը չէին հաստատվել իրենց նոր տներում, 1849 թվականի հոկտեմբերին կայացած գերագույն համաժողովում միսիոներների նոր խումբ ուղարկվեց Սկանդինավիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Խաղաղ օվկիանոսի հարավային տարածքներ: 6 Տխուր և հուսահատ լինելու փոխարեն ռահվիրաները կարողացան մեծ բարձունքների հասնել։ Եվ ընդամենը երեք տարի անց ևս 98 հոգի կանչվեցին, որպեսզի սկսեն հավաքել ցրված Իսրայելը: Եկեղեցու ղեկավարներից մեկն այն ժամանակ բացատրեց, որ այդ առաքելությունները «սովորաբար երկար չեն տևի․ հավանաբար 3-7 տարի տղամարդիկ կբացակայեն իրենց ընտանիքներից»: 7

Քույրե՛ր, Առաջին Նախագահությունը մտահոգված է ձեր խնդիրներով: Մենք սիրում ենք ձեզ և աղոթում ենք ձեզ համար: Միևնույն ժամանակ, մենք հաճախ շնորհակալություն ենք հայտնում, որ մեր ֆիզիկական մարտահրավերները, բացի երկրաշարժերից, հրդեհներից, ջրհեղեղներից և փոթորիկներից, սովորաբար ավելի պակաս են, քան մեր նախնիներն ունեցել են:

Դժվարությունների մեջ Աստված միշտ վստահեցնում է՝ «ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ: Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են» (Վարդապետություն և Ուխտեր 78․18)։ Դա ինչպե՞ս է տեղի ունենում: Դա ինչպե՞ս տեղի ունեցավ ռահվիրաների համար։ Դա ինչպե՞ս տեղի կունենա Աստծուն հավատացող այսօրվա կանանց հետ։ Մեր մարգարեական առաջնորդությանը հետևելով՝ «դժոխքի դարպասները մեզ չեն հաղթի», ասել է Տերը 1830 թվականի հայտնության մեջ։ Նա ասել է․ «Այո, … Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 21․6)։ «Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել» (Վարդապետություն և Ուխտեր 6․34

Տիրոջ խոստումներով մենք «բարձրացնում ենք [մեր] սրտերը և ցնծում» (Վարդապետություն և Ուխտեր 25․13), և «ուրախ սրտով և զվարթ դեմքով» (Վարդապետություն և Ուխտեր 59․15) գնում ենք առաջ ուխտի արահետով։ Մեզանից շատերն օրհասական որոշումներ չեն կայացնում, լքում իրենց տներն ու վտարանդի դառնում անհայտ երկրում։ Հիմնականում մեր որոշումներն առնչվում են առօրյա կյանքին, բայց ինչպես Տերն է ասել․ «մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վարդապետություն և Ուխտեր 64.33):

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետության մեջ անսահման զորություն կա: Այդ վարդապետության հանդեպ մեր անսասան հավատն առաջնորդում է մեր քայլերը և ուրախություն է պարգևում մեզ: Այն լուսավորում է մեր միտքը և ուժ ու վստահություն է հաղորդում մեր գործողություններին: Այդ առաջնորդությունը, լուսավորությունն ու զորությունը խոստացված պարգևներն են, որոնք մենք ստացել ենք մեր Երկնային Հորից: Հասկանալով և մեր կյանքն ապրելով ըստ այդ վարդապետության և ապաշխարության աստվածային պարգևի, մենք կարող ենք ուրախ լինել, երբ առաջ ենք ընթանում դեպի մեր հավերժական ճակատագիրը՝ վերամիավորվելու և վեհանալու մեր սիրառատ երկնային ծնողների հետ:

«Հնարավոր է, դուք բախվում եք անհաղթահարելի մարտահրավերների», - ուսուցանել է երեց Ռիչարդ Գ. Սքոթը: «Երբեմն դրանք այնքան շատ են, այնքան անողորմ, որ դուք ի վիճակի չեք վերահսկել դրանք: Մի՛ դիմագրավեք աշխարհին միայնակ: «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր» [Առակաց 3․5]։ … Նախատեսված էր, որ կյանքը դժվար լինի ոչ թե նրա համար, որ կձախողվենք, այլ որ հաղթահարելու միջոցով կարողանանք հաջողության հասնել»։ 8

Այդ բոլորը Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ծրագրի մի մասն է, որի մասին ես վկայում և աղոթում եմ, որ մենք բոլորս շարունակենք ձգտել մեր երկնային նպատակակետին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Հովհաննես 13-16։

  2. Sես 2 Նեփի 2.11:

  3. Abraham Lincoln, address to the Wisconsin State Agricultural Society, Milwaukee, Sept. 30, 1859, in John Bartlett, Bartlett’s Familiar Quotations, 18th ed. (2012), 444.

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 6․31:

  5. Տես Lawrence E. Corbridge, “Surviving and Thriving like the Pioneers,” Ensign, July 2020, 23–24:

  6. Տես “Minutes of the General Conference of 6 October 1849,” General Church Minutes Collection, Church History Library, Salt Lake City:

  7. George A. Smith, in Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Aug. 28, 1852, 1, Church History Library, Salt Lake City.

  8. Ռիչարդ Գ.Սքոթ, Գտնել խաղաղություն, երջանկություն և ուրախություն (2007), 248–49։