2020
Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը
Նոյեմբեր 2020


9:36

Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը

Երբ մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ՝ հավատք գործադրելով Նրա հանդեպ, ապաշխարելով, կապելով և պահելով ուխտեր, մեր կոտրված հոգին, անկախ պատճառից, կարող է բժկվել:

Այս տարվա հենց սկզբից մենք բախվում ենք բազմաթիվ անսպասելի իրադարձությունների հետ։ Համավարակի պատճառով կյանքերի և եկամուտների կորուստը լուրջ ազդեցություն է թողել համաշխարհային համայնքի և տնտեսության վրա:

Երկրաշարժերը, հրդեհները և ջրհեղեղները աշխարհի տարբեր մասերում, ինչպես նաև եղանակային այլ աղետները մարդկանց ստիպում են իրենց զգալ անօգնական, անհույս և կոտրված սրտով մտածել, թե արդյո՞ք կյանքը մի օր կվերականգնվի:

Թույլ տվեք պատմել ձեզ կոտրված հոգու մասին իմ անձնական պատմությունը։

Երբ մեր երեխաները փոքր էին, նրանք որոշեցին, որ ցանկանում են դաշնամուրի դասերի հաճախել: Ես ու ամուսինս՝ Ռուդին, ցանկանում էինք այդ հնարավորությունը տալ մեր երեխաներին, բայց դաշնամուր չունեինք: Մենք չէինք կարող մեզ թույլ տալ նոր դաշնամուր գնել, ուստի, Ռուդին սկսեց փնտրել օգտագործված գործիք:

Այդ տարվա սուրբ ծննդյան օրը նա բոլորիս անակնկալ արեց՝ բերելով դաշնամուրը, և տարիներ շարունակ մեր երեխաները սովորում էին նվագել:

Հին դաշնամուր

Երբ մեր որդիները մեծացան և առանձնացան, հին դաշնամուրը պարզապես փոշի էր հավաքում, ուստի, մենք վաճառեցինք այն: Մի քանի տարի անց մենք որոշակի գումար էինք տնտեսել: Մի օր Ռուդին ասաց. «Կարծում եմ, ժամանակն է, որ մենք նոր դաշնամուր գնենք»:

Ես հարցրի. «Ինչո՞ւ նոր դաշնամուր գնենք, եթե երկուսս էլ չենք նվագում»:

Նա ասաց. «Այո՛, բայց մենք կարող ենք ձեռք բերել ինքնուրույն նվագող դաշնամուր: IPad-ի օգնությամբ կարելի է ծրագրավորել դաշնամուրը, որ ավելի քան 4000 երգ նվագի, այդ թվում՝ օրհներգեր, Թաբերնաքլի երգչախմբի երգերը, Երեխաների միության բոլոր երգերը և այլն»:

Ռուդին, մեղմ ասած, հիանալի համոզող է:

Նոր դաշնամուր

Մենք գնեցինք մի գեղեցիկ նոր դաշնամուր, և մի քանի օր անց երկու աժդահա տղամարդիկ առաքեցին այն:

Ես ցույց տվեցի, թե որտեղ տանեն գործիքը, և մի կողմ գնացի ճանապարհից։

Դաշնամուրի տեղափոխումը

Դա մանկական ծանր ու մեծ դաշնամուր էր, և այն դռնից ներս մտցնելու համար նրանք առանձնացրին ոտքերը և կողաշրջելով դրեցին այն իրենց հետ բերած շարժասայլակի վրա։

Մեր տունը տեղակայված էր լանջի վրա, և, ցավոք, ավելի վաղ այդ օրը ձյուն էր տեղացել՝ բակը դարձնելով թաց ու սայթաքուն: Կռահում եք, չէ՞, թե ինչ էր լինելու։

Երբ տղամարդիկ դաշնամուրը բարձրացնում էին լանջն ի վեր, այն սայթաքեց, և ես լսեցի շատ ուժեղ ճայթյուն: Այն ընկել էր շարժասայլակի վրայից և այնպիսի ուժգնությամբ էր հարվածել գետնին, որ մեր մարգագետնում մի մեծ խոռոչ էր առաջացել։

Ես ասացի. «Օ՜հ, ո՛չ։ Դուք լա՞վ եք»:

Բարեբախտաբար, տղամարդկանց ոչինչ չէր պատահել։

Նրանք լայն բացած աչքերով նայում էին մեկը մյուսին, հետո նայեցին ինձ և ասացին. «Ցավում ենք կատարվածի համար։ Մենք այն հետ կտանենք՝ խանութ և կխնդրենք մեր մենեջերին զանգել ձեզ»։

Քիչ անց մենեջերը խոսում էր Ռուդիի հետ՝ նոր դաշնամուրի առաքման հարցով: Ռուդին բարի ու ներողամիտ մարդ է և ասաց մենեջերին, որ հարմար կլիներ, եթե նրանք պարզապես վերանորոգեին նույն դաշնամուրը և բերեին, բայց մենեջերը պնդեց, որ մենք նորը կստանանք։

Ռուդին արձագանքեց, ասելով․ «Այն այդքան վատ վիճակում չէր: Միայն վերանորոգեք և բերեք»։

Մենեջերն ասաց. «Փայտը կոտրված է, իսկ երբ փայտն է կոտրվում, այն այլևս նույն կերպ չի հնչում: Դուք նոր դաշնամուր կստանաք»։

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, մի՞թե մենք բոլորս նման չենք այս դաշնամուրին՝ մի փոքր կոտրված, ճաքած ու վնասված, ունենալով այն զգացումը, որ այլևս երբեք նույնը չենք լինի: Այնուամենայնիվ, երբ մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ՝ հավատք գործադրելով Նրա հանդեպ, ապաշխարելով, կապելով և պահելով ուխտեր, մեր կոտրված հոգին, անկախ պատճառից, կարող է բժշկվել: Այս գործընթացը, որը մեր կյանք է հրավիրում Փրկիչի բուժող զորությունը, ոչ միայն վերականգնում է մեզ մեր նախկին վիճակին, այլև ավելի լավն է դարձնում, քան երբևէ եղել ենք: Ես գիտեմ, որ մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք բոլորս կարող ենք նորոգվել, ամբողջանալ և իրականացնել մեր նպատակը՝ ինչպես գեղեցիկ հնչող բոլորովին նոր դաշնամուրը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ գալիս են դառը փորձությունները, ժամանակն է խորացնել մեր հավատն առ Աստված, ջանասիրաբար աշխատել և ծառայել մյուսներին: Ապա, Նա կբուժի մեր կոտրված սրտերը։ Նա մեզ կտա անձնական խաղաղություն և մխիթարություն։ Այդ մեծ պարգևները չեն ոչնչանա, նույնիսկ մահը չի ոչնչացնի դրանք»։ 1

Հիսուսն ասել է.

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև» (Մատթեոս 11.28-30):

Մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսը

Որպեսզի բժշկենք կոտրված հոգին՝ գալով Նրա մոտ, մենք պետք է հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոսը։ «Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալ նշանակում է ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը … և սիրուն: Դա ներառում է հավատալ Նրա ուսմունքներին։ Դա նշանակում է հավատալ, որ, թեև մենք չենք հասկանում բոլոր բաները, Նա հասկանում է: Քանի որ Նա կրել է մեր բոլոր ցավերը, տառապանքներն ու տկարությունները, Նա գիտի, թե ինչպես օգնի մեզ, որ հաղթահարենք մեր ամենօրյա դժվարությունները»: 2

Գալով Նրա մոտ, «մենք կարող ենք լցված լինել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ: Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է շտկվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»: 3 Նա մեզ հորդորել է․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (Վարդապետություն և Ուխտեր 6․36

Մորմոնի Գրքում, երբ Ալման և նրա ժողովուրդը գրեթե ջախջախված էին այն բեռի տակ, որը նրանց մեջքին էր դրվել, մարդիկ օգնություն էին աղերսում։ Տերը չվերացրեց բեռը, սակայն խոստացավ նրանց․

«Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք. և սա ես կանեմ, որպեսզի հետագայում դուք կարողանաք կանգնել որպես վկաներ ինձ համար, և որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ։

Եվ արդ, եղավ այնպես, որ բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո՛, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին» (Մոսիա 24․14-15

Բժշկելու և բեռը թեթևացնելու Փրկիչի ունակության մասին երեց Թեդ Ռ․ Քալիսթերն ասել է․

«Քավության օրհնություններից մեկն այն է, որ մենք կարող ենք ստանալ Փրկիչի աջակցող զորությունները: Եսայիան բազմիցս խոսել է Տիրոջ բժշկող, հանգստացնող ազդեցության մասին: Նա վկայել է, որ Փրկիչը «ապաստան եղավ աղքատին, … նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից» (Եսայիա 25․4)։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր վշտի մեջ են, Եսայիան հայտարարել է, որ Փրկիչն ունի զորություն «բոլոր սգաւորներին մխիթարելու» (Եսայիա 61․2), և «պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25․8, տես նաև Հայտնություն 7․17), որ «խոնարհների հոգին կենդանացն[ի]» (Եսայիա 57․15), և «կոտրած սիրտ ունեցողներին բժշկ[ի]» (Եսայիա 61․1, տես նաև Ղուկաս 4․18, Սաղմոս 147․3)։ Նրա աջակցող ուժն այնքան ընդարձակ էր, որ կարող էր փոփոխություններ կատարել, որ «փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ» (Եսայիա 61․3

Ինչպիսի՜ հույս է ճախրում այդ խոստումների մեջ … Նրա հոգին բժշկում է, այն զտում է, մխիթարում է, նոր կյանք է հաղորդում անհույս սրտերին: Այն զորություն ունի վերափոխելու այս կյանքի տգեղ, արատավոր և անարժեք բաները՝ դարձնելով դրանք վեհ և փառավոր: Նա զորություն ունի մահկանացության մոխիրը վերածելու հավերժական գեղեցկության»: 4

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր սիրող Փրկիչն է, մեր Քավիչն է, Բժշկող Տերը և մեր հավատարիմ ընկերը։ Եթե մենք դառնանք դեպի Քրիստոսը, Նա կբուժի մեզ և կրկին ամբողջական կդարձնի։ Ես վկայում եմ, որ սա Նրա Եկեղեցին է, և Նա պատրաստվում է կրկին վերադառնալ՝ թագավորելու զորությամբ և փառքով՝ այս երկրի վրա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 87.

  2. Faith in Jesus Christ,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org.

  3. Քարոզիր Իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ձեռնարկ, խմբ․ հրատ. (2018), 52, ChurchofJesusChrist.org։

  4. Tad R. Callister, The Infinite Atonement (2000), 206–7.