2020
Հաց կար
Նոյեմբեր 2020


10:7

Հաց կար

Երբ մենք ձգտում ենք դառնալ նյութապես նախապատրաստված, մենք կարողանում ենք աճող վստահությամբ դիմակայել կյանքի փորձություններին:

Նախքան ներկա համավարակի ճամփորդական սահմանափակումները, ես տուն էի վերադառնում միջազգային մի հանձնարարությունից, և ժամանակացույցի խնդիրների հետ կապված՝ ուշացում եղավ կիրակի օրը: Ես ժամանակ ունեի թռիչքների միջև մասնակցելու հաղորդության ժողովին, որտեղ ես կարողացա նաև կիսվել համառոտ ուղերձով: Ժողովից հետո մի խանդավառ սարկավագ մոտեցավ ինձ և հարցրեց` արդյոք ես ճանաչում էի Նախագահ Նելսոնին և արդյոք երբևէ հնարավորություն ունեցել էի սեղմելու նրա ձեռքը: Ես պատասխանեցի, որ ես իհարկե գիտեի նրան, որ ես սեղմել էի նրա ձեռքը և, որպես Նախագահող եպիսկոպոսության անդամ, ես հնարավորություն էի ունեցել հանդիպելու Նախագահ Նելսոնի և նրա խորհրդականների հետ մի քանի անգամ ամեն շաբաթ:

Այդ ժամանակ երիտասարդ սարկավագը, ով նստած էր աթոռին, ձեռքերը վեր բարձրացրեց և գոչեց. «Սա իմ կյանքի ամենահիանալի օրն է»: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես գուցե ձեռքերս չբարձրացնեմ և գոչեմ, բայց ես հավերժ երախտապարտ եմ ապրող մարգարեի համար և այն ուղղորդման համար, որ մենք ստանում ենք մարգարեներից, տեսանողներից, հատկապես մարտահրավերների այս ժամանակաընթացում:

Ժամանակների սկզբից ի վեր Տերն ապահովել է ուղղորդում` Իր ժողովրդին հոգևորապես և նյութապես օգնելով աղետների և փորձությունների դեմ, որոնք Նա գիտի, որ գալու են՝ որպես այս մահկանացու փորձառության մաս: Այս աղետները կարող են լինել անձնական կամ ընդհանուր բնույթի, բայց Տիրոջ առաջնորդությունը կապահովի պաշտպանություն և աջակցություն այն դեպքում, երբ մենք ականջ դնենք և գործենք Նրա խորհրդի համաձայն: Ծննդոց գրքի պատմությունում մի հիանալի օրինակ է տրված, որտեղ մենք իմանում ենք Եգիպտոսից Հովսեփի մասին և փարավոնի երազի նրա ոգեշնչված մեկնաբանության մասին:

«Եվ Հովսէփն ասեց Փարաւօնին, … Աստուած իր անելիքը յայտնեց Փարաւօնին: …

«Ահա եօթը տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատութիւն կլինի:

Եւ նորանց ետեւից եօթը տարի սով կգայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ բոլոր առատութիւնը կմոռացվի»: 1

Փարավոնը լսեց Հովսեփին, արձագանքեց Աստծո կողմից երազում իրեն ցույց տվածին և անմիջապես սկսեց պատրաստվել նրան, ինչը պիտի գար: Սուրբ գրություննրն այնուհետև ասում են․

«Եվ առատութեան եօթը տարիներումը եկիրը խիստ շատ արդիւնք տուաւ:

Եւ եօթը տարիներ բոլոր պաշարը որ Եգիպտոսի երկրումը եղաւ, ժողովեց: …

Եվ Հովսէփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց`…այնչափ որ թուելը ձգեցին, որովհետեւ անթիւ էր: 2

Երբ առատության յոթ տարին անցավ, մեզ ասվում է, որ «Հովսեփի ասածի պէս սկսեցին գալ սովի եօթը տարին. Եւ բոլոր երկիրներումը սով եղաւ, բայց Եգիպտեսի երկրի մէջ հաց կար»: 3

Այսօր մենք օրհնված ենք առաջնորդող մարգարեներով, ովքեր հասկանում են աղետների դեմ մեզ նախապատրաստելու անհրաժեշտությունը, «որոնք պիտի գան», 4 և ովքեր ճանաչում են նաև սահմանափակումներն ու կրճատումները, որոնց մենք գուցե հանդիպենք, երբ ձգտում ենք հետևել նրանց խորհրդին:

Կա հստակ ըմբռնում, որ COVID-19-ի ազդեցությունները, ինչպես նաև ամայացնող բնական աղետները խտրականություն չեն դնում մարդկանց միջև և անցնում են էթնիկ, սոցիալական և կրոնական սահմանները յուրաքանչյուր մայրցամաքում: Փակվել են աշխատատեղեր և եկամուտները կրճատվել են, քանի որ աշխատելու հնարավորությունը տուժել է արտադրության փակման հետևանքով, իսկ աշխատունակության վրա ազդել են առողջական և իրավական մարտահրավերները:

Բոլոր նրանց, ովքեր տուժել են, մենք հայտնում ենք մեր ըմբռնումը և մտահոգությունը ձեր իրավիճակի համար, ինչպես նաև ամուր համոզմունք, որ առջևում ավելի լավ օրեր են: Դուք օրհնված եք եպիսկոպոսներով և ճյուղի նախագահներով, ովքեր որոնում են իրենց համայնքի այն անդամներին, ովքեր նյութական կարիքներ ունեն, և նրանք հասանելիություն ունեն գործիքակազմին և միջոցներին, որոնք կարող են օգնել ձեզ վերահաստատել ձեր կյանքը և դնել ձեզ ինքնապահովման ուղու վրա, երբ դուք կիրառեք նախապատրատության սկզբունքները:

Այսօրվա համավարակի միջավայրում, որն ավերել է ամբողջական տնտեսություններ, ինչպես նաև անձնական կյանքեր, անհետևողական կլիներ կարեկից Փրկիչին ունենալով, անտեսել իրականությունը, որ շատերն են մաքառում, և խնդրել նրանց սկսել ստեղծել ուտելիքի և փողի պահուստ ապագայի համար: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մենք պետք է ընդմիշտ անտեսենք նախապատրաստվելու սկզբունքները, միայն այդ սկզբունքները պետք է կիրառվեն «իմաստությամբ և կարգով» 5 որպեսզի հետագայում կարողանանք ասել, ինչպես ասաց Հովսեփը Եգիպտոսից, «Հաց կար»: 6

Տերը չի ակնկալում մեզանից անել ավելին, քան մենք կարող ենք անել, բայց Նա ակնկալում է մեզանից անել այն, ինչ կարող ենք անել, երբ մենք ի վիճակի ենք անել: Ինչպես Նախագահ Նելսոնը հիշեցրեց մեզ մեր անցած գերագույն համաժողովին. «Տերը սիրում է ջանքը»: 7

Անձնական ֆինանսներ ձեռնարկը տարբեր լեզուներով

Եկեղեցու ղեկավարները հաճախ են խրախուսել Վերջին Օրերի Սրբերին «պատրաստվել կյանքի ձախորդություններին՝ ունենալով սննդի և ջրի հիմնական պաշար, ինչպես նաև խնայված գումար»: 8 Միևնույն ժամանակ մեզ խրախուսվում է «իմաստուն լինել» «չգնալ ծայրահեղության» 9 մեր ջանքերում` հաստատելով տնային պաշարի պահեստ և ֆինանսական խնայողություն: 2017 թ.-ին հրատարակված և ներկայումս Եկեղեցու կայքում 36 լեզուներով հրապարակված «Ինքնապահովման անձնական ֆինանսներ» վերնագրով աղբյուրը սկսվում է Առաջին Նախագահության ուղերձով, որում ասվում է.

Տերը հայտարարել է. «Եվ իմ նպատակն է` ապահովել իմ սրբերին» [Վարդապետություն Ուխտեր 104.15]: Այս հայտնությունը մի խոստում է, որ Տերը կապահովի նյութական օրհնությունները և ուղի կբացի ինքնապահովման համար։ …

Ընդունելով այս սկզբունքները և ապրելով դրանցով՝ հնարավորություն կունենաք ստանալ Տիրոջ խոստացած նյութական օրհնությունները:

Մենք հրավիրում ենք ձեզ ջանասիրաբար ուսումնասիրել և կիրառել այս սկզբունքները, ապա ուսուցանել դրանք ձեր ընտանիքի անդամներին: Երբ դա անեք, ձեր կյանքը կօրհնվի …[որովհետև] դուք մեր Երկնային Հոր զավակն եք: Նա սիրում է ձեզ և երբեք մենակ չի թողնի: Նա ճանաչում է ձեզ և պատրաստ է ձեզ տալու ինքնապահովման հոգևոր և նյութական օրհնություններ»: 10

Այս սկզբնաղբյուրը ներառում է գլուխներ, որոնք նվիրված են բյուջե ստեղծելուն և դրանով ապրելուն` պաշտպանելով ձեր ընտանիքը դժվարություններից, կառավարելով ֆինանսական ճգնաժամը և ներդնելով ապագայի համար, և ավելի շատ նյութեր հասանելի են ամենքի համար Եկեղեցու կայքէջում կամ ձեր տեղական ղեկավարների միջոցով:

Երբ մտածում ենք նախապատրաստության սկզբունքի մասին, մենք կարող ենք ոգեշնչման համար հետ նայել դեպի Հովսեփին Եգիպտոսից: Իմանալով, թե ինչ կպատահի, բավարար չէր լինի առատության տարիների ընթացքում առանց զոհաբերությունների անցնել «նիհար» տարիների միջով:: Փոխանակ սպառելու այն ամենը, ինչ Փարավոնի ենթակաները կարողացել էին արտադրել, սահմանափակումներ դրվեցին և հետևեցին` ապահովելով բավականաչափ պաշար՝ ինչպես իրենց անմիջական, այնպես էլ ապագա կարիքների համար: Բավական չէ իմանալ, որ դժվարին ժամանակներ են գալու: Նրանք ստիպված էին գործել և նրանց ջանքի շնորհիվ «հաց կար»: 11

Սա հանգեցնում մի կարևոր հարցի. «Ուրեմն, ի՞նչ»: Սկսելու համար նախ պետք է հասկանանք, որ բոլոր բաները հոգևոր են Տիրոջ համար, և «ոչ մի անգամ» Նա չի տվել մեզ «օրենք, որը լինի ֆիզիկական»: 12 Այդ ժամանակ ամեն ինչ մատնացույց է անում Հիսուս Քրիստոսին՝ որպես հիմք, որի վրա մենք պետք է կառուցենք նույնիսկ մեր նյութական պատրաստվածությունը:

Լինել նյութապես պատրաստված և ինքնապահով, նշանակում է՝ «հավատալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհով կարող ենք ձեռք բերել հոգևոր և ֆիզիկական կյանքի բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են մեզ համար և մեր ընտանիքների համար»։ 13

Նյութական պատրաստվածության հոգևոր հիմքի լրացուցիչ տեսակետները ներառում են` իմաստությամբ և «կարգով գործելը», 14 որը նկատի ունի ուտելիքի պահուստի և ժամանակի ընթացքում խնայողությունների, ինչպես նաև «փոքր և հասարակ» միջոցների օգտագործումը, 15 որը հավատքի դրսևորում է, որ Տերը կմեծացնի մեր փոքր, բայց հետևողական ջանքերը:

Ունենալով հոգևոր հիմքը իր տեղում, մենք կարող ենք հաջողությամբ կիրառել նյութական նախապատրաստության երկու կարևոր էլեմենտներ` ֆինանսների կառավարումը և տնային պահեստը:

Ձեր ֆինանսները պատշաճ կառավարելու հիմնական սկզբունքները ներառում են` տասանորդի և նվիրատվությունների վճարումը, պարտքի վերացումը և, հնարավորի սահմաններում, խուսափումը պարտքից` պատրաստվելով և ապրելով բյուջեի սահմաններում և խնայելով ապագայի համար:

Ընտանեկան պահեստի սկզբունքները ներառում են` սննդի պահեստավորում, ջրի պահեստավորում և այլ կենսական անհրաժեշտ ապրանքների պահեստավորում՝ ըստ անձնական և ընտանեկան պահանջների, այդ ամենը այն պատճառով, որ «լավագույն պահեստը» 16 տունն է, որը դառնում է «ամենամատչելի պահուստը կարիքի դեպքում»: 17

Երբ մենք ընդունում ենք հոգևոր սկզբունքներ և ոգեշնչում փնտրում Տիրոջից, մենք կառաջնորդվենք, որ գիտենանք Տիրոջ կամքը մեզ համար՝ ինչպես անհատապես, այնպես էլ որպես ընտանիքներ, և ինչպես լավագույնս կիրառենք նյութական պատրաստվածության կարևոր սկզբունքները: Ամենից կարևոր քայլը սկսելն է:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է այս սկզբունքը. «Գործողություն ձեռնարկելը հավատքի գործադրում է»: … Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ առաջնորդում է դեպի գործողություն» 18 :

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, հավերժ փոփոխվող աշխարհում մենք պետք է պատրաստվենք անորոշություններին: Նույնիսկ առջևում ավելի լավ օրերի հույսով, գիտենք, որ մահկանացու կյանքի նյութական գագաթները և հովիտները կշարունակվեն: Երբ մենք ձգտում ենք պատրաստվել նյութապես, մենք կարող ենք դիմակայել կյանքի փորձություններին աճող վստահությամբ, խաղաղությամբ՝ մեր սրտերում և Եգիպտոսից Հովսեփի նման, մենք կկարողանանք ասել, նույնիսկ լարված հանգամանքներում. «Հաց կար»: 19 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։