2020
Նոր բնականոն կյանքը
Նոյեմբեր 2020


5:26

Նոր բնականոն կյանքը

Ես ձեզ հրավիրում եմ ավելի ու ավելի շատ դարձնել ձեր սիրտը, միտքը և հոգին դեպի Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, գերագույն համաժողովի այս երկու օրերը հիանալի էին։ Ես համաձայն եմ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետ։ Ինչպես նա նշեց, ուղերձները, աղոթքները և երաժշտությունը ներշնչված են Տիրոջից: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ բերել են իրենց մասնակցությունը։

Նիստերի ընթացքում ես պատկերացնում էի, թե ինչպես եք դուք լսում համաժողովը։ Ես խնդրել եմ, որ Տերն օգնի ինձ հասկանալ, թե ինչ եք զգում, ինչի մասին եք անհանգստանում կամ ինչ խնդիր եք փորձում լուծել: Ես մտածել եմ, թե ինչ կարող եմ ասել այս համաժողովի ավարտին, որը ձեզ լավատեսորեն կտրամադրի այն ապագայի նկատմամբ, ինչը ես գիտեմ՝ Տերը ցանկանում է, որ դուք զգաք:

Մենք ապրում ենք փառահեղ դարաշրջանում, որը դարեր շարունակ կանխատեսել էին մարգարեները: Սա այն տնտեսությունն է, երբ ոչ մի հոգևոր օրհնություն հետ չի պահվի արդարներից։1 Չնայած աշխարհի խառնաշփոթին,2 Տերը կցանկանար, որ մենք «ուրախ ակնկալիքով» սպասեինք ապագային։3 Եկեք տեղում չդոփենք երեկվա հիշողությունների մեջ: Իսրայելի հավաքումն առաջ է շարժվում։ Տեր Հիսուս Քրիստոսն առաջնորդում է Իր Եկեղեցու գործերը, և այն կհասնի իր աստվածային նպատակներին:

Իմ ու ձեր մարտահրավերն այն է, որ համոզվենք, որ մեզանից յուրաքանչյուրը կհասնի իր աստվածային ներուժին: Այսօր մենք հաճախ ենք լսում «նոր բնականոն կյանքի» մասին: Եթե դուք իսկապես ցանկանում եք ապրել նոր բնականոն կյանքով, ես ձեզ հրավիրում եմ ավելի ու ավելի շատ դարձնել ձեր սիրտը, միտքը և հոգին դեպի Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը: Թող դա դառնա ձեր «նոր բնականոն կյանքը»։

Ամեն օր ապաշխարելով՝ ապրեք ձեր նոր բնականոն կյանքով։ Ձգտեք ավելի մաքուր լինել՝ մտքի, խոսքի և գործի մեջ: Սպասավորեք ուրիշներին։ Ունեցեք հավերժական հեռանկար: Մեծարեք ձեր կոչումները։ Եվ ինչպիսին էլ լինեն ձեր մարտահրավերները, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ամեն օր ապրեք այնպես, որ դուք ավելի պատրաստ լինեք հանդիպելու ձեր Արարիչին։4

Դրա համար մենք ունենք տաճարներ: Տիրոջ արարողություններն ու ուխտերը պատրաստում են մեզ հավերժական կյանքին՝ Աստծո բոլոր օրհնություններից մեծագույնին։5 Ինչպես գիտեք, COVID համավարակի պատճառով մեր տաճարները ժամանակավորապես փակվեցին։ Այնուհետև մենք մեկնարկ տվեցինք մանրակրկիտ համակարգված և փուլային վերաբացմանը: Քանի որ շատ տաճարներում այժմ գործում է 2-րդ փուլը, հազարավոր զույգեր կնքվել են, և հազարավոր մարդիկ ստացել են իրենց անձնական օժտումները վերջին մի քանի ամիսների ընթացքում: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Եկեղեցու բոլոր արժանի անդամները կրկին կկարողանան ծառայել իրենց նախնիներին և երկրպագել սուրբ տաճարներում:

Այժմ ես ուրախ եմ տեղեկացնել հետևյալ վայրերում վեց նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին՝ Թարավա (Կիրիբաթի), Պորտ Վիլա (Վանուատու), Լինդոն (Յուտա), Գվատեմալա Մեծ քաղաք (Գվատեմալա) Արևելյան Սան Պաուլո (Բրազիլիա) և Սանտա Կրուզ (Բոլիվիա):

Կառուցելով և պահպանելով այս տաճարները՝ մենք աղոթում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կառուցի և պահպանի իր անձը, որպեսզի արժանի լինի մտնելու սուրբ տաճար:

Այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես օրհնում եմ ձեզ, որ լցվեք Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությամբ: Նրա խաղաղությունը վեր է մահկանացու ամեն հասկացողությունից:6 Ես օրհնում եմ ձեզ Աստծո օրենքներին հնազանդվելու մեծ ցանկությամբ և ունակությամբ: Ես խոստանում եմ, որ դրա շնորհիվ ձեր վրա կտեղան օրհնություններ, այդ թվում՝ ավելի մեծ քաջություն, անձնական հայտնության ավելացում, ձեր տներում ավելի սիրառատ ներդաշնակություն և ուրախություն, նույնիսկ՝ անորոշության պայմաններում:

Թող որ մենք միասին առաջ գնանք և կատարենք մեր աստվածային պարտականությունը՝ ինքներս մեզ և աշխարհը նախապատրաստելով Տիրոջ Երկրորդ Գալուստին։ Սա իմ աղոթքն է ձեր հանդեպ իմ սիրո արտահայտությամբ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: