Եկ, հետևիր ինձ
Սովորել գերագույն համաժողովի ելույթներից
Երբ մենք ձգտում ենք մասնակցել Տիրոջ գործին, ապրող մարգարեների և Եկեղեցու մյուս բարձրագույն ղեկավարների ուսմունքները ոգեշնչող առաջնորդություն են տրամադրում մեզ: Յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին, Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները ընտրում են համաժողովի որևէ ուղերձ ուսումնասիրման համար՝ ելնելով անդամների կարիքներից և հիմնվելով Հոգու առաջնորդության վրա: Երբեմն եպիսկոպոսը կամ ցցի նախագահը նույնպես կարող են խորհուրդ տալ ուսումնասիրել որոշակի ուղերձ։ Ընդհանուր առմամբ, ղեկավարները պետք է շեշտը դնեն Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների ուղերձների վրա։ Սակայն վերջին համաժողովի ցանկացած ուղերձ կարող է քննարկվել։
Ղեկավարները և ուսուցիչները պետք է ուղիներ փնտրեն՝ խրախուսելու անդամներին ժողովը սկսելուց առաջ կարդալ ընտրված ուղերձները։
Երեցների քվորումի և Սփոփող միության ժողովների մասին ավելին իմանալու համար, տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 8.2.1.2, 9.2.1.2, ChurchofJesusChrist.org։
Ծրագրել ուսուցումը
Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսուցիչներին, երբ նրանք ծրագրեն ուսուցանել գերագույն համաժողովի ուղերձը։
-
Ելույթ ունեցողն ի՞նչ է կամենում, որ մենք հասկանանք: Ավետարանի ի՞նչ սկզբունքներ է նա ցանկանում ուսուցանել։ Ինչպե՞ս են այս սկզբունքները վերաբերում մեր քվորումին կամ Սփոփող միությանը։
-
Իր ելույթը լրացնելու համար սուրբ գրության ի՞նչ հատված օգտագործեց ելույթ ունեցողը։ Կա՞ն արդյոք ուրիշ հատվածներ, որոնք կարդալով ավելի լավ կհասկանանք սկզբունքը։ (Հատվածների որոշ հղումներ կարող եք գտնել ծանոթագրություններում կամ Թեմատիկ ուղեցույցում։)
-
Ի՞նչ հարցեր կարող եմ տալ, որոնք կօգնեն անդամներին խորհել սկզբունքի մասին: Ի՞նչ հարցեր կօգնեն նրանց հասկանալ ուղերձի կարևորությունն իրենց կյանքում, իրենց ընտանիքներում և Տիրոջ աշխատանքում:
-
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հրավիրեմ Հոգին մեր ժողովների ժամանակ։ Ի՞նչ կարող եմ օգտագործել քննարկումն ընդլայնելու համար, ներառյալ՝ պատմությունները, համանմանությունները, երաժշտությունը կամ նկարները։ Ի՞նչ էր օգտագործում ելույթ ունեցողը։
-
Արդյո՞ք ելույթ ունեցողը որևէ հրավերի կոչ հղեց։ Ինչպե՞ս կարող եմ օգնել անդամներին՝ ըստ այդ հրավերի գործելու ցանկություն ունենալ:
Միջոցառման գաղափարներ
Կան շատ եղանակներ, որոնցով կարող եք օգնել անդամներին սովորել գերագույն համաժողովի ելույթներից։ Ահա մի քանի օրինակներ. դուք կարող եք ունենալ այլ գաղափարներ, որոնք ավելի լավ կգործեն ձեր քվորումում կամ Սփոփող միությունում:
-
Քննարկեք խմբերով Անդամներին փոքր խմբերի բաժանեք և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք համաժողովի տարբեր ուղերձներ՝ կարդալու և քննարկելու համար։ Ապա, խնդրեք յուրաքանչյուր խմբին կիսվել իրենց սովորած ճշմարտությունով: Կամ կարող եք խմբեր ձևավորել այն մարդկանցով, ովքեր տարբեր բաժիններ են ուսումնասիրել, ապա թույլ տվեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց գրածով։
-
Պատասխանեք հարցերին։ Հրավիրեք անդամներին պատասխանել հարցերին՝ համաժողովի ուղերձի վերաբերյալ հետևյալ հարցի նման։ Այս ուղերձում ավետարանի ի՞նչ ճշմարտություններ ենք գտնում: Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ ճշմարտությունները։ Ի՞նչ հրավերներ և խոստացված օրհնություններ տրվեցին։ Ի՞նչ է այս ուղերձն ուսուցանում մեզ այն աշխատանքի մասին, որն Աստված է կամենում, որ անենք։
-
Կիսվեք մեջբերումներով Հրավիրեք անդամներին կիսվել համաժողովի այն ուղերձների մեջբերումներով, որոնք ոգեշնչում են նրանց կատարել փրկության աշխատանքի իրենց պարտականությունները։ Հորդորեք նրանց մտածել, թե ինչպես կարող են կիսվել այդ մեջբերումներով, որպեսզի օրհնեն որևէ մեկին, այդ թվում՝ իրենց սիրելիներին և այն մարդկանց, ում նրանք սպասավորում են։
-
Կիսվեք առարկայական դասերով Հրավիրեք մի քանի անդամների տնից նախօրոք բերել որևէ առարկա, որի օգնությամբ կարող են ուսուցանել համաժողովի ուղերձի մասին։ Ժողովի ընթացքում խնդրեք անդամներին բացատրել, թե ինչպես են այդ առարկաները վերաբերում ուղերձին:
-
Դաս պատրաստեք տանը ուսուցանելու համար Խնդրեք անդամներին աշխատել զույգերով և համաժողովի ուղերձի թեմայով ընտանեկան երեկոյի համար մի դաս ծրագրել։ Ինչպե՞ս կարող ենք ուղերձը հարմարեցնել մեր ընտանիքներին։ Ինչպե՞ս կարող ենք այդ ուղերձով կիսվել այն մարդկանց հետ, ում սպասավորում ենք։
-
Կիսվեք փորձառություններով Միասին կարդացեք մի քանի հայտարարություններ գերագույն համաժողովից։ Խնդրեք անդամներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից և իրենց կյանքից, որոնք լուսաբանում կամ ամրապնդում են այն վարդապետությունը, որն ուսուցանվել է այս հայտարարություններում:
-
Սովորեք սուրբ գրության որևէ հատված։ Հրավիրեք անդամներին կարդալ սուրբ գրության որևէ հատված, որի մասին հղում է արված համաժողովի ուղերձում։ Կոչ արեք նրանց քննարկել, թե այդ ուղերձի ուսմունքներն ինչպես են օգնում նրանց ավելի լավ հասկանալ այդ հատվածը։
-
Գտեք պատասխանը Ժամանակի ընթացքում ստեղծեք մի քանի հարցեր, որոնց կարելի է պատասխանել՝ օգտագործելով համաժողովի ուղերձը: Կենտրոնացեք այն հարցերի վրա, որոնք խորությամբ մտածելու և ավետարանի սկզբունքները կիրառելու հնարավորություն են տալիս (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, [2016], 31–32)։ Ապա անդամներին թույլ տվեք ընտրել որևէ հարց և գտնել այդ հարցի պատասխանը ուղերձում։ Հրավիրեք նրանց քննարկել իրենց պատասխանները փոքր խմբերում:
-
Գտեք արտահայտությունը Հրավիրեք անդամներին քննել համաժողովի ուղերձը և ուշադրություն դարձնել այն արտահայտություններին, որոնք կարևոր են նրանց համար։ Խնդրեք նրանց կիսվել այդ արտահայտություններով և կիսվել, թե ինչ են սովորել դրանցից։ Ինչպե՞ս են այդ ուսմունքներն օգնում մեզ իրագործել Տիրոջ աշխատանքը։
-
Ստեղծեք որևէ գործ։ Հրավիրեք անդամներին պատրաստել պաստառ կամ էջանիշ, որի վրա գրված է որևէ համաժողովի ուղերձից մի կարճ ոգեշնչող հայտարարություն: Նրանց հնարավորություն տվեք կիսվել իրենց պատրաստած գործերով։
Գերագույն համաժողովի ուղերձներից ուսման և ուսուցման ավելի շատ գաղափարների համար, տես «Ուսման և ուսուցման գաղափարներ Գերագույն համաժողովից»-ը, որը գտնվում է Gospel Library հավելվածի Գերագույն համաժողովի բաժնում։