Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 130


Բաժին 130

Հատվածներ հրահանգներից՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, Ռեյմուսում, Իլինոյս, 1843թ. ապրիլի 2-ին (History of the Church, 5.323–325):

1–3՝ Հայրը և Որդին կարող են անձնապես հայտնվել մարդուն. 4–7՝ Հրեշտակները բնակվում են սելեստիալ ոլորտում. 8–9՝ Սելեստիալ երկիրը կլինի մի մեծ Ուրիմ ու Թումիմ. 10–11՝ Սպիտակ մի քար է տրվում բոլորին, ովքեր մտնում են սելեստիալ աշխարհ. 12–17՝ Երկրորդ Գալստի ժամը թաքցված է Մարգարեներից. 18–19՝ Այս կյանքում ձեռք բերած բանականությունը Հարության ժամանակ բարձրանում է մեզ հետ. 20–21՝ Բոլոր օրհնությունները գալիս են օրենքին հնազանդվելուց. 22–23՝ Հայրը և Որդին մարմին ունեն՝ մսից և ոսկորից:

1 Երբ Փրկիչը հայտնվի, մենք կտեսնենք նրան, ինչպիսին որ կա: Մենք կտեսնենք, որ նա մեզ նման մարդ է:

2 Եվ միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով, փառք, որը մենք այժմ չենք վայելում:

3 Հովհաննես ԺԴ.23,– Հոր և Որդու հայտնվելը, այս հատվածում, նրանց անձնապես հայտնվելն է. և այն գաղափարը, թե Հայրը և Որդին բնակվում են մարդու սրտում, հին աղանդավորական տեսակետ է և կեղծ է:

4 Ի պատասխան հարցին,– Արդյոք Աստծո ժամանակի, հրեշտակների ժամանակի, մարգարեների ժամանակի և մարդու ժամանակի հաշվարկն այն մոլորակի համապատասխան չէ՞, որի վրա նրանք բնակվում են:

5 Ես պատասխանում եմ՝ այո՛: Բայց չկան հրեշտակներ, որոնք ծառայում են այս երկրին, բացի նրանցից, ովքեր պատկանում են կամ պատկանել են նրան:

6 Հրեշտակները չեն բնակվում այս երկրի նման մոլորակում.

7 Այլ նրանք բնակվում են Աստծո ներկայության մեջ, մի գնդի վրա, որը նման է ապակե ու կրակե ծովի, որտեղ բոլոր բաները՝ անցյալը, ներկան և ապագան, հայտնի են նրանց փառքի համար և անընդհատ Տիրոջ առաջ են:

8 Այն վայրը, որտեղ Աստված բնակվում է, մի մեծ Ուրիմ ու Թումիմ է:

9 Այս երկիրը, իր սրբագործված ու անմահ վիճակում, կդառնա բյուրեղի նման և մի Ուրիմ ու Թումիմ կլինի նրա բնակիչների համար, որով ստորադաս արքայությանը կամ ավելի ցածր կարգի բոլոր արքայություններին վերաբերող բաները հայտնի կդարձվեն նրա վրա ապրողներին. և այս երկիրը կլինի Քրիստոսինը:

10 Այն ժամանակ, Հայտնություն Բ.17-ում նշված սպիտակ քարը Ուրիմ ու Թումիմ կդառնա այն ստացող յուրաքանչյուր անհատի համար, որով հայտնի կդարձվեն ավելի բարձր կարգի արքայություններին վերաբերող բաները.

11 Եվ սպիտակ մի քար է տրվում բոլոր նրանց, ովքեր գալիս են սելեստիալ արքայություն, որի վրա մի նոր անուն է գրված, որը ոչ մի մարդ չգիտի, բացի նրանից, ով ստանում է այն: Այդ նոր անունը նշանաբառ է:

12 Ես մարգարեանում եմ Տեր Աստծո անունով, որ այն դժվարությունների սկիզբը, որը մեծ արյունահեղության պատճառ կլինի Մարդու Որդու գալստից առաջ, կլինի Հարավային Կարոլինայում:

13 Հնարավոր է, որ դա բարձրանա ստրուկների հարցից: Սա հայտնեց ինձ ձայնը, երբ ես լրջորեն աղոթում էի այդ հարցի կապակցությամբ, 1832թ. դեկտեմբերի 25-ին:

14 Մի անգամ ես լրջորեն աղոթում էի, որպեսզի իմանամ Մարդու Որդու գալստյան ժամանակի մասին, երբ լսեցի մի ձայն, որն ասաց հետևյալը.

15 Ջոզեֆ, որդի՛ս, եթե դու ապրես մինչև ութսունհինգ տարեկանը, դու կտեսնես Մարդու Որդու երեսը. հետևաբար, թող դա բավական լինի և այլևս մի անհանգստացրու ինձ այդ հարցով:

16 Այդպես ես մնացի, ի վիճակի չլինելով որոշել, արդյոք այդ գալը վերաբերում էր հազարամյակի սկզբին, թե մինչև այդ հայտնվելուն, թե ես պետք է մահանայի և այդպես տեսնեի նրա երեսը:

17 Հավատացած եմ, որ Մարդու Որդու գալուստը չի լինի ավելի վաղ, քան այդ ժամանակը:

18 Բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ:

19 Եվ եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում:

20 Կա օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները,–

21 Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն:

22 Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին՝ նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում:

23 Մարդ կարող է ստանալ Սուրբ Հոգին, և նա կարող է իջնել մարդու վրա, բայց չմնալ նրա հետ: