Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 77


Բաժին 77

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Հայրամում, Օհայո, 1832թ. մարտին (History of the Church, 1.253–255): Մարգարեն գրել է. «Սուրբ գրքերի թարգմանության առնչությամբ, ես ստացա հետևյալ բացատրությունը Սուրբ Հովհաննեսի Հայտնության վերաբերյալ» (History of the Church, 1.253):

1–4՝ Կենդանիներն ունեն ոգի և պիտի բնակվեն հավերժական երանության մեջ անմահ երկրի վրա. 5–7՝ Այս երկիրն ունի 7000 տարվա աշխարհային գոյություն. 8–10՝ Մի քանի հրեշտակներ վերականգնում են ավետարանը և ծառայում են երկրի վրա. 11՝ 144000-ի կնքումը. 12–14՝ Քրիստոսը կգա յոթերորդ հազարամյակի սկզբին. 15՝ Երկու մարգարեներ կբարձրացվեն հրեա ազգի համար:

1 Հ. ի՞նչ է ապակյա ծովը, որի մասին խոսում է Հովհաննեսը, Հայտնության Դ գլխի 6-րդ հատվածում:Պ. Դա երկիրն է՝ իր սրբագործված, անմահ և հավերժական վիճակում:

2 Հ. Ի՞նչ են նշանակում այն չորս կենդանիները, որոնց մասին խոսվում է նույն հատվածում:Պ. Դրանք փոխաբերական արտահայտություններ են, Հայտնողի՝ Հովհաննեսի կողմից օգտագործված, նկարագրելու համար երկինքը, Աստծո դրախտը, մարդու, և կենդանիների, և սողունների, և երկնքի թռչունների երջանկությունը. այն, ինչ հոգեղեն է, լինելով ֆիզիկականի նմանությամբ. և այն, ինչ ֆիզիկականի է՝ հոգեղենի նմանությամբ. մարդու հոգին՝ իր անձի նմանությամբ, ինչպես նաև հոգին կենդանու և Աստծո ստեղծած յուրաքանչյուր այլ արարածի:

3 Հ. Արդյո՞ք այդ չորս կենդանիներն ուղղակի առանձին կենդանիներ են, թե՞ նրանք ներկայացնում են դասեր կամ կարգեր:Պ. Դրանք ուղղակի չորս առանձին կենդանիներ են, որոնք ցույց էին տրվել Հովհաննեսին՝ ներկայացնելու համար տարբեր դասերի էակների փառքը, իրենց սահմանված կարգի կամ ստեղծման ոլորտի մեջ, իրենց հավերժական երանությունը վայելելիս:

4 Հ. Ի՞նչ են նշանակում այն աչքերը և թևերը, որոնք ունեին կենդանիները:Պ. Նրանց աչքերը լույսի և գիտության պատկերում է, այսինքն՝ նրանք լի են գիտությամբ. իսկ նրանց թևերը պատկերում են զորություն՝ տեղափոխվելու, գործելու և այլն:

5 Հ. Ի՞նչ պետք է հասկանանք՝ ովքե՞ր էին քսանևչորս երեցները, որոնց մասին խոսել է Հովհաննեսը:Պ. Մենք պետք է հասկանանք, որ այդ երեցները, որոնց Հովհաննեսը տեսավ, այն երեցներն են, ովքեր հավատարիմ էին եղել ծառայության գործում և մահացել էին. որոնք պատկանում էին յոթ եկեղեցիներին և այն ժամանակ գտնվում էին Աստծո դրախտում:

6 Հ. Ի՞նչպես պետք է հասկանանք այն գիրքը, որը տեսավ Հովհաննեսը, որը դրսից կնքված էր յոթը կնիքով:Պ. Մենք պետք է հասկանանք, որ այն պարունակում է Աստծո բացահայտված կամքը, խորհուրդներն ու գործերը. նրա տնտեսության թաքնված բաներն այս երկրի առնչությամբ՝ յոթ հազար տարիների իր տևողության ընթացքում, կամ իր աշխարհային գոյության ժամանակ:

7 Հ. Ի՞նչպես պետք է հասկանանք այն յոթը կնիքները, որոնցով այն կնքված էր:Պ. Մենք պետք է հասկանանք, որ առաջին կնիքը պարունակում է առաջին հազար տարիների բաները, ինչպես և երկրորդը՝ երկրորդ հազար տարիների, և այդպես շարունակ, մինչև յոթերորդը:

8 Հ. Ի՞նչ պետք է հասկանանք՝ ովքե՞ր էին այն չորս հրեշտակները, որոնց մասին խոսվում է Հայտնության Է գլխի 1-ին հատվածում:Պ. Մենք պետք է հասկանանք, որ դրանք Աստծուց ուղարկված չորս հրեշտակներն են, որոնց զորություն է տրվել աշխարհի չորս մասերի վրա՝ կյանքեր փրկելու ու կործանելու. այդ նրանք են, ովքեր ունեն հավիտենական ավետարանը և պետք է հանձնեն ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի. զորություն ունենալով երկինքները փակելու, կյանքի համար կնքելու կամ ցած գցելու՝ դեպի խավարի տարածքները:

9 Հ. Ի՞նչ պետք է հասկանանք, ո՞վ է արևելքից դուրս եկող հրեշտակը Հայտնության Է գլխի 2-րդ հատվածում:Պ. Մենք պետք է հասկանանք, որ արևելքից դուրս եկող հրեշտակը նա է, ում տրված է կենդանի Աստծո կնիքը՝ Իսրայելի տասներկու ցեղերի վրա. ուստի, նա աղաղակում է հավիտենական ավետարանն ունեցող չորս հրեշտակներին՝ ասելով. Վնաս մի տվեք ո՛չ երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մենք կնիք դնենք մեր Աստծո ծառաների վրա՝ նրանց ճակատներին: Եվ, եթե դուք կընդունեք, սա Եղիասն է, որը պիտի գար՝ հավաքելու Իսրայելի ցեղերը և վերականգնելու բոլոր բաները:

10 Հ. Ե՞րբ պիտի իրագործվեն այս գլխում նշված բաները:Պ. Դրանք պետք է իրագործվեն վեցերորդ հազարամյակում, կամ, վեցերորդ կնիքը բացելիս:

11 Հ. Ի՞նչպես պետք է հասկանանք հարյուր քառասունևչորս հազարի կնքելն Իսրայելի բոլոր ցեղերից՝ ամեն մի ցեղից տասնևերկու հազար:Պ. Մենք պետք է հասկանանք, որ նրանք, ովքեր կնքվեցին, քահանայապետեր են, Աստծո սուրբ կարգով կարգված՝ սպասավորելու հավիտենական ավետարանը. քանզի այդ նրանք են, ովքեր կարգվել են ամեն ազգից, ցեղից, լեզվից և ժողովրդից, հրեշտակների կողմից, որոնց զորություն է տրվել երկրի ազգերի վրա, բերելու բոլոր նրանց, ովքեր կամենում են գալ Անդրանիկի եկեղեցին:

12 Հ. Ի՞նչպես պետք է հասկանանք փողեր հնչեցնելը, որը նշված է Հայտնության Ը գլխում:Պ. Մենք պետք է հասկանանք, որ ճիշտ ինչպես Աստված արարեց երկիրը վեց օրում, և յոթերորդ օրը նա ավարտեց իր աշխատանքը, և սրբագործեց այն, և նաև երկրի փոշուց կազմավորեց մարդուն, այդպես էլ յոթերորդ հազարամյակի սկզբին Տեր Աստված կսրբագործի երկիրը, և ավարտին կհասցնի մարդու փրկությունը, և կդատի բոլոր բաները, և կփրկագնի բոլոր բաները, բացի նրանցից, որոնց չի դրել իր զորության մեջ, երբ նա կնքած կլինի բոլոր բաները, բոլոր բաների վերջի համար. և յոթ հրեշտակների փողեր հնչեցնելը՝ նախապատրաստումն ու ավարտումն է իր գործի, յոթերորդ հազարամյակի սկզբին,– ճանապարհի պատրաստումը, մինչ նրա գալստի ժամանակը:

13 Հ. Ե՞րբ պետք է իրագործվեն այն բաները, որոնք գրված են Հայտնության Թ գլխում:Պ. Դրանք պետք է իրագործվեն յոթերորդ կնիքը բացելուց հետո, նախքան Քրիստոսի գալուստը:

14 Հ. Ի՞նչպես պետք է հասկանանք այն գրքույկը, որը կերավ Հովհաննեսը, ինչպես նշված է Հայտնության Ժ գլխում:Պ. Մենք պետք է հասկանանք, որ դա առաքելություն և արարողություն էր նրա համար՝ հավաքելու Իսրայելի ցեղերը. ահա, դա Եղիասն է, որը, ինչպես գրված է, պետք է գա և վերականգնի բոլոր բաները:

15 Հ. Ի՞նչ պետք է հասկանալ՝ ո՞վ են Հայտնության տասնմեկերորդ գլխի երկու վկաները:Պ. Նրանք երկու մարգարե են, որոնք պիտի բարձրացվեն հրեա ազգի համար, վերջին օրերին, վերականգնման ժամանակ, և պիտի մարգարեանան հրեաներին, այն ամենից հետո, երբ նրանք հավաքված և կառուցած կլինեն Երուսաղեմ քաղաքն իրենց հայրերի հողում: